2020.10.26,

Խաչմերուկ

Լրագրության Կովկասյան ճակատում

Քարացած կարծրատիպ կա, թե իբր արևմտյան լրագրությունը բարձրագույն կետն է ու դրանից այն կողմ ոչինչ գոյություն չունի։ Արցախյան երկրորդ պատերազմը բացահայտեց գոնե ինձ համար մի շարք էական հարցերում «Արևմտյան լրագրության» աղքատությունն ու թշվառությունը՝ նրա էթիկական սնանկությունը։

Բրիտանական հայտնի պարբերականներից մեկի ներկայացուցիչները Հայաստան եկան առաջին իսկ օրերի ընթացքում։ Խմբի հետ աշխատող հայազգի fixer-ը (ում անունը և պարբերականի անունը չեմ հրապարակում վերջինիս խնդրանքով), խմբի հետ աշխատանքից հետո ինձ հետ հանդիպման ժամանակ պատմում է հայ մարդու համար անընկալելի ու անընդունելի մի դեպք։

Հայ կամավորները Գորիսի մոտակայքում

Շուշիում Մշակույթի տունը հռթիռակոծման արդյունքում կործանվել էր, իսկ ներսում եղածներից շատերը մահացել։ Զոհերի դիակները դուրս են բերել և զրուցակիցս այդտեղ պատահաբար հանդիպել է ծանոթի, ում հարազատը նույնպես մահացածների թվում է։ Գրկախառնվել են, փորձել իրար սփոփել։ Անգլիացի լրագրողը շտապել է միջամտել ու հասկանալ, թե արդյո՞ք արցունքները աչքերին տղամարդը պատրաստ է հարցազրույց տալ, մեկնաբանել։
«Ստիպված քաշել եմ մի կողմ, փորձում եմ բացատրել [բրիտանացի լրագրողին], որ ամեն ինչ չի, որ տենց արագ ա արվում։ Ի՜նչ բացատրես էտ մարդուն։ Թող մի հատ էտ մարդը հանգստանա, Գև ջան, հասկանում ե՞ս։ Եկել, ինձ գրկել ա [զոհվածի ընկերը], քանի որ հազիվ ծանոթի ա տեսել, ուզում ա մեջի կուտակվածը դուրս հանի․․․»,- խոստովանում է զրուցակիցս։

Դեպի Արցախ գնացող մեքենայում մի քանի արտասահմանյան լրատվականների, այդ թվում և ռուսական պարբերականների լրագրողներ էին։ Ինչպես հատուկ է Ռուսաստանին, որը պատմականորեն ընտրել է միայն իրեն «հատուկ ճանապարհը», այնպես էլ ռուսական լրագրությունը դա ինչ-որ անհասկանալի հիբրիդ է պրոֆեսիոնալ լրագրության և պետական քարոզչամեքենայի։ Նրանք, ովքեր քիչ թե շատ անջատ են գործում պետական քարոզչամեքենայից, ներքին վստահություն ունեն, թե իրենք անկրկնելի են։ Փաստացի, հայկական իրականության համար բևեռային տարբեր մոտեցումներ են։ Օբյեկտիվ իրականության մասին գրելը ռուսական լրագրության համար քաջություն է, Հայաստանում՝ առօրյա։ Իլյա Ազարը (Արցախում պատերազմի մասին նա գրում էր Новая Газета-ի համար) հակասական համբավ ունի Ռուսաստանում, սակայն նրա երկարաշունչ տեքստերը խիստ պահանջված են։ Հայաստանում և Արցախում նա յուրահատուկ հերոսներ էր փնտրում, անկրկնելի հերոսներ ու օրերից մի օր նա այդպիսիններին գտավ։ Նրա ծավալուն տեքստերի հիմնական մեխը հաճախ մարդիկ էին, որոնց մտքերը թյուր պատկերացումների մասին են։ Ինչպես ամեն լրագրող, ինքս գիտեմ մի կանոն՝ եթե ուզում եմ գտնել կամ խոսեցնել որևէ մասնագետի, ապա պետք է գտնեմ այս կամ այն ոլորտի կոմպետենտ ներկայացուցչի։ Ասել է, թե արաբական թերակղզում իրավիճակը պետք է մեկնաբանի կամ այնտեղ ժամանակին աշխատած դիվանագետ, կամ արաբագետ, կամ քաղաքագետ, ով մասնագիտացած է արաբական աշխարհում քաղաքական անցուդարձով։ Իլյա Ազարի մոտ հաճախ տրամաբանությունը այդպիսին չէ։ Վերաշարադրել նրա ծավալուն տեքստերը իմաստ չկա, սակայն նա սեփական աշխատանքի թերությունները այդպես էլ կարծես թե չընդունեց, անգամ ռուս գործընկերների հետ բանավեճերում։ Այդպես էլ չընդունեց, թե ինչու ՀՀ ԱԳՆ-ն նրան զրկեց հավատարմագրից։ Դե իսկ գլխավոր գոհարը նրա արած վերապահում էր զրահաբաճկոնի ու սաղավարտի հարցում։ Թվում է, թե խոսքը անձնական անվտանգության մասին է, սակայն բացատրությունը ավելի քան խոսուն էր․ «Դե ես մտածեցի 2016-ի [խոսքը քառօրյա պատերազմի մասին է] նման թեթև ա լինելու ամեն ինչ, դրա համար ավել բեռ մտածեցի հետս քարշ տալու իմաստ չկա»։

Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վնասված մեքենա

Առհասարակ, հայ լրագրող-ֆոտոլրագրողները հասկանում են՝ ինչ գրես ու ինչ հրապարակես առաջնագծից, քեզ դարձնում ես պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի կունենա հետագայում։ Այդ ընկալումը գրեթե բոլորիս մոտ նստած է։ Կրկնում եմ, գրեթե բոլորի մոտ ու եթե պատահաբար թերացումներ լինում են, դա օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով է պատճառաբանվում։ Արևմտյան աշխարհի լրագրության ներկայացուցիչների համար պատասխանատվության զգացումը մինիմալ է։ Հրահանգվում է թիրախավորված շենքերը կամ տարածքը ամբողջությամբ չնկարել․ դա կարող է բացահայտել, թե արդյոք հրթիռը նպատակին հասել է, թե ոչ։ Արևմտյան աշխարհի լրագրողների համար նման հրահանգը կարծես նշանակում է լրիվ հակառակը․ «Նկարել հենց այդ շենքը, նկարել հենց այնպես, ինչպես խնդրում են չնկարել ու առհասարակ, քանի որ պատերազմ է՝ աշխատել այնպես, ինչպես ուզում ես․․․»։ Տրամաբանությունը մեկն է, եթե խնդրում են չնկարել, ուրեմն ինչ-որ մի հետաքրքիր ու արտառոց կարևորության թեմա այդտեղ կա։ 

Մեզ Արցախ փոխադրող մեքենայում ԱԳՆ-ի աշխատակիցը խնդրում է․

«Գևորգ ջան, իհարկե զգուշացրել եմ, սակայն եթե նկատես, որ ճանապարհին հանդիպող ռազմական մեքենաները նկարում են, ասա թող չնկարեն․․․»

Ադրբեջանական բանակի հրթիռակոծում է Լաչինի Բերձորի ճանապարհը

Օտարերկրյա գործուղումների հայ լրագրողները ևս գնում են, սակայն կարծես պահանջները, որոնք դրվում են հայ լրագրողների առջև դրսում ու օտար լրագրողների առջև, կտրականապես տարբեր են։ Թեժ կետերում աշխատանքը ենթադրում է նաև առանձնահատուկ աշխատանք։ Դա պարզապես ֆոտբոլային հանդիպում ու գագաթնաժողով չէ, ուր գալիս ես հստակ գծված երթուղով, աշխատում հստակ օրակարգով։ Դեռ ավելին, բոլոր թեժ կետերը միմյանցից տարբերվում են նաև այն կողմերով, որոնք հակամարտում են։ Այն, թե ինչպես են խոսում լրագրողի հետ զինվորականները Դոնբասում, տարբերվում է, թե ինչպես կշփվեն օտարազգի լրագրողի հետ Արցախում։

«Զարմանում եմ գիտես, Գևորգ, գրեթե ոչ մի մերժում չեմ ստացել այստեղ աշխատանքի ընթացքում։ Բոլորը համաձայնում են քեզ հետ խոսել ու կիսվել։ Անգամ օգնում են աշխատանքի ընթացքում»,- խոստովանում է BBC-ի աշխատակիցը՝ հավելելով, որ ոչ մի այլ տեղում մերժումների նման աստիճանի պակաս չի տեսել։

Հայ կամավորները մեկնում են Արցախ

Ինչպես յուրքանչյուր շարքային հայ լրագրող, այնպես էլ ես, մասնակցել եմ մի շարք սեմինարների, ներկա եղել արևմտյան լրագրության հայտնի ներկայացուցիչների հետ հանդիպումների ու այժմ ժամանակն է եկել մտորելու մի հարցի շուրջ։ Հնարավոր է՝ արժի Հայաստանում վերապատրաստման սեմինար-դասընթաց սկսել արևմտյան աշխարհի նոր լրագրողների սերնդի համար «Հակամարտության գոտիներում Լրագրողական էթիկայի» թեմայով։

Գևորգ Ղազարյան
 ֆոտոլրագրող, Xinhua


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *