2022.08.19,

Խաչմերուկ

Սիրուն հրաժեշտ սիրուն գյուղին

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Աղավնո գյուղը միշտ եղել է մեդիայի սիրելի բնակավայրերից մեկը Արցախում։ Այն առանձնանում է սիրուն, միանման, կարմիր կտուրներով նորակառույց տներով և շատ ֆոտոգետնիկ է։ Սա նաև վերաբնակեցման քաղաքականության հաջողված օրինակներից էր՝ համայն հայության ներդրումներով կառուցված ապաստան՝  նոր կյանք փնտրող հայերի համար՝ այդ թվում, լիբանանահայերի ու սիրիահայերի։ 

Գյուղի սիրունությունը էլ ավելի դրամատիկ է դարձնում այն լքելու հրամայականը։ Աղավնոն՝ Բերձորի և Սուս գյուղերի հետ միասին, Ադրբեջանին է հանձնվելու օգոստոսի վերջին։ 

Գյուղից հայ բնակչության դուրս գալու մասին առաջինը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հուլիսին՝ հղում անելով 2020-ի նոյեմբերի 10-ի պայմանագրին։ Սակայն Արցախի իշխանությունները բանակցում էին այն պահելու համար մինչև օգոստոսի 4-ը։ Արցախի ղեկավարությունը հույս ուներ, որ Աղավնոն հնարավոր կլինի պահել, որովհետև այն մոտ է Լաչինի միջանցքի նոր երթուղուն, որի Ադրբեջանի կողմից կառուցած հատվածը պատրաստ է, իսկ հայկական մասը պատրաստ կլինի 2023-ի գարնանը։ Այդ օրը գյուղ այցելեց Արցախի պետնախարար Հայկ Խանումյանը և հայտնեց, որ Աղավնոյում այս պահին մնացած 200 հոգին էլ պիտի հեռանան։ 

Աղավնո Վարդավառ

Այցը լուսաբանվեց ու դրան նաև հետևեցին մահախոսական հիշեցնող ռեպորտաժներ «դրախտային գյուղ», «կարմրակտուր գեղեցկուհի» Աղավնոյից։ Հույզերն ավելացրեցին ռեպորտաժներում հարցազրույց տվող  կանայք, որ արտասվեցին խոսելիս, տղամարդիկ, որ պահանջեցին զենք, ու համաձայնեցին մեռնել, բայց չապրել ծնկած։ Գյուղի հանձնման նվիրված նյութերում հայտնվեցին նաև երեխաները, անմեղ ու մաքուր, Վարդավառի օրը ջրոցի խաղալիս։ Գյուղից հեռանալու սիմվոլը դարձավ նաև դպրոցի պատին արված գրաֆիտին՝ «մենք պարում էնք, ու կրկին կպարենք» և բնակիչներից մեկի փողոցում հայտնված դաշնամուրը, որի վրա անցնողները նվագեցին ռեքվիեմ։

Բացի գերէմոցիոնալ  բովանդակությունից ռեպորտաժներում հայտնեցին նաև փաստեր, գործնական մանրամասներ, այդ թվում բնակիչների նյութական պահանջները, ապագայի մասին մտահոգությունները։ Դրանց շարքում էին բեռնատարերի կտրուկ թանկացումը` մինչև 300 հազար դրամ, անշարժ գույքի ներկա բարձր գները Հայաստանում, տրվելիք տան սերտիֆիկատների՝ չընդունվելը բանկերի կողմից և այլն։ Սրանք մտահոգություններ էին, որոնք աղավնոցիները հնչեցնում էին էմոցիոնալ խոսքի արանքում և թողնում լրագրողներին՝ որոշելու, թե որին ավելի մեծ կարևորություն տալ։ 

Աղավնոցիները որոշ հարցերի պատասխաններ ստացան Հայկ Խանումյանից։ Նրա այցի լուսաբանումից տեղեկացանք, որ շուրջ 200 բնակիչներ պետք է լքեն գյուղը մինչև օգոստսի 25-ը և որ նրանք կստանան սերտիֆիկատ, որով կարող են բնակարան գնել կամ Արցախում կամ Հայաստանում։ Հաշվի առնելով 2020-ի դեկտեմբերին Քարվաճառը լքողների արածը, Խանումյանը նախօրոք արգելել է Աղավնոն հեռանալիս այրել տները։ 

«Ընդհանրապես, ես էդ վառելու, թալանելու, ջարդելու մոլուցքից զարմանում եմ։ Կարծես թե այս ամբողջ պատմության մեջ  ամենակարևոր դրվագը վառելն ա, կամ մեկ տարեկան ծառը կտրելը»,- ասել է Խանումյանը։ 

Այս հորդորն թերևս ամենամեծ ռեզոնանսը առաջացրեց մեդիա տիրույթում։ Որոշ լրատվամիջոցներում Խանումյանը պատկերվեց  բացասական գնահատականներով: Այնուամենայնիվ, նրա այցի տված ինֆորմացիան ավելի կիրառական էր, ուստի նրա դեմ ատելության խոսքն այդքան էլ լայնամասշտաբ բնույթ չստացավ։  

Սակայն տներ վառելու ցանկությանը տուրք տվեցին առնվազն երկու հոգի, որոնց տեսահաղորդակցությունները վերահրապարկեցին մի քանի լրատվամիջոցներ (Yerevan.today, Panorama.am և այլն):

Աղավնոյի հանձնման մասին լուրը, չնայած ռեքվիեմների, մեծ մեդիա ռեզոնանս չառաջացրեց։ Նախ՝ որովհետև գյուղը չլքելու այլընտրանք առաջարկողները այդպես էլ չբացատրեցին իրենց այլընտրանքի էությունը։ Բազմաթիվ անհատներ կոչերով դիմեցին մարդկանց գնալ Աղավնո, լինել այնտեղ՝ գյուղացիների կողքին։ Բայց թե ինչ անել տեղում՝ պարզ չէր։ 

«Եթե 500 մարդ գա Աղավնո, իրավիճակը 180 աստիճանով կփոխվի, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում»,- հորդորեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը News.am-ին տված հարցազրույցում։  Կոչի հեղինակը չպարզաբանեց՝ թե ինչ պետք է անեն կամավորները՝ հիմնավորելով, որ մանրամասները կասեն տեղում։   

Աղավնոն պահելու կոչերը ոչ միայն ոչ առարկայական են, այլև հանձնելու թեմայի պաշտոնական բացատրությունը տեղավորվում է նոյեմբերի 10-ի համաձայնագրի մեջ։ Միակ բանը, որ զայրացնում է՝ ժամկետների փոփոխությունն է և ուժի գործադրումը՝ Ադրբեջանի կողմից։ 

Աղավնո գնալու կոչերը նաև  երկրորդական մեդիա առիթ դարձան՝ Երևանում Սուրմալու տոնավաճառի պայթյունի ֆոնին։

Սիրուն Աղավնոյից ռեպորտաժներ անելու համար դեռ կա 6 օր։ Գյուղի բնակիչներից ոմանք սպասելու են մինչև օգոստոսի 25-ը՝ տեսնելու, թե ինչ է լինելու։

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *