2023.12.26,

Խաչմերուկ

Տուն բառն արտասանում էին այնպես, ինչպես հիմա՝ ես ․․․

Արցախի հանրային հեռուստատեսության 2021թ․ գարնանային եթերաշրջանի իմ հաղորդումը հետպատերազմական Արցախում տեղահանված և նոր բնակարան ստացած  մեր հայրենակիցների մասին էր։ Այն պետական ծրագրի և մարդկային պատմության խաչասերում էր՝ բարդ, էմոցիոնալ, շատ պատասխանատու։ 

Ստեփանակերտի նորակառույց, բարձրահարկ շենքերի բնակարանները հանձնում էին մարդկանց, որոնք շատ բան էին կորցրել։ Գլխավոր նախապայմաններից մեկն այն էր, որ շահառուն ունենա կարգավիճակ, հաճախ՝ երկու, երեք։  

Հաղորդումս կոչվում էր «Մեր տան շեմին»։ Մտնում էի տասնյակ տներ, դառնում նրանց ցավի մասնակիցը, գուցե «լացի պատը», և տեսախցիկն ինձ հետ «ապրում» էր նրանց պատմությունները։ 2020թ․ պատերազմից հետո կորսված բնակավայրերի բնակիչները ակամա դառնում էին քաղաքի բնակիչներ, իսկ Արցախում, ինչպես գիտեք, քաղաք կոչվելու «պատիվ» միայն մեկը ուներ՝ Ստեփանակերտը։ 

Թումանյան փողոցում կառուցված շենքերը դրսից վառ գույներ ունեին, շատերն էին անթաքույց երազում, որ մի օր իրենք էլ այնտեղից տուն կստանան։ Բայց որքան գունեղ էր դրսից, այնքան դժգույն էր ներսից։ Գրեթե ամեն տանը կար զոհվածի անկյուն, հարազատները փորձում էին տան «առաջին բնակչի» կոչումը տալ նրանց, հանուն որոնց ստացել են բնակարան։  

Առաջին նկարահանման ժամանակ, հիշում եմ, ես էլ էի սև հագել․ սևը դարձել էր այդ նկարահանումների անբաժան մասը։ Ես անկեղծորեն հիանում և զարմանում էի. կորցնել հարազատին, ծննդավայրը, բայց, ինչպես Արցախում են ասում, «տուլաշի» (համառի) պես նորից գալ Արցախ։ Հետո հասկացա՝ այդ մարդկանց միակ սփոփանքը հողն էր, որի համար զոհվել է իրենց հարազատը։ 

Խոսում էի կանանց, երեխաների, մայրերի հետ, որոնց միավորում էր ցավը, որոնք հաղթահարում էին տառապանքը յուրովի։  Մտածում էի՝ ծանր է Արցախում մայր լինելը…   

Հաղորդումը հեղինակելու ժամանակ իմացա՝ ես էլ եմ մայր դառնալու։ Թողնել հաղորդումը չէի կարող, բայց իմ մեջ արարվող երջանկությունը առերեսվում էր որդեկորույս մայրերի տառապանքի հետ, ամեն անգամ լսելով զոհվելու մանրամասները, նայելով զոհվածների նկարներին` մտածում էի. «Աստված իմ, թող սա չլինի իմ ծնվելիք մանկան ապագան»։  

Խոսում էինք կորուստներից, զոհված հարազատ ունենալու պարագայում աբսուրդային էր թվում նյութական կորստի մասին խոսելը, բայց հաճախ հասկանում էի, որ տունն էլ է իրենց համար հարազատ։  Հարյուրամյակներով փոխանցված տները մնացել էին հակառակորդին, իսկ տան բնակիչները մնացել, ինչպես իրենք են ասում՝ չորս պատի արանքում։  

2016թ. քառօրյա պատերազմից հետո մի ընտանիքի էինք այցելել. զոհվել էր ավագ որդին՝ զինվորական էր, հետախույզ։  Բազմազավակ ընտանիք էր, մայրը պատմում էր, որ երկրորդ որդու՝ Ազատի ձեռքերում էր մահացել Նվերը։  

Ազատը լուռ էր, անդադար ծխում էր։ Այդ ժամանակ կինն այնպիսի մի արտահայտություն արեց, որ, լավ եմ հիշում, լացելով եմ դուրս եկել իրենց տնից ու քայլել նեղլիկ արահետով՝ մտքումս կրկնելով կնոջ ասածը՝ «գիդում ում, վեր պատերազմ ինի, իմ խոխեքս նորիցն քինան, կրլան չում ետ պահիմ, պա՞ հարուստներինը»։  

Ես շատ լավ տեսողական հիշողություն ունեմ և չեմ մոռանում մարդկանց, որոնց երբևէ նկարել եմ։  «Մեր տան շեմին» հաղորդման հերթական նկարահանման օրն էր, հեռախոսով էի խոսել «հերոսուհուս»  հետ, եկավ հանդիպման ժամը և, ինչպես միշտ,  պատրաստ էի ծանր նկարահանման ու զրույցի։  

Հասա տեղ. նա էր՝ Նվերի ու Ազատի մայրը։  Նրանք էլ երկու  կարգավիճակ ունեին՝ տեղահանվածի և զոհվածի։ Չէի հիշում մնացած երեխաներին, բայց փոքր էին և իմ մտքում սկսեցի վիճել ճակատագրի հետ՝ ինչու նորից այս կինը. Ազատը՝ չէ, այլ կրտսեր որդին էր զոհվել պատերազմի վերջին օրը։  

Խոսում էր երկու որդիների զոհվելուց, անասելի ցավից, բայց նաև շատ էր ափսոսում այն տունը, որ վերակառուցել էին, քանի որ զոհվածի ընտանիք էր։ Ասում էր՝ «կարծում էի` հենց Նվերս է վերակառուցել»։  

Բոլոր տեղահանվածները  «տոն» (տուն) բառը առանձնակի ջերմությամբ էին արտասանում, կարող էի պատկերացնել, բայց հասկանալ՝ միայն հիմա կարող եմ։  

Ես  մտածում էի,  որ եթե իմ բալիկն էլ տղա լինի, հավանաբար նույն ճակատագիրը կունենա․․․ 

Աղջիկ ունեցա, որը իր կյանքի առաջին տարին ապրեց անասելի դժվարությամբ՝ բլոկադայի մեջ, և տեսավ այն, ինչ չէինք էլ պատկերացնում տեսնել ոչ մեկս։ Ես երազում էի նրան խաղաղ Արցախում մեծացնել։ Այսօր ես էլ եմ  «Արցախ և տուն» բառերը ասում ցավով, կարոտով և երազում՝ մի օր կանգնել մեր տան շեմին։ 

Մարիամ Սարգսյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *