2023.07.19,

Խաչմերուկ

Հակամարտությունների մասին պատմելու համար անհրաժեշտ գիտելիքները մեկ դասընթացում

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Արտակարգ իրավիճակներում լուրերը տարածվում են արագ, ապակենտրոնացված աղբյուրներից, տարբեր հաղորդակցման ուղիներով և ձևաչափերով։ Մեդիան ժամանակակից աշխարհում դառնում է պատերազմի նոր մարտադաշտ, իսկ լրագրողների և մեդիա սպառնողների համար մարտահրավերները շատանում են։ 

Լրագրողներին հիմա անհրաժեշտ են նոր գիտելիքներ ու հմտություններ ֆիզիկական և առցանց անվտանգության, հակամարտությունների պատմական պատճառների ուսումնասիրության, միջազգային իրավունքի, կոնֆլիկտաբանության,  պրոպագանդայի նոր հնարաքներ բացահայտելու, փաստերը ստուգելու, վիզուալ նյութերը վավերականացնելու և տեղորոշելու, սեփական էմոցիաները կառավարելու և պատմությունները պատմելու նոր ֆորմատներ կիրառելու համար։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի թիմը ստեղծել է համապարփակ և բազմադիսցիպլինար գիտելիքով հարուստ առցանց շտեմարան։

«Հակամարտությունների լուսաբանում. լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում մշակված «Կոնֆլիկտի լուսաբանում․ 23 դաս լրագրողի համար» խորագրով առցանց դասընթացը ոչ ֆորմալ կրթական կուրս է լրագրողների, իրավագետների, սոցիալական աշխատողների, հումանիտար ոլորտի այլ մասնագետների համար։ 

Հինգշաբաթյա ինտենսիվ դասընթացը կազմված է բազմապրոֆիլ մասնագետների վիդեո դասախոսություններից, ընթերցանության ռեսուրսներից, օգտակար գործիքներից, դասական լրագրողական նյութերի օրինակներից՝ միջազգային և տեղական լրատվամիջոցներից։

Քսանհինգ դասերը ամփոփված են հետևայլ հինգ թեմաներում, որոնցից յուրաքանչյուրն ունի հինգ ենթաթեմա։  

  • Հակամարտությունների, ճգնաժամների և աղետների մասին պատկերացումները մեդիայում 
  • Զինված բախումների լուսաբանումը․ հերոսությունների փառաբանումից մինչև տեղեկատվական պատերազմներ
  • «Դառը ճշմարտություններ» և «օրհնյալ ստեր»․ կեղծ լուրեր և փաստերի ստուգում
  • Լրագրողական էթիկա և հակամարտություններ
  • Վտանգավոր մասնագիտություն

Դասերի մի մասում խմբագիրներն ու լրագրողներ կիսվում են հենց իրենց պատմություններով՝ թե ինչպես են լուսաբանել, օրինակ, 2020թ․-ի 44-օրյա պատերազմը,  Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմը, կամ այլ ճգնաժամանային իրավիճակներ։ Զրույցների ընթացքում խոսվում է էթիկայի համընդհանուր նորմերից, բայց ավելի շատ հենց իրենց փորձառությունից և կայացրած խմբագրական որոշումներից։ Այլ դասեր գործնական հմտություններ են տալիս, հետևաբար՝ դասախոսության և կիրառական վարժությունների ֆորմատով են։ 

Առցանց դասընթացի հեղինակ, մեդիափորձագետ Արմեն Սարգսյանը պատմում է, որ դասընթացը փորձ է ինստիտուցիոնալիզացնել լրագրողների փորձը։

«Դասընթացը կօգնի բոլոր նրանց, ովքեր ուզում են ավելին իմանալ մեդիայի և հակամարտության կապի մասին, ովքեր ուզում են ճանաչել՝ ինչ է հակամարտությունը և հասկակալ՝ ինչպես է մեդիան աշխատում ճգնաժամային իրավիճակում»- ասում է Արմեն Սարգսյանը։

Փորձը ցույց է տվել, որ միայն լրագրողական կրթությունը բավարար չէ  պատերազմական իրավիճակում աշխատելու համար։ 

Մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը մասնակցել է դասընթացի «մեդիայի և ռադիկալիզմ» և «պատերազմի լուսաբանում և պրոպագանդա» բաժինների ստեղծմանը։ Նա կարծում է, որ հավելյալ պատմագիտական, քաղաքագիտական, մարդաբանական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի լրագրողը կարողանա գնահատել մեդիայի ազդեցությունը հանրության վրա։ Օրինակ, որևէ լրատվամիջոց պատերազմի ժամանակ կարող է դառնալ ռադիկալ, էմոցիոնալ, թեև նախկինում բալանսավորված էր։ Հաճախ մեդիան կարող է ոչ միայն արտահայտել հասարակության մեջ առաջացած էմոցիաները, այլ ինքը ստեղծել որոշակի զգացումներ լսարանի շրջանում։ 

«Էթիկական հարցերը շատանում են և դրանք գնահատելու հմտությունները բազմապրոֆիլ գիտելիք են պահանջում, որպեսզի մեդիա արտադրանք տալուց առաջ, լրագրողը գնահատի՝ արդյոք ակամայից դառնում է մանիպուլացիայի կամ օֆիցիալ ինֆորմացիոն հոսքի մաս, թե ոչ»,- ասում է Խառատյանը։

«Կոնֆլիկտի լուսաբանում․ 23 դաս լրագրողի համար» խորագրով առցանց դասընթացի շնորհանդեսը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում

Դասընթացավարները նաև առաջարկում են գրականության ցանկ, ֆիլմեր և նյութեր իրենց թեմայի մեջ հետագայում խորանալու համար։ Ընտրվել են նաև հայկական համատեքստին համեմատելի այլ հակամարտությունների մասին ֆիլմեր. Հյուսիսային Իռլանդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կիպրոսի, Ուզբեկստանի-Ղրղստանի մասին պատմով և շատ այլ։

«Հակամարտությունների լուսաբանում. լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի ղեկավար Մանե Գրիգորյանը պատմում է, որ առցանց դասընթացի ձևաչափը մշակվել է, հաշվի առնելով նմանատիպ միջազգային փորձն ու դրա արդյունավետությունը, նպատակն է եղել, որպեսզի նյութն անցնել ցանկացողները կարողանան ընտրել իրենց հարմար ժամանակն ու վայրը գիտելիքը ստանալու, յուրացնելու համար։

Դասընթացի ուսանողը կարող է ընթացքում ստուգել իր գիտելիքները, ինչպես նաև դասընթացի ավարտին անցնել ինքնաքննություն։ Հարցաշարով ամենաբարձր գնահատականները հավաքած մասնակիցները ստանում են «գերազանգության վկայագիր», ավելի նվազ միավորներ հավաքածները՝ «մասնակցության վկայագիր»։ 

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *