Ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները ապրիլի 21-ից մինչ օրս ամենաքննարկվող թեմաներից են։
Ապրիլի 21-ին, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցությունների սեղանի վրա կարգավորման փուլային տարբերակն է, լրատվամիջոցները հեղեղվեցին թեմային վերաբերող նյութերով։ Հայտարարությունը քննարկվեց նաև մայիս ամսվա ընթացքում։
Թվում էր, թե հունիսին թեման կհանդարտվի, սակայն հունիսի 10-ին Եվրամիություն-Հայաստան գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդին, Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելենա Զովկոն համատեղ հայտարարություն տարածեցին, որում դատապարտում են Հայաստանն Արցախին կապող Կապան-Հադրութ մայրուղու կառուցումը և նշեցին «Լեռնային Ղարաբաղի ապօրինի օկուպացիայի և հակամարտությունն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում կարգավորելու» վերաբերյալ:
Սա լավ առիթ էր թեման թեժ պահելու համար։ Եթե մայիսին քննադատության սլաքներն ուղղված էին Ադրբեջանին ու սեփական իշխանություններին, այս անգամ թիրախը հիմնականում Եվրախորհրդարանի պատգամավորներն էին։
Լավրովի հայտարարությունից ու հետագա զարգացումներից հետո պաշտոնական հռետորաբանությունը փոխվել է․ արդեն ավելի կոշտ հայտարարություններ են հնչում։
Ավելին՝ հունիս ամսվա ընթացքում երկու կարևոր թեզ է առաջ քաշվել․ սկսել են խոսել ոչ միայն Շահումյանի, ինչպես նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մասի վերաբերյալ, այլ նաև պաշտոնական բառապաշարում հայտնվել է «Արցախի տարածքային ամբողջականություն» արտահայտությունը։
Եվրախորհրդարանի պատգամավորներն ու նրանց հասցեին կոշտ մեղադրանքները
Պատգամավորների հայտարարությանը բավականին կոշտ են արձագանքել Արցախից։
News.am-ը հրապարակել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի արձագանքը, որում նա նշում է, որ «հայտարարությունն ամբողջովին կրկնում էր ադրբեջանական քարոզչական թեզերը, ինչը հանգեցնում է հիմնավոր կասկածի, որ այն գրվել է Բաքվում»:
«Միջազգային հանրության անունից ներկայացող գործիչները եթե չեն այցելում Արցախ, եթե աջակցություն չեն ցուցաբերում մեր իրավունքների պաշտպանությանը, եթե չեն սանձում Ադրբեջանի ակնբախ հանցագործություններն ու ագրեսիվությունը, գոնե պետք է լռեն ու ջուր չլցնեն ադրբեջանական հայատյաց ու ռազմաշունչ քարոզչության ու գործողությունների ջրաղացին», -ասում է օմբուդսմանը:
Արցախի ԱԳՆ-ի կայքում տեղ գտած հայտարարության մեջ նշվում է, որ պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Եվրոպական խորհրդարանի կողմից նախկինում ընդունված փաստաթղթերին, այդ թվում նաև՝ Արցախի շրջափակման անթույլատրելիության մասին բանաձևերին:
Հայտարարության մեջ նշվում է, որ «հեղինակներից ոմանք արժանացել են Ադրբեջանի պետական պարգևների», և պատահական չէ, որ նրանց դիրքորոշումը լիովին համընկնում է պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ:
«Եվրախորհրդարանականների հայտարարության կողմնակալ և ոչ օբյեկտիվ բնույթն այնքան ակնհայտ է, որ չի կարող որևէ օգտակար ուղերձ պարունակել և դրական դեր խաղալ «փոխվստահությանը, խաղաղությանը և հաշտեցմանը նպաստող պայմանների ստեղծման» գործում, ինչի մասին նշված խորհրդարանականներն իբրև թե անհանգստանում են»։
News.am-ը հրապարակել է նաև ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի կարծիքը հայտարարության վերաբերյալ։ Նա ասում է՝ «․․․սա Ալիևի և Փաշինյանի հերթական համատեղ ձեռքբերումն է, ինչին նրանք ձեռք ձեռքի տված շարունակում են գնալ»։
«Փաշինյանի և այս կառավարության համար մեկ գործընկերը Ադրբեջանի իշխանություններն ու Ադրբեջանի կառավարությունն են»։
Ըստ նրա՝ «թե՛ Ռոբերտ Քոչարյանի դատավարարությունը, թե՛ Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական գործերը նույնպես ծառայում են միմիայն Ադրբեջանի սցենարով Արցախի հարցը լուծելու նպատակին»։
Նա նաև հիշեցնում է, որ հայտարարություն է տվել հանցագործության մասին՝ Փաշինյանի ողջ գործողությունները բնութագրելով պետական դավաճանություն և ավելացրել, որ դրանց համար պատասխաատու է ողջ կառավարությունը։
Ուր է և ուր էր Եվրախորհրդարանը
Lragir-ի հեղինակ Հակոբ Բադալյանն իր նյութում ասում է, որ եվրոպական ուղղությամբ Ադրբեջանը շատ վաղուց ծավալել է խավիարային հայտնի դիվանագիտությունը, և գործնականում բարդ է պատկերացնել, որ հնարավոր լինի ընդհանրապես բացառել այդօրինակ հայտարարություններ:
Հեղինակը մի քանի հռետորական հարց է հնչեցնում Եվրախորհրդարանի և եվրոպական մյուս կառույցների մասին՝ «Ու՞ր են նրանք, երբ Ադրբեջանի նախագահը և նրա պաշտոնական ամբողջ թիմը, պաշտոնական քարոզչամեքենան, ամենօրյա ռեժիմով հակամարդկային և հակամարդասիրական հռետորաբանություն են տեղում Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ու՞ր էին նրանք, երբ Ադրբեջանը 2016-ի ապրիլին հռետորաբանությունը վերածեց մասշտաբային ագրեսիայի»:
Ըստ նրա՝ որքան ամուր են հայկական պետականությունը, անվտանգության համակարգը, այնքան ամուր է ռեգիոնալ անվտանգությունը, հետևաբար և Եվրոպան: «Դա հասկանալու համար եվրոպացիները կարող են պարզ հայացք գցել Ադրբեջանի «ավագի»՝ Թուրքիայի վարքագծին»,-գրում է հեղինակը:
Կայքի մեկ այլ հեղինակ՝ Նաիրա Հայրումյանն էլ, թեման այլ տեսանկյունից է դիտարկում․ «Ադրբեջանում ամենաշատը վախենում են Արցախի կորստյան անդառնալիությունից, և բանակցություններին Բաքվի մասնակցությունը պայմանավորված է միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ «օկուպացիայի ամրագրում»։ Մինչ այժմ Հայաստանը խաղում էր այդ խաղը, բայց հիմա նոր փուլ է սկսվում»։
Ըստ նրա՝ «Զանգելանով ճանապարհն Ադրբեջանի համար անդառնալիության ևս մեկ ցուցիչ է։ Անշրջելիության զգացողությունը հաստատվեց, երբ Արցախի նախագահի երդմնակալությունը կայացավ ոչ թե Ստեփանակերտում, այլ Շուշիում։ Ադրբեջանում ասում են, որ սփյուռքը, հայկական լոբբին, դաշնակները երբեք թույլ չեն տա, որ Հայաստանն այս անգամ պարտվի»։
«Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող դա ասել սեփական հանրությանը, այդ պատճառով մերկությունը ծածկում է տերևով, երեք խորհրդարանականների հայտարարություններով և այլ բաներով։ Բայց հանրությունն արդեն սպասում է, թե «հայերը երբ կհասնեն Կուրին», որովհետև գիտեն, որ հայերը դրա իրավունքն ունեն»,-գրում է նա։
Lragir-ում հրապարակված առանց ստորագրության մեկ այլ նյութում էլ հեղինակն ասում է, որ «հակահայկական այդ հայտարարությունը պատերազմի կանաչ լույս է վառում Բաքվի վարչակազմի համար: Հնարավոր պատերազմի և երկկողմ զոհերի պատասխանատվությունն այսպիսով ընկնում է նաև Եվրոպական այդ կառույցի վրա»:
«Սրա նախադեպն արդեն կա՝ ապրիլյան պատերազմը: Այն հասունացվեց բազմաթիվ գործոններով, որոնցից մեկը 2016-ի հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևն էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ»:
«Ներկայում Եվրոպական խորհրդարանը փաստացի կրկին լեգիտիմացնում է Բաքվի «պատերազմի իրավունքը» և պատասխանատվություն է կրում դրա համար: Այս հանգամանքը հայկական կողմը պետք է շատ հստակ դնի այդ կառույցի առջև, միևնույն ժամանակ պատասխանատվության կանչելով բանաձևի հեղինակներին»:
1in.am-ի այս նյութում էլ հեղինակը՝ Արամ Ամատունին, գրում է, որ «․․․այդօրինակ հայտարարությունները Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը ըստ էության դարձնում են Ադրբեջանի ցեղասպանամետ քաղաքականության աջակից»:
«Եվրոպացի մեր բարեկամները ադրբեջանական խավիարի հետևում պետք է տեսնեն հենց Եվրոպային հարվածելու ռազմավարական նպատակը, որի հետևում, իհարկե, միայն Ալիևը չէ, ինչ խոսք, նա փոքր է դրա համար: Դրա հետևում նրա ավագն է՝ Էրդողանը»,-գրում է նա։
Շահումյանի հարցը պետք է բանակցությունների թեմա դառնա
Հունիսի 13-ին՝ Շահումյանի անկման օրը, լրատվամիջոցներից շատերը գրեցին թեմայի մասին։
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, որում ասվում է․ «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում իրականացված էթնիկ զտումները և ադրբեջանցիներով այդ տարածքների հաջորդական վերաբնակեցումը այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը ներկայացնում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի լավագույն տարբերակ։ Այս իրողությունը առավել ևս ընդգծում են անվտանգության այն վտանգները, որոնց ենթարկվում է այսօր Արցախի ժողովուրդը։
Խստորեն դատապարտելով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունները մենք աջակցում ենք Շահումյանի, նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածների վերաբերյալ Արցախի իշխանության օրինական պահանջները»։
Երկիր Մեդիան այդ օրը երկու հյուր է ունեցել՝ Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին և մարտերի մասնակից, գնդապետ Կամո Հարությունյանը, ինչպես նաև նրանց հետ զրույցի ժամանակ ցուցադրել այդ օրերի կադրերից։
Հաղորդման ընթացքում հյուրերը խոսել են շահումյանցիների նյութական և մյուս կորուստների մասին։
Ինչպես նշում են հյուրերը՝ իրենց նպատակը նախ հարցի ակտիվ հանրայնացումն է և դրա շուրջ ներհայաստանյան դիսկուրսի ձևավորումը։
«Այնուհետև փորձելու ենք գույքագրել վնասները, որոնք շահումյանցիները կրել են գաղթի ճանապարհին և հետո, և այդ փաստաթղթերը փոխանցել միջազգային կազմակերպություններին։ Մեր նպատակը մեր խնդիրները առաջ տանելն է՝ հույսով, որ պատասխանատուները այդ աշխատանքները չեն անտեսի և հարցը կտանեն բանակցային սեղան,-ասել է հյուրերից մեկը։
Շանթն էլ ներկայացրել է Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդու՝ Զինավոր Մեղրյանի կարծիքը․ «Ես այսօր բարձրացնում եմ շահումյանցիների ու հարակից հայկական շրջանների մեր հայրենակիցների հիմնախնդիրները բարոյական, իրավական ու նաև քաղաքական օրակարգ վերադարձնելու հարցը»։
Lragir-ն էլ արտատպել է նաև Արմենպրեսի նյութը, որը զրույց է ծնունդով շահումյանցի, ազատամարտիկ Կամո Հարությունյանի հետ։
«Երբ Ադրբեջանի իշխանությունները ասում են, որ Արցախը Ադրբեջանի մասն է, մենք չենք ասում, բա մենք ունեինք Հյուսիսային Արցախ, Արծվաշեն, Նախիջևան ․․․ Այդ հարթակը պետք է ստեղծենք, ինչո՞ւ չենք պայքարում մեր կորցրած հողերի համար։ Դրա համար նրանց լեզուն երկարում է և արդեն Սյունիքն են ուզում, Երևանը։ Իհարկե, ախորժակը գալիս է ուտելու ժամանակ։ Սկզբից չենք խոսել Շահումյանի մասին, արդեն Ադրբեջանը խոսում է Սյունիքի մասին, հետո խոսում են Երևանի մասին։ Մեր կողմից նրանք պատասխան չեն ստանում․․․»
Հռետորաբանության կոշտացում
Ոչ վաղ անցյալում, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Ալիևը կառուցողական է, ապա հունիս ամսվա ընթացքում ԱԺ-ում և Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում նա կոշտ հայտարարություններով հանդես եկավ, որոնք հակառակի մասին էին խոսում։
Հանրային հեռուստաընկերության այս ռեպորտաժում ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի կարծիքը ԱԺ-ում, որում նա նշում է․ «Մեր քաղաքականությունը հենված է խաղաղության բովանդակության վրա, իսկ այն քաղաքականությունը, որ շատ երկար ժամանակ վարում է Ադրբեջանը, հենված է ռազմատենչ հայտարարությունների տրամաբանության վրա։ Դրանց հիմնական նպատակը այն է, որ Արցախն ու Հայաստանը ղարաբաղյան հարցի կարգավորման ամբողջ պրոցեսը ընկալեն վախերի պրիզմայով»։
Նա նաև նշել է, որ եթե երկխոսությունը Ադրբեջանի վերնախավի հետ չստացվի, ինքը կարող է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ բաց ու ազատ։
Հիմնախնդրի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս միտքը կրկել է նաև Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։
«Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների համար։ Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունը ընդունելու առաջարկ, չընդունելով այն Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն։ ․․․Բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ և բոլոր պահանջները աստիճանաբար կատարելու Ադրբեջանի ցանկությունը չի իրականանալու»,-ասել է Փաշինյանը՝ շարունակելով, որ խաղաղությունը փոխզիջում է ենթադրում։
Իսկ ուժի կիրառումը անհետևանք չի մնա և դրան մշտապես կտրվի առավել համարժեք պատասխան՝ թե ռազմական, թե քաղաքական հարթությունում։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: