2020.12.09,

Խաչմերուկ

Լինել հայ և գրել պատերազմի մասին օտար լսարանի համար

Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ հաճախ էր ծագում հարց, թե ինչու՞ է միջազգային մեդիան արձագանքում դանդաղ կամ մասնակիորեն: Մեզ թվում էր, որ այն, ինչ հետաքրքիր է հայկական լսարանին, պիտի հետաքրքրի նաև միջազգային լսարանին:

Բարդ է բացատրել, թե ինչու պետք է այլ երկրներում ապրող մարդիկ  հետաքրքրվեն իրենց պետության սահմաններից շատ հեռու մի պատերազմով, այն էլ մի տարածքի համար, որը չկա շատ քարտեզներում և որի անունն անգամ արտաբերել չեն կարողանում։ 

Պետք է համոզել, որ թեման հետաքրքիր է և կարևոր:

Համոզելը սկսվում է հենց խմբագրությունից։ Միջազգային լրագրողների ավելի ակտիվ հոսքը Հայաստան և Արցախ սկսվեց, երբ պարզ դարձավ, որ պատերազմը երկարատև է լինելու։ 

Միջազգային մեդիան պատերազմի ընթացքում շատ էր քննադատվում «both sides blame each other»՝ «կողմերը մեղադրում են միմյանց» մոտեցման համար։ Քննադատությունը, հաճախ իրոք տեղին էր։ Միջազգային խոշոր լրատվամիջոցներ տարածաշրջանի դեպքերը լուսաբանում են պատերազմից պատերազմ, հեղափոխությունից հեղափոխություն։ Իրենց լսարանի մի կամ մեծ մասը չգիտի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի տեղը։ Այդ պատճառով պատերազմը հաճախ լուսաբանվում էր  ռուս-թուրքական կամ հետխորհրդային երկրների համատեքստում։

Եվրասիանեթը, որտեղ աշխատում եմ, Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ակտիվ լուսաբանող եզակի ամերիկյան լրատվամիջոցներից է: Գլխավոր խմբագրին առանձնապես համոզել պետք չէ: 

Դեռ սեպտեմբերի 24-ին խմբագրի հետ քննարկում էինք, որ հնարավոր է իրավիճակը լրջանա՝ հետևելով դրան նախորդող ամիսներին, և հատկապես սեպտեմբերին Ադրբեջանից ու Թուրքիայից ստացվող լուրերին, կարելի էր ենթադրել, որ պատերազմ լինելու է։ 

Նա առաջարկեց, որ ավելի կենտրոնանանք ռազմական թեմաների վրա, բայց մինչ պատերազմը հասցրինք միայն մեկ նման հոդված գրել։ 

Ինչպե՞ս է միջազգային լրատվամիջոցը հաստատում թեմաները 

Եվրասիանեթի լսարանը մեծամասամբ օտարազգի է։ Սա նշանակում է՝ ամեն անգամ պետք է պատմել, թե ինչ է Ղարաբաղը։ Բերձորի (Լաչինի) մասին պետք է առանձին հոդված գրել, բացատրել, թե ինչու է այն կարևոր։ Մի այդպիսի հոդված ես գրեցի, երբ Գյանջայի օդանավակայանին հարվածելու հաջորդ առավոտյան լրագրողների խմբով հայտնվեցինք թիրախավորված Լաչինի ճանապարհին։

«Սպասեք, կամուրջը սարքենք, անցեք»,- ասաց զինվորականներից մեկը։ Անցանք և հասանք այն հատվածը, որտեղ կար առանց մեքենաների տեղահանման սպասող բազմություն, որը սպասում էր Հայաստանից կամավոր սկզբունքով եկած մարդկանց, որ տեղափոխեն իրենց առավել ապահով վայրեր՝ Հայաստան։ 

Հետդարձի ճանապարհին լրագրողներով ընկանք ռմբակոծության տակ, բարեբախտաբար, մի 150-200 մետր հեռավորություն ունեցանք արկերից։

Կատարվածից ցնցված, շոկից դեռ դուրս չեկած գրեցի խմբագրին, որ պետք է նյութ գրել սրա մասին։ Խնդրեց հիմնավորել, թե ինչպես եմ նյութը պատկերացնում, ասաց նաև, որ մեկ անգամ «dispatch»՝ առաջին դեմքով նյութ տվել եմ, էլ չի ուզում. պետք է փորձել գրել Լաչինի մասին հոդված։ Մտածեցի, թե ինչպես ներկայացնեմ նյութը, որ այն հաստատվի։ Ասացի, որ Լաչինն այս պահին միակ ճանապարհն է Արցախն ու Հայաստանը կապող, որ այս պահին բաց է (հոկտեբերի 6-ի դրությամբ)։ Տեղահանման տեսանկյունից, եթե Լաչինն անվտանգ չէ, ապա տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված մնալու են Արցախում առանց ելքի հնարավորության, իսկ մյուս ճանապարհներն արդեն փակվել էին։

Միջազգային լսարանի համար կարևոր է, որ Հայաստան-Արցախ միակ բաց մնացած ճանապարհն անվտանգ չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ կարող են շրջափակման մեջ մնալ, ինչը հումանիտար աղետ է։ 

Ինչպե՞ս է պահվում բալանսը հակամարտությունների ժամանակ

Եվրասիանեթում աշխատում են թե՛ տեղացի (տարածաշրջանը ներկայացնող), թե՛ օտարերկրյա լրագրողներ։ Այս հակամարտության ժամանակ էլ լուսաբանում էինք երկու կողմից՝ օգտագործելով ամբողջ ռեսուրսը, ներգրավելով նաև ֆրիլանսերներին ու փորձագետներին։ 

Հավասարաշռությունը կարևոր է, բայց այն չպետք է լինի կեղծ. եթե կան համեմատականներ, ապա դրանք պետք է անցկացվեն, եթե ոչ, ուրեմն կարիք չկա դրանք խցկել հոդվածի մեջ։ 

Անի Մեջլումյանը Բերձորում։ 2020թ․

Տավուշյան բախումների ժամանակ իմ առաջարկով մի քանի համատեղ հրապարակումներ ունեցանք ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ պատմելով, թե, օրինակ, հանրային տրամադրությունները, պետական քարոզչությունը, ընկալումները որքան հայելանման են։ 2020-ի պատերազմի ժամանակ ընդամենը երկու համատեղ աշխատանք ունեցանք. առաջինը՝ զորահավաքի մասին, որտեղ իրավիճակը նման էր, երկրորդը՝ ռազմագերիների և անհայտ կորածների, որտեղ ևս պատկերը հայելանման է։ Մնացած բոլոր հոդվածները գրվել են առանձին, քանի որ զուգահեռներ անցկացնել հնարավոր չէր։ 

Հրապարակումները չեն համաձայնեցվել մյուս կողմի լրագրողների հետ։ Տպավորություն կա, որ եթե հակամարտող կողմերից մեկի ազգի ներկայացուցիչ ես, ուրեմն չես կարող գրել կամ թույլ տալ, որ քո լրատվամիջոցը գրի բացասական ընկալվող, ոչ շահեկան որևէ բան։ 

Ինքս մասնակցել եմ նաև այլ լրագրողների հոդվածների պատրաստման աշխատանքներին։ Միասին փաստեր ենք ստուգել կամ ավելացրել ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա։ Կարծիքներ ենք հայտնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, բայց գրաքննություն չի եղել։ 

Մարտեր չեն ընթացել նաև տեղանունների համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միշտ խնդիրներ են առաջանում տեղանունների և ձևակերպումների հետ։ Օգտագործվում են միջազգային պրակտիկայում առավել կիրառելի բառերը, բայց, միևնույն է, երկու կողմից էլ դժգհում են։ Կա՛մ «ադրբեջանական խավիարակեր» ենք, կա՛մ «հայկական պրոպագանդայի մեքենա»։ 

Միգուցե ճիշտ են նրանք, ովքեր ասում են՝  եթե երկու կողմն էլ դժգոհ են, ուրեմն մի բան ճիշտ ենք անում։

Գրել օտարազգի լսարանի համար

Գրել օտարազգի լսարանի համար նշանակում է լինել սառնասիրտ, անգամ երբ մի հարազատներդ են վտանգի տակ։ 

Դու հոգեհանգիստների ու հուղարկավորությունների «արանքում ես», երբ մահացածների անունները չես կարդում հերթով, այլ սկսում ես տարեթվերից ու դանդաղ հայացքդ տանում ձախ՝ հուսալով, որ ընկերներդ ու հարազատներդ չկան ցուցակում։ 

Ինձ ու ադրբեջանցի գործընկերոջս համար օտարազգի հոգեբան էին վարձել։ Մտածում էի՝ երևի մինչև բացատրեմ՝ ինչն ինչոց է, մի հոգեբանի կարիք էլ ինքը կունենա, կամ ինֆորմացիայի համար ինքը պետք է վճարի։ Այդպես էլ չկապվեցի հոգեբանի հետ։

Սառնասրտությունը կարևոր է, բայց հայրենակցիդ տեսնելով այդ ընկճված վիճակում, նրա հետ խոսելիս՝ մեղավոր ես քեզ զգում։ Մենք՝ լրագրողներս, հասկանում ենք, որ մարդկանց պատմությունները պատմելը շատ կարևոր է և կարող է օգնել տուժածներին, բայց ուզում ես, որ հանկարծ չմտածեն, թե «իրենց հաշվին գումար ես աշխատում»։ Ինչ-որ պահի ուղեղդ ուղղակի անջատում ես։ 

Բարդությունները նաև տեխնիկական են։ Հայաստանում, թվում է, լրագրողները շատ են, բայց պրոֆիլային մասնագետներ քիչ կան։ Ավելի քիչ են ռազմական լրագրողները։ 

Մեկ օրում բոլորս դարձանք ռազմական լրագրող՝ չունենալով գրեթե որևէ հմտություն։ 

Սաղավարտս գործընկերս բերեց Թուրքիայից. վերցրել էր «Գարդիան»-ի լրագրողից, իսկ այն ամրացնելու ձևը փորձեցինք գտնել միասին քննարկելով: Արդյունքում, մի կերպ ամրացրեցինք։ 

Պատերազմական շատ երկներում մեդիայի դերը միանշանակ ընկալում չունի։ Հայաստանում մամուլը դիտարկվում է որպես մեդիա պատերազմի գործիք, իսկ հայ լրագրողը միջազգային մեդիայում որպես Հայաստանի ներկայացուցիչ։ 

Պատերազմող կողմերի ժողովուրդներն այդ օրերին օբյեկտիվ հոդվածներ չեն ուզում կարդալ։ Առաջին իսկ օրվանից հասկացա, որ կամ հեղինակությունս է որպես լրագրող զիջելու, կամ էլ հանրային պարսավանքն է ինձ սպասում։

Որպես հայ ինձ ավելի հեշտ էր աշխատելը, քանի որ լուռ վստահություն կար, որ չեմ գրի «հակահայկական» մի բան։ «Հակահայկական» կարող էր ընկալվել պաշտոնական նույնիսկ ամենաանհեթեթ լուրից զատ ամեն բան։ 

Նույնիսկ մի դեպք եղավ, երբ ԱԺ իշխանական թիմի պատգամավորը հրապարակավ հայտարարեց, որ զանգել է ԱԳՆ չեղարկելու մեր արտոնագրերը՝ համաձայնելով մի օգտատիրոջ խոսքի հետ, թե խուճապ ենք տարածում։ Պատճառը մեր հրապարակումն էր Ստեփանակերտի քաոսային վիճակի մասին նոյեմբերի 6-ի դրությամբ։ Ճշմարտությունն էլ որակվել էր «խուճապ» տարածել։ 

Խնդիրներ կան նաև օտարազգի լսարանի հետ։ Մասնագիտական տեսանկյունից որքան էլ հավաստի, հիմնավորված ու անկողմնակալ լինի հոդվածը, միևնույն է հեղինակի անուն ազգանունն իրենն անում է։

Հ.Գ. Պատերազմից մեկ-երկու շաբաթ հետո Հայաստանից ճանապարհեցի բրիտանացի լրագրող գործընկերոջս։ Նրանցից շատերը գնացել են կամ մոտ օրերս կգնան, բայց մենք՝ տեղացի լրագրողներս, մնում ենք լուսաբանելու դեռ գալիք իրադարձությունները, որոնք պակաս կարևոր չեն, բայց որոնց կարևորությունը դեռ պետք է միջազգային հանրությանը բացատրել։ 

Անի Մեջլումյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *