2020.12.11,

Խաչմերուկ

Երկրորդ հրադադար, որը տևեց 4 րոպե

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հոկտեմբերի երկրորդ կեսին Արցախյան պատերազմն ու հետագա զարգացումները շարունակում էին մնալ հայաստանյան լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաները։ 

Media.am-ն արդեն անդրադարձել է պատերազմի առաջին տասնօրյակին, այնուհետև Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված առաջին հրադադարին։ Այս անգամ էլ կանդրադառնանք երկրորդ հումանիտար հրադադարին, որը նախաձեռնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան։ 

Հոկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից մարդասիրական հրադադար է հաստատվում։ Եթե առաջին հրադադարը տևեց 5 րոպե, այս մեկի տևողությունն ավելի կարճ էր՝ 4 րոպե։ 

Արցախի պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ հյուսիսային ուղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածներում թշնամական ուժերը կիրառել են հրթիռահրետանային հարվածներ, իսկ առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո հարավային ուղղությամբ անցել հարձակման:

Այդ մասին իր հայտարարությունում նշել է նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ավելացնելով. «Հերթական անգամ Ադրբեջանը և Թուրքիան ցուցադրել են, որ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունները և, ընդհանուր առմամբ, բանակցությունները շարունակում են դիտարկել բացառապես հակամարտության ռազմական լուծման համատեքստում»։ 

Իսկ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ ընդգծվել է, որ «հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»։

Լուրերի թողարկման ընթացքում «5-րդ ալիքի» հաղորդավարն ասում է, որ Ադրբեջանը փորձում է վերցնել կամ շարքից հանել Արաքսի հովտում գտնվող Խուդաֆերինի ջրամբարը, որը, ըստ իրանագետների, «այնքան կարևոր է Իրանի համար, որ բացառված չէ դրա պատճառով Թեհրանը ուղիղ առճակատման գնա Անկարայի հետ կամ գուցե պարզապես զենք վաճառի Հայաստանին»։  

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ հրադադարը պայմանական բնույթի է, պատահական չէ, որ դրան կցվում է հումանիտար կամ մարդասիրական ածականը. «Չեմ կարծում, թե Ադրբեջանը պահելու է որևէ հրադադար։ Ադրբեջանը շարունակելու է ցեղասպանական ագրեսիվ պատերազմը Հայաստանի դեմ։ Իրական և ինչ-որ իմաստով տեղական 1-2 օր տևելիք հրադադարներ մենք կունենանք այն ժամանակ, երբ Ադրբեջանը վերջնականապես սպառվի ու սկսկի նահանջել ողջ ճակատով։ Բայց առհասարակ վերջնական կամ տարիներ տևելիք հրադադարի մասին հնարավոր կլինի խոսել ոչ միայն ներկա նախապատերազմական շփման գիծը վերականգնելու շնորհիվ, այլ Ադրբեջանին լուրջ տարածքային կորուստներ պատճառելուց հետո միայն, այլապես մենք այդ արյունալի շրջապտույտի մեջ ենք լինելու»։

Հրադադարը, ըստ Lragir.am-ի չստորագրված՝ անանուն հոդվածագրի, Բաքվին պարտադրվել է․ «Բանն այն է, որ Բաքուն պատերազմը կանգնեցնելու պատճառ չուներ թե իր հռչակած նպատակների, թե Թուրքիայի քաղաքականության պատճառով։ Զուր չէ, որ Բաքվի ԱԳՆ խոսնակը թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ զինադադարը չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում։ Իր հերթին, Թուրքիան ձգտում է մասնակցել կարգավորմանն այս կամ այն ձևաչափով, և համենայն դեպս մոսկովյան փաստաթղթում դա մերժվել է։ Արդյոք Թուրքիային «համոզել» են Մինսկի խմբի ձևաչափը լրացնող Թուրքիա-Իրան-Ռուսաստան նախաձեռնությամբ, որի մասին հայտարարել էր Իրանի ԱԳ նախարարը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Բաքվին էլ՝ Լավրովի պլանով»։

Կայքի լրագրող Հակոբ Բադալյանի հոդվածում նշվում է՝ արդեն երկրորդ անգամ հայտարարված հրադադարի չպահպանման պատճառը Ադրբեջան չէ, այլ այն, որ դա թույլ չի տալիս Թուրքիան, ինչը, ըստ հեղինակի, ևս խոսում է Ադրբեջան պետության փլուզման մասին։ 

Հրադադարի մասին հարցը՝ ՄԱԿ-ում

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտության հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ «Հայկական ժամանակը» հրապարակել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի մեկնաբանությունը լրագրողներին։ 

«Այժմ անհրաժեշտ է կիրառել զինադադարը, սա ամենահրատապ խնդիրն է, քանի որ համաձայնություն է ձեռք բերվել, բայց այն չի հարգվել»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմնական հարցը մնում է, թե ինչպես ապահովել դրա իրականացման վերահսկողությունը:

Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ ՄԱԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելու համար «Անվտանգության խորհրդի կողմից հատուկ մանդատ կպահանջվի, որովհետև դա արագ գործընթաց չէ»: 

Գերիների, պահվող անձանց ու դիերի դուրսբերումը հնարավոր չդարձավ

Մարտադաշտից դիերի և վիրավորների դուրսբերման նպատակով երկու անգամ հայտարարված հումանիտար հրադադարի խախտումներն առաջ քաշեցին որոշ խնդիրներ, որոնք արձագանք ստացան հայաստանյան լրատվամիջոցներում։

«Կարծիքներ կան, որ Ադրբեջանի նախագահ Ալիևին ձեռնտու չէ տարհանել յուրայինների դիերը, քանի որ մեծաքանակ կորուստների համար պիտի պատասխան տա սեփական ժողովրդին, ինչը չի կարող, դրա համար էլ խոչընդոտում է մարդասիրական աշխատանքների հնարավորության ստեղծմանը»,- գրում էր «Հայկական ժամանակը», որը թեմայի շուրջ խոսել է Կարմիր Խաչի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հետ։ 

Նա ասում է, որ պատրաստ են կատարել մարդասիրական հանձնարարականը, սակայն «միակ հանգամանքն այն է, որ ներգրավված կողմերը պետք է պահպանեն հրադադարը, որպեսզի մեր թիմերի և, եթե խոսք լինի վիրավոր զինվորների դուրս բերման մասին, նաև նրանց համար, ապահով և անվտանգ լինի գործողությունը՝ սկզբից մինչև ավարտը»: 

Թեմային անդրադարձել է նաև «5-րդ ալիքը»․ «Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան արդեն չի ճանաչում սահմաններ ու վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանի օմբուդսմենը հայտարարել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոտքի տակ տվող Բաքուն ու Անկարան 22 օր չեն թույլատրում մարտադաշտից դուրս բերել զոհերի ու վիրավորների մարմինները։ Դրա հետևանքը կարող է համաճարակը լինել»։ 

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ադրբեջանը, կրկին խախտելով մարդասիրական զինադադարի պայմանավորվածությունը, վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները: «Որևէ արձագա՞նք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի այս նոր խախտման վերաբերյալ: Կարծես այս երկիրը թքած ունի մարդկային կյանքերի և զինծառայողների մարմինների վրա»,- նշել է Բեգլարյանը սոցիալական ցանցում՝ կիրառված հեշթեգերով կոչ անելով չլինել կույր, ճանաչել Արցախի անկախությունը:

Հրադադար միջնորդելու հերթը ԱՄՆ-ինն է

Կարճատև երկրորդ մարդասիրական հրադադարից հետո լրատվամիջոցները գրում էին արդեն երրորդ փորձի՝ այս անգամ էլ համանախագահող մյուս երկրի՝ ԱՄՆ-ի նախաձեռնության մասին։ 

«Բաքուն չլսեց Լավրովին ու Շոյգուին, կլսի՞ Պոմպեոյին» վերնագրով հոդվածում հեղինակը հարց է բարձրացնում․ «Կլսե՞ն Պոմպեոյին, որը հոկտեմբերի 12-ից որոշակի աշխուժություն է ցուցաբերում պատերազմի վերաբերյալ հայտարարություններում, Թուրքիայի մասնակցության մասին է խոսել, հայտարարել, որ կոչ են անում չանել դա և հույս հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանական գրոհներից, մինչ հետո կողմերը կնստեն բանակցության»:

«Հետք»-ն էլ իր հերթին հրապարակել է «Ֆուլբրայթ» ծրագրի միջազգային կրթաթոշակառուներից նամակը՝ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին, որում կոչ են անում ԱՄՆ կառավարությանը՝ և՛ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի, և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղության իրավունքի իրացումը` ձեռնարկելով անհապաղ քայլեր հրադադարի համաձայնագրի կատարումը վերահսկելու համար՝  ներդնելով միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ և այլն։

168.am-ն էլ, հղում անելով «Ամերիկայի ձայն»-ին, նշել է, որ նախատեսվում են ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Քննարկման հիմնական առարկան է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:

Միջազգային ԶԼՄ-ների արձագանքները

Լրատվամիջոցներն ակտիվորեն հրապարակել են նաև Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտումների մասին միջազգային ԶԼՄ-ներում տեղ գտած արձագանքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակավոր BBC-ն մասնավորապես գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու մեջ՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին:

AlJazeera-ն, հղում կատարելով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին, գրել է, որ Ադրբեջանը կրկին հրետանային և հրթիռային կրակ է վարել: Լրատվամիջոցը նկատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ է մեղադրել հայկական կողմին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ:

France 24-ը ևս տեղեկացրել է՝ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են. Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին զինադադարը խախտելու մեջ:

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին գրել են նաև ռուսաստանյան հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցները: Այդ մասին հրապարակել են նաև «Իրավունք» թերթը, 1in.am-ը, Լրագիրը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *