2023.04.04,

Խաչմերուկ

Ռուբեն Վարդանյանի վերելքն ու անկումը Արցախում

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Գործարար Ռուբեն Վարդանյանի հեռացումը Լեռանային Ղարաբաղում պետնախարարի պաշտոնից մեդիան լուսաբանեց նույնքան դրամատիկ, որքան նրա մուտքն էր քաղաքականություն՝ անցյալ տարվա սեպտեմբերին։ 

Փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «խորը ցավով» հայտարարեց Ռուբեն Վարդանյանին հեռացնելու մասին։ Նա շեշտեց, որ Ռուբեն Վարդանյանի նշանակումից (նոյեմբերի 24, 2022թ․) ի վեր իրավիճակ է փոխվել։ 

«Ես ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի»,- հայտարարեց գործարարը։

Լրատվամիջոցների համար շատ հարցեր մնացին անպատասխան՝ ինչո՞ւ հեռացվեց Վարդանյանը, ինչո՞ւ էր նա եկել ընդհանրապես և ի՞նչ է դա նշանակում ապագա բանակցությունների համար։  

Մեդիայի համար այս պաշտոնանկությունը առանձնահատուկ էր, քանի որ սա դիտվեց որպես զիջում. Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Վարդանյանի։

Գաղափարական անդունդ  

Ռուբեն Վարդանյանը հեռացումից հետո ամփոփիչ հարցազրույց տվեց «Արցախ TV»-ին, որտեղ բացատրեց իր և Ղարաբաղի ղեկավարության գաղափարական տարակարծությունները։ Այս հարցազրույցը վերահրապարակեցին հայաստանյան ԶԼՄ-ները։  
 
Ըստ Վարդանյանի՝ ԼՂ «չունի ըմբռնում՝ ինչ է պայքարը, պատրաստ չէ պայքարել, պատրաստ չէ իր վրա վերցնել բարդ որոշումներ, և կա, ցավոք, մեծ ցանկություն ապրել սովորական կյանքով»։  

«Տարբերությունը այն է, որ ես ապրում է Սարդարապատի մոդելով, իսկ Արայիկ Հարությանյանը քաղաքական բանակցությունների մոդելով»,- հայտարարեց Վարդանյանը։  
 
Արայիկ Հարությունյանը ընդունել է տարակարծությունները և իրենց «ուրույն» մարտավարական տարբերակներ ունենալը, սակայն չի մանրամասնել՝ ինչում է այդ տարբերությունը։

«Մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը պաշտոնական տարածված հայտարության մեջ։  

Քանի դեռ Արցախի նախագահը հրաժարվում է փակագծեր բացել, Արցախի մարտավարությունը մնում է անհայտ և մեդիաշահարկումների լայն հնարավորություն է տալիս։  

Տեսություններ և դավադրություններ  

Ի սկզբանե Վարդանյանի մուտքը Ղարաբաղ լրատվամիջոցները բացատրում էին մի քանի հավանական սցենարներով։ Տարածված տեսություն էր, թե Վարդանյանը ուղարկվել է Մոսկվայից՝ հաշվի առնելով նրա կապերը ՌԴ իշխանական շրջանակների հետ։  

Վարկածներից մեկն այն էր, թե Վարդանյանը Արցախի միջոցով փորձում է մտնել Հայաստանի ներքին քաղաքական դաշտ։ Օրինակ, 1in.am-ը հրապարակեց Հոլանդիայում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսուֆի հետ հարցազրույց։ Վերջինս հայտարարում էր, որ Ռուբեն Վարդանյանը «փիառվում է» Ղարաբաղում, որից հետո Հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտ կներկայացնի։ 

Ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի,սա կարող է լինել պատճառներից մեկը, թե ինչու Վարդանյանի հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ «այդքան էլ լավ չէին»։  

Ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ Վարդանյանը նշանակվել էր, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցությունները չընթանան արևմտյան հարթակում, այլ վերադառնան ռուսական միջնորդության դաշտ։ Քաղաքագետը կարծում է, որ գործարարի հետ կապերը հերքելու համար է, որ Ռուսաստանը հրապարակավ հայտարարեց, որ նա այլևս ՌԴ քաղաքացի չէ։  

Դեկտեմբերի վերջին ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից մեդիան առանձնացրեց Սերգեյ Լավրովի հենց Վարդանյանին վերաբերող հայտարարությունը։ Լավրովը վստահեցրել էր, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Ռուբեն Վարդանյանի որոշման հետ՝ գնալ Արցախ և պաշտոն զբաղեցնել։

Իհարկե վերլուծաբանները չէին բացառում նաև, որ Վարդանյանը եկել էր իր սրտի թելադրանքով, ինչպես ինքն է պնդում հրապարակավ։  

Ընդդիմադիր լրատվամիջոցները անդրադառնալով հայտնի բարերարի հեռացման մեջ գտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը։  

«Նրանք միմյանց հետ են խաղում» (Փաշինյանն ու Ալիևը.- խմբ.),որ դնեն մարդ, որը լինի կառավարելի, որ Արցախը կորցնի ոչ թե սուբյեկտայնությունը, այլ սուբյեկտայնության մասին քննարկումները վերջանան»,- ասում է վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։  

Ընդհանուր առմամբ, Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելու և ազատվելու պատճառներն ու հետևանքները մնում են շահարկումների և բանավեճի առարկա։ Թեև որոշ տեսություններ և ենթադրություններ կարող են որոշակի հավաստիություն ունենալ, դրանք հաստատող կոնկրետ ապացույցների պակաս կա: 

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *