2021.09.27,

Խաչմերուկ

Տեղեկատվության դեֆիցիտը. խորհրդավոր լռություն հրադադարից հետո

2020 թվականի նոյեմբերի  9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի՝ կեսգիշերն անց մեկնարկած ֆեյսբուքյան live-երը նորանոր հարցեր էին առաջացնում, բայց լրագրողներին պատասխանել այդ ժամերին ոչ ոք պատրաստ չէր։ 

2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարից հետո Հայաստանում տեղեկատվական քաոս էր: Երևանում ստեղծված անկառավարելի իրավիճակին զուգահեռ պատասխանատու մարմինները լռում էին, իսկ իշխանության բոլոր ներկայացուցիչներն անհասանելի էին դարձել բոլոր առումներով: 

Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո օրեր շարունակ Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ լրագրողները չունեին հնարավորություն տեղեկություն ստանալու պաշտոնական աղբյուրներից:

Հայաստանի ղեկավարի կողմից ստորագրվել էր պետության համար ճակատագրական հայտարարություն, որը բազմաթիվ հարցեր էր առաջացրել, իսկ պարզաբանողներ դեռ չկային. խորհրդավոր լռության օրեր էին: Իշխանության այս գործելաոճը նպաստում էր միակողմանի և չճշտված տեղեկությունների արագ տարածմանը: 

Վարչապետը ֆեյսբուքյան կարճ գրառմամբ տեղեկացրել էր․ «Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել», բայց այդ որոշման բովանդակությունը պաշտոնապես հայտնի չէր մեզ՝ լրագրողներիս: Հնարավորություն չկար անգամ մեկ հարց ուղղելու՝ ի՞նչ որոշման մասին է խոսքը: Հայաստանի կառավարության կայքում փաստաթուղթը հրապարակվեց նոյեմբերի 10-ի առավոտյան, սակայն մինչև այդ տելեգրամյան ալիքներում շրջանառվում էին փաստաթղթի տարբերակները: 

Նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը մինչև լուսաբաց ես աշխատել եմ նախ Պռոշյան փողոցում գտնվող կառավարական ամառանոցների տարածքում՝ հասնելով մինչև անգամ վարչապետի կեցավայր, իսկ հետո Ազգային ժողովի շենքում և Բաղրամյան պողոտայում: Այդ ընթացքում իշխանության որևէ ներկայացուցչից հնարավոր չէր պարզաբանում ստանալ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթի վերաբերյալ:

Ազգային ժողովի շենքում աշխատանքս վերսկսեցի նոյեմբերի 10-ին՝ կեսօրից հետո: Խորհրդարանի շենքում դեռ պահպանվում էին քաղաքացիների կողմից նախորդ օրվա ավերվածությունների հետևանքերը: Օրվա ընթացքում ԱԺ-ում հանդիպեցի իշխանության երեք ներկայացուցչի՝ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Լենա Նազարյանին, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և այդ ընթացքում վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին: Նրանցից պարզաբանում ստանալ չհաջողվեց, հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել՝ հետագայում հարցազրույցներ տալու խոստումներով: 

Այդ «լռության օրերին» իշխանության ներկայացուցիչները չէին պատասխանում հեռախոսազանգերին և ֆեյսբուքյան հաղորդագրություններին: Հայաստանում ֆեյսբուքի միջոցով քաղաքացիների հետ ակտիվ շփումների պրակտիկան ձևավորած, այս հարթակի միջոցով պարբերաբար հաշվետվություններ և պարզաբանումներ ներկայացնող  իշխանության ներկայացուցիչներն այդ օրերին չէին կատարում անգամ բովանդակային մեկ նախադասություն պարունակող գրառումներ: Ռեպորտաժները հրապարակվում էին առանց իշխանության տեսակետների:

Հրադադարի հաստատումից ժամեր անց՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ կառավարական շենքեր էին ներխուժել հարյուրավոր քաղաքացիներ, իսկ փողոցում դաժան ծեծի էր ենթարկվել ԱԺ նախագահը, միայն ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով քաղաքացիներին, ոչ լրատվամիջոցներին պարզաբանումներ ներկայացնելու փորձեր կատարեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, թեպետ պարզաբանումների շարք էր սկսել, նրա հայտարարությունները նոր հարցեր էին առաջացնում, մինչդեռ կրկին պարզաբանողներ չկային։

Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա ընթացքում մի քանի ուղիղ եթեր ունեցավ, որոնք շարունակվեցին նաև հաջորդող օրերին, բայց դրանք միակողմանի էին՝ առանց լրագրողական հարցադրումների և հակադարձումների: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էր որոշում՝ ինչից խոսել, ինչի մասին պատմել կամ լռել, ինչի արդյունքում բազմաթիվ կարևոր և առանցքային դրվագներ մնում էին չմեկնաբանված, չբացահայտված:

Կարելի է ասել՝ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո այս օրինակով սկիզբ դրվեց այն վատ ավանդույթին, որ Հայաստանի համար կարևոր որոշումների և իրադարձությունների մասին լրագրողներս տեղեկանում ենք նախ սոցիալական ցանցերից, հետո նոր միայն պաշտոնական աղբյուրներից կամ ոլորտային պատասխանատուներից: 

Օրինակ, երբ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժն առնվազն երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, պաշտոնական Երևանն այս փաստը հաստատեց միայն  տասը ժամ տևած լռությունից հետո: 

Այդ ընթացքում, սակայն, որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր հասցրեցին խուճապ տարածել, թե Սյունիքում լայնածավալ մարտական գործողություններ են սկսվել, կան զոհեր: Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական զինուժի՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարածքներ ներխուժելու մասին լուրը հաստատեց մայիսի 12-ին ուշ երեկոյան հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն այցելեց Գեղարքունիքի մարզի Կութ համայնք: Այս մասին քաղաքացիներն, այդ թվում նաև լրագրողները տեղեկացան նրա ֆեյսբուքյան «լայվից»: Վարչապետի մարզային այցը լուսաբանելու մասին որևէ լրատվամիջոցի կառավարությունը չէր ծանուցել: 

Փաշինյանը գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կրկին խոսում էր իր նախընտրած բովանդակությամբ: Նրա հայտարարություններից առաջանում էին բազմաթիվ հարցեր, բայց ֆեյսբուքով հնարավոր չէր այդ պահին վարչապետի հետ կապի դուրս գալ, հարցեր ուղղել, իր հայտնած վիճահարույց մտքերի վերաբերյալ նոր մեկնաբանություններ ստանալ:

Այսօր կարող ենք նաև արձանագրել, որ Փաշինյանի և նրա թիմակիցների մոտ չկա լրագրողների հարցերին պատասխանելու նախկին պատրաստակամությունը: Եթե վարչապետը մեկ-երկու տարի առաջ հրավիրում էր մամուլի ասուլիսներ և արձանագրում, որ դրանք տևում են մի քանի ժամ, ապա համավարակի մեկնարկի, ապա պատերազմի ընթացքում և դրանից հետո նա այդպես էլ հանդես չի եկել մամուլի ասուլիսով:

Լրագրողական գործունեությանս ընթացքում հասկացել եմ, որ հակամարտող և հակառակորդ/ներ ունեցող պետության համար այս իրավիճակներն՝ անթույլատրելի են,  երբ հրատապություն պահանջող հարցերի պարզաբանման պահանջարկ, իսկ պատասխանատու պաշտոնյաները կամ «ընդհատակում են», կամ հայտնում են միայն իրենց շահեկան տեղեկությունը: 

Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ կառավարությունը և ռազմաքաղաքական ղեկավարներն հակամարտությանը հաջորդող օրերին իրավիճակը կայունացնող գործողությունների ընթացքի մասին (եթե նման աշխատանքներ տարվում էին) ավելի հաճախ խոսեին, այդ թվում նաև լրագրողների հետ անմիջական շփման միջոցով:

Նարեկ Կիրակոսյան
լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Տեղեկատվության դեֆիցիտը. խորհրդավոր լռություն հրադադարից հետո”
  1. Nikol Pashoglu says:

    Kaaa Apagaa? Ckaaa Apaga??

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *