2022.02.04,

Խաչմերուկ

Նոյեմբերի 9

Հանրային հեռուստաընկերության լրագրող Հայկ Նավասարդյանը վերհիշում է 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմը, որի ականատեսն է եղել:

– Զգույշ եղեք, ախր ձեզ չեք հետևում է, մի տեղ էլ մի գնացեք, ինչ կլինի ո՞ր…

Երազ էր՝ ինչպես իրականում, նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն է: Վեր թռա տեսարանից ու սկսեցի կողքերս նայել, փնտրել Ռուզանին, փոխարենը աչքերս կիսախավարի մեջ նկատեցին վարորդ Գառնիկին ու օպերատոր Արտակին՝ գետնին՝ սավանի մեջ փաթաթված քնած: 

Երազիս մեջ խրատ տվողը վերջերս մահացած իմ գործընկեր Ռուզաննան էր՝ Առաջին ալիքի լուրերի կոորդինատորը, որի կյանքը անժամանակ ընդհատեց հազարավոր կյանքեր խլած կորոնավիրուսը: 

Վեր կացա, արագ լվացվեցի, ջրի սառը կաթիլների հետ փորձում եմ սթափվել՝ տեսնես ի՞նչ էր նշանակում երազում մահացած գործընկերոջ սթափեցնող խրատները:

– Հայկ, վեր ես կացել, եկ բրատ, մի բաժակ չայ խմինք:

Խոհանոցից լսում եմ իմ ընկեր Սիմոնի ձայնը, որ երևի ամբողջ գիշեր աչք չէր կպցրել, բայց լույսը չբացված ոտքի վրա էր: 

– Հը՞ Սյոմ, ինչ կա խաբար բան կա, ին՞չ վիճակ ա Շուշի…

– Չէ, է․․․ խաբար չունեմ, բայց  հենցա լյավ պան չկա, չգիտեմ է էս ինչ ա դառնալու…

Մեկ ժամ անց արդեն ամբողջ անձնակազմը ոտքի վրա է, ինչպես միշտ առավոտյան գնում ենք Արցախի տեղեկատվական շտաբ՝ իրավիճակին ծանոթանալու, օրվա նկարահանումներն ու ուղությունը հասկանալու համար: Քննարկվում է Շուշի բարձրանալու, նկարահանումներ կատարելու հարցը: Իրավիճակը լարված է, բերդաքաղաքից եկող տեղեկությունները մեղմ ասած հուսադրող չեն, բայց  որևէ մեկը  հուսալքված չէ:

– Ես կգնամ, տղերք,- տեղեկատվական շտաբում բարձրաձայնում եմ պատրաստակամությունս Շուշի գնալու համար:

– Ես էլ,- միշտ պատրաստ Արտակը ինքնաառաջադրվում է

– Բա, ե՞ս,- հնչում է արցախցի օպերատոր Դավիթի ձայնը, որ բոլոր վտանգավոր ուղղություններում առաջիններից էր:

Իմ գործընկեր օպերատոր Արտակին շարունակում եմ համոզել, որ Շուշի առանց իրեն եմ գնալու, չի ստացվում.

– Որտեղ, դու, ընդեղ՝ ես։

– Չէ, Արտակ, մենակ եմ գնում, վտանգավոր ա․․․

– Չէ, այ դրա համար ես էլ եմ գալիս, ուրեմն, քեզ մենակ չեմ թողելու։

– Արտակ, ավտոյի մեջ համ էլ տեղ չկա, նիվայա, հազիվ երեքով տեղավորվենք էլի։

– Կապ չունի,- շարունակում է հակառակում համոզել Արտակը: Մեր դիալոգը երևի թե մոտ հինգ րոպե շարունակվեց, վարորդը ուշանում է:

Տեղեկատվական շտաբի նկուղում հայացքս մի պահ սառչում է անորոշ ինչ-որ կետի ու կարծես գիշերը փակ աչքերով տեսած երազս կրկնվում է բաց աչքերով.

– Ասեցի չէ քեզ, չեք լսում էլի․․․

Երևի մեկ էլ ֆիլմերում ու արկածային գրականության մեջ կարելի է նման բան հանդիպել. պատերազմից մեկուկես տարի անց էլ չեմ հասկանում ինչ կատարվեց, ինչ  էր դա՝ երկրորդ անգամ նույն երազը տեսնել բաց աչքերով:

– Տղերք, հի՞նչ անինք, շարվինք,- հարցնում է վարորդը, անունը ցավոք չեմ հիշում:

– Չէ, չենք գնում,- երազիս տեսածին լսեցի ու հրաժարվեցի մոտ մեկ ժամ առաջ կայացրած որոշումս:

Կեսօրին արդեն պիտի պարզվեր, որ այն ժամին, երբ պլանավորել էինք Շուշի բարձրանալ ակտիվ հրետակոծվել էր Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը, զոհեր ունեինք:

Տեղեկատվական շտաբից դուրս գալու ժամանակ մի քանի արկ սուլելով անցնում ու պայթում են ոչ շատ հեռու: Վարորդ Գառնիկը  մեզ արագ  տեղափոխում է մշտական տեղակայման վայր դարձած Շարլ Ազնավուրի անվան կենտրոն, հրետակոծությունը գնալով ավելի է ուժեղանում:

– Տղերք զանգում են, չեք լսո՞ւմ , – ննջասենյակ ծառայող սենյակից հնչում է վարորդ գառնիկը խռպոտ ձայնը: Մոտեցնում է այդ օրերին անվտանգության նկատառումներով օգտագործվող  մեր ներքին կապի միջոցը:

– Լսում եմ։

– Հինգ րոպե ժամանակ ունեք արագ հավաքվում եք, այս  «…ուղղությամբ»  դուրս եք գալիս, ճանապարհին կապի մեջ կլինեք։

– Բայց, ախր, պատերազմը դեռ․․․ պարոն…. փորձում եմ ասել, որ ինչի՞ համար գնանք, աշխատում ենք, ինչ ա եղել, որ գնանք։

– Ախր-մախր չկա չես հասկանու՞մ, շուտ ասեցի դուրս եկեք։

Մի քանի վայրկյան, որ ամբողջ կյանք թվաց կապի միջոցը ձեռքիս սառեցի, մտածում ու չեմ ուզում հասկանալ, այն ինչ հասկացել էի:

– Հը՞ն, էտ ո՞վ էր, ի՞նչ էր ասում,- քննող հայացքով փորձում են մի բան պոկել անհաղորդ դեմքիցս…

– Տղերք, տարհանում են,- մի կերպ հոգոց հանելով արտաբերում եմ ընկալածս միտքը, որ շոկի էր ենթարկել:

– Ի՞նչ, ո՞նց, բա՞… հարցերի տարափը մեկ էլ սկսվում է ինձ ուղղվել.․․

– Ժամանակ չկա տղերք, վերցրեք առաջին անհրաժեշտության բաները, կամերաները վերցրեք, ձեր իրերը, հուսամ շուտ ենք հետ  գալու , երևի ինչ-որ գործողություն ա սպասվում, արագացրեք, արագացրեք:

Մոտ 5-6 րոպե անց Գառնիկի Նիսսանի շարժիչի մի քանի անգամ ուժեղացող ձայնը հուշում էր, պատրաստ ենք «թռիչքի»: Մարտաֆիլմ հիշեցնող կադրերում փողոցի երկայնքով հրետակոծված շենք-շինություններ են ու դրանց արանքով՝ ոլոր-մոլոր սլացող մեքենա։ Ճանապարհային ոստիակնության հրետակոծված շենքի ապակիները ամբողջ ճանապարհով մեկ թափված են մեր դիմաց…

Կյանքիս մեջ հանդիպած ամենածանր տեսարաններից մեկը հենց այդ օրը տեսա. Ճանապարհին տներից հերթով տղամարդիկ դուրս էին գալիս ինքնաձիգները ձեռքերին, հաճախ հենց դարպասի մոտ լիցքավորելով, մենք՝ ստիպված տարհանվում ենք:

– Զընգ, զընգ, ինչ կա ոնց եք, ինչ վիճակա,- հարցնում է կինս

– Գալիս եմ․․․

– Ո՞նց գալիս ես, բա պատերազմը՞ ինչ վիճակա Հայկ։

– Իսկ դու, մենակ մի բան ասա խնդրում եմ ոտ ու ձեռի ես թե՞… միակ բանը, որ այդ րոպեներին կարող էի անել լռելն էր:

Ուշ երեկոյան տան դուռը մի կերպ թակեցի, որդիս բացեց, սովորաբար առաջին բանը, որ ինձ տեսնելիս անում է ՝ գրկել-համբուրելն է, այս անգամ հայացքը աչքերիս հառած մի հարց ուղղեց.

– Պա՞պ, ինչա եղել, մենք պարտվե՞լ ենք․․․

Մինչև օրս այդ հարցին չեմ պատասխանել, քանի դեռ…

Հայկ Նավասարդյան,
լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *