2023.10.05,

Խաչմերուկ

Ֆիքսենք ֆիքսերներին. տեղահանման միջազգային լուսաբանման հայ հեղինակները

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բլիցկրիգից հետո դեպի Հայաստան սկսված հայերի մասսայական տեղափոխությունը գրավեց միջազգային մամուլի ուշադրությունը։ Գորիս նկարահանող խումբ ուղարկեցին գրեթե բոլոր առաջատար մեդիա կորպորացիաները, այդ թվում՝ BBC, Al Jazeera, Reuters, CBC News, Euronews և այլն։ Այս կազմակերպությունները, չունենալով տեղական գրասենյակներ, չտիրապետելով հայերենին ու ընդհանուր կոնտեքստին, աշխատանքի հրավիրեցին հայաստանցի լրագրողների իրենց օգնելու համար։ 

Միջազգային լրագրողներին օգնելու այս մասնագիտությունը կոչվում է «Ֆիքսեր»։ Եթե նախկինում միջազգային թղթակիցները տեղափոխվում էին օտար երկիր, ապրում այդտեղ ու լուսաբանում տեղական դեպքերը, ապա հիմա գնում են միայն ճգնաժամային իրավիճակներում։ Այսպես նրանք խնայում են գումար, բայց կարիք ունեն տեղացի ֆիքսերների՝ մարդկանց, ովքեր կօգնեն գտնել աղբյուրներ, կզգուշացնեն տեղական վտանգների մասին, կթարգմանեն հարցազրույցներ և այլն։

Օգնողները լրագրողներին ուղեկցում են ամենուր, ուստի նրանք էլ կարող են տուժել պատերազմական իրավիճակում։ Այսպես, 2006 թ․-ին Լրագրողների պաշտպանության կոմիտեն սահմանեց նոր մասնագիտություն՝ մեդիա աշխատող, որը թույլ կտա հաշվել նաև ֆիքսերների շրջանում զոհերի կամ վիրավորների թիվը։ 2020 թ․-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ ևս գրանցվեց օտարերկյա թղթակիցներին օգնող արցախցի ֆիքսերի մահ։ Ֆիքսերները ավելի քիչ են պաշտպանված, երբ նրանց գործատու թիմը, ավարտելով գործը, հեռանում է։ Իրաքում ու Աֆղանստանում ֆիքսերները համատարած թիրախավորվում էին, երբ նրանց գործատու ամերիկացի լրագրողները հեռանում էին։

Անտեսանելի խմբագիր 

Ֆիքսեր-միջազգային լրագրող համագործակցությունը, առաջին հայացքից, օգտակար է և՛ լրագրողին, և՛ ֆիքսերին։ Միջազգային լրագրողը կարողանում է նյութ պատրաստել, իսկ ֆիքսերը ստանում է բարձր աշխատավարձ՝ միջազգային օրավարձով։

Բայց, ի տարբերություն լրագրողի, խմբագրի, օպերատորի, ֆիքսերի անունը չի հայտնվում նյութի հեղինակների ցանկում։ Ռոյթերս ինստիտուտի գիտաշխատող Քոլլեն Մուրելը սա համարում է անարդար և գիտական աշխատանք է գրել ֆիքսերների խմբագրական դերի մասին։ Ըստ նրա՝ ֆիքսերները «տեղական» հայացքն են տալիս նյութին, արդյունքում՝ միջազգային նյութը դառնում է ավելի արդար և «ապագաղութային»։ 

«Միջազգային լուրերի՝ լավ կամ վատ լուսաբանումը կախված է ֆիքսերից»,- գրում են հայտնի տեսաբաններ Հովարդ Թումբերը և Ֆրանկ Ուեվսթերը 2006 թ․ հրապարակված «Լրագրությունը՝ կրակի տակ» գրքում։ 

Հայ ֆիքսերի փորձը 

Հետք մեդիա գործարանի շրջնավարտ Արփինե Հովհաննիսյանը, որը աշխատել է որպես ֆիքսեր CBC news կանադական հեռուստաընկերության համար, լուսաբանելով արցախցիների տեղահանումը, հեղինակային իրավունքներ չունենալը պրոբլեմատիկ է համարում։ «Այդ պահը, որ ես քրեդիթներում չկայի, մի քիչ անդուր էր, բայց ինչ արած, գիտեմ, որ դա է ինդուստրիայի կանոնը»,- պատմում է նա։

Արփինե Հովհաննիսյան, լրագրող

Արփինեն աշխատել է ֆիքսեր, որպեսզի կարողանա ճշմարտությունը պատմել ավելի մեծ լսարանի։ «Ես որոշել եմ գրել ավելի շատ անգլալեզու մամուլում, որովհետև անհամեմատ ավելի մեծ է լսարանը և մարդկանց վերաբերմունքի վրա ազդելու հավանականությունը»,- պատմում է նա։ 

Ըստ Արփինեի՝ միջազգային լրագրողներին ավելի երկար ու մանրամասն պիտի պատմես կոնտեքստի մասին, ասես բաներ, որ տեղացիներին առանց խոսքի հասկանելի է։ Արփինեն պատմում է, որ Կոռնիձորում և Գորսիում հումանիտար իրավիճակը ծանր էր և պահանջում էր զգայունություն, որ ոչ բոլոր օտարերկացիներն ունեին։ Ճանապարհին երկար մնացած, սոված, շոկի ենթարկված մարդիկ հիանալի վիճակում չէին հարցազրույց տալու համար։ «Մի աղջիկ անգամ հուզվեց, ու օպերատորներից մեկը հենց դա նկարեց, ինչն ինձ համար անընդունելի էր»,- պատմում է նա։

Արամ Փանոսյանն աշխատել է որպես ֆիքսեր մի շարք լրատվամիջոների՝ այդ թվում der Spiegel, Le Monde և Independent թերթերի համար։  

«Տալիս էին ակնհայտ ու սպասելի հարցեր։ Իմ կարծքով, լրագրողական տաղանդը հարցերի մեջ չէ, այլ այս ամբողջ ինֆիորմացիան սեղմ հոդվածում ներկայացնելու կարողության մեջ»,- ասում է Արամը։  

 Նա պատմում է, որ որոշ լրատվամիջոցների հետաքրքրում էին իրավիճակի աշխարհաքաղաքական հետևանքները, մյուսներն էլ փնտրում էին միայն լացակումած տեսարաներ ու հնարավորինս էմոցիոնալ պատկերներ։

«Իհարկե, մենք` տեղացիներս, ավելի լավ գիտենք կոնֆլիկտը, անցել ենք ղարաբաղյան շարժման բովով, քան մի շաբաթով Հայաստան եկած միջազգային թղթակիցները։ Ես պատասխանատվություն էի զգում պատմել նրանց ճշմարտությունը, թեև միջազգային մամուլում խնդիրը լուսաբանելուց ոչ մի ակնկալիք չունեի։ Անգամ իրենք՝ այդ թղթակիցները, հաճախ չունեին։ Նրանցից մեկը, պատասխանելով Արցախից տեղահանված կնոջ հարցին, թե ինչու միջազգային հանրությունը թույլ տվեց այս ամենը, պատասխանեց, որովհետև դուք նավթ չունեք»,- պատմում է Արամը։ 

Ֆիքսերի աշխատանքում Արամը կարևորում է իրականությունը ներկայացնելը։ 

«Ես` որպես ֆիքսեր, կարևոր եմ համարել չմասնակցել հայկական մեդիայում քարոզչական ինքնախաբեությանը, որը ոչ մի լավ բանի չի բերել մեր երկրի իրավիճակում, մարդկանց կենսամակարդակի ցածր լինելու մեջ ես մեղադրում եմ ինստիտուտներին, այդ թվում՝ մեդիային, որը միշտ պաթոսով, կենացներով ու միֆերով է գրել մեր պատմության, մեր բանակի մասին, երբեք կասկածի տակ չի դրել թեզը, թե մենք ունենք փառապանծ բանակ, ու իբրև թե թշնամուն չօգնելու համար, բոլոր թեմաները կոծկել է»։ 

Միջազգային լրագրողների հետ աշխատանքի սկզբունքների և հմտությունների մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Կոնֆլիկտի լուսաբանում օնլայն կուրսին գրանցվելով։ 

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *