2021.10.15,

Խաչմերուկ

Երբ խրամատում ես, ու խաղաղությունն այնքան բեկուն է

Առաջին անգամ ես Արցախ գնացի 2018թ-ի ամռանը։ Կնոջ (աղջկա) համար, ով չունի եղբայր, որ ծառայել է ՀՀ բանակում, ամեն ինչ նորություն է՝ խրամատից սկսած մինչև զենքեր ու զինվորական կարգուկանոն։ Ինչքան էլ ֆիլմերից կամ վերապատրաստման դասերից տեսել ես ու լսել, իրականում, երբ հայտնվում ես խրամատում, այդ ժամանակ ես հասկանում փխրուն խաղաղության արժեքը։ 

2018թ.-ի օգոստոսին դեպի Ջրական (Ջաբրայիլ) գնացող ճանապարհը երկար էր, 40-ից բարձր ջերմաստիճանն ու փոշու ամպերը մեր ընթացքը դարձնում էին դժվար ու հոգնեցնող։ Հասանք։ Լրագրողներով էինք։ Զորամասում մեզ դիմավորեցին, սպայական կազմը որոշ տեղեկություններ մեզ ներկայացրեց, ցույց տվեցին նաև 2016-ի ապրիլյան հետքերը։ 

Բարձրացանք դիրքեր։ Զինվորական հագուստով էի, բայց ուզում էի նաև զգալ, թե հենակետում կանգնած զինվորը ինչպես է պատրաստվում ու կանգնում հերթապահության։ 

Թույլատրեցին նաև կրել զրահաբաճկոնն ու բոլոր այն զենքերը, որոնք կրում են զինվորները դիրքերում՝ հերթապահության ժամանակ։ Այնքան էլ փոքրամարմին չեմ, բայց այդ ծանրությունից ուսերս կծկվեցին՝ զրահաբաճկոնը, զենքերը, փամփուշտները, նռնակներն ու սաղավարտը։ Ծանրությունից բացի նաև շոգն ու չորային օդը շնչահեղձ էին անում ինձ։ Ես մի քանի րոպե կարողացա դիմանալ, իսկ մեր տղաները այդպես կանգնում են մարտական հերթապահության։ Այդ օր նաև ափերիս մեջ զգացի նռնակի սառնությունն ու մահվան մոտիկությունը։ 

Երբ խրամատի մեջ փոքր դիտակետից նայում էի ոչ այնքան հեռու գտնվող հակառակորդի դիրքին ու քայլերս ուղղեցի մյուս դիտակետին, մեկ էլ մեկի ձեռքը սթափեցրեց ինձ․․․

– Վերցրեք,- հերթապահության կանգնած զինվորը՝ ձեռքի կոնֆետը ինձ էր մեկնել։ 

Այդ պահի զգացումներս դժվար թե կարողանամ նկարագրել. միախառնվել էին հոգատարության ու երախտագիտության զգացումները, թե ինչպես մեր 18 տարեկանները այդքան բարդ պայմաններում ապահովում են իմ ու մեր խաղաղությունը։ 

Ինչքան հիշում եմ Աշտարակից էր, 10 ամիս էր մնացել զորացրվելուն։ Խոսեցինք ծառայությունից, դժվարություններից ու կորուստներից։ Հեռադիտակով ցույց տվեց 2016 թվականի քառօրյա պատերազմին կորցրած դիրքերը։ 

– Գիտեք, ինչքան տղեք են այստեղ զոհվել, հիմա էլ կրակում են, իբր խաղաղ է, այ, էն դիրքերը մերն են եղել, հիմա իրենցն է։ Էն դիրքերում ավելի ապահով ու անվտանգ էր։ Հիմա իրենք մեզնից բարձր են ու հեշտ է մեզ կրակելը։ Ուշադիր պետք է լինել, դուք էլ զգույշ եղեք, այն կողմ մի գնացեք։

Այդ պահին հիշեցի որոշ պաշտոնյանների այն հավաստիացումները, որ 2016թ-ի Քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած հողերը անպետք էին։ Գուցե, հողի պիտանելությունը օգտագործման տեսակետից համարվեր անպիտան, որովհետև ավելի շատ անապատային շիկահող էր, թեև, իմ կարծիքով, սահմանային հողը այդ չափորոշիչով չեն չափում։ Ու հենց զինվորի խոսքերը այն ապացույցն էին, թե ինչքան կարևոր էին այդ անպետք համարվող հողերը, չէ որ դրանք դիրքեր էին, որոշակի ապահովության ու կյանք փրկող տարածքներ։

Լրագրող լինելով ու լուսաբանելով սահմանային գոտիներին վերաբերող տարբեր թեմաներ՝ միայն այդ ժամանակ ես զգացի քիմքիս հասնող վառոդոտ օդը, խաղաղության փխրունությունն ու մեր 18 տարեկանների ապահոված անվտանգության թանկ արժեքը։ 

Անհագ փորձում ես ամեն ինչ ընկալել, տեսնել, թե ինչպես են սահմանին տեսախցիկները հետևում իրավիճակին, մի փոքր խրճիթում էլ զինվորականները ցույց են տալիս հակառակորդի դիրքերում ինձ համար աննշան թվացող, բայց իրականում կարևոր համարվող փոփոխությունները, իսկ երբ դիտակետից տեսնում ես ինչքան մոտիկ են դիրքերը, որոշակիորեն ապահովության ու անվտանգության զգացումները նահանջում են։

Վերադառնալուց հետո տեսածն ու լսածը համադրում ես, վերլուծում, հետևություններ անում։ Ու հասկանում ես, թե ինչու դիրքերից զորամաս ձգվող ճանապարհի փոքրիկ օազիսի մոտով մեքենան թափ էր հավաքում ու արագ սլանում, զինվորների հետ զրույցներից կարևորները մտապահում ես ու ինչքան գիտելիք, հմտություն է հարկավոր ձեռք բերել, որ պակասում է լրագրողներիս մեծ մասին։

Հակամարտությունների մասին միայն տեսական, տրամաբանական ու սառը դատողությունները հաստատ բավարար չեն ոչ միայն լուսաբանելու, նաև սեփական ֆիզիկական անվտանգության մասին հոգ տանելու համար։ Քանի որ զենքի լեզուն այլ է, պատերազմի ու խաղաղության գինը՝ շատ թանկ հենց խրամատում։

Հ․Գ․ Զինվորի տված կոնֆետն էլ պահել եմ, զինվորական հագոսւտիս գրպանում է։ Այն  խրամատում գգոն լինելու շատ նուրբ ու զգույշ զգուշացում էր, որ միշտ հիշելու եմ։ 

Անահիտ Հարությունյան
լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *