2020.11.19,

Խաչմերուկ

Արցախում պատերազմի առաջին տասնօրյակի ամենաքննարկվող թեմաները

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսված պատերազմը, որն իր ինտենսիվությամբ ու ծավալով նման չէ ո՛չ 1991-94թթ․, ո՛չ էլ 2016թ․ Ապրիլյան պատերազմներին, շարունակվում է մինչ օրս. պատերազմը երկու ուղղությամբ է՝ ռազմաճակատում և տեղեկատվական դաշտում։ 

Առաջին օրը վաղ առավոտյան, երբ հայտարարվեց, որ ժամը 7։10-ից ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով նաև օդային և հրթիռային հարձակում, բոլորը շտապեցին հնարավորինս շուտ հասնել Արցախ ու իրենց ներդրումն ունենալ պաշտպանության մեջ։ 

Արցախ շտապեցին նաև հայաստանյան ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։ 

Հայաստանյան լրատվամիջոցները, որոնք արդեն սովորել են նաև պարբերաբար աշխատել պատերազմական իրավիճակում և արտակարգ ռեժիմով, սկսեցին վերափոխել ու խմբագրումներ անել իրենց աշխատաոճում։ 

Նույն օրը կեսօրից հետո դեպքի վայրում արդեն կային հայաստանյան լրատվամիջոցների  թղթակիցներ, որոնք ներկայացնում էին հրթիռակոծության հետևանքները, լուսաբանում Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցող ասուլիսները, փորձում ռեպորտաժներ պատրաստել մարտական դիրքերից։ 

Դեպքի վայրում աշխատող լրագրողները, որոնց մի մասը առաջին օրերին առանց պաշտպանական միջոցների էր աշխատում ու հաճախ թիրախավորվում հակառակորդի կողմից, բավականին ակտիվորեն էին լուսաբանում իրադարձությունները։

Լրատվամիջոցներից որոշները նաև սկսեցին մտածել դրսին իրավիճակը հնարավորինս ճիշտ ներկայացնելու մասին․ հարցազրույցներ, հատուկ թողարկումներ էին անում նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։ 

Պատերազմի առաջին տասնօրյակ

Պատերազմի առաջին օրերին արդեն կային հայտարարություններ, որ հարձակումն այնքան էլ անսպասելի չէր հայկական կողմի համար․ Տավուշում հուլիսյան դեպքերին հաջորդած թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու հետագա զարգացումները հուշում էին, որ ինչ-որ բան է նախապատրաստվում։ Փորձագետները պարբերաբար խոսում էին այդ մասին։ 

Հետաքրքրական զարգացումներ տեղի ունեցան նաև մեդիայում․ հակառակորդը դարձավ թշնամի (նաև պաշտոնական մակարդակում), բանակին ու զինվորին արժևորող նյութերը շատացան, հերոսների մասին պատմությունները՝ նույնպես։ 

Իսկ ամենակարևորը թերևս եղավ այն, որ հայ-ադրբեջանական հակասությունները վերափոխվեցին հայ-թուրքականի։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ լրատվամիջոցները, այդ թվում՝ արտասահմանյան, սկսեցին խոսել Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող վարձկանների մասին։ Դրանց մասին հետո նաև ապացույցներ ներկայացվեցին հայկական կողմից։

Այդ և Թուրքիայի կողմից իր մասնակցության բացահայտ հայտարարումը կոնֆլիկտը վերափոխեցին. այն դարձավ հայերի ու թուրք-ադրբեջանական տանդեմի միջև պայքար։ 

Ներկայացնում ենք Արցախում ընթացող պատերազմի առաջին տասը օրերին մեդիայում ամենաշատը քննարկված քաղաքական թեմաները։

Արցախի ճանաչում

Պատերազմի հենց առաջին օրվանից Արցախի ճանաչման անհրաժեշտությունը քաղաքական օրակարգի ու մեդիայի համար կարևոր թեմա դարձավ։

Սեպտեմբերի 27-ին 5-րդ ալիքի լրատվական թողարկման ժամանակ հեղինակը նշում է. «Արցախի հարցը մի լուծում ունի՝ աշխարհը ճանաչում է հայկական երկրորդ պետության անկախությունը և հանգցնում կրակը Կովկասում եռացող կաթսայի տակ»։ 

Թեմային հոկտեմբերի 5-ին անդրադարձել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը. «Ի՞նչ լինի ավելի, որ պարզ լինի՝ Արցախի ֆիզիկական գոյության միակ ճանապարհը միջազգային հանրության կողմից օր առաջ նրա անկախության ճանաչումն է: Որքա՞ն արյուն հեղվի՝ դա հասկանալու համար»:

Aysor.am-ը հրապարակեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքը, ով ասում է, որ «մի փոքր դժվար է պատկերացնել, որ ԵԱՀԿ անդամ կամ որևէ այլ երկիր կարող է առաջինը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Առաջինը, բնականաբար, պետք է լինի Հայաստանը»։ 

«Իհարկե, սա չի նշանակում, որ որևէ այլ երկիր առաջինը չի ճանաչի Արցախի անկախությունը: Միգուցե, Հայաստանի համար ցանկալի կլիներ, որ մի քանի երկիր ճանաչեր ԼՂՀ անկախությունը, հետո այդ փաստն օգտագործվեր բանակցային գործընթացում: Բայց մենք տեսնում ենք, որ նման գործընթաց դեռևս չկա», – ասաց քաղտեխնոլոգը:

Խաղաղապահ զորքերի տեղակայում

5-րդ ալիքի եթերում դեռևս սեպտեմբերի 29-ին այդ թեմայով խոսել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ նշելով, որ Ռուսաստանի գործուն մասնակցությունը կարող է հանգեցնել ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման։ 

«Ի վերջո կհաստատվի ժողովուրդների անհամատեղելիության սկզբունքը, որ Արցախը և Ադրբեջանը այլևս անհամատեղելի են։ Նրանց համատեղելիությունը կհանգեցնի մեկի էթնոցիդի։ Եթե խաղաղապահները մուտք գործեն, կհաստատվի այն փաստը, որ Արցախը այլևս չի լինի Ադրբեջանի կազմում և կփոխվի ստատուս քվոն։ Խաղաղապահների այլ կոնտինգենտ տարածաշրջանը չի հանդուրժի»։ 

Aysor․am-ում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին ակնարկել է նաև «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը, որի կարծիքով՝ հրադադարի ռեժիմից և զինադադարից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ:

«Իմ կողմից հավելեմ, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը՝ այստեղ հեշտությամբ կարող եք կռահել, որ դրանք ինչ-որ վերացական ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության, երկարատև հակամարտության զարգացմանը», – լրագրողներին ասել է քաղաքական գործիչը:

Անդրադառնալով Միրոնովի հայտարարությանը lragir.am-ի հեղինակ Հակոբ Բադալյանը նշում է, որ խաղաղապահների թեման մշտապես եղել է կարգավորման գործընթացի բովանդակության մեջ։ Բայց, ըստ նրա, պատահական չէ, որ Թուրքիայի հրահրումով Բաքվի սանձազերծած պատերազմում Միրոնովը մեջբերում է թեման: «Ռուսաստանը որոշել է տրամադրություն շոշափել, ու այդ պատճառով էլ դա անում է Միրոնովի միջոցով։ ․․․Խորքային առումով, անկասկած, խաղաղապահները չեն լինելու ռեգիոնալ կայունության երաշխավոր։ Փոխարենը, այդ պարագայում ռուս խաղաղապահները կարող են ծուղակ դառնալ հենց Ռուսաստանի համար՝ դնելով Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու եւ Ռուսաստանը ապամոնտաժելու վերջի սկիզբը»:

Վարձկանների տեղակայում արցախա-ադրբեջանական շփման գոտում

Այս թեմայի մասին լրատվամիջոցները սկսեցին խոսել պատերազմի առաջին իսկ օրերից, այնուհետև ապացույցներ էին ներկայացվում։ 

Վարձկանների մասին առաջին օրերին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ժամանակ․ «Մեր հավաստի տեղեկություններով` ռազմական ինստրուկտորները և բարձրաստիճան զինվորականները այժմ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և տեղ-տեղ, նույնիսկ, ղեկավարում են ռազմական գործողությունները: Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի տարածում վարձկաններ է հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան` Արցախի և Հայաստանի դեմ պատերազմին մասնակցելու համար»:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը, անդրադառնալով թեմային, նշում է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն պաշտոնական մակարդակով փաստել են, որ Արցախի դեմ կռվում են վարձկաններ: 

Վարձկանների թեմայով բացահայտումների շարք էր անում «Արմնյուզի» լրագրող Աբրահամ Գասպարյանը, ով պատերազմի առաջին օրը իր երեկոյան լուրերի ժամանակ նշել էր, որ արաբական սոցցանցերում դեռ հուլիսի 29-ից են նշում, որ Սիրիայում կռված վարձկաններին Թուրքիան հավաքագրում է այս անգամ էլ տանելու Ադրբեջան։ 

«Իմ ձեռքում հայտնվեց տեռորիստական կազմակերպություններից մեկի ղեկավարի հրամանագիրը իր ենթականներին։ Նա ասում էր, թե չպետք է գնալ Ադրբեջան, քանի որ հակասություններ ունեն Թուրքիայի հետ»,-ասում է Աբրահամ Գասպարյանը՝ ներկայացնելով վարձկանների միջև զրույցների ձայնագրությունները։ Նա թարգմանում էր վարձկանների այդ զրույցներում հնչած դժգոհությունները։ 

Հանրային հեռուստատեսությունը սեպտեմբերի 30-ին թեմային անդրադարձել է banak.info-ի տեսանյութով՝ նշելով, որ հայկական զինուժը ոչնչացրել է նաև սիրիական վարձկաններին։ Տեսանյութում ցուցադրվում են գետնին փռած դիակներ՝ դեմքերը փակած։ 

Մեկ այլ նյութում Հանրայինը Ադրբեջան ուղարկված վարձկանների թեմայով հարցազրույց է արել եգիպտացի քաղաքագետ Ամր Էլդեբի հետ, որը նշում է, որ ահաբեկիչների հարցում պարզ է, որ Թուրքիան այստեղ կրկնում է Լիբիայի իր փորձը՝ վարձկաններ ուղարկելով Սիրիայից։ 

Հետքը փորձել է վարձկանների տեղափոխումը ներկայացնել փաստերով՝ հետևելով բաց տվյալներով հասանելի օդանավերի իրականացրած թռիչքներին։ «Քանի որ վարձկանների «արտահանումն» իրականացվում է Թուրքիայի համակարգմամբ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը ռազմատեխնիկական ակտիվ համագործակցության մեջ է մի շարք գործընկերների հետ, այս հոդվածում ուշադրություն կդարձնենք ադրբեջանական եւ թուրքական օդանավերի թռիչքներին, որոնք կատարվում են պատերազմի օրերին»,- գրում է Հետքը:

Lragir.am-ի հեղինակ Նաիրա Հայրումյանը՝ հղում անելով  Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը, նշում է․ «Նարիշկինի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը կարող է հակաահաբեկչական գործողություն իրականացնել Ադրբեջանում, որ թույլ չտա ահաբեկիչներին մտնել իր տարածք։ Երբ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը պնդում է, որ կարող է ներթափանցում լինել, դա նշանակում է որոշակի կանխարգելիչ գործողություններ»։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *