2024.01.31,

Խաչմերուկ

Իմ երեք պատերազմները

Ամենածանր օրն անգամ ամենաերջանիկն է, եթե հաջորդ օրը պատերազմ է սկսվելու։

Պատերազմները սկսվում են հանկարծակի, որքան էլ հավանականությունը մեծ է լինում՝ անսպասելի։ Իմ կյանքի երեք պատերազմներն էլ այդպես էին։

2016թ․ ապրիլի 1-ին Երևան էի եկել` մասնագիտական դասընթացի։

Մամուլում ընթերցում եմ «պատերազմ» եզրույթն ու չեմ հավատում, որ մեզ շատ ծանոթ սահմանային կրակոցները վերածվել են ավելի մասշտաբային գործողության։ Ես չգիտեի ինչ է պատերազմը, մինչև ֆեյսբուքյան հարթակում չտեսա իմ մանկության մի մասի՝ մեր թաղի Յուրիի նկարը։ Զոհվել էր։ Առաջին անգամ էր, երբ ինձ այդքան մոտ մարդ էր զոհվում։ Ու տեսա ինչպես աղմկոտ, աշխույժ գերդաստանը դարձավ սգավոր։

2020թ․ սեպտեմբերի 26-ին ես ու ամուսինս գնացել էինք Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը։ Աշնանային եթերաշրջանը փոքրիկ ուշացումով մեկնարկում էր Արցախի հանրային ռադիոյի եթերում։ Դա պետք է լիներ մեր մուտքը ռադիո, Հովիկը՝ գյուղատնտեսական, ես՝ համայնքային կոլորիտների մասին հաղորդումներ պետք է ունենայինք։ Բերդաշենի օրը շատ հագեցած էր, այցելել էինք գյուղի ամենաերկարակյաց՝ 100-ամյակը լրացած բնակչուհուն, ներկա գտնվել գինու պատրաստման արարողակարգին, գնացել գյուղի ծայրամաս՝ Աղդամի մատույցներում գտնվող նռան այգիներ, որ հետո սահման դարձավ։

amaras-paper

2020թ. սեպտեմբերի 26. իմ երկրորդ պատերազմից մեկ օր առաջ։ Բերդաշենցի Շալիկո տատը իր մասին հոդվածն է կարդում Մարտունու շրջանային՝ «Ամարաս» թերթում

Հաջորդ օրը սկսվեց 44-օրյա պատերազմը, այն իմ առաջինն էր։

Ֆիլմերից ինձ ծանոթ կադրերը դարձան իրական. անսպասելի աղմուկ, հզոր պայթյուն և կողքիս տուն է վառվում։

44-օրյայի ժամանակ կես օր մնացինք ապաստարանում։ Կապը թույլ էր, մարդիկ խուճապի մեջ, անընդհատ կիսատ մնացած հեռախոսային խոսակցություններ էինք լսում․ պատերազմն ամենուր էր։

Ձայները մոտ էին, բայց նկուղներում ոչ մի հնարավորություն չկար, ուստի մարդիկ կենսական կարիքներ հոգալու համար ստիպված էին լինում նախ հաղթահարել վախը, ապա հաղթահարել ձայները, որ այնքան մոտ էին հնչում։

Իմ կյանքի երկրորդ պատերազմ. մայրս եւ 9-ամսական աղջիկս գիշերվա ծանր հրետակոծությունից հետո դուրս էին եկել նկուղից մաքուր օդ շնչելու։ Նախորդող գիշերը արկը ընկել էր մեր ապաստարանի՝ մանկապարտեզի բակ։

Լավ եմ հիշում սեպտեմբերի 27-ը. արևոտ, պայծառ օր էր, դպրոցի բակում ծաղկած նարնջագույն վարդեր կային, որ օրորվում էին մեղմ քամուց․ կյանքն ու մահն իրար կողքի էին, այնքան աբուրդային էր մեր՝ նկուղներում լինելը և ռումբերի տակ օրորվող ծաղիկները։

2020-ից հետո Արցախում ապրելը ծանր էր՝ հուզական առումով, գիտակցական։

Նկարահանումների էինք գնացել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ, սա հենց այն գյուղն է, որը 2020թ․ պատերազմի արդյունքում կիսվել էր երկու մասին՝ ներքևում մերոնք էին, վերևում՝ նրանք։

Գյուղապետի հետ հանգիստ զրուցում էինք իրենց անհանգիստ կյանքի, նոր իրականության մասին, երբ ընդամենը մի քանի մետրից լսվեց ավտոմատի կրակահերթ։ Սա այն իրականությունն էր, որի մեջ տառաճանաչ էին դառնում գյուղի աշակերտները։

2023թ․ սեպտեմբերի 19-ին Սաթէն՝ 9-ամսյա աղջիկս, քնած էր ամուսնուս՝ Հովիկի գրկում, երբ նա զանգ ստացավ։ Ամուսինս զինծառայող էր։ «Տագնապ» բառը հնչեց սպառնալիքի պես։

Վառելիք չկար և Հովիկը պետք է ոտքով Մարտունուց հասներ զորամաս՝ Հայկազով, որը 60 կմ հեռու է Մարտունուց։

Մի ժամ անց ռումբերը կարկուտի պես սկսվեցին թափվել։

Պատերազմ էր, այս անգամ ինձ ծանոթ պատերազմ, որ ամեն վայրկյան կարող էր խլել կյանք։

Արդեն նկուղում, ուշքի գալով ու հիշելով, որ ի վերջո մայր լինելուց զատ լրագրող եմ, սկսեցի գրել սոցիալական էջերումս։ Չգիտեմ ում համար, ինչու, բայց մտածում էի, որ դրանք իմ վերջին գրառումներն են։

Ահա առաջինը․

«Ականջներիս մեջ դեռ ռումբերի որոտն է, որ թափվեցին գլխներիս օրը ցերեկով։ Երկրորդ անգամ փոքրիկի գրկած վազում էի (առաջին անգամ քրոջս որդուն, այս անգամ՝ իմ աղջկան), թաքստոցի տեղ անգամ չգիտեի։ Խուճապը, անսպասելիությունը ջնջում են նույնիսկ հիշողությունդ ու գիտակցումդ։

Մի տղա գրկեց Սաթէին ու վազեց նկուղ, մինչ կհասնեի նրանց հետևից մի քանի րոպեն ժամեր տևեց, այդ պահին թվում էր՝ չեմ հասնի, կմնամ ռումբերի տակ։ Հայտնվեցինք մի նկուղում, որտեղ կիսամերկ երեխաներ էին՝ պատրաստվում էին քնել։ 60-ից ավել երեխաները լացում և գոռում էին՝«մա՜մա»։

Այդ ժխորի մեջ դայակ-դաստիարակները հագցնում էին երեխաներին, միաժամանակ՝ լացում սեփական երեխաների համար, ովքեր դիրքերում էին։ Անընդհատ նկուղում էին հայտնվում երեխաների ծնողները՝ռումբերի տակ վազելով, հասնում, որ գրկեն իրենց երեխային։ Չգիտեմ ինչ ուժով են օժտված Արցախում ապրող ծնողները։ Ծնող դառնալուց հետո երեխայի կորստի մասին մտածելը անտանելի է…

4 ժամ անց, երբ արդեն նկուղում մնացել էինք «հիմնական կազմը», սպասում էինք, որ գիշերը տուն կգնանք։ Արդեն երեկոյան գուժում էին անդառնալի կորուստների մասին…

Ազնավուրը… Ազնավուրը եղբայր է, հարազատ, ում չլինելուն չենք հավատում ոչ մեկս… տառապանքը շշուկների միջով շրջում էր նկուղում։ Մի քանի ժամ առաջ քաղաքապետը շրջել էր բոլոր նկուղներում, իսկ մի քանի ժամից, նա, որ պիտի պարզապես կազմակերպչական աշխատանքներ աներ, իր մարմնով վահան դարձավ քաղաքին։

Այս անգամ զենք բռնած ցանկացած տղամարդ գիտեր, որ գնում է 99%-անոց մահվան, ով փրկվել է, հաջողակ է՝ երրորդ, չորրորդ անգամ։

Գիշերն ու ցերեկը խառնվել էին իրար։ Ամեն զարկի հետ սեղմում էինք ատամներս, որ չճչանք, չարթնացնենք «որոտից» վախեցած փոքրիկներին։ Ամեն զարկի հետ մարմնով փակում էինք մեր երեխաներին, աղոթում էինք, և ինչպես աղջիկներից մեկը շշնջաց. «Իրոք՝ աշխարհի ամենաանկեղծ աղոթքները հնչում են նկուղներում»։

Ձայներից փորձում էինք հասկանալ՝ մերո՞նք են, թե՞ իրենք։ Ամեն րոպե մտածում էինք, որ սա վերջն է։ Ընդհատվող ձայներից հետո վախն ավելի շատ էր, սպասում էինք, որ նկուղ կարող է մտնել նրանցից որևէ մեկը և…. և երեխաս կարող է ապրել ընդամենը 9 ամի՞ս։ Մեղավոր եմ զգում ինձ, որ ռոմանտիզմս բերեց մեզ այստեղ։ Հավատն էր, որ հայկական ենք պահում Արցախը։ Իսկ հիմա, իրոք, մեր 30-ամյա երիտասարդ պետությունն էլ զոհվեց խրամատում»։

Ամիսների հեռվից ապրումներս ավելի են ծանրացել, հիմա հասկանում եմ՝ պատերազմին նախորդող օրը և սեպտեմբերի 19-ի առավոտը մեր վերջին ամենաերջանիկ ժամերն էին։

Մարիամ Սարգսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *