Հայաստանի սուվերեն տարածքի վրա սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի հարձակումը մեդիա-քննարկումներում փոխեց հակամարտության լուծման մասին պատկերացումները։
Արդեն 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո, երբ հայկական բանակի անպարտելի լինելու թեզը քանդվեց, հայկական լրատվամիջոցները հակամարտության լուծումը տեսնում էին ոչ թե ռազմական, այլ ավելի շատ գերտերությունների դիվանագտիական ճնշման միջոցով։ Սեպտեմբերի 13, 14-ի հարձակումից հետո հայկական մեդիա տիրույթում գերտերություններից ակնկալում են ոչ միայն դիվանագիտական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, այլև Հայաստանին տալ սպառազինություն։
Զենքի թեման բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում՝ այդ շուկայի բոլոր կոմպոնենտների մասին «բացահայտումներ» անելով։ Նա նշեց, որ Հայաստանը ունի միջոցներ զենք գնելու համար՝ 12 միլիարդ դրամ, բայց այլ կոմպոնենտներում խնդիրներ են առաջանում, օրինակ՝ քաղաքականում։ Օրինակ, կան երկրներ, որոնք դեմ են, որ Հայաստանը զենք գնի երրորդ երկներից։
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյան էլ ավելի շեշտեց նոր զենքի անհրաժեշտությունը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասելով, որ «Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է»։
Ամերիկյան զենքի ախորժակ
Հետևելով պաշտոնյաների՝ մեդիան շարունակեց զենք գնելու թեման։ Հարցազրույցների հրավիրվեցին ռազմաարդյունաբերական շուկայի մասնագետներ, և, ավելի հաճախ, քաղաքագետներ։
Որպես զենքի հնարավոր մատակարար մեդիան ամենաշատը նշեց ԱՄՆ-ն։ Այս գաղափարը լուրջ քննարկվեց նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսի աննախադեպ այցի ֆոնին, որը համընկավ ռազմական վերջին գործողությունների հետ։
Հնարավո՞ր է ԱՄՆ-ից զենք ակնկալել, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Հայաստանի գործընկերը ԱՄՆ-ի ոխերիմ թշնամի Ռուսաստանն է։ Եղան կարծիքներ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը նախապայման է ԱՄՆ զենք ստանալու համար։ Օրինակ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը factor.am-ին ասաց. «Քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, դա (ամերիկյան զենք ստանալը- խմբ.) բացառվում է»։
Վերլուծաբանների մեծ մասը շաբաթվա ընթացքում նաև պարզաբանեցին, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը դեռ բավարար չէ ամերիկյան զենք ստանալու համար։
«ԱՄՆ-ից զենք ստանալը ՀԱԿՊ-ից դուրս գալով չի պայմանավորված։ Կարող է դուրս գաս, մի այլ փաստարկ կարող է հնչել, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբի անդամ է, չի կարող պարիտետը խախտել»,- ասաց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը և այլոք նկատեցին, որ զենքը միակ բանը չէ, որ պակասում է հայկական բանակին, անհրաժեշտ է սպայական կազմ, որը կկարողանա այդ զենքն օգտագործել։
«Զենքը ձեզ չի օգնելու, բացի զենքից ձեզ պետք է սպայական կազմ, որը Ֆրունզեում, մի հատ էլ Վեստ Փոյնթում սովորի (..) Որովհետո Դուք սկի GPS—ի վրա չեք կարողանում ձեր տեղը գտնել։ Դուք անգլերեն կարդալ չգիտեք։ Որ ձեզ HIMARS տվեցին, կարող ե՞ք կրակել»,- ասում է նա։
Զենքի փնտրտուքի այլ աղբյուրների հարցը շարունակվում է քննարկվել։ Դրան, իհարկե, նպաստեց նաև ՀԱՊԿ-ի պասիվությունը։ ՀԱԿՊ-ից դուրս գալու պահանջով անցկացվեցին ակցիաներ՝ ոչ մարդաշատ, սակայն լայնորեն լուսաբանված։ Ինչպես նկատեց քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ դրանք չէին արտահայտում լայն հասարակության պահանջը։
«Հայաստանի քաղաքական գործիչներին և հասարակությանը հարմար է իրենց սեփական զիջումները արդարացնել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի պասիվությամբ։ Պատասխանատվությունից փախուստը դարձել է իշխող կուսակցության ֆիմային գործելաոճը վերջին կես տարվա ընթացքում»,- ասաց Մարկեդոնովը։
Պատրաստվելով պատերազմի
Ռազմական ճանապարհով հարցի լուծումն այլևս քննադատության չի դիմանում և մեդիան չի առաջարկում այլ տարբերակ, քան պատրաստվել նոր պատերազմի։ Ինչպես ասում են՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։
Պատրաստվելու ձևեր ևս առաջարկվեցին. Ընդունվեց նոր օրենք զենքի շրջանառության կարգավորման մասին, որն ուղված է զենքի հետ վարվելու մշակույթը ձևավորելուն, քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը։ Ողջ մնալու արվեստը նախաձեռնությունը, որը ակտիվացրել է իր ուսումնավարժական պարապումնքներ քաղաքացիների համար, դարձավ ռեպորտաժների առարկա։
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ սեռից եւ տարիքից, եթե դրա անհրաժեշտությունը լինի, զենքը ձեռքին պիտի պաշտպանի մեր հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը: ՀՀ տարածքները անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք: Դա Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29 հազար 800 քկմ: Ես ընդհանրապես հրաժարվում եմ դա քննարկել»,- ասաց Փաշինյանը ԱԺ-ում։
Այս հարցում նրա հետ համաձայնվեցին անգամ իր ամենամեծ քննադատ լրատվամիջոցները։
«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, մեր երկրի առաջնորդը պետք է ուղղորդի ամբողջ ազգը պատերազմի։ Թող ինքը ձևավորի ազգային բանակ»,- news.am-ը հրապարակեց«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանի կարծիքը:
Ռազմական լուծման դոմինանտությունը չի կարելի բացատրել միայն իշխող ուժի նոր հռետորաբանությամբ։ Այս քննարկումների արդիականացման վրա ազդել է նաև միջազգային լրահոսում ռազմական լուրերի տարափը. Ուկրաինայում արդեն յոթ ամիս ձգվող պատերազմը, զինավարժությունները Թայվանում, Հունաստանում և այլուր։
Քնար Խուդոյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: