2022.01.25,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը․ դեկտեմբեր

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Դեկտեմբեր ամսին հայկական լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից էին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումը, մանկական «Եվրատեսիլը» և Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսը։

Բրյուսելյան հանդիպում․ արդյունքներ ու կարծիքներ

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկաթուղային ճանապարհների բացման մասին։ Ինչպես նշվել է կառավարության հաղորդագրության մեջ՝ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: 

Մեկնաբանելով եռակողմ հանդիպման արդյունքները լրագրող Թաթուլ Հակոբյանը նշել է, որ Ադրբեջանը, օգտագործելով Հայաստանի նեղ վիճակը, փորձում է շեղվել այն փաստաթղթերից, որ ավելի վաղ է ստորագրվել, փորձում է Հայաստանից հնարավորինս ամեն բան պոկել, բայց Հայաստանի համար կան կարմիր գծեր, և Հայաստանը փորձում է դիմադրել։ Հայաստանը, ցավոք, մենակ է մնացել, չունի բարեկամ պետություն, և այս պայմաններում անում է հնարավորը, որպեսզի Ադրբեջանը և Թուրքիան ոտնակոխ չանեն այդ կարմիր գծերը։ 

«Ադրբեջանը անընդունելի է համարում, որ Հայաստանը կապվի Արցախի հետ միջանցքով, որը վերահսկվելու է ռուսների կողմից և փորձում է Հայաստանից ստանալ դա»,-ասում է նա։ 

«Բրյուսել․ Փաշինյանը ճանաչեց Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի արդյունքները» վերնագրով հոդվածում հեղինակը, բրյուսելյան հանդիպումը հիշեցնելով, գրում է, որ մաքսակետեր և սահմանակետեր ստեղծելու Փաշինյանի հանձնառությունը նշանակում է, որ պատերազմի արդյունքում ձևավորված «սահմանները» ճանաչվում են Հայաստանի կողմից։ Դա նշանակում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ճանաչում Արցախի հարցի փակմամբ։

«ԵԽ նախագահի հայտարարության մեջ ուժային «կարգավորման» դատապարտման բացակայությունը հիմնավորվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունն ինքը ճանաչել է հակամարտությունը ուժով լուծելու Բաքվի իրավունքը։ Հայաստանի կողմից Բաքվի իրավունքները ճանաչելուց հետո ԵՄ-ն չի կարող առաջարկել սեփական օրակարգը. Ավելին, Փաշինյանն իր հայտարարության մեջ նույնիսկ չի հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ 

«Բրյուսելյան հանդիպումը, Ժողովրդավարության գագաթնաժողովի Հայաստանին հրավիրելը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի ԱՄՆ այցելելու հրավերը և ԱՄՆ կողմից հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորումը ողջունելը նշանակում է, որ Արևմուտքը թե Արցախի հարցը, թե Հայկական հարցը և թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարցը հանում են Ռուսաստանի և Թուրքիայի տիրույթից (ռուս֊թուրքական ականներից), բերելով դրանք միջազգային իրավունքի դաշտ»,- գրում է Ազգային Ժողովրդավարական Բևեռի Խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

Ըստ նրա՝ բացվում է աննախադեպ հնարավորություն ձեռնամուխ լինելու Հայկական հարցի, նրա բաղկացուցիչ մասը հանդիսացող Արցախի հարցի լուծմանը միջազգային իրավունքի համաձայն, և Հայաստանի ապագաղութացմանը։ Ուստի ավելի հրատապ է դառնում Ազգային անցումային կառավարության ստեղծումը, որը կկարողանա ճիշտ ներկայացնել մեր երկրի և ժողովրդի շահերը։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում կայուն անկում գրանցող Ադրբեջանը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի վերադարձրեց՝ փորձելով ցույց տալ Արևմուտքի դերակատարությունը Հայաստանի հետ տարվող գործընթացներում։ 

«Ակնկալիքը եվրոպական կառույցներից՝ աչք փակել կամ մեղմել իրենց մոտեցումներն Ադրբեջանում տեղի ունեցող ավտորիտար գործընթացների վերաբերյալ։

Նույն կերպ հայ ռազմագերի թեման Ադրբեջանն օգտագործում է այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում, որի գլխավոր նպատակը Ադրբեջանի նոր դիրքն ու կարգավիճակը ֆիքսելն է»,- գրում է պատգամավորը։

«Ալիևի վտանգավոր հայտարարությունը Բրյուսելում» վերնագրով նյութում հեղինակը հիշեցնում է Ադրբեջանի նախագահի՝ ՆՍՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում ասածը, որ եթե Հայաստանը ուզում է Նախիջևանից Ադրբեջան ճանապարհին լինեն մաքսակետեր, ապա Լաչինի հարցում նույնը կանի Ադրբեջանը:

«Այդպիսով, ակնհայտ է, որ Ալիևը Բրյուսելում այսպես ասած բարձրացնում է շանտաժի և «միջանցքային» հարցադրումների դոզան: Սա կամ գալիս է ցայտնոտի մեջ գտնվելուց, կամ Ալիևը ստանում է այսպես ասած ինքնավստահության որոշակի արտաքին ազդակ: Միթե՞ նա այդ ազդակը ստացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից: Թե՞ Ստոլտենբերգի հետ հանդիպումը շանտաժի դոզան բարձրացնելու այսպես ասած առիթ-հարթակ դարձնելով, Ալիևը քողարկում է արտաքին իրական ազդակը, որից այդպես ոգևորվել է»,- գրում է հեղինակը։

Նա ավելացնում է, որ չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դաշինքի համար կարևոր գործընկերներ են և ՆԱՏՕ-ն չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն, ըստ նրա, այդ հայտարարությունները համոզիչ չեն հնչում։ «Սակայն, խնդիրը դա չէ, առավել ևս, որ այդօրինակ բազմաթիվ հարցեր Հայաստանը նախ և առաջ ունի և պետք է տա իր այսպես ասած ռազմավարական դաշնակցին և ռազմա-քաղաքական բլոկին»:

Ալիևի հայտարարությանն է անդրադարձել նաև 168․am-ը՝ այն համարելով նոր նախապայման։ 

«Ալիևի հայտարարությունը Բրյուսելում, թերևս, նշանակում է, որ Լաչինի միջանցքում իրավիճակ է փոխվելու, ինչն ուղիղ անդրադարձ է ունենալու Արցախի հակամարտության և կարգավիճակի վրա, քանի որ միջանցք չտրամադրելու դեպքում Ադրբեջանը Լաչինը վերցնելու է վերահսկողության տակ՝ իր բոլոր ծանր հետևանքներով»,-գրում է կայքը:

Նույն նյութում կայքը ներկայացնում է զրույցը ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովի հետ, ով պատահական չի համարում այն, որ Ադրբեջանի նախագահը հենց Բրյուսելում որոշեց խոսել այդ թեմայի շուրջ, ըստ էության չկարևորելով այդ բանակցությունները, նույնիսկ ցանկանալով որոշակի լարվածություն հաղորդել խոսակցությանը, ինչպես նաև իրեն բնորոշ ոճով փորձել նորանոր զիջումներ կորզել:

Եվրատեսիլ․ քաղաքականացնե՞լ, թե՞ ոչ

«Մանկական Եվրատեսիլը» բուռն քննարկումների թեմա դարձավ սկզբից հայ օգտատերերի շրջանում, այնուհետև նաև որոշ լրատվամիջոցներում։ Այն, ավելի ընդգծված կերպով քաղաքականացվեց այս տարի։ 

Առաջին պատճառն այն է, որ հաղթողը Հայաստանից էր ու հայտարարվեց նաև, որ հաջորդ մրցույթը կանցկացվի Հայաստանում։ 

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան իր «Քամի-քամի» երգով գրավեց առաջին հորիզոնականը։ 

Կինոյի և թատրոնի դերասան, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը, քննադատելով մրցույթը, գրել է, որ հպարտ կլիներ, եթե հայերը աշխարհին ներկայանան հայեցի երգով ու հայավարի․ 

«Հիշեցեք, այսօրն ու ասածս՝ այս երգի «քամին» մեզ դեռ շատ ուրիշ տեղեր է տանելու, երբ հայաստանյան «Եվրատեսիլի» օրերին «ճանապարհները բացած» մեր երկիր կգան ոչ միայն մեր բարեկամները, այլև… հատկապես Թուրքիան ու Ազերիստանը՝ իրենց ժպտերես լրտեսներով: Այնպես որ, որոշ թրքասերներ, հատկասպես. կնանիք, թող չշտապեն իրենց ճղել…»։ 

Քննարկման թեմա էր նաև այն լուսանկարը, որտեղ Մալենան գրկել է ադրբեջանցի մասնակցին։ Շատերը այն սադրանք են որակում և արհեստականորեն պարտադրված խաղաղության խաղ, մինչդեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիան, սպանությունները։ 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրում է․ «Պետք է սովորել, ինչպես հրեաներն են ասում, «միսը կաթից առանձնացնել»։ Արդյո՞ք ես կընդունեի արաբին՝ հաշվի առնելով արաբաիսրայելական երկարատև հակամարտությունը: Ես դա արել եմ մեկից ավելի անգամ՝ առանց որևէ խնդիրների: Եթե ​​մարդը նորմալ է, և նա իմ ընկերն է, ապա ինչու ոչ։ Բայց դա չի նշանակում, որ, գրկելով արաբին, ես կաջակցեմ Սիրիայում իսլամիստներին կամ Սուդանի ու Պակիստանի բռնապետերին»,֊գրում է Լապշինը:

«Իհարկե, առանց Ադրբեջանի ղեկավարության հրահանգի՝ «Եվրատեսիլում» ոչ մի գրկախառնություն չէր լինի։ Սա փորձնական փուչիկ է․ Հայաստանում և Ադրբեջանում հասարակության արձագանքը փորձարկվում է։ Ադրբեջանցիների բացասական արձագանքից ապահովագրվելու համար այս մահմեդական պետության բոլոր լրատվամիջոցները հրապարակել են հոդվածներ, որ «Եվրատեսիլի» ենթադրյալ հայ հաղթողն ինքը խնդրել է ադրբեջանցիներին աջակցել իրեն։ Պարզ ասած, Ադրբեջանում  սովորական ֆեյք օգտահաշիվ է բացվել փոքրիկ Մալենայի անունով, և, ըստ Բաքվի, հայուհին գրում է «Ստեփան» օգտահաշվից, այն էլ՝ ադրբեջաներեն։ Ալիևի անգրագետ քարոզչության ձեռագիրը հստակ զգացվում է, համաձայնեք։

Ալիևների կլանը Հայաստանի հետ խաղաղության կարիք չունի, այլ միայն Հայաստանում հայրենասիրական ուժերի թուլացման կարիք ունի»,- գրում է Ալեքսանդր Լապշինը։ 

Փաշինյանի հայտարարություններն ու կոշտ արձագանքները

Դեկտեմբերի վերջին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի մասով կոշտ արձագանքի են արժանացել։ 

Փաշինյանը, ղարաբաղյան խնդրի կարգավորմանն անդրադառնալով, նշել է․ «Բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ ԼՂԻՄ-ը երբեք, ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, որովհետև ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»։

Փաշինյանին Արցախից հակադարձել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով․  «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից»: Նա նաև նշել է, որ եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել:

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ը հրապարակել է զրույց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ով, ի պատասխան Հարությունյանի գրառմանը ասում է, որ այսքան ժամանակ չի հիշում դեպք, երբ Արցախի ղեկավարությունը մի բան ասած լինի այն ղեկավարին, որը նրանց դուրս է թողել բանակցության սեղանից:

«Չեմ հասկանում՝ հիմա ի՞նչ է ուզում Արայիկ Հարությունյանը, ո՞րն է նրա դրդապատճառը: Չեմ հասկանում՝ ինչի՞ է ուզում հասնել Արցախի նախագահը: Հարությունյանն ասում է՝ եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես պետք է պարզապես չխանգարել: Այս խոսքերը Հարությունյանն ավելի լավ է հասցեագրի ՀՀ-ի նախկին ղեկավարներին, որոնք աջ ու ձախ խոսում են Արցախից և կեղծ դիսկուրսներ գցում հանրային դաշտ»,- ասում է Մեհրաբյանը:

Փաշինյանի հայտարարության վերաբերյալ մտահոգություն է տարածել նաև Արցախի հանրապետության խորհրդարանը՝ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները․ 

Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը։ Նման հայտարարություն են արել Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի գնահատականները խիստ վտանգավոր են. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները:

«Արդեն հասկանալի է, որ եթե վարչապետն ասում է, որ 2016-ից որև նույնիսկ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա ՀՀ դիրքորոշումն է: Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից: Այս վերջին հայտարարություններով վարչապետն, ըստ էության, կասկածի տակ դրեց Արցախի սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության, ձևավորման հիմքում է դրված: Կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված, կուկլավոդների ծրագիր է իրականացվում Հայաստանում»։ Այս մասին դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Հետաքրքիր հայտարարություն է արել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը Արցախի գործող նախագահին պաշտոնից հեռացնելն է։ «Փաշինյանի համար Արցախին սուբյեկտայնության վերջին բաղադրիչից զրկելու ամենակարճ և վերջին քայլը Հարությունյանի հեռացման գործընթաց սկսելն է ու նախագահի պաշտոնի թափուրության ապահովումը»։

«Փաշինյանի ներքին դրդապատճառը Արցախի հարցի պատասխանատվությունից լիարժեք ազատվելն է, Թուրքիայից ու Ադրբեջանից դրա դիմաց այլ հարցերում փոխզիջում ստանալն է։․․ Այս փուլում քաղաքական ուժերի, հասարակության ակտիվ խմբերի և Արցախի ու Հայաստանի համար մտահոգ մարդկանց ուշադրությունը պետք է կենտրոնացնել Արցախի դեմ հարձակման հերթական ալիքի դեմ, որի հիմքում ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ Արցախի սուբյեկտայնության վերջնական խորտակումը»,-կարծում է պատգամավորը։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ նշել է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը փաստացի ձեռքերը լվաց ու քաշվեց Արցախից, իսկ այս տարվա դեկտեմբերի 10-ին թեման վերջնականապես փակեց։ Հենց նրա ձեռամբ այսօր Արցախը որևէ քաղաքական գործընթացում չկա։ Այնպես որ, այստեղ ոչ թե իր հայտարարություններն են վտանգավոր, այլ այն, որ այդ մարդը շարունակում է երկիր ղեկավարել ու որոշել երկու հայկական պետությունների ճակատագիրը, սա ցեղասպանություն է։ Մինչև մեր ազգը չգիտակցի, որ սա ցեղասպանություն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, և այս ամենի դեմը չառնի, Փաշինյանը շատ արագ կհասնի իր բոլոր նպատակներին, ինչը Ալիևի հետ ծրագրավորել են»։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *