2022.06.06,

Խաչմերուկ

Վախեր արտադրող բովանդակություն

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Հայաստանի մեդիա դաշտում ապրիլ ամսվա ընթացքում նկատվող տենդենցներից է վախեր առաջացնող ու խտացնող բովանդակության արտադրությունը։

Ապրիլ ամսվա լայն լուսաբանված թեմաներն են Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի դեպքերը, որոնք լուսաբանվեցին հիմնականում պաշտոնական հայտարարություններով, և ապրիլի 13-ի Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը լուսաբանվեց հիմնականում մեկնաբանությունների ու վերլուծությունների միջոցով։ 

Վախ տարածելու տեղեկատվական առիթ դարձան նախ ապրիլի 13-ի Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ապա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը։ 

Նիկոլ Փաշինյանը կառավարության հաշվետվության ժամանակ իր ելույթում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որպես բանակցությունների առարկա ներկայացնելուն։ Մեկ ժամ տևած նրա ելույթից մեդիան հիմնականում առանձնացրեց մի դրվագ․ հայտարարությունը, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է իջեցնել ԼՂ կարգավիճակի նշաձողը։ 

 

Ելույթից հետո մի քանի լրատվամիջոց պատմեց 1994 թվականից ի վեր քննարկված ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակների՝ (փուլային, փաթեթային, Քի Վեսթ, Մադրիդյան սկզբունքներ) նյուանսները, որոնց մանրամասների մասին լայն հանրությունը տեղյակ չէր։ 

Այսպիսի հրապարակումներ հրապարակեցին, մասնավորապես Ալիք Մեդիան և Civilnet-ը։ Չնայած այսպիսի բացատրական նյութերի, Փաշինյանի ելույթի լուսաբանումը հակամարտության պատմությունն ավելի հայտնի/հասկանալի չդարձրեց լայն հասարակության համար: 

Լրատվական դաշտում ավելի գերակշռեցին գույժերը, ահն ու սարսափը, թե «Նիկոլը Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին» և որ Փաշինյանի իշխանության մնալը կհանգեցնի «թրքացման»։ Ահը նկարագրվում էր ոչ միայն վերացականորեն, այլև կոնկրետ կանխատեսումներով, օրինակ, «ձեր աղջիկ երեխաներին թուրքը կգողանա»։ Ավելի ռացիոնալ կռվանները վերաբերում էին, օրինակ, հայկական և թուրքական տնտեսությունների համեմատություններին, բայց այդպիսի նյութերն ավելի քիչ էին, քան էմոցիոնալ ու ֆիզիկական վախ ներշնչող նյութերը։

Այլ լրատվամիջոցներ էլ հրապարակեցին իշխանության ներկայացուցիչների արձագանքները։ Եվ մեղադրանքներին պատասխանեցին մեղադրանքով՝ ասելով «Արցախը դուք եք հանձնել», կամ մեղմացնել Փաշինյանի խոսքը, նշելով, թե ասվածը մարտավարության փոփոխություն էր, ոչ թե պահանջների իջեցում, կամ՝ որ Փաշինյանի խոսքը «սխալ են հասկացել»։ 

Մեդիա դաշտը անհանգիստ էր ու դա արտահայտում էր իր բովանդակությամբ։ Արցախով մտահոգվածությունը չփարատվեց։ Որոշ լրագրողներ սկսեցին Արցախի դրոշով կրծքազարդներ կրել հարցազրույցներ վարելիս, կամ հրավիրել հյուրեր՝ նման աքսեսուարներով։

Փաշինյանին մեղադրեցին կոլաբորացիոնիստ և դավաճան լինելու մեջ, և անվանում էին թուրք։ Այս մեղադրանքը հիմնականում օգտագործվում է Դիմադրություն շարժման ակցիաները լուսաբանող մեդիա նյութերում։

Ապրիլ ամսվա ընթացքում դիտարկված 111 մեդիա հրապարակումներից 12-ում Փաշինյանի կառավարությունը բնորոշվում է որպես թուրք, թրքահպատակ կամ ապազգային։ Հոդվածներից 5-ը զգուշացնում են, որ եթե Փաշինյանի կառավարությունը չլուծարվի, հայերին սպառնում է կորցնել ազգային ինքնությունը, տնտեսապես անմրցունակ դառնալ՝ ավելի հզոր թուրքական տնտեսության հանդեպ։ 

Փաշինյանի ելույթի լուսաբանումը հանրային մեկ այլ վախ էլ արթնացրեց․ պատերազմի վախը։ «Եթե այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք. Փառուխը ձեզ օրինակ, կտոր-կտոր. Նիկոլ Փաշինյան»,-ելույթի այս հատվածը ընդգծաեցին մի քանի խմբագրություններ։ Իսկ այլոք փորձեցին փարատել պատերազմի վախը, գրելով, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի ռեսուրս չունի։ 

Մեկ շաբաթ անց ապրիլի 24-ն էր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Այս տարվա միջոցառումները մեծամասամբ լուսաբանվեցին ոչ միայն որպես ոճրագործության զոհերի հիշատակի օր, այլև հիշեցում, որ ցեղասպանության վտանգը չի վերացել։ 

«Արդյոք այսօր, թուրք-ադրբեջանակն սպառնալիքների պարագայում, չկա՞ ցեղասպանության վտանգ»,- հարցնում է լրագրողը Հայոց Ցեղասպանության ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանին, որը համաձայնում է՝ վկայակոչելով քառասունչորսօրյա պատերազմը որպես ցեղասպան հետևանքներով իրադարձություն։ 

Երթի մասին հարցախույզներում լրագրողները հետաքրքրվում են արդյոք հնարավոր համարում են Թուրքիայի հետ խաղաղ ապրելը։ Օրինակ՝ «Ցեղասպանությունը հիմա էլ է շարունակվում․ անպայման մասնակցելու ենք ջահերով երթին․ հարցում» նյութում։

Վախի տարածման է ուղված նաև այն վերնագրերով նյութերը, թե «ժամանակ չունենք, թուրքը եկել, մեր տունն է մտելը», «Հայաստանի հաջորդ ղեկավարը լինելու է ազգությամբ թուրք: Մենք երբեք էլ չենք ընտրելու»։

Կային հարցազրոցավարներ, որոնք զարմանք և գնահատական էին արտահայտում, որ լայն հասարակությունը բավականաչափ մտահոգ չէ Հայաստանի ապագայով։ Հասարակությանը անտարբեր կամ թմբիրի մեջ լինելու համար մեղադրում են դիտակված 111 հրապարակումներից 9-ը։ 

Վախ հարուցելու համար ներքին և միջազգային քաղաքական անորոշությունն, անշուշտ, լավ միջավայր է։ Սակայն այն բավարար չէ, հատկապես երբ վախ տարածելու համար ավելի շատ օգտագործվում է «պատմական հիշողությունը» Ցեղասպանության մասին, քան ներկա զարգացումները, օրինակ, Փարուխում։ 

Վախ տարածող նյութերը տալիս են ցանկալի արդյունք, երբ կա ինֆորմացիոն առիթ։

Սովից, միջուկային պատերազմից, գլոբալ տաքացումից վախերը ակտիվորեն տարածվում են, երբ հայտնվում է հարմար առիթ ու մեդիան սկսում է այն անընդհատ շահարկել։ Հետո դրանք մոռացվում են ու հայտնվում են նոր առիթներ։ Եվ քանի որ վախի պակաս ժամանակակից աշխարհում չկա, մեդիան միշտ կունենա զգայուն թեմաներն ու հանրային երկյուղները օգտագործելու դաշտ։

Անհանգստությունը նաև մեծանում է, երբ հանրային հաղորդակցությունն ուշանում է, պրոակտիվ չէ և հանրությանը հայտնվում է անորոշության մեջ։

Բացառապես էմոցիաների վրա կառուցված նյութերը նաև ահազանգում են, որ քաղաքական միտքը չի առաջարկում լուծումներ ներկա մարտահրավերներին: Քաղաքական այլընտանքները գեներացնելը, եթե դրանք կան, կարող էր լինել մեդիայի գործառույթներից մեկը։ Այդ խնդրով զբաղվելը սակայն փոխարինվեց ավելի հեշտով՝ հանրային վախերը թիրախավորելով։

Քնար Խուդոյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Հակամարտությունների լուսաբանում. Լրագրողների գիտելիքներ և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականցնում է մշտադիտարկում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման թեմայով, 15 ԶԼՄ-ներում։ ԶԼՄ ցանկում ներառվել են և վերգետնյա հեռարձակում ունեցող, և առցանց մեդիաներ, որոնք ունեն կայուն լսարան և բովանդակության տեսակետից՝ ծածկում են քաղաքական վերլուծությունների ամբողջ սպեկտրը։ Դիտարկվում են հետևյալ լրատվամիջոցները․ Հանրային Հեռուստատեսություն, Հինգերորդ Ալիք, Երկիր Մեդիա, Շանթ ԹԻՎԻ, Civilnet, Hetq, Armtimes, Aliq Media, Factor, Lragir, 1in, News, 168, Aysor, Aravot: Մշտադիտարկման արդյունքները հրապարակվում են հոդվածների տեքսով ամսական երկու անգամ հաճախականությամբ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *