2021.05.31,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը. մարտ

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

2021թ․ մարտին հայկական լրատվամիջոցներում հետպատերազմական ամենաքննարկվող թեմաներից էին սահմանային միջադեպերն ու հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումն ադրբեջանցիների կողմից։ Ամբողջ ամսվա ընթացքում իրար հաջորդում էին սահմանային միջադեպերի մասին լուրերը, դրանց վերաբերյալ պաշտոնական հաստատումները կամ հերքումները. լրատվամիջոցներն անընդհատ ահազանգում էին այս կամ այն միջադեպի մասին։ 

Սահմանային միջադեպեր․ փաստեր ու ենթադրություններ

Մարտին լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվող թեմա դարձավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում չափագրումների մասին։ 

«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»,- ասվում էր գրառման մեջ։

Գրառումը տարբեր քննադատությունների ու ենթադրությունների տեղիք տվեց։ Օրինակ, «Արմնյուզ»-ի երեկոյան լուրերի ընթացքում Աբրահամ Գասպարյանը, անդրադառնալով թեմային, նշել է․ «․․Բայց որ օրը ցերեկով ռուս զինվորականները մտնեն Տավուշ, թուրքերն ակտիվորեն խոսեն մեկ տասնյակից ավելի գյուղերի վերադարձի մասին, Փաշինյանի իշխանական հարճերն էլ ճչան, թե բա դեզինֆորմացիա մի՛ տարածեք, սա արդեն լկտիություն է»։

«Ինչ է կատարվում Տավուշի մարզում» վերնագրով տեսանյութում էլ ներկայացվում է մարզի բնակիչներից մեկի կարծիքը, որ «օրեր առաջ ռուսներ են եկել, թե ինչի համար չգիտեն»։

«5-րդ ալիք»-ը Տավուշի մարզ էր ուղարկել սեփական թղթակցին։ «Ռուս խաղաղապահներ՝ Տավուշում․ տարա՞ծք է զիջվելու Բաքվին» վերնագրով նյութում հաղորդավարն ասում է․ «Այսօր Իջևանում Հայլուրի տեսախցիկը ռուս խաղաղապահների է ֆիքսել՝ հակառակ ՊՆ համոզիչ կերպով հորդորին, թե մի՛ հավատացեք Տավուշում ռուս խաղաղապահների մասին լուրերին»։

Թղթակից Գայանե Բալայանն այցելել է Կայան ավան, Ազատամուտ գյուղ։ «Այստեղ ապրողները լսել են շրջանառվող լուրերը, թե մարզ ռուս խաղաղապահներ են եկել՝ սահմանին չափագրում են անում, բայց չեն ուզում հավատալ, որ կարող է իրենց հետ էլ պատահել Շուռնուխի, Որոտանի պատմությունը»,- ասում է թղթակիցը։ 

«Armtimes»-ը թեմային անդրադարձել է պաշտոնական հերքումներով՝ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան գրառմամբ, ՀՀ ՊՆ հայտարարությամբ ու մարզպետ Հայկ Չոբանյանից կարծիք ստանալով։ 

Հանրային հեռուստատեսությունն իր հերթին սահմանամերձ Ազատամուտից պատրաստված ռեպորտաժում հերքել է այդ ամենը։ 

Հայաստանի հանրային ռադիոն էլ է ռեպորտաժ արել սահմանամերձ գյուղերից։ Ռեպորտաժում նշվում է, որ Դիտավանում հանգիստ է, լարվածությունը միայն մամուլում է երևում։ Սևքարում էլ խուճապ չկա։

Մյուս միջադեպերից ամենից քննարկվողներից էր Ստեփանակերտից Գորիս ճանապարհին զոհված հայ զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենային քարկոծելն ադրբեջանցիների կողմից։ 

Վարորդը Հայլուրի թղթակցին հեռախոսով պատմել էր, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, ճանապարհին թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով խփում են, կանգ չի առել, ճանապարհը շարունակել է, զոհվածների մարմինները հասցրել Գորիս․ «Թշնամին թշնամի է, ով որ ուզում է բարեկամանա, թող բարեկամանա, մենք բարեկամանալու ոչ կարիք ունենք իրենց հետ, ոչ էլ իրենք այնպես են արել, որ իրենց հետ կարողանանք բարեկամանալ»։ 

«Սիվիլնեթ»-ը ներկայացրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի կարծիքը՝ Ադրբեջանի կողմից հայկական մեքենաների վրա հարձակումների դեպքերի մասին։ Նրա կարծիքով՝ դա ահաբեկչություն է, որը կարող է նախադեպ դառնալ։

«Դա արվում է, որպեսզի ահաբեկեն, որ մարդկանց մոտ ապագայի նկատմամբ անվստահություն լինի»,- նշել է նա։

Մեկ այլ միջադեպի էլ Արմնյուզի «Երեկոյան լուրերի» թողարկման ընթացքում անդրադարձել է Աբրահամ Գասպարյանը․ «Երեկ գիշեր ադրբեջանցի զինվորները խմել-հարբել են, սովորության համաձայն, իրենց կորցրած մոտեցել են Շուշիի խորհրդանիշ հայտնի տանկին, փորձել են Արցախի դրոշը վայր առնել, սակայն ռուսական զորավորամիավորումը խանգարել է։ Մարդիկ իշխանությանն ասել են՝ պետք է դիմադրել ու չթողնել, սակայն պատասխանը եղել է հետևյալը՝ Հայաստանից թույլտվություն չունենք»։

«Այսօր թուրքը մոտենում է տանկին, վաղը տուն է մտնելու, մյուս օրը մեր երեխաներին փողոցում ձեռք է տալու։ Այսօր Շուշի ու Արցախ հանձնած մարդը չի խոսում այս ամենի մասին, որովհետև նա թքած ունի մեզ բոլորիս անվտանգության վրա»,- հավելում է նա։ 

«168.am»-ը պատմել է մեկ այլ պատմություն. Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցիների կողմից հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ քարեր նետելու մասին։ 

Կայքը հիշեցրել է, որ նման միջադեպեր արձանագրվել էին նաև ամիսներ առաջ, ինչի մասին բարձրաձայնել էր ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ. «․․․Վերջապես ե՞րբ է կանոնակարգելու ադրբեջանցիների շարժերը և որտե՞ղ է ամրագրած, որ դրանք պետք է լինեն Արցախի մայրուղիներով։ Ո՞վ է փոխհատուցելու արցախցիներին պատճառված գույքային և բարոյական վնասները, դեռ որքա՞ն պետք է հանդուրժի արցախցին ադրբեջանցիների՝ արդեն ամենօրյա դարձող տհաճ ներկայությունը։ Այս «ջայլամային քաղաքականությունը» ծանր հետևանքներ է ունենալու»:

Ավերված եկեղեցիներն ու միջազգային հանրության լռությունը

Մարտ ամսվա մյուս ամենից քննարկվող թեման հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումն էր Արցախում ադրբեջանցիների կողմից։ 

Հանրայինի հաղորդավարը թողարկումներից մեկում ասում է․ «Վանդալների թիրախում հերթական հայկական սրբավայրն է՝ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին։ Վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ջարդարարները անխնա ավերում են՝ բարձրաձայնելով, թե պատրաստվում են նամազի։ Նրանք չեն վարանում իրենց վայրենի գործողությունները տեսանկարել և տեղադրել համացանցում, ինչը անարձագանք չի մնում։ Մշակութային վանդալիզմի փաստերը միջպետական գանգատով ներկայացվում են ՄԻԵԴ»։ 

«5-րդ ալիք»-ը և մի քանի այլ լրատվամիջոցներ անդրադարձել են բրիտանական BBC-ի տեսանյութին՝ Մեխակավանի Սուրբ Զորավոր եկեղեցու հիմնահատակ ավերման մասին։ 

«Արցախի՝ Ադրբեջանին հանձնված տարածքում հայկական եկեղեցի է ավերվել՝ հիմնահատակ։ Սա հետաքննությամբ պարզել է բրիտանական BBC-ին, որի լրագրողը միայն հին լուսանկարներով է կարողանում գտնել եկեղեցու տեղը։ Խոսքը Մեխակավանի Սուրբ Զորավոր եկեղեցու մասին է, որն օծվել է 4 տարի առաջ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն խստորեն դատապարտել է հայկական եկեղեցու ոչնչացումը, նկատել, որ հայկական եկեղեցիները ոչնչացնում են ահաբեկչական իսլամական պետության ձեռագրով»։ 

«Armtimes»-ը, նույն տեսանյութը հղում անելով, նշել է․ «Հայկական եկեղեցու ոչնչացումը Ադրբեջանի գրավված տարածքում այդ երկրի հայատյացության քաղաքականության և Արցախում հայկական մշակութային ժառանգության հետքերի մաքրման ևս մեկ դրսևորում է»: 

Կայքը նաև հրապարակել է Արցախի Կրոնական և մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի հայտարարությունը, որում նշվում է․ «Վճռականորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը՝ մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում միջազգային հանրությանը դադարեցնել Արցախի կրոնական և մշակութային վայրերի ոչնչացումը, որոնք մեր համաշխարհային մշակութային ժառանգության մասն են կազմում»։

Կայքում տեղ է գտել առցանց համաժողովում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը. «Այս համաժողովի գումարումը կարևոր և այժմեական է հատկապես ներկայիս, երբ ամիսներ առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով նաև վնասվեցին հայկական եկեղեցական և մշակութային կոթողներ։ Այսօր, սակայն, Արցախի բազմադարյա ժառանգության ճակատագիրը պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված և Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում վերստին վտանգված է: Ցավոք պիտի արձանագրենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից պաշտոնական Բաքուն տարատեսակ խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը` մասնագետներ առաքելու Արցախ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի գնահատման համար»։

«Lragir»-ը, «Պուտին-Ալիև․ Ֆաշիզմի նոր դրսևորումներ Արցախում» նյութում ներկայացնելով «Արցախի օկուպացված մասում ԽՍՀՄ հայազգի նշանավոր գործիչների, նշանավոր զինվորականների հուշարձանների պղծման ու ոչնչացման դեպքերը», նշել է, որ Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիևից այլ բան իհարկե սպասելի չէ։ 

«․․․Կարելի է բազմաթիվ դեպքեր հիշել, թե Ռուսաստանն ինչ կատաղությամբ է արձագանքում Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ԽՍՀՄ խորհրդանիշ-հուշարձանների տապալման կապակցությամբ՝ դա համարելով ֆաշիզմ։ Բաքվի պարագայում սակայն ոչ միայն քար լռություն է, այլև «հակակշռելու» համար Մոսկվա-Բաքու ակնհայտ համերաշխությամբ ծավալվեց Նժդեհի շուրջ կեղտոտ արշավը։ Ռուսները քար լռություն են պահում նաև վերջին հարյուրամյակում Կիրովաբադում, Բաքվում, Շամխորում թուրքերի կողմից հազարավոր ռուս զինվորականների սպանությունների հարցում»։

Մեկ այլ նյութում հեղինակ Նաիրա Հայրումյանը գրում է, որ հայկական Շուշիում ավերվել է նրա խորհրդանիշերից մեկը՝ Կանաչ ժամ եկեղեցին, որը քանդվել է ռուս խաղաղապահների աչքի առաջ։ 

«Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս Արցախ մուտք գործել օտարերկրյա լրագրողներին ու արևմտյան կազմակերպությունների ներկայացուցիչներին։ ․․․ Հայաստանը պատրաստվո՞ւմ է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ ․․․Մոսկվան Հայաստանին ուղիղ սպառնում է, որ «եռակողմ հայտարարության չկատարումը» և երրորդ երկրներին կամ կազմակերպություններին դիմելն ինքնասպանություն կլինի։ Մոսկվան այդպիսով երաշխավորում ու հովանավորում է Բաքվի գործողությունները»:

Մշակութային ցեղասպանության հարցը բարձրացրել է նաև Արցախի ԿԳՄՍ նախարարությունը՝ դիմելով միջազգային կառույցներին, որպեսզի հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն և գործնական քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի հանրապետության նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:

«․․Այլևս ակնհայտ իրողություն է, որ առավել վտանգված է մեր պատմամշակութային ժառանգության հետագա գոյությունը ստեղծված քաղաքական իրավիճակում: Նման վերաբերմունքը ավելի է խորացնում հակամարտությունն՝ ի չիք դարձնելով խաղաղ ճանապարհով այն հանգուցալուծելու միջնորդ երկրների ջանքերը», – նշված է այդ հայտարարության մեջ։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *