Նոյեմբերի 9-ին, երբ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում հայտարարեց, որ Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, լուր հրապարակեցինք այդ մասին (լրացուցիչ ճշտելով հենց իր՝ Պողոսյանի հետ՝ նշելու, որ նրա էջը կոտրված չէ)։
Անմիջապես սկսվեցին դավաճանության մեղադրանքներ և հայհոյանքների տարափ ՍիվիլՆեթի հասցեին։
Քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Մենք գիտեինք, որ Շուշին հայկական ուժերի վերահսկողությունից դուրս էր արդեն մի քանի օր։ Եվ զարմանալու ոչինչ չկար, երբ Պողոսյանը հայտարարեց այդ մասին։
Զարմանալին, սակայն, վարչապետի հայտարարությունն էր, թե մարտերը շարունակվում են: Դա ասաց այն ժամանակ, երբ մի քանի ժամ անց հայտարարելու էր հրադադարի տխրահռչակ համաձայնագրի մասին, իսկ ռուս խաղաղապահներն արդեն ճանապարհ էին ընկել դեպի Արցախ՝ բնականաբար ոչ առանց վարչապետի գիտության և համաձայնության։ Երևի հիշում եք՝ նոյեմբերի 9-ին Երասխի մոտ Նախիջևանի կողմից խփվեց ռուսական ուղղաթիռ, որն ուղեկցում էր խաղաղապահների շարասյանը։
Իրականությունն ընկալելու հանրության դժկամությունը պատահական չէր։ Պատերազմի ամբողջ ընթացքում լրատվամիջոցներին ցուցում էին հաղորդել պաշտոնականը և միայն պաշտոնականը։ Քառասունչորս օր շարունակ հայկական լրատվադաշտն աշխատում էր ռազմական դրության սահմանափակումների ու ինքնագրաքննության ներքո՝ իբր «մի՛ վնասիր» սկզբունքով։
«Զգետնեցինք», «թշնամին ետ է շպրտվել ելման դիրքեր», «թեժ մարտեր», «ծանր մարտեր», «մարտավարական նահանջ» ու բազմաթիվ այլ՝ առօրյայի մաս դարձած բառերն ու արտահայտությունները Ֆեյսբուքում և այլուր ուղեկցվում էին #հաղթելուենք, #գյոռբագյոռ ու այլ հեշթեգերով հազարավոր գրառումներով։ Դրանք բթացնում էին հանրության՝ իրականությունը ճիշտ ընկալելու առանց այն էլ բութ զգացումը։
Նոյեմբերի 2-ին մեր լրագրող Թաթուլ Հակոբյանը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղից հաղորդեց, որ պատերազմը մոտեցել է Սյունիքի սահմաններին։ Մտածող մարդու համար որևէ սենսացիոն բացահայտում դրանում չկար։ Արդեն մի քանի օր շարունակ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկոյան հեռուստաեթերում հրապարակում էր քարտեզներ, որոնցում պարզ երևում էր՝ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մեծ մասն արդեն անցել էր ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այսինքն՝ հենց մեր պաշտպանության նախարարությունը փաստել էր, որ պատերազմը մոտեցել է Սյունիքի սահմաններին։
Մենք գիտեինք, որ Դավիթ Բեկ գյուղում ադրբեջանական հրետակոծությունից արդեն քաղաքացիական անձ էր զոհվել։ Բայցևայնպես սոցցանցերում բնակվող «պրոֆեսիոնալ հայրենասերները» վրա տվեցին, թե՝ «էս ի՞նչ եք գրում, այ դավաճաններ», «վե՛րջ, մենք ձեզ unfollow ենք անում» և այլն։ Բայց զարմանալին ու ցավալին դա չէր, այլ այն, որ կիսապաշտոնական խողովակներով էին մեզ ասում, թե՝ «այս ի՞նչ եք անում», «ինչո՞ւ եք նման բաներ հաղորդում»։
Ռազմական դրության սահմանափակման պայմաններում սրանք ընդամենը դրվագներ էին, թե ինչպես էր թաքցվում ակնհայտ ճշմարտությունը։
Իրականում, պատերազմի հենց սկզբից պաշտոնական տեղեկատվությունը և Արցախում աշխատող մեր լրագրողների, տեղում քաղաքացիական ու զինվորական մեր զրուցակիցների, ընկերների ու բարեկամների տեղեկատվությունը 180 աստիճանով հակադիր էին իրար։ Այդ հակադրությունը առավել տեսանելի էր Արցախի մեր թղթակից Անժելիկա Զաքարյանի՝ ստեփանակերտյան նկուղից ներկայացվող օրագրերում։ Զոհերի, ռազմաճակատում վատթարացող իրավիճակի, տարածքային կորուստների տեղեկություններին զուգահեռ ամեն օր հանրությանը հրամցվում էր, թե հաղթելու ենք։
Չնայած ռազմական դրության սահմանափակումներին, տուգանվելու մտավախությանը և լսարանի պաթոսախառն պոռթկումներին ու հանդիմանությանը՝ այնուամենայնիվ մենք զգուշավոր ներկայացնում էինք իրականությունը՝ փորձելով մարդկանց ու, որքան էլ զարմանալի է, քաղաքական այրերին դրդել ճիշտ գնահատել իրավիճակը և օր առաջ կանգնեցնել պատերազմը։ Ընդ որում, ինչպես հետագայում հասկացանք, նման հնարավորություն պատերազմի ընթացքում առնվազն մի քանի անգամ եղել է։
Վերադառնալով նոյեմբերի 9-ի համաձայնագրին, որը հանրության համար այդքան անակնկալ էր, կուզեի հարցադրումներ անել․
– արդյոք ավելի շատ կյանք (և տարածք) չէի՞նք խնայի, եթե պետությունը զգուշավոր, բայց ճիշտ տեղեկատվություն մատուցեր մարդկանց ու պատրաստեր իրականությանը,
– արդյոք ավելի շատ կյանք չէի՞նք խնայի, եթե լրատվամիջոցները կարողանային ավելի անկաշկանդ հաղորդել իրականությունը։
Հասկանալի է, որ պատերազմի ժամանակ լրագրողները, հատկապես նրանք, ովքեր հակամարտող երկրի քաղաքացի են, ավելի զգուշավոր են աշխատում՝ իրենց տրամադրած տեղեկություններով առնվազն վտանգի տակ չդնելու սեփական հայրենակիցներին ու պետությանը։
Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ լրագրողների անկաշկանդ և պատասխանատու աշխատանքը շատ ավելի մեծ վնասներից ու ողբերգությունից կփրկեր մարդկանց ու երկիրը։ Հատկապես այն պարագայում, երբ պետության բարձրագույն ղեկավարությունը բացարձակ անպատասխանատու և ոչ կոմպետենտ էր։
Ի վերջո մարդիկ ամենամեծ տրավման ստացան պաշտոնական անբարոյական քարոզչությունից։
Կարեն Հարությունյան, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: