2021.08.09,

Խաչմերուկ

Միջազգային լրատվությունն ու քո պատերազմը

Պատերազմի առաջին օրերին ընկերներիցս մեկն առաջարկեց միջազգային լրատվականի մի թիմի ուղեկցել Արցախ․ առանց երկար մտածելու համաձայնվեցի, հատկապես, երբ Երևանում տեղս չէի գտնում, իսկ Արցախ գնալ՝ առանց անելիքս հասկանալու չէի ցանկանում («ոտքի տակ» ընկնել, այն էլ՝ պատերազմի ժամանակ, հաստատ պետք չէր):

Թիմը, որին միացա, խիստ փորձառու էր՝ Սիրիա, Դոնբաս, այլ թեժ կետեր տեսած, պատերազմների բովով անցած։ Իսկ ինձ համար սա առաջին պատերազմն էր (չհաշված՝ 2014-ի նկարահանումը Սիրիայում, բայց այնտեղ, ըստ էության, միայն պատերազմի հետևանքն էի տեսել): Այս առումով անփորձությանս լիովին ըմբռնումով էին մոտենում․ հենց սկզբից հստակ որոշեցինք, որ կյանքին սպառնացող վտանգի դեպքում յուրաքանչյուրն ազատ է իր որոշումը կայացնել՝ պատսպարվել կամ ռիսկի դիմել, և այս կանոնը հավասար էր բոլորի համար՝ լրագրողից ու պրոդյուսերից մինչև ֆիքսեր և վարորդ. յուրաքանչյուրը ձայնի իրավունք ուներ։ 

Բայց կար մի հանգամանք, որի մասին չէի մտածել և որը չէի էլ կարող ընկալել մինչև տեղում փորձառություն ունենալը․ մինչ սա օտարազգի լրագրողի համար հերթական պատերազմական լուսաբանումն էր՝ անշուշտ, իր մարդկային ապրումակցման չափաբաժնով, ինձ համար սա իմ պատերազմն էր։ Անկախ վտանգի աստիճանից, զգայական մակարդակում մենք բոլորովին այլ փորձառություն էինք անցնում, և դա, իրականում, ֆիքսեր լինելու ամենաբարդ ու ցավոտ կողմն էր, այն կողմը, որի մասին առցանց «How to be a good fixer» ուղեցույցները չեն խոսում։

44 օրվա ընթացքում մի քանի թիմերի հետ աշխատեցի և հասկացա, որ «պատերազմական թղթակից» լինելը հաճախ մասնագիտական տարերքի պես է, ադրենալինի ալիք, որը գրեթե կախվածություն է ստեղծում այդ լրագրողների մոտ, ինչպես, օրինակ, լեռնագնացները, որ առավելագույն հաճույք ստանում են բուքուբորան հաղթահարելով ու կյանքը վտանգելով՝ գագաթների նվաճման ճանապարհին։ 

Պատերազմը ստեղծում է իրականության խտացված պատկեր՝ թե՛ անձնական փորձառությունների, թե՛ մարդկային փոխհարաբերությունների առումով, և եթե դու լրագրող ես, ով իր տնից հազարավոր կիլոմետրեր հեռու լուսաբանում է մեկ ուրիշի պատերազմը, պատերազմական պատմությունները մասնագիտական սուր մարտահրավերներ հաղթահարելու հնարավորություն են թվում։ Բայց երբ տեղացի ֆիքսեր ես, հերթական հարձակման կամ կորստի լուրը քո հայրենիքի, քո զինվորի մասին է, որը դու պետք է կարողանաս տեղում «ոտքի վրա» սառնասրտությամբ ընդունել ու փոխանցել՝ զսպելով ապրումներդ՝ չունենալով ոչ ժամանակ, ոչ էլ քո պես մեկին, ով կիսում է նույն ցավը, որ գոնե աչքերով լսեք ու հասկանաք։ 

Միջազգայինների հետ աշխատանքի ռիթմը շատ արագ է․ բացի արդյունավետությունից՝ մեկ օրում նյութը հավաքել, անհնար թվացող պայմաններում լավ ինտերնետ գտնել, փոխանցել գլխամասային գրասենյակ, նաև իրենք էլ են խոստովանում, որ ուրիշի կոնֆլիկտում զոհվելն իրենց պլանների մեջ սովորաբար չի մտնում, այնպես որ փորձում են հնարավորինս սեղմ ժամկետում կատարել աշխատանքն ու հեռանալ վտանգավոր տեղանքից։ Ի սկ վտանգավոր էր Արցախում ցանկացած վայր, որտեղ շարժ էր դիտարկվում։ Շատ լրագրողներ պնդում էին, որ նման համատարած վտանգ չէին տեսել այլ կոնֆլիկտներում, ասում էին, որ նույնիսկ Սիրիայում իրենք գիտեին՝ որտեղ է անվտանգ, իսկ որտեղ՝ ոչ, մինչդեռ Արցախում Ստեփանակերտի խաղաղությունն այնքան հանկարծակի էր ընդհատվում պայթյուններով, որ առաջին այցի ժամանակ նույնիսկ թիմի անվտանգության փորձագետը չհավատաց, որ ռումբի պայթյուն էր, մինչև չհնչեցին հաջորդները։

Այդ արագության մեջ էմոցիաներին իսկապես ժամանակ չի մնում, բայց դրանք, միևնույն է, կուտակվում են՝ առանց ցանկությունդ հարցնելու, որ հետո՝ ամիսներ անց, երբ արդեն համոզվել ես, որ անզգայացել ես իրադարձությունների խտությունից, գան ու առանց դուռդ թակելու դուրս հորդան․․․ Իհարկե, այդպիսին է պատերազմը։ Պարզապես միջազգային լրագրողական խմբերում ապրումները զսպելը նաև մասնագիտական պահանջ է․ անկողմնակալության կարմիր գիծը չպետք է հատել։ Մի կողմից փնտրել մարդկային պատմություններ, որոնք հնարավորինս շոշափելի կփոխանցեն տեղի ունեցող արհավիրքն ու կորստի ցավը, մյուս կողմից՝ խուսափել երկար քննարկումներից, որոնք կարող են ազդել լրագրողի հայացքների ու մոտեցումների վրա։ 

Այս առումով ֆիքսերները նաև լուրջ դերակատարում կարող են ունենալ՝ կոնֆլիկտի շուրջ հայաստանյան նարատիվները միջազգային լրատվականներին փոխանցելու գործում, բայց, իհարկե, խոսքը ոչ թե որևէ պրոպագանդիստական օրակարգի թաքուն իրականացման մասին է, այլ հիմնավորված ու բաց զրույցներ վարելու, տեսակետ ներկայացնելու մասին։

Խոշոր լրատվականների թղթակիցները սովորաբար գալիս էին կոնֆլիկտի մասին որոշակի պատկերացում ու համոզմունք ունենալով, դրա մասին էին խոսում նաև պաշտոնական հարցազրույցներում արվող սուր հարցադրումներն ու շեշտադրումները, որոնք պատրաստում էինք նախօրոք։ Սակայն փոխադարձ վստահության ու փոխըմբռնման վրա հիմնված աշխատանքային մթնոլորտում հաճախ նաև զրուցում էինք այս կամ այն հարցի մասին, Արցախի ճանապարհին քննարկում մեր տեսածը, նկարահանածը, համեմատում նախկինում ունեցած փորձի ու պատկերացումների հետ․․․ Ի վերջո, լուսաբանման մեջ «Ղարաբաղի» փոխարեն երբեմն, այդ լրատվականի համար առաջին անգամ, «Արցախ» էր հնչում, փոխվում կամ մեղմվում էին որոշակի շեշտադրումներ, ու մենք էլ՝ ֆիքսերներս, սկսում էինք ինքներս մեզ շատ ավելի շատ ու ցավոտ հարցեր տալ, որոնց երևի չէինք անդրադառնա, եթե կողքի հայացքով նայող լրագրողները մեզ չդրդեին․․․

(․․․իսկ ինչ վերաբերում է պետական մակարդակով իրականացվող պրոպագանդային, ցավոք, մենք պատերազմի ընթացքում ոչ միայն չունեցանք համակարգված տեղեկատվական հոսք, այլև որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրներն իրար հակասում էին ու միջազգային լրատվականներին թողնում շփոթության մեջ, ինչը տեսնելով՝ պարզ էր դառնում, թե ինչպես և ինչու ենք 30 տարի զիջել միջազգային դիսկուրսում, ինչու են բացառապես ադրբեջանական նարատիվներն ամրագրվել միջազգային լրատվականների շրջանում, ինչպես «ազգերի ինքնորոշումն» ու «մարդու հիմնարար իրավունքները» դարձան տարածքային կռիվ ու ոտնձգություն․․․)

Սեդա Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *