2018.01.30,

Խաչմերուկ

Երբ վախն ինձ այցելեց, ես արդեն փորձառու լրագրող էի

Սպիտակի երկրաշարժն անակնկալի բերեց բոլորին՝ կառավարման մարմիններին, երեխաներին, մանկավարժներին, ինժեներներին, բժիշկներին, լրագրողներին, գյուղացիներին, բոլոր բոլորին խորհրդային անծայրածիր երկրում, մասնավորապես մեզ՝ հայերիս։

Մենք երկրաշարժերի մասին երկու հազար տարվա գրավոր վկայություններ ունեինք, պատմիչների մանրակրկիտ ու ահասարսուռ նկարագրություններ և տեղեկություններ, որ Հայաստանի 12 մայրաքաղաքներն էլ ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են երկրաշարժերից, հայոց եկեղեցիներն ավելի շատ խոնարհվել են երկրաշարժերից, քան՝ թշնամիների ասպատակություններից:

Ես՝ մշեցի Գրե Արշակի թոռ Նիկոլայ Գրիգորյանս, որ արդեն ճանաչված հեռուստառադիո լրագրող էի, ոչ մի պատկերացում չունեի՝ ինչ է երկրաշարժը, ինչ հետևանքներ է ունենում՝ ֆիզիկական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական, բարոյական…

Ինչպես է կառավարվում երկրաշարժերի հետևանքների վերացումը, ինչպես են այն լուսաբանում, ինչ է նշանակում արտակարգ իրավիճակի իրական պատկեր, և ինչպիսին պիտի լինի դրա արտացոլումը տեղեկատվական դաշտում։

Որն է լրատվամիջոցների դերը, ովքեր են փորձագետները, ովքեր են հերոսները, ով է մեղավոր, ով է պատասխանատու, ինչ է նշանակում ապրեցնող լրատվություն, ինչն է կատեգորիկ արգելվում ցուցադրել, ինչն է պարտադիր, կարևոր, անհրաժեշտ, հետաքրքիր ու փնտրված, ինչն է ճիշտ և ինչը սխալ, որոնք են կանոնները, և կան, արդյոք, այդ կանոնները: Չկար այդ տեղեկատվությունը, չկար գիտելիքը, չկար փորձը:

Մենք երկրաշարժի գոտի մտանք անտեղյակ, անգրագետ, ոտաբոբիկ ու սկսեցինք սովորել մեր սխալների վրա՝ աղետի գոտու ահասարսուռ պատկերը իր մանրակրկիտ դետալներով մանրադիտակի տակ բերեցինք եթեր. դիակներ ու մարմնի մասեր, անձայն ոռնացող տղամարդիկ, ողբ ու սուգ կապած կանայք, ձեռքերով հող փորող ու արտասվող երեխաներ, դիակներ, դագաղներ, դիակներ, փլատակներ, դիակներ, եղբայրական գերեզմաններ, գլուխը կամ թևն ու ոտը պոկած տիկնիկներ, մանկական կոշիկ, այսուայնկողմ վազվզող խելակորույս մարդիկ…

Ինքներս անպատրաստ էինք՝ ֆիզիկապես ու հոգեբանորեն, անպաշտպան ու խոցելի: Փորձում էինք գտնել ամենաազդեցիկ ու տպավորիչ կադրերը, ամենաողբերգական պատմությունները, անցկացնում էինք մեր միջով, նույնականացնում մեր անձի, մեր ընտանիքի հետ, արտասվում ու նույնականանում ամեն ողբացողի հետ, կիսում կորստի ցավը, կոտրվում անտանելի վշտից:

Ով էր այդքան դիակ տեսել, եղբայրական գերեզմանոցներ՝ դասարաններով երեխաներ, կուրսերով ուսանողներ, անդագաղ մեռելներ, հազարավոր դագաղներ… Սովետի ժամանակ լրատվություն չկար, կար պրոպագանդա: Իսկ արտակարգ իրավիճակներ պատահում էին միայն կապիտալիստական երկրներում:

Մեզ չէին սովորեցրել մահ ու ավերի լուսաբանումը, չէին նախազգուշացրել տարբեր տեսակի վտանգների մասին, չէին նախապատրաստել հոգեբանորեն, մենք չգիտեինք՝ ինչ սարսափելի հետևանքներ են ունենում, ինչ ավերներ են գործում զոհի ու տուժածի հետ նույնականացումն ու վերապրումը, այն էլ՝ ժամանակային մեծ կտրվածքով:

Ես անձնապես չէի հաշտվում Գրեի ցեղի՝ Արշակի ու իր եղբոր, Գրիգորյան ու Գևորգյան, հարյուրից ավելի հարազատների կորստյան հետ, հիմնականում կանայք ու երեխաներ: Որպես լրագրող, ներքին հոտառությամբ ու անձնական փորձով զգում էի, որ ամենասպասված ու ամենաապրեցնող նյութերը փրկության պատմություններն էին: Մարդկանց համար, այսօր լեզուս դժվար է պտտվում դա արտաբերելը, մեծ ուրախություն էր փլատակներում իրենց հարազատի դին գտնելը:

Ժամանակը կանգ էր առել, զգացմունքները քարացել էին, արցունքները՝ ցամաքել, բանականությունն արգելափակվել էր, ասես դա մեզ չէր վերաբերում, այդ ամենը մեզ հետ չէր կատարվում։ Ամբողջ աշխարհը մեզ օգնելու համար լցվել էր Հայաստան, և այդքան մեծ օգնության պատրաստակամությունն ուժ ու կորով էր տալիս: Մարդիկ մենակ չէին իրենց կորստի, վշտի ու ցավի հետ: Սա էլ տեղեկատվական կարմիր թել էր, որ անընդհատ բերում էինք մամուլ ու եթեր:

Ես ինձ համար որպես տպավորություն չէի առանձնացրել Լենինականի ստադիոնը՝ սավանով ու վերմակով ծածկված դիակներով: Բայց արի ու տես, հենց դա դարձավ այն հավաքական կերպարը, որ երկար ամիսներ գիշերներն ինձ այցի էր գալիս՝ մղձավանջի վերածելով տանջահար քունս: Մահճակալիս տակից մեկը մյուսի հետևից դուրս էին գալիս ծածկոցները գլխներին գցած մարդիկ ու կիսակոր մոտենում էին ինձ:

Արթնանում էի՝ ո՞վ ես, ո՞վ ես, իմ շնչահեղձ գոռոցներից: Էհ, էս աշխարհում ով երազ չի տեսնում, բոլորն էլ մղձավանջներ տեսնում են, հետևիցդ ընկնում են, չես կարողանում փախչել, ուզում ես գոռալ, ձայնդ չի գալիս և այլն: Հազար ու մի երազ ու պատկեր, մղձավանջային ու նույնիսկ հաճելի, բայց վեր էի թռնում մահճակալիս տակից ծածկոցավոր դիակների լուռ երթից ու իմ ձայնից:

Տանը երեք մանկահասակ երեխա, քեզ մղձավանջից հրելով արթնացնող կին ու կողքի սենյակից նույն մտահոգ դեմքի արտահայտությամբ ներս վազող մայր: Ինչ բժիշկ, ինչ հոգեբան: Մայրս մի քսան օր հետո ինչ որ «աչքի բժիշկ» էր բերել՝ աչքով տվածին բուժող, նավս հանող:

Իմ բուռն ընդվզումից հետո մայրս նահանջեց, բայց ես անալիտիկ ուղեղս միացրեցի ու ելքը գտա. տեղափոխվեցի հյուրասենյակ ու քնեցի բազմոցին, որը տակ չուներ՝ հենված էր ուղիղ հատակին: Սկսեցի քնել անխռով քնով: Հա, լինում էին, ասենք, տեղական նշանակության արտակարգ դեպքեր՝ դիակ, ուրվական, անհայտ ծագման ահաբեկիչ-հրեշներ կամ հիմար իրավիճակներ, բայց դրանք հեշտությամբ հաղթահարում էի:

Այնպես որ, երկու շաբաթյա առողջ քնից հետո, տեղափոխվեցի իմ հարազատ ննջարանը: Ու քանի որ մահճակալիս տակ ահագին տարածք կար, այնտեղից դարձյալ սկսեցին դուրս գալ ծածկոցները գլխներին քաշած ուրվականները: Հաստ բառարաններով ու բազմահատորյակներով մահճակալս տակազրկեցի՝ այնպես զմռսեցի, որ նույնիսկ սողունը չէր անցնի, բայց նրանք անցան…

Մի երկու շաբաթ հետո ես հանձնվեցի, և երկու ճակատով սկսվեց պայքարը գիշերային այցելուների դեմ: Կինս՝ բժիշկներ, անիմաստ դեղեր, մայրս՝ է՛լ տերտեր, է՛լ մոմ թափող, է՛լ բախտագուշակ, է՛լ գերեզմաններ: Հետո էդ երկու ճակատները միանում էին ու համատեղ ակցիաներ էին իրականացնում, որից իրենք էլ էին վախենում:

Չգիտեմ, ծածկոցավորները վերջացան, դեղերն օգնեցին, մոմ թափելը, աղոթքները, թե՝ նոր տագնապներ առաջ եկան, ոչ մեկը ճշգրիտ նշել չի կարող, բայց երեք-չորս ամիս անց ես այլևս գիշերային քողարկված մշտական այցելուներ չունեի, և իմ գոռում-գոչյունից ամբողջ տունը վեր չէր թռնում:

Երկրաշարժի ժամանակ ես վախ չեմ ապրել, կար ցավ, վիշտ, անհանգստություն, տառապանք, հուսահատություն, անօգնականություն, զսպվող հեկեկոց, զռռոցի վերածվող անզուսպ լաց… Կյանքիս, առողջությանս համար երբեք չեմ անհանգստացել, երբեք չեմ վախեցել:

Ինչպես բոլոր անփորձ լրագրողները, ես էլ վախ չունեի, երբ սկսվեցին սահմանային բախումները, հետո՝ պատերազմը: Լուսաբանել եմ համարյա բոլոր շրջանների սահմանային բախումները, թռել եմ Գետաշեն, Շահումյան, Ղարաբաղի տարբեր շրջաններ:

Երբ վախն ինձ այցելեց, ես արդեն փորձառու լրագրող էի, այսինքն՝ նաև փորձն ունեի, թե ինչպես կարելի է այն հաղթահարել: Պատկերացրեք, ուղղաթիռով պատերազմական գոտում ես, տարբեր զենքերից կրակում են քեզ վրա, իսկ դու արդեն փորձ ունես՝ ինչպես է գետին թավալվում խփված ուղղաթիռը, եթե բախտդ բերում է ու չի պայթում-հրդեհվում-մոխրանում, ապա գոնե կողերդ կոտրվում են, ատամներդ փշրվում են, ձեռքերդ վնասվում են, մի քիչ էլ քերծվածքներ ու վերջ: 90 թվի մարտին նման  «բարեհաջող» վայրէջք կատարեցի Շահումյանում, ավելի փափուկ՝ Գետաշենում, իսկ հետո կամ գնդակոծում էին կամ ինքն իրեն փչանում էր:

Իսկ դու պարզապես պարտավոր ես թռնել: 92 թվականից սկսած, երբ թռչող սարք էի նստում՝ ինքնաթիռ կամ ուղղաթիռ, հենց անիվները պոկվում էին գետնից, ինձ մոտ սկսում էր ներսս հոշոտել մի բնազդային ու անասնական վախ։ Ոչ մի տրամաբանություն չէր աշխատում՝ ատամներս սկսում էին ցավել, կողերս՝ մղկտալ, գլուխս պայթել: Նստատեղերից այնպես էի բռնվում, մատներս մտնում էին մետաղի մեջ, շունչս կտրվում էր:

Ուղղության ամեն մի փոփոխություն, վերելք ու վայրէջք, օդային փոս ու անհարթություն, վախիս նոպան վերածում էր խուճապի: Սկզբում դա փորձում էի հաղթահարել ալկոհոլի հարվածային չափաբաժնով, բայց տեսա, որ արդյունք չի տալիս: Ալկոհոլը պռնկեպռունկ լցվում էր մինչև շուրթերս, իսկ սթափությունն ու ծայրահեղ լարվածությունն ինձ չէին լքում:

Երբ ասում են վախ, ես դա զգում եմ մաշկիս վրա, ավելի ստույգ՝ քիչ ավելի խորը. այն սկսում է գոտկատեղից, ողնաշարով բարձրանում վեր, շունչդ կտրվում է, սկսվում է կամազրկող խուճապը, հնարավոր է նաև քարացածություն:

Երբ մահվան սպառնալիքն այլևս ուրվական չէ, այլ աչքդ խցկվող իրական պատկեր, մի քիչ դժվար է միանգամից ժպիտով այն դիմագրավելը, վախը հաղթահարելը: Դրա համար ինքնատիրապետում, կորով ու փորձառություն է պետք, որը ձեռք է բերվում, դաստիարակվում է:

Երբ ես դեռ մահ ու ավեր չէի տեսել, կախվում էի ուղղաթիռի բաց դռնից, ռմբակոծությունների ժամանակ, երբ բոլորը նկուղներ ու պատսպարաններ էին փախչում, ես բաց պատուհաններից հետևում էի՝ դրսում ինչ է կատարվում։

Դիրքերում զգուշավոր չէի, ես վստահ էի, որ Աստծո ձեռքը իմ գլխին է, և ինձ ոչինչ չի պատահի: Սակայն, երբ աչքիս առաջ  գրադը զրուցակիցներիս կյանքը խլեց՝ նրանց անճանաչելի դարձնելով, երբ հակառակորդի տանկերը դեմ հանդիման մեր դիրքերն ավերեցին, երբ զրահատեխնիկան ու մոջահեդներով համալրված հետևակը երեք կողմից շրջափակեց մեզ, ու դիպուկահարներն աշխատում էին անընդմիջում, երբ հակառակորդը նռնակների կարկուտ տեղալով՝ լցվեց մեր հարևան դիրքերը, երբ հոսպիտալներում անձեռուոտ երիտասարդների թիվն աչքիս առաջ աճեց, երբ նաև գործի բերումով համարյա ամեն օր զոհված հերոսների թաղումների մասնակցեցի, հասկացա, որ ես նրանցից մեկն եմ, պարզապես՝ դեռ ողջ եմ:

Ես ՆԳՆ լրատվական ծառայության ղեկավարն էի և կազմակերպում էի նաև պաշտոնական թաղումների նկարահանումները: Այդտեղ ես փորձեցի ինչքան հնարավոր է ազատագրվել նույնականացումից:

Ոչ հնարավոր էր այդքան խմել և ոչ էլ տանել այդքան ցավը. զոհվածները հիմնականում երիտասարդներ էին՝ սևազգեստ երիտասարդ կին, կարմրած աչքերով երեխաներ, վշտից կորացած ծնողներ, քույր-եղբայր-հարազատներ-ընկերներ:

Ամեն անգամ համարյա նույն պատկերը՝ պատվո պահակներ, ժպտացող երիտասարդի սևաժապավեն լուսանկար, մեդալներ, վշտաբեկ հարազատներ ու համազգեստով զինակիցներ, բազմամարդ գլխահակ երթ, ծաղկեպսակներ, հրաժեշտի արցունք քամող խոսքեր, դեմքեր, դեմքեր, դեմքեր ու պատվո համազարկ:

Ինչքան էլ որ սովորեցի, սովորական չդարձավ. ամեն անգամ իմ երեխաներն էին որբանում, իմ ծնողներն էին աչքիս առաջ հալվում, ամեն մեռնողի հետ մեռնում էի: Ամենասարսափելին այդ վերջին համազարկն էր: Վայրկյաններով գիտեի ու տեսնում էի, որ հիմա դա կլինի, բայց միշտ, ասես անակնկալի գայի՝ ամբողջ մարմնով ցնցվում էի, ու կրակոցներն իմ միջով էին անցնում:

Ժամանակից հզոր սպեղանի աշխարհում չկա: Ամենանեղ պահին սա միշտ պետք է հիշել: Գիշերը որքան էլ երկարի, նույնիսկ՝ բևեռային լինի, միևնույն է՝ վերջ ունի, որին հաջորդում է  լուսաբացը: Երկրաշարժի ժամանակ ամենաշատ երգվողը Ջիվանու երգն էր՝ ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան:

Մյուս հզոր դեղը ցավի ու վախի դեմ՝ երգն է: Երբ ինքնաթիռը վեր ու վար էր անում, ես վախից երգում էի: Օրինակ, աղոթքն այդքան չի օգնում, որքան երգը: Անձնական փորձից եմ ասում, ամեն անգամ սահման գնալիս կամ ավելի հեռուն, ես միշտ երգում եմ ու երգացնում բոլորին, նույնը՝ դիրքերում: Հավատացնում եմ՝ մարտական ոգին այնքան է բարձրանում, որ մարդիկ մերկ ձեռքերով պատրաստ են տանկերի դեմ գնալ, իսկ վախը հետին պլան է մղվում:

Մի երեք-չորս անգամ է վախը ինձ իրենով արել,  ցավի տեսքով մտել ողնաշարս, կտրել շունչս, կամազրկել, ենթարկել խուճապի, ցանկացել եմ փախչել՝ ոտքերս չեն ենթարկվել: Գուցեև Աստծո նախախնամությունն էր այդ անգամ, որովհետև ով փախավ՝ մնաց Գրադի տակ:

Վախ չունենալը խելքի բացակայության, վտանգը գնահատելու անկարողության նշան է: Ես էլ ջահել ժամանակ դեպքեր են եղել՝ ցույց եմ տվել, իբր չեմ վախենում: Անվախությունը նաև հզորագույն մոտիվացիայի արդյունք էր: Շարժման առաջին տարիներին հայ երիտասարդներից շատ շատերը պատրաստ էին զոհաբերել իրենց կյանքը: Ես էլ էի ինձ մատաղացու ձևակերպել:

Հետո եկան վախերն ու դրանք կառավարելու հրամայականը և փորձառությունը: Քաջության, անվախության, վախի կառավարման հիմնական բաղադրիչներն են՝ բարոյահոգեբանական պատրաստվածությունը, ներքին մղումն ու կորովը, արտաքին մոտիվացումը, վտանգի ու ռիսկերի ճիշտ գնահատումը և պրոֆեսիոնալիզմը՝ առաքելության ու անելիքի հստակ գիտակցությամբ և կատարելիք քայլերի հերթագայության իմացությամբ:

Իսկ եթե վախն անորոշ է, արդեն թափանցել է ողնաշար, խորը շունչ քաշեք, ինչքան հնարավոր է շատ և դուրս փչեք վախը, հետո նորից ու նորից, խորը երկար ներշնչում՝ վերցնում ենք կորով, քաջություն, խիզախություն, տղամարդկություն ու դուրս ենք փչում՝ վախ, անհանգստություն, թուլություն:

Ընդամենը մեկ, լավ, ամենաշատը երկու րոպեից վախը ձերն է, բայց դուք այլևս վախինը չեք: Դուք արդեն կառավարում եք այն:

Ոչ մի վախ չի կարող ինձ հետ պահել իմ առաքելությունն իրականացնելիս: Վախկոտ լրագրողը վախկոտ զինվորից վատ է: Վախով հնարավոր չէ վտանգ ու արգելք հաղթահարել, տուն ու հայրենիք պահել:

 

Նիկոլայ Գրիգորյան
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար, Փրկարար ծառայության գեներալ-մայոր

Հոդվածը Մեդիա նախաձեռնությունների նոր՝ «Լրագրողների անվտանգություն» ձեռնարկից է, որ կհրապարակվի 2018թ.-ի փետրվարին:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *