2020.12.23,

Խաչմերուկ

Ամերիկյան միջնորդություն. ամենաերկար հրադադարը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արցախյան պատերազմն ու հետևանքները դեռևս շարունակում են լինել հայաստանյան լրատվամիջոցների թոփ թեման։ 

Media.am-ը անդրադարձել է պատերազմի ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված առաջին և Ֆրանսիայի նախաձեռնած երկրորդ հրադադարներին։ 

Հաջորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրի՝ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու փորձն էր․ հրադադարը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 8։00-ից։ 

Նախորդ երկուսի համեմատ՝ այս հրադադարը մի քիչ երկար կյանք ունեցավ, չնայած, որ դեռևս ժամը 8-ը չլրացած Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը։ Դրանից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ 

Արցախի Հանրապետության ՊԲ-ն, հերքելով այդ լուրը, իր հերթին հայտարարեց, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ թշնամական կողմի մեղադրանքներն արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու նպատակով։

Դրանք չուշացան. ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարվել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Պաշտոնական արձագանքներ

Հրադադարը Ադրբեջանի կողմից երրորդ անգամ կոպտորեն խախտելուն անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով․ «Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»:

Իսկ նրա մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ ընդգծել է․ «Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ օրվա երկրորդ կեսից հրադադարը չի հաջողվել պահպանել՝ Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երրորդ անգամ։ Ըստ նրա՝ Հայաստանը բանակցային գործընթացում վերջին շրջանում եղել է ճկուն, սակայն Ադրբեջանը ոչ թե ցանկանում է փոխզիջումների հիման վրա լուծում, այլ պահանջ ունի Արցախի կապիտուլյացիայի։ «Հայ ժողովուրդը պատրա՞ստ է փոխզիջումների, այո՛, ես կարծում եմ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի։ Ոչ, հայ ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի ու հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի իր իրավունքները պաշտպանելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Հայաստանը գործում է իր շահերի եզրագծին։

Ոչ պաշտոնական կարծիքներ

«Սիվիլնեթ»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանն իր հոդվածում, անդրադառնալով հոկտեմբերի 29-ին Ժնևում կայանալիք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, նշել է․ «Եթե նախորդ երկու դեպքերի նման Ադրբեջանը հրադադարի մասին պայմանավորվածությունները օգտագործի վերադիրքավորվելու, շարունակելու լայնածավալ գրոհներն ու հրթիռա-հրետակոծությունները շփման գծի ողջ երկայնքով, ապա ժնևյան բանակցությունները կարող են դառնալ անիմաստ, թեև, մյուս կողմից, դիվանագիտական աշխատանքը պետք է անդադար պահել կենդանի, ինչպես պետք էր խնամքով վերաբերվել դրանց վերջին տարիներին»:

«Հրանոթները խլացնելու լավագույն միջոցներից մեկը հենց ինտենսիվ դիվանագիտությունն է։

․․․Ռազմի դաշտում պատերազմի չորս շաբաթների արձանագրած առավելությունը Ադրբեջանը փորձում է տեղափոխել դիվանագիտական հարթակ և իր կամքը թելադրել: Մի ձեռքով պատերազմել, մյուս ձեռքով բանակցել, ինչպես 1991-1994 թվականների պատերազմի ամբողջ ընթացքում: ․․․Ի հավելումն, Ադրբեջանը ստանում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, ինչը ստացել է նաև 90-ականներին, բայց ոչ այս ծավալներով: Թուրքիան ուղղակի ականահարում է բանակցային գործընթացը այն նուրբ կետում, երբ հումանիտար հրադադարը կարող է կյանքի կոչվել»: 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հրադադարի խախտումը հարված է ոչ միայն Մինսկի խմբին՝ որպես ձևաչափի, այլև միջնորդ պետությունների ղեկավարների անձնական հեղինակությանը, որոնք «դրեցին իրենց անձնական հեղինակությունը, որ խնդիրը կարգավորվի, և հանկարծ այնպես ստացվեց, որ Ադրբեջանը 3 դեպքում էլ խախտեց պայմանավորվածությունը, և հրադադարը տապալեց»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայան ասել է, որ այդքան մեծ ակնկալիքներ չուներ, որ զինադադարի պայմանները կկատարվեն։ «Հիմա, երբ նա հարավային հատվածում որոշակի առաջխաղացում ունի, ձգտելու է առավելագույն հնարավորություն ստանալ, որպեսզի բանակցությունների ժամանակ կարողանա խոսել հաղթողի լեզվով, կամ, ինչպես թուրքերն են ասում՝ կապիտուլյացիայի ենթարկել հայկական կողմին: Սա է նրանց հիմնական նպատակը: Նման պայմաններում, իհարկե, հրադադար լինել չի կարող, որովհետև նրանք անընդհատ ավելի են իրավիճակը լարում ու շիկացնում»:

Քաղաքագետ Կայծ Մինասյանը «Լրագիր»-ի հետ զրույցում հայկական կողմին խորհուրդ է տվել դադարել հավատալ զինադադարի կոչերին, քանի որ «ներկայիս պայմաններում դրանք Ադրբեջանին պետք չեն»: 

«Ալիևի համար նույնիսկ պարտություն կլիներ, եթե Ադրբեջանը հարգեր մարդասիրական զինադադարի ցանկացած կոչ: Մարդասիրական զինադադարի այս կոչերի նպատակը Մինսկի խումբը փրկելն ու Ադրբեջանը Թուրքիայից բաժանելն է: Ահա թե ինչու Հայաստանը հարգում է զինադադարի կոչերը, բայց Բաքուն՝ ոչ: Փաստորեն, քանի դեռ Ադրբեջանը չի հասել խոշոր ռազմավարական փոփոխության, Ալիևը կմերժի ցանկացած հրադադարի ռեժիմ: Եվ Հայաստանը հիմա պետք է մտածի Ադրբեջանին հակահարված տալու մասին, և ես համոզված եմ, որ դա արդեն անում է»,-ասում է քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ Ադրբեջանը խախտում է հումանիտար զինադադարի կոչերը, բայց նրան չի հաջողվում բառը վերածել Բաքվի նկատմամբ հարկադրանքի գործողությունների: Դրանից օգտվում է Բաքուն, բայց քանի որ Ադրբեջանը չի կարող հաղթել պատերազմում, Ալիևը շարունակում է հավատալ իր միֆերին, և դա ամրապնդում է Արցախի անկախության ճանաչման հայկական պահանջը:

Անկախության ճանաչումը՝ խաղաղության հասնելու միջոց

«Լրագիր»-ն իր անանուն հոդվածում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ հեշտությամբ կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման․ «Մենք ամեն ինչ կարգի կբերենք։ Դա պետք է տեղի ունենա, ինչպես ասում եմ, հեշտությամբ։ Դա հեշտ կլինի, եթե գիտես, թե ինչ ես անում»։ 

Թրամփը հիշատակել է իր հաջողությունները հակամարտությունների կարգավորման հարցում, մասնավորապես Մերձավոր Արևելքում՝ իսրայելա-արաբական երկրներ համաձայնություն, և Բալկաններում՝ Սերբիա-Կոսովո համաձայնագրի կնքումը Սպիտակ տանը: Այս կապակցությամբ նա ասել է, թե «մենք դա արել են Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»։

«Թրամփի ակնարկը Կոսովոյի ու Սերբիայի վերաբերյալ կարո՞ղ է նշանակել, որ ԱՄՆ-ն դիտարկում է Արցախի ճանաչումը Կոսովոյի տարբերակով։ Պետք է նշել, որ այս տարբերակը ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվում է վաղուց, նույնիսկ մեկ անգամ ԱՄՆ-ն մոտ էր ճանաչման։ Երբ Թրամփն ասում է, որ Ղարաբաղի խնդրի լուծումը հեշտ կլինի, իսկապես, անկախության ճանաչումը «ամենահեշտ» տարբերակն է, այն առումով, որ կարգավորման բոլոր տարբերակները մինչ այժմ ոչ թե լուծման էին տանում, այլ նորանոր լարվածությունների ու պատերազմների»,- գրում է հեղինակը։

«ԱՄՆ-ում և Եվրոպայում պատերազմին զուգահեռ գեներացվում էր Արցախի անկախության ճանաչման հարցը: ․․․Ինչպե՞ս կարձագանքեն Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները: Ֆրանսիան ըստ էության նույնպես դնում է Արցախի անկախության հարցը, Ռուսաստանի պաշտոնական շրջանակներում, մասնավորապես Դումայում այդ մասին ընդհանրապես չի խոսվում»: 

Լրագրող, նովելիստ, «The Washington Post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի կարծիքով՝ հրադադարի հաստատման համար բանակցությունները դիվանագետների համար իսկական մղձավանջ են. հարձակվողները ցանկանում են ձեռք բերել առավելություն, պաշտպանվողները՝ չեն ուզում զենքի սպառնալիքով զիջումների գնալ: 

Դեյվիդ Իգնատիուսը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի համար կայուն երկարաժամկետ արդյունքը կարող է լինել ինքնավար կարգավիճակի ստացումը: «Բայց վերջնական կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց շատ հեռու է, քանի դեռ զենքերը կրակում են»,- գրել է նա:

Ամերիկյան միջնորդությամբ ձեռքբերված մարդասիրական հրադադարի չպահպանման մասին հրապարակումներում լրատվամիջոցներն անդրադառնում էին հատկապես Դոնալդ Թրամփի քաղաքական վարկանիշին և խոսքի կշռին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահական ընտրությունները։ Այնպես էր ներկայացվում, որ եթե Ադրբեջանը չլսեց ԱՄՆ-ին, ապա դա ուղիղ հարված է անձամբ Թրամփին, վերջինիս ադմինիստրացիային և հեղինակությանը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *