2022.11.14,

Խաչմերուկ

«Սեփական երկրում պատերազմ լուսաբանելը ամենամեծ մարտահրավերն էր»

Գալինա Օստապովեցը լրագրող է Կիևից, աշխատում է novyny.live կայքում: Մինչև փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժումը Գալինան գրում էր ներքաղաքական թեմաներով՝ գնում էր խորհրդարան, նախագահական նստավայր։ Հիմա նա գրեթե ռազմական թղթակից է՝ սովորել է  տարբերակել զինատեսակների անվանումները, տրամաչափերը, դրանց գործառույթները, տեսակները և այլն:

Ինչպիսի՞ն եղավ Ձեր և խմբագրության արձագանքը պատերազմի առաջին օրը։

Ես շոկի մեջ էի, և դա մեղմ է ասված: Մենք՝ ուկրաինացի քաղաքական լրագրողներս, որ մոտ ենք քաղաքականությանը, պետք է իմանայինք, որ ինչ-որ բան լինելու է և գիտեինք, որ պատերազմ կլինի, բայց մտածում էինք, որ այն կլինի Դոնբասում, արևելյան շրջաններում, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կռմբակոծեն Կիևը: 

Դա կատարյալ շոկ էր թե՛ մեզ համար, թե՛, հաստատ կարող եմ ասել, մեր իշխանությունների համար նույնպես: Նրանք հետո մեզ այդ մասին պատմում էին: Այդ իսկ պատճառով, իհարկե, կատարյալ անտեղյակություն, կատարյալ շոկ: 

Մի բան է, երբ պատերազմի հետ աշխատում ես որպես լրագրող, շատ ես գրում դրա մասին, մեկ այլ բան՝ երբ անձամբ ես բախվում դրա հետ: Պատերազմ մեզ մոտ օրինակ Դոնբասում է եղել, և մենք շատ էինք գնում գործուղումների, բայց սա լրիվ այլ է, որովհետև քո տունն է վտանգի մեջ, քո կյանքն է վտանգի մեջ, ամեն ինչ վտանգի մեջ է, շուրջբոլորը ինչ-որ հրթիռներ են թռչում, և այդ ամենը Կիևում է:

Մենք երևի ամիս-ամիս ու կես աշխատում էինք հեռավար՝ 24/7 գրաֆիկով: Դե, որովհետև շատ իրադարձություններ էին տեղի ունենում, ուզում էինք մեր երկրին օգուտ տալ: Ոչ մի արձակուրդ՝ ոչ մի նման բան չկար, անգամ մտքներովս չէր անցնում: Մարդիկ աշխատում էին ապաստարաններից, նկուղներից, մետրոներից, գնացքներից` որտեղից պատահի:

Ասացիք, որ անգամ չեք մտածել արձակուրդի կամ չաշխատելու մասին, դժվար չէ՞ր աշխատանքը շարունակելու որոշումը այդպիսի պայմաններում։

Ոչ, դա բնական ցանկություն էր․ չէ՞ որ պատերազմը ոչ մեկիս չի շրջանցել մեր երկրում: Ես անգամ չեմ կարող բացատրել աշխատել ցանկանալու բնականությունը: Այդ պահին յուրաքանչյուրն ինչ-որ բան անում էր՝ տղամարդիկ գնացին պատերազմ, մոբիլիզացիա և այլն, կամավորներն էին իրենց գործն անում, կանայք կերակուր էին պատրաստում, յուրաքանչյուրը մեր երկրում ինչ-որ բանով զբաղվում էր, ուստի, դա այնպիսի պահ էր, որ օրինակ ես ուզում էի շատ օգտակար լինել իմ երկրին, բայց դա մի տեսակ նույնիսկ քաղաքացիական դիրքորոշում էր, ոչ թե մասնագիտական:

Ի՞նչ առանձնահատկություններ կան լրագրողի աշխատանքում, երբ պատերազմը ոչ թե ուրիշ, այլ հենց քո երկրում է:

Դա իսկապես ամենամեծ մարտահրավերն էր, որին ստիպված էի բախվել: Ինչպես արդեն ասացի, ես որպես լրագրող գիտեի, թե ինչ է պատերազմը, որովհետև աշխատել եմ Դոնբասում, բայց երբ դա ուղղակիորեն վերաբերում է քո ընտանիքին, քո տանը, քո երեխաներին, լրիվ այլ կերպ է ընկալվում, բացարձակապես այլ կերպ:

2022թ․-ի հոկտեմբերի 19: Գալինա Օստապովեցը Կիևի հրթիռակոծությունը հաղթահարում է քաղաքի կենտրոնում գտնվող Կլովսկայա կայարանում: Այդ օրը օդային տագնապը 3 ժամ է տևել:

Դու կարծես թե գիտես կաննոները՝ ինչ պետք է անել, ուր փախչել, բայց այդ լիակատար շոկից ինչ-որ արգելակում է սկսվում: Կարծես դու բաժանվում ես երկու մասի: Պետք է գրես, օրինակ, ինչ-որ նորություն, և ահա սկսվում է գնդակոծությունը (ես ապրում եմ Օդանավակայանի մոտակայքում), կործանիչները սկսում են թռչել: Ո՞ւմ կործանիչներն են դրանք, վտանգավոր են արդյոք, թե՞ ՝ ոչ, ու՞ր փախչել, ի՞նչ անել: Աղջիկս բռնում է ձեռքս՝ «մա՛մ, խնդրում եմ, տա՛ր ինձ այստեղից, ես չեմ ուզում մահանալ», իսկ խմբագիրը գրում է՝ «ի՞նչ կա այդտեղ, նորություն կունենա՞նք, Կիևն են ռմբակոծում»: Ահա սա էլ ամենաբարդն է, բայց հաճախ ընտրում ես անձնական կողմը, ընտրում ես երեխաներիդ պաշտպանությունն այդ իրավիճակում:

Ո՞րն է եղել պատերազմի սկսելուց հետո ամենատպավորիչ դրվագը առհասարակ և դեպքերի լուսաբանման ընթացքում:

Դե, ամենատպավորիչ դրվագը փետրվարի 24-ի առավոտյան ժամը 6:40-ին էր: Երբ պատերազմը, ըստ էության, արդեն սկսվել էր, ինձ մոտ վազեց 12 տարեկան աղջիկս՝ Անգելինան: Ես քնած չէի, ինչ-որ ներքին անհանգստություն կար՝ չնայած չգիտեի, որ Կիևը ռմբակոծում են, մեր պատուհանները շատ ամուր փակված էին: Աղջիկս ներխուժում է իմ սենյակ, արտասվելով ցույց է տալիս հեռախոսը: Ես չհասկացա, թե ինչ է կատարվում, սկզբում ինձ թվաց, թե հարազատներից ինչ-որ մեկն է մահացել, բայց հետո մտածեցի՝ ինչի պիտի նրանք Անգելինային զանգեն, ոչ թե ինձ: Եվ աղջիկս լալիս է ու ասում՝ «Մայրի՛կ, Պուտինն է հարձակվել»: Դա ամենա-ամենա տպավորիչ դրվագն էր: Ես ընդհանրապես չէի կարողանում հավատալ, վերցրեցի հեռախոսը, տելեգրամյան ալիքներից մեկում տեսա ուկրաիներեն նորություն՝ «Պուտինը հարձակվել է Ուկրաինայի վրա»: Վազեցի իմ հեռախոսի մոտ, որտեղ հազար զանգ ու հաղորդագրություն կար, և հասկացա, որ իսկապես այդպես է: Ահա դա ամենաէմոցիոնալ պահն էր, ես անգամ ուրախ եմ, որ աղջիկս դրա մասին առաջինն իմացավ, այլապես ինչպե՞ս ինքս պետք է նրան պատմեի կամ բացատրեի:

Գալինա Օստապովեցը ռուսական օկուպացիայից առավել տուժած տարածքներից մեկում՝ Իրպենի բնակելի համալիրում: Հունիս, 2022

Իսկ աշխատանքային ամենատպավորիչ դրավագն այն էր, երբ լուսաբանում էի չորսամյա տղայի՝ Սաշայի պատմությունը: Նա մահացել էր Կիևի մերձակայքում, տատիկի հետ չէր կարողացել փրկվել փչովի նավակով: Նրանք փախչելիս են եղել գյուղից, որն օկուպացվել էր: Երեխայի մայրը նրան փնտրել էր երկու կամ երեք շաբաթ: Ես վերջինիս հետ կապ հաստատեցի, նա լիահույս էր, որ որդուն կգտնի՝ չնայած ինքս հասկանում էի, որ շանսերը շատ փոքր են․ չէ՞ որ չորսամյա երեխան նավակով․․․ անհնար է: Եվ, իսկապես, հետո երբ այդ տարածքը դեօկուպացրեցին, երեխայի մարմինը գտան, եթե չեմ սխալվում, գետի ափին, նա արդեն ողջ չէր: Ահա այդ պատմությունը այնպես է տպավորվել հիշողությանս մեջ՝ երբեք չեմ մոռանա: Եվ դա փոքր մասն է, ինչի մասին կարելի է պատմել:

Ասացիք, որ աշխատել եք պատերազմական գոտիներում, կպատմե՞ք՝ ինչ-որ չափով օգնե՞ց այդ փորձը և ինչպե՞ս օգնեց:

Ես Դոնբասում աշխատել եմ երևի թե երեք տարի, մենք անընդհատ գործուղումների էինք գնում, այնտեղ երբեմն կրակոցների տակ էլ էինք ընկնում: Հմտություններ ունեինք, բայց երբ հայտնվում ես այսպիսի դժվարին իրավիճակում, այդ հմտությունները կարծես թե կորչում, շոկային իրավիճակի պատճառով լղոզվում են: 

Ես գիտեի՝ ինչ անել, երբ սկսվում է գնդակոծությունը: Իհարկե, այդ պահին հենվեցի այդ գիտելիքների վրա, օրինակ՝ ոչ մի դեպքում չբարձրանալ վերև, չօգտվել վերելակներից, օդային տագնապի ազդանշանի պահից 20-30 րոպե ունենք, ինչը նշանակում է, որ այդ 20-30 րոպեների ընթացքում հնարավոր է հրթիռակոծություն․ սակայն այս կանոնը վերաբերում է հենց հրթիռակոծությանը, բայց այդ պահին՝ մարտ ամսին, Կիևին սպառնում էին ամեն տեսակի հարվածներ՝ տարբեր զինատեսակներից: Երբ լսում ես, որ կրակում են, պետք է պառկել գետնին, փակել գլուխը, պաշտպանել այն, բայց շոկային իրավիճակում մարդիկ սովորաբար ամեն ինչ հակառակն են անում: Էմոցիաները հաղթում են, չգիտես՝ ինչ անել, ինչի վրա հույս դնել:

Ի դեպ հիշեցի՝ երբ մենք առաջին հրթիռային հարվածի տակ ընկանք, ձայնային ազդանշաններ չեղան, ես սուլոց լսեցի ու մտածեցի կործանիչ ինքնաթիռներն են, որովհետև դրանից առաջ հոդված էի գրում մի կնոջ մասին, որը կորցրել էր ողջ ընտանիքը հենց ավիահարվածների հետևանքով: Հիշեցի՝ ինչպես էր նա պատմում, որ մարդիկ մահացել են մեկ րոպեում․ ինչ-որ տեղից ինքնաթիռ է հայտնվել, նրանք սուլոց են լսել և վերջ՝ նրա հարազատներն այլևս չկային․․․ Ես դա հիշեցի տառացիորեն կես վայրկյանի ընթացքում: Լսում էի սուլոցը, հիշում այդ պատմությունը, ոչինչ չվերցրեցի՝ ոչինչ, դուրս վազեցի միայն շապիկով և շորտով, մարտ ամիսն էր: Ուստի այդ իրավիճակներում միայն «հետույքդ ես փրկում» անկեղծ ասած:

Երբ դրա հետ անձամբ ես բախվում, ապա, իհարկե, էմոցիաները լրիվ այլ են: Բայց մենք հիմա, կարելի է ասել, շատ թե քիչ սովորել ենք ապրել այս սարսափի մեջ: Այո՛, անգամ սարսափի մեջ ես սովորում ապրել: 

Իհարկե, Կիևում ավելի քիչ է ռիսկը, քան օրինակ Խարկովում: Խարկովն ամեն օր է գնդակոծությունների տակ՝ և՛ հրթիռային հարվածներ կան, և՛ հրետանային, որովհետև նրանք ռուսական սահմանից ընդամենը 40 կմ են հեռու: Այնտեղի մարդկանց համար շատ դժվար է: Ես այնտեղ հաստատ չէի ապրի, դա մահանալու մշտական վտանգ է, և երևի ամենավատն է, որ կարող է տեղի ունենալ: Ընդհանրապես, երբ մեզ մոտ սկսեց պատերազմը, երբ բոլորը գնդակոծությունների տակ էին, այնպիսի զգացողություն էր, որ մահը երբեք այդքան մոտ չի եղել: Ռուսաստանն ամեն օր հրթիռակոծում էր՝ օրական տասնյակ անգամներ, սիրենաները ոռնում էին ու ոռնում, ահա այդ ժամանակ երևի ամենադժվար պահն էր, իսկ հետո մի տեսակ սովորում ես:

Իսկ ի՞նչ իրավիճակ է այժմ աշխատանքում և ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը հետագայում:

Մեզ մոտ՝ ուկրաինական մեդիաշուկայում, իրավիճակը շատ ողբալի է՝ գովազդ չկա, մարդկանց աշխատավարձը վճարելու գումար չկա, հետևաբար շատ լրատվամիջոցներ փակվում են: Երևի լսած կլինեք, որ երկրի գլխավոր մեդիասեփականատերը՝ Ռինատ Ախմետովը, դադարեցրել է իր գործունեությունը: Նա իր մեդիաները հանձնում է պետությանը: Դա իհարկե մեծ շոկ էր մեդիաշուկայի համար, որովհետև նրա ընկերությունը ամենահզորն է ու ամենազարգացողը: Նա 14000 աշխատակից ունի․ թե ինչ կլինի նրանց հետ, պարզ չէ:

Գալինա Օստապովեց, մարտ, 2022թ․

Մեր հրատարակչությունը դեռևս ապրում է՝ նույնպես չգիտեմ, թե մինչև երբ, որովհետև պատերազմի ակտիվ փուլի պատճառով ներդրողները վախենում են ներդրումներ անել․ չէ՞ որ, ինչպես հայտնի է, փողերը լռություն են սիրում: 

Դեռ աշխատում ենք, ծրագրերը շատ են, ամեն օր միլիոն թեմա, ամեն օր մե՛կ հրթիռներ, մե՛կ գնդակոծություն, մե՛կ սպանվածներ: Շատ բան կա գրելու՝ ինչպես է հայրը բռնել գնդակոծությունից մահացած 13-ամյա տղայի ձեռքը և երկու ժամ բաց չի թողնում: Ողբերգությունը ողբերգության հետևից: Գնում ես Իրպեն կամ Բուչա, այնտեղ կարելի է մի ամբողջ ամիս լսել այդպիսի պատմություններ, և մարդիկ շատ ակտիվորեն պատմում են իրենց դժբախտությունների մասին: 

Այդ ամբողջ ապրած ողբերգությունից, այդ արցունքներից, անգամ մենք՝ լրագրողներս, որ կարծես թե էմոցիոնալ առումով մարզված ենք, երբեմն անգամ մենք ենք թուլանում: Օրինակ ինձ մոտ արյունը սառչում էր երակներումս՝ մարդկանց ապրածը լսելով: Խելագար վիշտ է, ուղղակի խելագար: Ո՛չ մի սցենարիստ, ո՛չ մի ռեժիսոր կյանքում այդպիսի բան չի հորինի, սցենար չի գրի: Այս ընթացքում մի անգամ գնացել էի Մակարով, Իրպեն և վշտացա, չէի կարողանում կանգ առնել, մի ամբողջ օր լալիս էի ու լալիս:

Անկեղծ ասած փորձում եմ սրտիս մոտ չընդունել, որովհետև երկար չես ձգի, եթե ամեն ինչին այդպես բուռն արձագանքես: Դե, ուղղակի դա շատ ծանր շաբաթ էր, Վիննիցայում ևս հրթիռակոծություն էր եղել, որի ժամանակ երեքամյա փոքրիկ աղջնակ էր մահացել, այդ ամենին ուղղակի անհնար է հետևելը: Թե ինչպես են մահանում երեխաները, դա ամենածանրն է: Եվ երբ անհրաժեշտ է նաև զրուցել հարազատների հետ, դա ուղղակի անհնարին է: Էմոցիոնալ առումով ծանր է, շատ ծանր․ չէ՞ որ մենք նաև մարդիկ ենք, ոչ միայն լրագրողներ: Երբեմն այդ ամենը պրոյեկտում ես քո սեփական կենսափորձի վրա: Հիշում ես, որ փոխարենը կարող էր քո աղջիկը լինել, ու անտանելի է դառնում:

Իսկ ինչ-որ բան օգնու՞մ է վերականգնվել այդպիսի ծանր աշխատանքից հետո։

Այո, ես պրակտիկաներ գիտեմ, թե ինչպես վերականգնվել: Սպորտ: Սպորտը էմոցիոնալ առումով հավաք է պահում, չի թողնում թուլանալ: Նաև որոշ հանգստացնող մերսումներն են օգնում: Դրանք թուլացնում են նյարդային ու մկանային լարվածությունը:

Ինչ-որ կերպ փորձում ենք վերականգնվել ու ապրել: Հիմա Ուկրաինայում մարդիկ իրենց յուրաքանչյուր օրն ապրում են այնպես, կարծես թե այն վերջինն է: Ահա այսպիսի միտում կա: Երբ դու ապրում ես չընդհատվող պատերազմի մեջ, անդադար վտանգների մեջ, ստիպված ես այդպես ապրել: 

Երբ սկսվեց պատերազմը, բոլորը խուսափում էին որևէ լուսանկար հրապարակել, որտեղ ժպտում են կամ սուրճ են խմում․ ի՞նչ իրավունք ունես հրապարակել այդպիսի լուսանկարներ, երբ քո երկրի կեսը հրթիռների ու ռմբակոծությունների տակ է: Բարոյական կողմը շատ դժվար էր: Իսկ հետո մարդիկ երևի թե եկան այն եզրակացությանը, որ պետք է շարունակել ապրել: Եթե այդ օրը եկել է, նշանակում է պետք է այն ինչ-որ կերպ անցկացնել: Ահա այդպես ենք հիմա բոլորս փորձում անել: Դա ծանր է, ուղեղդ կարծես պայթում է, բայց այլ տարբերակ չկա՝ կամ դու ապրում ես այս երկրում՝ այս կանոններով, կամ հեռանում ես:

Գալինա Օստապովեցը ուկրաինացի ժողովրդի ազատության կամարի մոտ՝ Կիևի կենտրոնում. 2022 թվականի մայիս

Գործնականում ի՞նչ գիտելիքներ ձեռք բերեցիք որպես լրագրող և ինչ խորհուրդ կտաք նմանատիպ իրավիճակներում աշխատող լրագրողներին։

Կաշխատեն նմանատիպ իրավիճակներում, թե՝ ոչ, ամեն դեպքում ես խորհուրդ կտամ անցնել բոլոր այդ դասընթացները, որպեսզի իմանան՝ ինչ անել իրավիճակներում, երբ ինչ-որ բան սպառնում է կյանքին: 

Ընդ որում, այդ հմտություններին պիտի տիրապետեն շատ հստակ, որ եթե գիշերվա կեսին նրանց արթնացնես, Ամերիկյան ռազմածովային հատուկ ուժերի նման հստակ իմանան՝ ինչ անել: Չէ՞ որ ամենասարսափելին այս բոլոր պատմություններում այն է, երբ չգիտես ինչ անել: Բայց այդ գիտելիքը ժամանակ է: Եթե շատ արագ խմբավորվել, հասկանալ՝ ինչ է կատարվել, ինչ է այդ դեպքերի համար «գրքերում գրված» և ինչպես է պետք վարվել, անհամեմատ հեշտ կլինի: Ահա դա հաստատ բոլորին խորհուրդ կտամ՝ կարողանալ պաշտպանել ինքդ քեզ:

Հարցազրույցը՝ Մարգարիտա Ղազարյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *