Ես երբեք չեմ մտածել իմ ֆիզիկական անվտանգության մասին, ուղղակի միշտ մտածել եմ, որ այնտեղ պիտի լինեմ և վերջ:
Վերջերս սկսել եմ ավելի շատ մտածել այդ հարցերի մասին, քանի որ կոորդինացնում եմ Հետքի աշխատանքները և իմ բազմաթիվ աշխատակիցների համար պատասխանատվություն եմ կրում։
Մեր աշխատակիցներից շատերն անվտանգության թեմայով տարբեր դասընթացների մասնակցեցին։ Կարծում եմ, որ պետք է իմանալ բոլոր օրենքներն ու կանոնները։ Թե որքանով կկարողանան հետևել դրանց, արդեն այլ խնդիր է։
Եթե լրագրողը որոշել է, որ պետք է գնա թեժ կետ, ուրեմն նա հասկանում է բոլոր վտանգները, դա իր որոշումն է։ Շատ դեպքերում ինքնապաշտպանությունը բնազդային մակարդակում է, հաճախ չես էլ մտածում, այլ ուղղակի անում ես։ Երբ կողքիդ մարդը վիրավորվում է, դու փորձում ես օգնել նրան, այլ ոչ թե մտածում ես քո անվտանգության մասին։
Եթե արդեն հասել ես դեպքի վայր, ուրեմն պետք է լուսաբանես։ Վտանգը կարող է անսպասելի լինել, և, իհարկե, պետք է զգույշ լինել։ Սեփական երկրում պատերազմ լուսաբանելը ամենադժվար բանն է։
Դասընթացներին խորհուրդներ տալը հեշտ է, բայց իրական կյանքում, ամեն ինչ մի փոքր այլ է։ Երբ այնտեղ պատերազմ է, դու պետք է այդտեղ լինես:
Իրականում, իմ դեպքում դա էգոիզմի դրսևորում է: Թիկունքում թողնում ես ընտանիքդ, հարազատներիդ ու, քեզ լավ զգալու, ինքդ քեզնից գոհ մնալու համար մեկնում ես պատերազմ:
Մեծ տղաս ծնվել էր արդեն: Ես 29-30 տարեկան էի: 1990-91 թթ. Արցախ գնացի որպես լրագրող: Արցախից Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի համար ռեպորտաժներ էի պատրաստում: Հետո ընտանիքիս տեղեկացրի, որ մնալու եմ, չեմ վերադառնալու: Մտա Մոնթեի ջոկատ: Մինչև 1994 թվականի ձմռան կռիվների ժամանակ Արցախում եմ եղել որպես լրագրող:
Ռազմական գործողությունների ժամանակ մի քանի ամիս մնացել եմ հիմնականում Մարտունիում, նաև Մարտակերտում: Այդ ժամանակ արդեն՝ որպես զինվոր:
Պատերազմը գրքերով, տեքստերով, պատմելով հնարավոր չէ ներկայացնել: Իրականում այն բոլորովին ուրիշ է՝ առաջին մարտ, առաջին հանդիպումը հակառակորդի հետ, պատերազմի դաշտում անցկացրած առաջին գիշերը:
Պատերազմում ես հերոսականությունը չեմ տեսնում, այլ՝ ողբերգականը: Երբ մամուլում հերոսների հերոսականության մասին են գրում, դրա հիմքում էլ ողբերգությունն է:
Տղան հերոսանում է՝ իր ընտանիքը կործանելով, իսկ իրական ողբերգության մասին չեն գրում կամ գրում են այնպիսի տեքստով, որի մեջ պաթետիզմն է գերիշխում:
Այդ տեքստերում վատ կերպարներ չպետք է լինեն: Բայց պատերազմում ամեն ինչ էլ կա՝ դավաճանություն, փախուստ: Իրականությունն ավելի դաժան է, քան ներկայացվում է:
Երբ մտա Մոնթեի ջոկատ, նա արդեն սիմվոլ էր: Ազնիվ էր, ու բոլորն ուզում էին նրա պես ազնիվ լինել, նրան նմանվել: Մենք տեսախցիկ ունեինք, նկարում էինք: Մոնթեի հետ մի քանի հարցազրույց եմ արել: Նկարահանված նյութը տարբեր տեղեր էինք ուղարկում, հատկապես՝ արտասահման, որպեսզի դրսում տեսնեին, թե ինչ իրավիճակ է Արցախում:
Ջոկատում ինձ Ժուռնալիստ էին ասում: Այն ժամանակ մենք պատերազմական լրագրության փորձ ընդհանրապես չունեինք, սովորում էինք մեր սխալների վրա։
Խորհրդային փակ կյանքի հետքերն էին, անկախ մեդիայի ձևավորման փուլ էր, ամեն ինչ կարծես զրոյից էր սկսվում։
Ամեն օրն է մարդուն փոխում, էլ ուր մնաց պատերազմը: Զոհվածների միջով ես քայլել, ո՞նց կարող է պատերազմը քեզ չփոխել:
Պատերազմը խրվում է ուղեղիդ մեջ, ու այն այլևս երբեք չես կարող հանել այդտեղից: Պատերազմից հետո շատ դժվար է բնականոն կյանքի անցնել: Լրիվ ուրիշ աչքերով ես նայում աշխարհին: Թվում է՝ քեզ ոչ ոք չի հասկանում, ու իրականում, իսկապես, քեզ ոչ ոք չի հասկանում:
Այդպիսի փուլում շատերն են հայտնվել: Բոլոր խնդիրները քո մեջ ես կրում, ու տարիները դրանք ավելի ու ավելի են շատացնում:
Պատերազմում նաև ժուռնալիստիկայի բոլոր կանոնները, սկզբունքներն են խախտվում: Պատերազմի լուսաբանման շատ գրքեր ու ձեռնարկներ կան, բայց այդ բոլորն ուրիշի պատերազմների մասին են:
Սեփական պատերազմը լուսաբանելու մասին ձեռնարկ չկա: Շատ հեշտ է գնալ Սիրիա ու պատերազմը լուսաբանել, բայց դա քո՛ պատերազմը չէ: Քո պատերազմը լուսաբանելիս խախտում ես բոլոր կանոնները, անգամ՝ էթիկայի, որովհետև պատերազմող կողմերից մեկը դու ես:
Չսիրելու բան է պատերազմը: Ոչ մի սերունդ չի ուզում, որ իր հաջորդը պատերազմ տեսնի, բայց մեր զավակներն էլ տեսան։
Էդիկ Բաղդասարյան,
Հետք-ի գլխավոր խմբագիր
Հոդվածը Մեդիա նախաձեռնությունների նոր՝ «Լրագրողների անվտանգություն» ձեռնարկից է, որ կհրապարակվի 2018թ.-ի փետրվարին:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: