Աննա Չերնենկոն ուկրաինացի հեռուստալրագրող է, ապրում է Խարկովում, աշխատում է Ուկրաինայի 24-րդ ալիքում։ Վերջին մի քանի ամիսներին Աննան աշխատում է ռուս-ուկրաինական պատերազմի գործողությունների կիզակետում։
Ուկրաինացի գործընկերոջ հետ զրուցել ենք արտակարգ իրավիճակում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունների, նոր փորձառության ու լրագրողի անվտանգության մասին։
Աննա, մի փոքր ներկայացրեք, թե ինչպես եք աշխատել փետրվարի 24-ին Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժումից առաջ և ինչն է փոխվել հիմա։
Ինչպես հիմա, այնպես էլ մեծամասշտաբ ներխուժումից հետո ես ապրել եմ Խարկովում և աշխատել նույն լրատվամիջոցում, ուղղակի թեմաներն են փոխվել․ եթե այն ժամանակ ամբողջապես հեռուստաժուռնալիստիկա էր, հիմա լուսաբանում ենք գործնականում ամենը, ինչ կապված է պատերազմի հետ։
Առավոտը սկսում է նրանից, որ հասկանում ես՝ որտեղ է գնդակոծություն եղել, ուր է հնարավոր գնալ։ Առաջին գործը պատմությունների նկարահանումն է այն մասին, թե ինչ նոր բան է, ցավոք, ավերվել, կան արդյոք տուժածներ կամ զոհեր, շփումն է հարազատների և տեղի իրավապահների հետ։ Այնուհետև նյութերն են հետևանքների մասին՝ կամավորներ, որոնք օգնում են տարբեր իրավիճակներում, մարդիկ, որոնց տներն ավերված են։ Ստացվում է՝ ամենը, ինչի մասին մենք հիմա նյութեր ենք պատրաստում, կապված է պատերազմի հետ։ Խարկովում կյանքն ամբողջապես վերափոխվել է դեպի այդ ուղղությունը։
Ինչպիսի՞ն եղավ խմբագրության և Ձեր արձագանքը այդ իրադարձությունների պահին։
Ինձ համար անձամբ դա շոկ էր՝ չնայած այն բանին, որ, այո՛, շատ փորձագետներ էին ասում, որ այդպիսի բան տեղի կունենա, և տարբեր ժամկետներ էին նշվում։ Բայց, այնուամենայնիվ, շոկ էր, որովհետև ինչպես ողջ քաղաքը, այնպես էլ ես արթնացա պայթյուններից, որոնք հնչում էին քաղաքի տարբեր կետերում։ Եվ ահա փետրվարի 24-ին առաջինը, ինչ մենք արեցինք, նյութեր հավաքելն էր, թե ինչպես են մարդիկ արձագանքում, որքանով են վախեցած, որքանով են շտապել խանութներ, որպեսզի ինչ-որ ապրանքներ գնեն, որքանով են պատրաստ կամ ինչպես են արդեն սկսել հեռանալ քաղաքից։
Ֆոտոնյութ արեցինք, թե ինչպես են մարդիկ շտապել մետրո։ Առաջին անգամ ես իրականում տեսա, թե ինչպես է մետրոն վերածվել ապաստարանի։ Այնտեղ բազմաթիվ մարդիկ կային։ Իսկապես սարսափելի տպավորություններ էին։
Քանի որ գնդակոծվել էր քաղաքը, կային տուժածներ նաև հենց տեղում։ Գնացինք տուժած թաղամաս՝ շփվելու մարդկանց հետ։ Կիսաքանդ կառույցում նաև վիրավոր մարդ կար։ Եվ ահա մենք բարձրացանք տանիք։ Դա պատերազմի առաջին օրվա հիշողություններից է՝ երբ կանգնած եմ տանիքին, այն խոցված է, և տեսնում եմ տանիքից արկի դուրս ցցված մի կտորը, որը խոցելով անցել է երկու-երեք հարկի միջով։ Ամեն ինչ երևում է՝ երևում է մարդկանց բնակարանները, երևում է արյուն, որովհետև գնդակոծման պահին տղամարդը քնած է եղել իր տանը։ Ու դու կանգնած ես տանիքին, և ինչ-որ տեղ տեսադաշտում ծխեր են բարձրանում, պայթյուններ որոտում։ Ահա այդպիսինն էր առաջին օրը։
Աննա Չերնենկոյի աշխատանքի ընթացքը ՌԴ կողմից գնդակոծված առաջին վայրերից մեկում՝ Խարկովի հյուսիսում գտնվող բնակելի շենքում․ փետրվարի 24
Խմբագրությունում միանգամից խնդրեցին մաքսիմալ գործի անցնել, բայց նաև առաջարկեցին, որ եթե ուզում եմ տարհանվել կամ անհրաժեշտ եմ համարում հեռանալ, ուրեմն անեմ դա։ Առաջարկեցին աջակցություն՝ տեղափոխվելու Ուկրաինայի կենտրոնական կամ արևմտյան հատված՝ Խարկովից հեռու։ Բայց որոշում կայացվեց, որ ես մնում եմ, և ինձ էլի մաքսիմալ աջակցեցին։ Այդուհանդերձ, առաջին մեկուկես ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ հարց էր բարձրացվում՝ չեմ ուզում արդյոք և անհրաժեշտ չե՞մ համարում հեռանալ՝ անվտանգության նկատառումներով։
Ինչպե՞ս որոշվեց շարունակել աշխատանքը։ Ձեզ համար դժվար չէ՞ր այդ որոշումը։
Մի կողմից դժվար չէր, որովհետև ինձ թվում էր, որ իմ աշխատանքը կարևոր է և պետք է այն անեմ․ դրանք բնավ պաթետիկ ու բարձրագոչ բառեր չեն, այլ ուղղակի իմ որոշումն էր։
Մյուս կողմից՝ ես ծնունդով Դոնբասից եմ՝ Լուգանսկի շրջանից, և թող որ ես այնտեղից շատ ավելի վաղ եմ հեռացել, քան սկսել է այնտեղ ներխուժումն ու Լուգանսկի ու Դոնեցկի շրջանների օկուպացիան՝ 2014-ից բավականին վաղ, բայց ես, այնուամենայնիվ, զգում եմ, որ այդ պահին իմ տունը խլել են՝ տունը, որտեղ ես ծնվել, մեծացել եմ։
Այդ պատճառով էլ ինքս ինձ համար ևս մի որոշում կայացրեցի, որ պետք է մնամ Խարկովում, որ այս տունը ես չեմ կարող տալ և կմնամ այստեղ մինչ այն պահը, եթե օկուպացիա կամ օկուպացիային մոտ ինչ-որ բան լինի․ միայն այդ դեպքում կհեռանամ։ Ես գիտեմ, թե ինչի է վերածվում Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքը։ Այդ իրավիճակում չեմ կարող մնալ. դա իսկապես վտանգավոր կլիներ լրագրողի համար։ Իսկ քանի դեռ օկուպացիայի մասին խոսք չկա, որոշեցի, որ այստեղ կլինեմ և ահա մնում եմ մինչ այս պահը։
Նախկինում աշխատե՞լ եք նմանատիպ իրավիճակներում, պատերազմական գոտիներում։ Ձեր փորձի մասին խոսենք։
Ես միայն երկու ոչ մեծ գործուղումներ եմ ունեցել Դոնբաս՝ 2014թ․-ից հետո։ Չնայած այդ ժամանակ գնացել էինք գործնականում առաջնագիծ, բայց այդ այցերը բացարձակապես տարբերվում էին ներկա իրավիճակից․ սա ոչ մի բանի հետ չի համեմատվի։
Անգամ մեր զինվորականներն են ասում, որ այժմ լրիվ ուրիշ իրավիճակ է, որովհետև դու գտնվում ես, թվում է՝ արտաքնապես խաղաղ քաղաքում, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ ամեն պահի կարող է հենց այստեղ ինչ-որ բան թռչել-ընկնել՝ հրթիռակոծություն, հրետակոծություն, ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ)․ ինչից ասես կարող են կրակել։ Հիմա, բարեբախտաբար, գոնե Խարկովում բացառվում են ավիահարվածները, բայց փետրվարին և մարտին դրանք շատ-շատ էին։
Եվ ահա, երբ առաջնագիծը լղոզված է՝ այն բացարձակապես բացակայում է, քաղաքում որևէ տեղ անվտանգ չէ։ Այդպիսի պայմաններում նախկինում ոչ ոք ստիպված չի եղել ո՛չ ապրել, ո՛չ աշխատել, այդ իսկ պատճառով սա բացարձակապես նոր փորձառություն է, և, առանց չափազանցնելու, շատ սարսափելի։ Առաջին օրերին, երբ դու գնում էիր աշխատանքի, հավանաբար ինչ-որ ադրենալին էր քեզ այնտեղ առաջնորդում, բայց նաև խուճապային նոպաների միջով էիր անցնում, սակայն դա կամաց-կամաց ինչ-որ տեղ անհետացավ։
Նրանց համար, ովքեր վերապատրաստում էին անցել ու հավատարմագրում էին ստացել АТО (հակաահաբեկչական օպերացիա), ապա ООС (միացյալ ուժերի օպերացիա) գոտիներում, մի փոքր ավելի հեշտ էր։ Ինձ ունեի այդպիսի հավատարմագրում, բայց այն ամբողջական չէր։ Ոմանք աշխատանքի բերումով մեծ կուրսեր էին անցել այդպիսի գոտիներում, ոմանք, ովքեր ավելի հաճախ էին գնացել այնտեղ, քան ես, ունեին զրահաբաճկոններ, սաղավարտներ։
Կոլեգաների մեծամասնությունը պատրաստ չէր դրան, շատերը հեռացան՝ հատկապես նրանք, ովքեր ընտանիքներ և երեխաներ ունեն։
Ես ստիպված էի սովորել ընթացքում։ Եթե առաջին օգնության մինիմալ հիմունքները հասկանում եմ՝ ինչ և ինչպես, ապա հետո դիմեցինք «Կարմիր խաչին», մեզ օգնեցին գտնել դասընթացավարի, որը հիմնական գործողություններ սովորեցրեց, որոնք անհրաժեշտ են բեկորային վնասվածքների դեպքում։ Հիմա ամբողջ քաղաքով անցկացվում են այդպիսի կուրսեր։ Ցանկացած բնակիչ կարող է գնալ, սովորել, որովհետև դա ուղղակի անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ գնդակոծում են յուրաքանչյուր շրջան՝ առանց բացառության։
Խոսեցինք ֆիզիկական անվտանգությունից, իսկ պատրաստվա՞ծ էիք արդյոք հոգեբանական անվտանգության առումով, և եթե այո, որքանո՞վ դա Ձեզ օգնեց։
Այսպիսի բանի հնարավոր չէ պատրաստ լինել, անգամ եթե քո թիկունքում որոշակի ռազմական փորձառություն կա և աշխատանքային փորձ պատերազմական գոտիներում։ Երբ պատերազմը քո տանն է, պատուհանից նայում ես և հասկանում, որ հենց վաղն էլ դիմացի տունը կարող է այլևս գոյություն չունենալ, հնարավոր չէ այդպիսի բանի պատրաստ լինել։
Շատ դժվար է, բայց այսքան ամիս անց այդ սրությունը ինչ-որ կերպ բթացել է, ուղղակի գնում ես և անում քո աշխատանքը։ Չնայած սկզբնական շրջանում ես տեսել եմ, թե ինչպես են խստապահանջ օպերատորները լաց եղել այն ամենից, ինչ կատարվում էր․ դա իսկապես ահավոր ու սարսափելի էր։
Լուսաբանման ի՞նչ առանձնահատկություններ կամ դժվարություններ կան, երբ պատերազմը ոչ թե ուրիշ, այլ քո երկրին է վերաբերում։
Անձնական փորձով կասեմ։ Մոտավորապես 10 օր առաջ Խարկովի երկու շրջաններում՝ բնակելի և արտադրական հատվածներում, գնդակոծություններ եղան։ Հրդեհներ էին մասնավոր հատվածներում՝ տներում, բազմաբնակարան շենքերում և որոշ արտադրական օբյեկտներում։ Ես ապրում եմ այդ երկու թաղամասերից մեկում։ Լսում եմ՝ ինչպես է այդ ամենը թռչում-ընկնում, հագնում եմ զրահաբաճկոնը և գնում՝ մտածելով, որ կարող են տուժած լինել նաև իմ ծանոթները, հարևանները, որովհետև 10 տարի ապրում եմ այդ թաղամասում և, բնականաբար, ճանաչում եմ տեղի մարդկանց։
Ծրագրել էի նկարահանել արտադրական օբյեկտը, որում մեծ հրդեհ էր բռնկվել, բայց այնպես ստացվեց, որ, բարեբախտաբար, հրդեհի դեմ շատ արագ կարողացել էին միջոցներ ձեռնարկել, ու ես արդյունքում առանց նյութի էի մնացել։
Որոշեցի ուղղակի փոխել ուղղությունս՝ դեպի այն կողմ, որտեղ ևս հրշեջները ավարտել էին իրենց աշխատանքը։ Եկա ավերված ավտոնորոգման կետ, իսկ դրա ետևում շատ ուժեղ ավերված մասնավոր տնակ էր։ Ահա նկարահանում եմ տեսանյութ, իսկ այդ տնակից դուրս է գալիս իմ լավ ծանոթը։ Ես սարսափելի շփոթության մեջ էի։ Ուղղակի չէի սպասում հենց այդ պահին տեսնել իմ ծանոթներին։ Այնպես է ստացվում, որ գլխումդ քարտեզները խառնվում են, ու այնքան էլ պարզ չես հասկանում, որ դա քո ընկերների տունն է։
Պարզվեց, որ ընկերոջս թոքն է վնասվել, աղիների վնասված ունի, նրա մայրը նույնպես ծանր վիրավորում էր ստացել։ Եվ ահա, ես նյութ եմ նկարահանում այդ տարածքի, տուժած մարդկանց մասին և նրանց հետ օգնում եմ բեռնել իրերը՝ հիվանդանոց տանելու համար։ Ահա դա է աշխատանքի տարբերությունը այնպիսի տարածքում, որտեղ ինքդ ես ապրում։ Դու ինքդ կարող ես դառնալ այդ գնդակոծությունների զոհ, և դա ոչ թե անգամ մասնագիտական, այլ կենսական ռիսկ է։
Աննա Չերնենկոն լուսաբանում է Խարկովի գնդակոծությունը, որից տուժել էին նաև իր ծանոթները
Մեկ ու կես ամիս մեզ մոտ համարյա միաժամանակ, մեկուկես ժամ տարբերությամբ տեղի էին ունենում հրթիռակոծություններ, այսինքն՝ հստակ գիտեիր, որ ահա հիմա կսկսվեն հրթիռակոծությունները։ Որտե՞ղ այն կընկնի՝ քո տուն, հարևան դպրոց, հիվանդանոց, թե քո ընկերների փոքրիկ մասնավոր տնակ՝ դու երբեք չգիտես։ Բայց հստակ հասկանում ես, որ կգա առավոտը, ու դու կգնաս այդ ամենը նկարահանելու, խոսելու մարդկանց հետ, որոնք ամեն ինչ կորցրել են կամ իրենց դպրոցում փորձում են գտնել վերջին փրկված գլոբուսը, որովհետև դպրոցը ավերված է։ Այնպես ստացվեց, որ մեզ մոտ 3 շաբաթ շարունակ ամեն գիշեր խոցում էին դպրոցները։ Այսինքն ամեն առավոտ նկարահանում էինք կա՛մ լիովին, կա՛մ մասամբ ավերված որևէ դպրոց։
Օտարերկրյա կոլեգաները, որոնք գալիս են աշխատելու այս քաղաք, նույնպես անհանգստանում և ապրումակցում են․ նրանցից դա երևում է։ Դժվար է, իսկապես, այս ավերածությունները տեսնելը՝ թե ինչպես են փլատակներից դուրս բերում մահացած մարդկանց մարմինները կամ, ընդհակառակը, ավերված է վեց հարկանի բնակարանի ամբողջ մուտքը, և այնտեղից դուրս են բերում ողջ մնացած կնոջ, որը հրաշքով փրկվել է։ Դա չի կարող բարոյապես չազդել, բայց խարկովցի կամ ուկրաինացի լրագրողների պարագայում այդ ամենը բազմապատկվում է, որովհետև սա նաև քո տունն է՝ երբեմն բառացիորեն քո տունն է, երբեմն ուղղակի քո քաղաքում գտնվող տուն է, որի կողքով ամեն օր անցնում ես։
Ուղղակի բառերը չեն հերիքում՝ նկարագրելու համար, թե որն է տարբերությունը, երբ լուսաբանում ես պատերազմ, որը քո տանն է։ Շատ ցավոտ է, բայց, այդուհանդերձ, պետք է դա անես՝ դու պետք է տեսնես և ուրիշներին էլ ցույց տաս։
Պատերազմական իրավիճակում Ձեր լուսաբանման ամենատպավորիչ դրվագի մասին կպատմե՞ք։
Այդպիսի էպիզոդները շատ են, դժվար է մեկ բան առանձնացնելը։ Եթե կարելի է, ես մի քանիսը կնշեմ։
Առաջին օրերին դու չէիր հասկանում, որ հրթիռային հարվածը կամ գնդակոծությունը կարող է լինել քո տանը, հենց քո փողոցում։ Ամենուր մեծաթիվ շփոթված ու մոլորված մարդիկ էին։
Այդ ժամանակ մեծ խնդիր կար՝ մոտավորապես առաջին շաբաթը կամ մի փոքր ավելին, խանութները փակվել էին, դժվար էր ինչ-որ բան գնելը։ Պատճառը մարդկանց շփոթվածությունն էր՝ չէին հասկանում, թե ինչ է կատարվում։
Եվ ահա մենք նկարահանում էինք հացի փուռն ու մարդկանց հերթը, որոնց ուղղակի անվճար նրբերշիկներ էին բաժանում։ Հերթը շատ երկար էր, ու մեկ կադրով տեսանյութ նկարահանելու համար ինձ երևի 5 րոպեից ավելի ժամանակ անհրաժեշտ եղավ։ Շատ մարդկանց պետք չէին այդ թշվառ մսային մթերքները, բայց շփոթվածությունից եկել էին և կանգնել այդ հերթում։
Դա երևի առաջին անգամն էր, որ ես լաց եղա․ շատ վիրավորական ու ցավոտ էր մարդկանց տեսնել այդ աստիճանի շփոթված և մոլորված։ Շատ ցավալի էր այն, որ օտար երկիրը, որը ներխուժել է այստեղ, մարդկանց նման դրության մեջ է դրել։ Մեզանից յուրաքանչյուրը ծրագրեր ու ցանկություններ ուներ, և ահա ամենը փլուզվեց այդ պահին։ Դա երևի առաջին այդպիսի պահն էր։ Ոչ ոք հստակ չգիտեր՝ ինչ է կատարվում, ինչպես դա գլխում տեղավորել, ինչու տեղի ունեցավ, ինչպես կարող էր տեղի ունենալ, ինչով կավարտվի։
Հիմա մարդիկ արդեն հավաքվել են և, իսկապես, ավելի ինքնավստահ են․ չնայած տեղի ունեցողին՝ փորձում են ինչ-որ բաներ պլանավորել։
Երկրորդը մարտի 1-ին էր, երբ ռուսները հրթիռային հարվածներ հասցրին մարզային պետական վարչակազմի շենքին, որտեղ մահացավ մոտ 30 մարդ։ Նրանք կամավորներ էին, որոնք այնտեղ էին գիշերում և եկել էին օգնելու ինչով կարող են։ Այնտեղ երիտասարդ տղաներ ու աղջիկներ կային, տարեց մարդիկ։ Մարտի 1-ի առավոտյան ես նկարահանում էի։ Դա երևի այդ պահին ամենամասսայական փլուզումն էր, որը տեսել էի։
Փլատակներից դուրս էին բերում մահացած մարդկանց մարմինները։ Դու հասկանում էիր, որ ինքդ էլ էիր ուզում այնտեղ գնալ որպես կամավոր, բայց այդ օրերին չես գնացել կամ մնալ գիշերելու, որովհետև ուզում էիր նկարահանել կամավորներին, պատմել նրանց մասին և ուղղակի ձգձգեցիր ու չգնացիր։ Հանդիպեցի գործընկերոջս, որը այնտեղ էր եղել և պարզապես հրաշքով գիշերելու համար տուն էր գնացել ու առավոտյան վերադարձել։ Նա նույնպես կարող էր այնտեղ գտնվել։
Քանի որ լուրերի լրագրող եմ, աշխատանքի բերումով բավականին շատ մահացած մարդկանց եմ տեսել՝ դժբախտ պատահարներ, հրդեհներ, էլի ինչ-որ այդպիսի առօրյա ողբերգություններ։ Եղել են ինչ-որ կրիմինալ ողբերգություններ, երբ մարդիկ սպանել էին իրար, բայց երբ հիմա դուրս էին բերում մի մարմինը մյուսի ետևից, դա անհամեմատ ավելի ծանր էր։
Դրանից բացի, տեխնիկական խնդիրներ կային՝ ինչ-որ կերպ պետք էր հասնել դեպքի վայր։ Տրանսպորտի հետ կապված դժվարություններ կային՝ տաքսիները չէին գնում, հանրային տրանսպորտը, բնականաբար, կանգ էր առել, մետրոն չէր աշխատում փետրվարի 25-ից, բայց պետք էր գնալ աշխատելու։ Սկզբում ոտքով քայլեցի, հետո երեք անգամ մեքենաներ հանդիպեցին, իսկ հետո էլի ոտքով, և ահա այդպես էլ հասա նկարահանման վայր։
Կադրեր Կրեմենչուկի առևտրի կենտրոնի գնդակոծությունից հետո
Եւս մի դեպք պատմեմ։ Ինձ մոտ փոքրիկ արձակուրդ էր, գնում էի ուրիշ շրջան՝ ընկերներիս հանդիպելու։ Մենք անցնում էինք Կրեմենչուկի միջով։ Կարծես թե հունիսի 27-ն էր։ Հորիզոնում հսկայական ծուխ էր բարձրանում, իսկ ես այդ պահին, դե, անջատել էի հեռախոսը՝ բառացիորեն մեկ ժամով։ Միացնում եմ հեռախոսս և հասկանում, որ գնդակոծել են «Ամսթոր»-ը (առևտրի կենտրոն Կրեմենչուկում)։ Ուր էլ որ գնաս, ամենուր պատերազմ է՝ կարևոր չէ Խարկովում ես դու, Դնեպրում, Դնեպրոպետրովսկի շրջանում կամ ինչ-որ այլ տեղ։ Այդպես շեղվեցինք մեր ուղուց ու գնացինք նկարահանելու այդ գնդակոծությունը Կրեմենչուկում։
Խոսենք աշխատանքային ներկա իրավիճակից. ի՞նչ պայմաններում եք հիմա աշխատում, ի՞նչ ռիսկեր կան։
Ամենագլխավորը քաոտիկ գնդակոծություններն են ու դրանց տակ ընկնելու ռիսկը՝ գտնվելով կա՛մ պարզապես քո տանը՝ որպես ոչ լրագրող, կա՛մ գնդակոծություններից հետո տեղում լուսաբանելիս ընկնելը կրկնակի գնդակոծության տակ․ ցավոք, այդպես ևս կարող է պատահել։ Հիմա բառացիորեն երեք օր է, ինչ հենց կոնկրետ Խարկովը չեն գնդակոծել, գնդակոծում են արվարձանները, մոտակա քաղաքը, Չուգուևի շրջանը։ Իրավիճակը մի փոքր հանդարտվել է․ դա մի կողմից մի փոքր հանգստացնում է, փոքր-ինչ անցնում ես սովորական կյանքին, թվում է՝ ամեն ինչ լավ է, բայց մյուս կողմից վախեցնում է, լրացուցիչ հոգեբանական ճնշում է։
Որպես ամփոփում՝ գործնականում մասնագիտական ի՞նչ փորձառություն եք ձեռք բերել այս ընթացքում և ի՞նչ խորհուրդ կտաք նմանատիպ իրավիճակներում աշխատող լրագրողներին։
Չանտեսել սեփական անվտանգությունը։ Որովհետև չնայած ժամանակի հետ ընտելանում ես նոր՝ պատերազմական իրավիճակին, բայց պետք է անպայման ունենալ զրահաբաճկոն, սաղավարտ, եթե հատկապես լուսաբանման ես գնում պատերազմին մոտ տարածք, որտեղ ավելի շատ են գնդակոծություններ լինում՝ տարբեր զինատեսակներից, և չանտեսել առաջին օգնության ուսուցումը։ Դա շատ անհրաժեշտ է, քանի որ իրավիճակներ են եղել, երբ իմ կոլեգաները սեփական տան կամ բակի գնդակոծության պայմաններում են հայտնվել, երբ անգամ չես վերցնում հեռախոսը, այլ ձեռքդ անմիջապես գցում ես առաջին օգնության պայուսակին, ապա շտապօգնություն ես կանչում և նետվում ես օգնելու։ Դա պետք է կարողանա անել յուրաքանչյուր մարդ։
Ինձ թվում է՝ մենք՝ բոլոր լրագրողներս, որ աշխատում ենք Խարկովում կամ Ուկրաինայի այլ քաղաքներում, ձեռք ենք բերել մեծ փորձ՝ աշխատելու ամենասթրեսային իրավիճակներում։ Սա ամենամեծ փորձն է։ Լրատվականի լրագրողները այդ փորձը այսպես թե այնպես ունեին, բայց այն շատ ուժեղ սրվել է։
Ուշադիր լինել միմյանց և ինքդ քո հանդեպ՝ մասնագիտական սպառման առումով, որովհետև յուրաքանչյուրի վրա բարոյական ճնշումը շատ մեծ է։ Լրագրողը շատ հաճախ ոչ միայն հարցազրույց է վերցնում, այլև սփոփում է մարդկանց, որոնք նպանատիպ իրավիճակում արտահայտվելու կարիք ունեն։ Եթե անգամ դա այն մարդու մահվան վայրն է, ում հետ դու շփվել ես, և բարոյական ինչ-որ կանոններ ասում են, որ հիմա զրույցի ժամանակը չէ, լինում են դեպքեր, երբ մարդիկ, ընդհակառակը, իրենք են մոտենում քեզ և ուզում են պատմել։
Հիմա լրագրողը՝ այդ թվում Խարկովում կամ Ուկրաինայի ցանկացած այլ քաղաքում, հաճախ գործում է նաև հոգեբանի դերում։ Այս ամենին պետք է պատրաստ լինել։
Հարցազրույցը՝ Մարգարիտա Ղազարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: