Resilience և decentralization-դիմացկունություն և ապակենտրոնացում. վերջին ամիսներին այս բառերը շատ են հանդիպում գերմանական մամուլում՝ էներգետիկ ենթակառուցվածքների մասին նյութերում։ Լրագրողները հարցնում են՝ ինչպե՞ս ստացվեց, որ Գերմանիան այդքան կախված էր ռուսական գազից (Գերմանիա ներկրված գազի 50 տոկոսը ռուսական էր՝ մինչ պատերազմը), ինչո՞ւ ապակենտրոնացում չի արվել, ինչո՞ւ ենթակառուցվածքները չդիմացան սաբոտաժին, ինչո՞ւ են վերականգնվող էներգիայի կայանները քիչ։
Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմը փետրվարին, ապա Ռուսաստանից Գերմանիա գազ ներկրող «Հյուսիսային հոսք-2» գազամուղի սաբոտաժը՝ սեպտեմբերին, գերմանացի լրագրողներին ստիպեցին էներգետիկ ճգնաժամի պատճառները որոնել և մեղավորներ գտնել։
Երբեմն այդ որոնումները տանում են 2015 թվական, երբ, մոռանալով Ղրիմի բռնակցումը, Գերմանիայի կառավարությունը որոշեց բացել ռուսական «Հյուսիսային հոսք-2»-ը: Երբեմն՝ 2011 թվական, երբ «Հյուսիսային հոսք-1»-ը մեկնարկեց, ու այն ժամանակ, չնայած ակնհայտ շահերի բախման, 100%-ով ռուսական գազատարի խորհրդի նախագահն էր Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ Երբեմն՝ 1950-ականեր, երբ սկսվեց Սովետական Միության հետ համագործակցությունը գազի ոլորտում։
«2015 թվականին կային մարդիկ, որոնք ասում էին, որ եթե «Հյուսիսային հոսք -2»-ը հաստատվի, Ռուսաստանն այլևս կախում չի ունենա Ուկրաինայից, որը տրանզիտ երկրի է։ Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա։ Մեր քաղաքական գործիչները լուրջ չէին վերաբերվում նման վերլուծություններին»,- պատմում է Կլաուդիա ֆոն Սալզենը, որն արտաքին քաղաքականություն է լուսաբանում «Թագեշպիգել» օրաթերթում:
Ռուսաստանի հետ գործարքը խրախուսողները 2010-ականներին ասում էին, որ Գերմանիայի արդյունաբերությանը գազ է պետք, որ սա պարզապես տնտեսական գործարք է և կապ չունի քաղաքականության հետ։
«Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտվել էր անցյալ տարի, գործարկմանը պակասում էին միայն որոշ տեխնիկական թույլտվություններ, որոնք Գերմանիան դեռ չէր տվել։ Ռուսաստանը տարբեր պատրվակներով քչացնում էր գազամատակարարումը, որպեսզի ստիպի արագացնել թույլտվությունների ստանալը։ Սակայն այդ ճնշումը չաշխատեց, և Գերմանիան այլընտրանքային էներգիայի աղբյուրներ է փնտրում։
Կլաուդիան համարում է, որ սա էր Մերկելի կառավարության մեծագույն սխալը։
Թանկ գների հարցը՝ դեղին մամուլում
Եթե քաղաքական գործիչների, էներգետիկ խնդիրների մասին գրող լրագրողների շրջանում քննարկվում են արտաքին քաղաքական հարցերը, ապա լայն հանրությանն ավելի մտահոգում է գների բարձրացումը, ինչպես նաև հնարավոր ապաինդուստրիալիզացիան։ Թանկացումը ազդում է բոլորի վրա, աշխատատեղերի հնարավոր փակումը՝ նույնպես։
«Մարդիկ զայրացած են, որ ավելի շատ են վճարելու գազի համար, որ գները բարձրանում են։ Ցույցեր են տեղի ունենում տարբեր քաղաքաներում։ Ես կարծում էի, թե զայրացած մարդիկ պիտի հարցնեն՝ ինչո՞ւ մենք պիտի վճարենք կառավարության սխալների համար։ Բայց նրանք հաճախ այլ բան են ասում՝ եկեք բացենք Հյուսիսային հոսքը, և մեր բոլոր խնդիրները կվերանան։ Եվ սա է, որ ռուսական պրոպագանդան փորձում է օգտագործել իր օգտին»,- ասում է Կլաուդիան։
Էներգիայի հարցերով զբաղվող լրագրող Ռալֆ Դիեռմանը պատմում է, որ կառավարությունը «կսառեցնի» գազի նվազագույն սպառման գները, սակայն թանկացել են նաև այլ ապրանքներ, մասնավորապես՝ սնունդը։
Մեկ այլ ծրագրով կառավարությունը կսուբսիդավորի տների ջերմամեկուսացման ծախսերը։
Մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվում են նաև քաղաքական գործիչների սենսացիոն կոչերը՝ խնայել, տաքացնել միայն ճաշասենյակը, լոգանք ընդունել ոչ ամեն օր և այլն, որոնք զայրացնում են մարդկանց, որոնք առանց այդ էլ խնայում են։
«Մի պաշտոնյա հայտարարեց, որ ինքը լոգանք է ընդունում ոչ ամեն օր։ Դա շատ անձնական ինֆորմացիա է, և այդ պատճառով մեծ սենսացիա առաջացրեց »,- ասում է Ռալֆը։
Բողոքի ցույցերի լուսանկարներ հայտնվում են հիմնականում դեղին մամուլում, օրինակ՝ «Բիլդ» թերթում, որը մեղադրում է կառավարությանը։
«Այս կառավարությունը նոր է, նրանց մեղադրելը նախորդ կառավարության սխալների համար, այդքան էլ ճիշտ չէ։ Մեղադրելի չէ նաև այն զավեշտալի իրավիճակը, երբ Կանաչների կուսակցության ներկայացուցիչ էներգետիկայի նախարարը որոշում է երկարացնել ատոմակայանների և ածխի կայանների կյանքը։ Մի բան, որին Կանաչները միշտ դեմ են եղել»,- ասում է Ռալֆ Դիեռմանը։
Անկախ քաղաքական տարակարծություններից՝ բոլոր որակյալ լրատվամիջոցները այս հարցում ունեն կոնսենսուս. որոշումները պետք է լինեն կարճաժամկետ և երկարաժամկետ։
Այս տարի ձմռանը կա խնդիր, հնարավոր չէ արագ անցնել վերականգնվող էներգիայի։ Բոլորը հասկանում են, որ ռուսական գազը Կատարից բերվող էներգակիրներով փոխարինելը պակաս վտանգավոր չէ։ Բայց դա այս ձմեռվա համար անհրաժեշտ է։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում Գերմանիան անցնելու է վերականգնվող էներգիայի։ Կառավարությունը որոշել է ընդլայնել հողմաէներգակայանների և արևային կայանների ենթակառուցվածքները։ Արդյունաբերողները հույս ունեն, որ գիտնականները ջրածնի ճեղքման արդյունավետ լուծում կմշակեն, որը հեղափոխական կլինի արդյունաբերական ոլորտի համար։
Պարզ չէ՝ քաղաքական որոշումների համար նախկինները պատասխանատվություն կկրե՞ն, և դեռ կտեսնենք՝ արդյո՞ք երկար սպասված ջրածնի գյուտը մոտ է։ Գերմանիայում որակյալ լրագրությունը բաց չի թողնի կարևոր մանրամասները։
Քնար Խուդոյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: