Պատերազմը լրագրողների համար ներանձնյա կոնֆլիկտներ է ստեղծում: Լինում են իրավիճակներ, երբ մտածում ես՝ բարձրաձայնե՞լ որոշակի թեմաների մասին, թե՞ գուցե արժե լռել: Թեև քաղաքացիների ինչ-որ շրջանակ պահանջում է՝ կոնկրետ հարցերի պատասխաններ լսել պաշտոնյաներից լրագրողների միջոցով, բայց պատերազմը ինչ-որ չափով վերջ է դնում լրագրողների ազատությանը:
Մարտական գործողությունների ընթացքում՝ լինի սահմանային միջադեպ, թե լայնածավալ ռազմական գործողություններ, մենք՝ լրագրողներս, փորձում ենք աշխատել՝ առավելագույնս կարևորելով պետական շահը: Պատերազմը լրագրողի առջև չգրված սահմանափակումներ է դնում: Ստեղծվում է իրավիճակ, երբ դու մի կողմ ես դնում առաջինը լուրը գրելու, հրապարակելու և ֆեյսբուքում տարածելու մոլուցքը, քանի որ չես ցանկանում, օրինակ, պաշտոնյայից լսել ընկճված պատասխան:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, Հայաստանում կառավարության որոշմամբ ռազմական դրություն հայտարարվեց, որին հաջորդեց իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստը: Այդ նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորները հիմնականում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և հայկական բանակին քաջալերող ելույթներ էին ունենում:
Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց. «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի և, ինչ էլ լինի, մենք չենք դադարի պայքարել»: Փաշինյանի ելույթի այս հատվածը միանգամից առանձնացավ հնչող բոլոր տեղեկություններից՝ բազմաթիվ հարցեր առաջացնելով: Առաջին հարցերը, որոնք այդ պահին ցանկություն եղավ ուղղել Փաշինյանին, հետևյալն էին. «Տարածքային կորուստների դեպքո՞ւմ էլ մեզ պարտված չենք ճանաչելու, արդյո՞ք ակնարկում եք հայկական կողմի համար ոչ բարենպաստ ելքի մասին»:
Թվում է՝ մարտական իրավիճակներում մասնագիտական պարտականությունները կատարելիս հիմնականում երկընտրանքի առաջ են կանգնում պատերազմական գոտիներում, առաջնագծից լուսաբանումներ իրականացնող մեր գործընկերները, սակայն, 44-օրյա պատերազմի ընթացքում որպես քաղաքական իրադարձությունները լուսաբանող լրագրող, մի քանի անգամ հայտնվեցի այնպիսի իրավիճակներում, որտեղ անհրաժեշտություն էր առաջանում որոշել՝ գործել որպես լրագրո՞ղ, տա՞լ հարցը, որը սենսացիա կդառնա, թե մնալ հակամարտության կողմի դիրքերում:
Որոշում կայացնելու համար քիչ ժամանակ կար՝ ընդամենը մի քանի վայրկյան: Ազգային ժողովից «Factor TV»-ին աշխատում էր ուղիղ եթերի ռեժիմով և պետք էր արագ կողմնորոշվել՝ օրինակ, իշխանական խմբակցության ղեկավարին, քաղաքական իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչներին ճեպազրույցի ընթացքում տա՞լ հարցեր, որոնք առաջացել էին Փաշինյանի՝ սեպտեմբերի 27-ին ունեցած ելույթից հետո, թե՝ ոչ:
Վերոնշյալ հարցը նիստից հետո և պատերազմի ինչ-որ փուլում վարչապետին (գրավոր տարբերակով) և իշխանության որևէ բարձրաստիճան ներկայացուցչի չտվեցի, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի, թեպետ առիթներ մի քանի անգամ եղան:
Պատերազմի ժամանակ, անկախ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ունեցած վերաբերմունքից և նրանց սուր քննադատելու ցանկություններից, գալիս է մի պահ, երբ մի կողմ ես դինում «Լրագրողն ունի ցանկացած հարց տալու իրավունք» չգրված կանոնը: Պատերազմն ինձ մոտ որոշակի առումով կաշկանդվածություն էր առաջացրել: Մտածել եմ՝ եթե ուղիղ եթերում որևէ պաշտոնյայի հարցնեմ, թե արդյոք Փաշինյանն ակնարկում էր հայկական կողմի զիջումների կամ պարտության մասին, արդյո՞ք խուճապ չեմ առաջացնի, քանի որ եթերը զուգահեռ հեռարձակում էին մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներ:
Այդ օրերին լրատվությանը հետևում էին աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ, որոնք, օրինակ, արտերկրից գալիս էին, որպեսզի մեկնեն ռազմաճակատ կամ արդեն Արցախի ճանապարհին էին։ Լրատվությանը նաև հետևում էին մարտի դաշտում գտնվողների հարազատները: Լրատվամիջոցն ու լրագրողը հասարակական կարծիք ձևավորելու հարցում մեծ դեր ունեն: Ցավոք, մեր հասարակության մեջ նաև մեդիագրագիտության պակաս կա և իմ կողմից հնչեցվելիք այդ հարցը, ինչպես նախկինում հնչած այլ հարցերի դեպքում է եղել, կարող էր ընկալվել որպես բացարձակ ճշմարտություն և խուճապ առաջացնել:
Լրագրողական գործունեության ընթացքում մշտապես հնչեցրել եմ բոլոր հարցերը, որոնց պատասխաններն, ըստ իս, հետաքրքրել են լսարանիս: Նման իրավիճակում առաջին անգամ եմ հայտնվել, երբ ունեցել եմ կաշկանդվածություն՝ տալ հարցեր վարչապետի վերոնշյալ ելույթի վերաբերյալ՝ չնայած այն հանգամանքին, որ «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի» թեզն այդ օրերին շրջանառվող թոփ թեմաներից էր և ակտիվ քննարկվում էր սոցալական հարթակներում: Պատերազմի 44 օրերի ընթացքում այս հարցերը չհնչեցնելը, թեպետ մեծամասամբ պայմանավորված էր ինքնագրաքննությամբ, , այդ օրերին երկրի ղեկավարին ուղիղ հարցեր տալու հնարավորություն էլ չկար: Նիկոլ Փաշինյանը, ի հեճուկս իր հայտարարած սկզբունքերի, մարտական գործողությունների ընթացքում որևէ անգամ չհանդիպեց լրագրողներին:
Նարեկ Կիրակոսյան
լրագրող
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: