2023.12.06,

Խաչմերուկ

Վատ լրագրողի պատերազմական օրագրից

19.09.2023թ. 07։00-ին զարթուցիչս ամեն առավոտվա պես հիշեցրեց, որ լույսի գրաֆիկով ապրող ու առանց տրանսպորտի գործի գնացող մարդու համար իսկը զարթնելու ժամանակն է։ 10 րոպե ավելի քնելու գայթակղությանը հաղթեց ներսիս պատասխանատու լրագրողը, ու ես գնացի լվացվելու սառը ջրով, որովհետև իմ արթնանալու և լույսի անջատման ժամը համընկան։  

Առավոտյան ուղիղ եթերը վարելու համար պետք էր նախ եթերային տեսք ստանալ, ուստի մոտեցա պատուհանագոգին, որ գոնե մի փոքր լույս ընկնի դեմքիս, կարողանամ շպարվել։ 

2 ժամ անց, երբ Արցախի հանրային ռադիոյի տաղավարից արտաբերում եմ «Բարի լույս, Արցախ»-ը, դա մեր շենքում թարգմանվում է որպես «եղիցի լույս» ու բլոկադայի պատճառով անգործ մնացածները, ի տարբերություն ինձ, հնարավորություն են ստանում լվացվել տաք ջրով։ 

Մինչև ճաշի ժամը ես դեռ շարունակում էի լինել լավ լրագրող։  

Ամեն ինչ փոխվեց առաջին պայթած արկի հետ. այդ պահից սկսած վատ լրագրող դարձա։ Որովհետև ոչինչ չվավերագրեցի. ոչ մի ինտերվյու, ոչ մի գրառում սոցիալական մեդիայում և անգամ` լուսանկար։ Խոսքը վերջնականապես իմաստազրկվեց իմ կյանքում, և ես որոշեցի հաշտվել ուժի գերակայության հետ։ 

9 ամսից ավելի ապրելով շրջափակման մեջ՝ ես այնքա՜ն շատ էի խոսել հայաստանյան ու արտասահմանյան լրատվամիջոցների հետ. ով ինչ կոնտեքստում ուզեր` որպես լրագրող, որպես կին, որպես մայր, ով ինչ ֆորմատով ուզեր` վիդեո, աուդիո կամ տեքստ, ով ինչ ճամբարի հետ ասոցացվեր` «սորոսի ճուտ», «ռոբասերժական», թե «նիկոլական»։ Բոլորին պատմում էի դժոխքի մասին, որում ապրում էինք` հույսով, որ այն կավարտվի, եթե պատշաճ լուսաբանվի։ 

Արդեն զզվում էի ինքս ինձնից, իմ պատմածներից, իմ դժբախտությունից, զզվում էի լրագրողների` սառնարանս ու դատարկվող պահարաններս նկարելու առաջարկներից… Բայց միևնույն է շարունակում էի հարցազրույցներ տալ, սոցիալական հարթակներում ակտիվ գրել, որովհետև ուրիշ պայքարելու ձև չգիտեի։ 

Սեպտեմբերի 19-ի կեսօրին վատ լրագրողն իջավ նկուղ։ Վատ լրագրողը տեսնում էր տագնապած ու լացող երեխաների և չէր նկարում նրանց։ Չէր ուզում լինել Քևին Քարթեր, ուզում էր լինել հոգատար մարդ ու մայր։ Վատ լրագրողն իր երեխայից հեռու էր, բայց փորձում էր գոնե ուրիշների` պատերազմը մենակ դիմավորած երեխաների կողքին լինել, քանի վերջիններս սարսափահար մամա ու պապա էին դողացող ձայնով կրկնում։ 

Վատ լրագրողն ամեն դեպքում լավ մայր էր, ուստի երկար չմնաց նկուղում։ Ռմբակոծության տակ վազելով` ի վերջո հասավ այն նկուղ, որտեղ ենթադրում էր, որ կլինի իր 5֊-ամյա տղան։ Բախտը բերեց. երեխան լավ էր։ Պատերազմում լավ են անվանում ողջին, մնացածը համարվում է թիթիզություն` հոգեվիճակ, կորստյան վախ, տագնապ, դող և այլն։ 

Վատ լրագրողն ուզում է մեղքերին թողություն տալ։ Եվ քանի որ գոնե հիշողությունը չի կորցրել, որոշեց օրագիր գրի, բայց ոչ լրագրողական, քավ լիցի։ Թող լինի ականատեսի վկայություն միայն։ 

Տաթևիկ Խաչատրյան,
լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *