2023.03.03,

Խաչմերուկ

ԵՄ դիտորդներ Հայաստանում. մեդիան ընդգծեց թեմայի հնարավորություններն ու ռիսկերը

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Փետրվարի 2-ից Հայաստանում է ԵՄ քաղաքացիական 100 հոգանոց  առաքելությունը։ Նրանք դիտարկելու են հայ-ադրբեջանական սահմանը և տեղակայվել են սահմանի հայկական կողմում` 2 տարի ժամկետով։  

Ընդունելով պատվիրակության ներկայացուցիչներին՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաքելությունը կնպաստի «տարածաշրջանային կայունությանն ու խաղաղության ապահովմանը»։   

Հայաստանում ԵՄ այս առաքելությունը բացասական գնահատեցին ռուսաստանցի դիվանագետները՝ այն համարելով տարածաշրջանից իրենց «դուրս մղելու փորձ»։   

«Ցավոք, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի ձգտումը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերի մեջ տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական աստառ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար»,- ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի այս մեկնաբանությունը լայնորեն տարածվեց հայկական մեդիայում։ 

Այս թեմայով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս արտահատվել էր իր ասուլիսի ընթացքում․ «Հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն։ Սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է։ Եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի հետ համաձայնության, այն կարող է հակաարդյունավետ լինել»։ 

Լավրովը նաև քննադատեց Հայաստանին, որն ընտրել է ԵՄ դիտորդներին և մերժել ՀԱՊԿ առաքելությունը։  

Դեռ 2022-ի նոյեմբերին  Հայաստանը մերժել էր ՀԱՊԿ-ի առաջարկած օժանդակությունը։ Փաշինյանը իր մերժումը բացատրել է Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժմանը ՀԱՊԿ-ի՝ «քաղաքական հստակ գնահատականի բացակայությամբ»։  

Նման «խանդի» դրսևորումը ձևավորեց  Հայաստանում մեդիայում հետագա քննարկումների առանցքը։ Շատ լրատվամիջոցներ (Առաջին ալիքը, Factor TV-ն, News.am-ը, TV 5-ը, 168 ժամը, 1in.am-ը) կազմակերպեցին բանավեճեր, որտեղ ԵՄ դիտորդների թեման քննարկվեց աշխարհաքաղաքական տեսանկյունից։  

ԵՄ առաքելությանը կողմ արտահայտվողներից քաղաքական վերլուծաբան Արման Հովհաննիսյանի կարծիքով «Ադրբեջանը նորից պատերազմ էր սկսելու, եթե ԵՄ դիտորդները չգային․ հարձակման ռիսկերը կտրուկ իջել են»։  

«Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանը 1in.am-ի եթերում  արդարացված է համարում Հայաստանի որոշումը։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, չի պաշտպանել վերջինիս ադրբեջանական ագրեսիաներից։ Ըստ նրա՝ Հայաստանին չպիտի  անհանգստացնի այն, թե «Ռուսաստանը խանդում է»։ 

ՌԴ դիվանագետներին պատասխանեց նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  Factor TV-իեթերում նա հայտնեց, որ ԵՄ առաքելության գալը աշխարհաքաղաքական նպատակ չունի և ընդամենը բացատրվում է մեր փորձով, որ 2021 և 2022 թվականներին տեղի ունեցան հարձակումներ ՀՀ սուվերեն տարածքի վրա և դրանց համարժեք պատասխան չտրվեց ՀԱՊԿ-ի կողմից։  
 
Դիտորդական առաքելության դեմ վերլուծությունները, հակառակը,  պնդում են, որ դիտորդները չեն կարող պաշտպանել Հայաստանը, հատուկ շեշտելով՝ որ դիտորդները նույնիսկ զինված չեն։ 

«Խաղաղապահները չեն կարող զսպել Թուրքիային կամ Ադրբեջանին։ Կիպրոսում էլ կա դիտորդ։ Դիտորդ նշանակում է հենց դա, որ դիտելու են»,- ասում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը  TV 5-ի եթերում։  

Ըստ նրա՝ առաքելությունը  ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, ու չի կանգնեցնի Ադրբեջանին։ Փոխարենը, դա զայրացնում է մեր «ռեալ դաշնակիցներին»՝ Ռուսաստանին և Իրանին։  

Ըստ TV 5-ի լրագրողի՝ ԵՄ առաքելությունը գուցե ավելի մեծ  խնդիրներ ստեղծի, քան հնարավորույթուններ։ Մասնավորապես Հայաստանը կարող է ներքաշվել Արևմուտք-Ռուսաստան առճակատման մեջ, քանի որ ԵՄ-ն իր դիտորդներով կկարողանա Հայաստանի տարածքից հսկել իրանական և ռուսական զորքերի շարժը։ 

Քնար Խուդոյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *