2021.09.24,

Խաչմերուկ

Չկա հաղթանակ, բայց կան զոհվածներ հանուն հաղթանակի, որոնց մասին դեռ չի պատմվել

44 օր տևած պատերազմի օրերին սահմանափակված ասելիքի լրագրության պայմաններում ամենապահանջված պատմություններն էին զոհերի մասին։ Առաջին զոհերի անուն-ազգանունները պաշտոնապես հրապարակվելուց անմիջապես հետո փորձում էի փնտրել նրանց ընտանիքներին՝ հանրայնորեն ճանաչելի դարձնելու հերոսներին, նրանց ընտանիքներին ու կիսատ գործերին։

Պատերազմի առաջին օրերին, բացի զոհվածների անուն, ազգանունից և պաշտոնական լրատվությունից, ուրիշ ոչինչ հայտնի չէր։ Ցավոք, զոհերը գնալով այնքան էին շատանում, որ գրեթե ամեն համայնքում մարդկային կորուստ կար։ Հետևաբար, զոհերի հարազատներին գտնելու համար սկսեցի հերթով զանգել համայնքի ղեկավարներին, հարցնել, թե ունեն արդյոք զոհեր. այդպես հնարավորություն կար գտնելու նաև ընտանիքներին։ Սկզբում համայնքի ղեկավարները բավականին դժկամությամբ էին խոսում․ փորձում էի գտնել գոնե դպրոցի ուսուցչուհի, մի հարևան, ով կճանաչեր և կպատմեր զոհի մասին։

Տասը տարուց ավելի լինելով քաղաքական լրագրության մեջ՝ կարող եմ խոստովանել, որ ամենադժվարը երևի հենց զոհերի հարազատի հետ խոսելն է։ Այստեղ մասնագիտական էթիկան կարևոր է, քանի որ կարող է այնպես պատահել, որ առաջին շփումդ՝ զանգդ, անցանկալի է, այն գուցե նույնիսկ կբարկացնի հարազատին, իսկ դու պետք է լռեիր, որովհետև նրան այդ պահին ամեն ինչ կարելի էր, իսկ պաշտոնյայի կամ քաղաքական գործչի դեպքում ամեն ինչ այլ է։

Լավ հասկանում էի մարդկանց, որոնք չէին ուզում խոսել, հետո սկսեցի հասկանալ նաև մարդկանց, որոնք ուզում էին խոսել, շատ խոսել։ Խոսքը վարակիչ դարձավ. զոհերի թվի աճին զուգահեռ ավելացան մարդիկ, ովքեր ավելի բաց էին խոսելու համար և մի քանի հրապարակումից հետո այդ «ալիքը տարածվեց»։ Պատերազմի վերջում նույնիսկ հարազատներն էին նախաձեռնում, դեպի լրատվամիջոց տանող միջնորդներ էին գտնում, որ հրապարակումներ արվեին իրենց հերոսի մասին։ Դա կարծես հետմահու ինչ-որ խոստովանանք էր, ինչ-որ մխիթարանք կար դրա մեջ, կամ ուրիշի տղայի մասին լրագրողները պատմել էին, ուզում էին իրենց հերոսին էլ բոլորը ճանաչեին։

Հիշում եմ, որ նույնիսկ զինվորներից մեկի թաղման օրը եղել են ընտանիքի անդամներ, որ խոսել են, պատրաստակամ անդադար պատմել։ Անգամ եղել է դեպք, երբ 40 րոպեից ավելի է տևել հարցազրույցս։ Այս դեպքերում ես ամենևին էլ անկողմնակալ լրագրող չէի, քանի որ փորձում էի հնարավորինս օգնել, որ լավ ներկայացվեր նրանց պատմությունը։ Այսպիսի բան երբեք թույլ չեմ տվել և չէի տա ինձ քաղաքական գործիչներին լուսաբանելիս։ Ամենադժվարն ինձ համար հատկապես այն պահն էր, երբ զոհերի անուն, ազգանունների մեջ հարազատ մարդ ունեի։ Միայն որոշ ժամանակ անց կարողացա տրամադրվել ու պատրաստել հարազատիս մասին հրապարակումը։

Յուրաքանչյուր օր  փորձում էի առնվազն մեկ զոհի մասին պատմել, որից հետո անցնում էի այլ հրապարակումներ պատրաստելու, ու շատ էի աշխատում ինքս ինձ վրա, որ հետագա նյութերիս վրա չազդեր այս ու այն ընտանիքի պատմությունը։ Հաճախ ստացվում էր անել այդպես, բայց հետո մեղավոր էի զգում ինձ, քանի որ ինձ մոտ այդպես աշխատել ստացվում էր։

Զոհերի մասին հրապարակումներ անելն իմ աշխատանքի և լրագրողի մասնագիտական գործունեության շրջանակում էր, իրականում ես ոչինչ գերբնական չէի անում այդ մարդկանց՝ հերոսների ընտանիքների համեմատ, բայց խոսակցության վերջում հաճախ հարազատները շնորհակալություն էին հայտնում, և դժվարն այդ շնորհակալության հետ ապրելն էր։

Այժմ հետահայաց նայելով հրապարակումներին՝ կարծես մի տեսակ մրցավազք էր լրատվամիջոցներում, թե ով ավելի հուզական, ավելի տխուր, ավելի հերոսական պատմություններ կգտնի, առավել ևս որ այդպիսի նյութերն ամենաընթերցվածն էին դառնում։

Երբ ավարտվեց պատերազմը, հետզհետե ավարտվեցին նաև նմանօրինակ հրապարակումները։ Այսօր հաճախ նաև մեղադրանքներ եմ լսում, որ շատ տղաների՝ զոհվածների մասին այդպես էլ չի գրվել, պամտություններ չեն ստեղծվել։ Այդ տղաները զոհվեցին հանուն հաղթանակի, հիմա չկա հաղթանակ, բայց կան շատ զոհեր, և ցավալի է, որ շատերի մասին այդպես էլ դեռ չի պատմվել։  

Կյանքում գործող՝ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու սկզբունքը գործում է նաև պատերազմի դաշտում. երբ բախտդ բերեց՝ հայտնվես այն հատվածում, որ հակառակորդի կրակը քեզ չկպչի։ Այս պատերազմից հետո հասկացա, որ մահվան դեպքում էլ պետք է հայտնվես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, որ գոնե մարմինդ գտնեն, որ գոնե քեզ ճանաչեն, քո մասին պատմեն, մի լավ լուսանկարում հայտնված լինես, քո հերոսություններն իմանան, որ քո մասին խոսեն… Այս վերջինը նաև իմ կիսատ թողած գործն է։

Լիանա Առաքելյան
լրագրող

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *