«Տրավման ի տարբերություն սթրեսի՝ կուտակային է: Սթրեսը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական, մինչդեռ տրավման միայն վատն է լինում: Պաշտպանիչ պատի բացակայության, ինքնախնամքով չզբաղվելու դեպքում, տրավման մի օր իրեն զգացնել է տալիս, ինչպես կոտրված ոտքը կամ ձեռքը»,- ասում է BBC-ում 30 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող նախկին խմբագիր Անջելինա Ֆուսկոն, որն այսօր աշխատում է «Dart center for journalism and trauma» կենտրոնում՝ զբաղվելով լրագրողների տրավմաների վերաբերյալ խնդիրներով:
Մեդիա ոլորտում հոգեբանին դիմելու մշակույթը ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում է կայանում դժվարությամբ, լրագրողները կամ լուսանկարիչները դիմում են մասնագետներին միայն «դանակը ոսկորին հասնելու» դեպքում, երբ հայտնվում են էմոցիոնալ սպառման շեմին:
«Այն, որ լրագրողները չեն դիմում հոգեբանի օգնությանը, միայն Հայաստանում չէ, դրա մասին է վկայում նաև միջազգային փորձը: Սա թաքնված խնդիր է: Մարդիկ չեն ուզում դիմել հոգեբանի, քանի որ մտածում են, թե իրենց կդիտարկեն որպես թույլ մարդ, սակայն դա այդպես չէ: Անպատճառ հարկավոր է դիմել, հակառակ դեպքում, տրավման մի օր հաստատ իրեն զգացնել կտա», – ասում է Անջելինա Ֆուսկոն:
Նա նշում է, որ լրագրությունը ինքնին տրավմատիկ մասնագիտություն է, և հաճախ բարձրացնելով մասնագիտական «քարերը», լրագրողներն իրենք իրենց ենթարկում են տրավմաների, ինչից հնարավոր չէ խուսափել:
«Երբեմն լրագրողներն այդպես չեն կարծում, սակայն, երբ որևէ տեղ արտակարգ իրավիճակ է, մինչ օգնության կհասնեն փրկարարները կամ բժիշկները, լրագրողներն արդեն այնտեղ են լինում՝ ականտես լինելով բազմաթիվ տրավմատիկ իրավիճակների: Առհասարակ, օգնություն տրամադրող ծառայություններին հասանելի է բազմաբնույթ ինֆորմացիա, թե ինչպես դուրս գալ ամենատարբեր տրավմատիկ իրավիճակներից: Սակայն երբ հերթը հասնում է լրագրողներին, ասում են՝ «գնա լավ խմելու, կամ ծխիր՝ կանցնի»: Կարծում եմ, որ ամեն դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը»,- ասում է Անջելինա Ֆուսկոն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողներն աշխատում են ամենատարբեր խոցելի խմբերի հետ, Անջելինա Ֆուսկոն կարծում է, որ լրագրողներն առաջին հերթին պետք է իմանան, թե ինչ է տրավման: Եվ ոչ միայն իրենց համար, այլև խոցելի խմբերի հետ էթիկապես ավելի ճիշտ հարաբերվելու, աշխատելու համար.
«Ու որքան էլ կարեկցող լինենք, մենք ինքներս պետք է մեզ համար պաշտպանիչ պատ կառուցենք ու պահենք որոշակի հեռավորություն, որը մեզ մի փոքր կպաշտպանի սպասվող տրավմայից: Բայց սա սովորաբար խմբագրություններում չի քննարկվում: Բավականին երկար ժամանակ տևեց մինչև մեդիա ինդուստրիան հասկացավ, որ պետք է քննարկել տրավմայի վերաբերյալ հարցերը, և կարծում եմ, որ պատասխանատուները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն: Լավ նորությունը այն է, որ լրագրողները բավականին դիմացկուն են: Ընդամենը դա»:
Ըստ նրա, եթե տրավման տևում է մի քանի օրից ավելի ու շարունակվում ամիսներ, ապա հարկավոր է օգնություն խնդրել գործընկերներից կամ դիմել հոգեբանի՝ այդ բեռը թոթափելու համար:
Անջելինա Ֆուսկոն նշում է՝ հաճախ լրագրողներին ֆիզիկապես են պաշտպանում, երբ ուղարկում են լուսաբանելու հակամարտության գոտիներում:
Լրագրողները լինում են պաշտպանիչ բաճկոնով ու սաղավարտներով, բայց երբեք հաշվի չի առնվում այն փաստը, որ բացի ֆիզիկական անվտանգությունից գոյություն ունի նաև հոգեբանական անվտանգության խնդիր:
«Այս առումով՝ մեր կենտրոնը հսկայական աշխատանք է կատարում: Լրագրողներին փորձում ենք բացատրել, որպեսզի նրանք ճանաչեն, թե ինչ է տրավման, ինչպես այն հաղթահարել ու ինչպես պաշտպանվել: Ես աշխատում եմ այդ կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող, դասընթացավար, մենք ունենք ֆանտաստիկ կայք, որտեղ լրագրողները կիսվում են իրենց փորձով, և սա հիանալի աղբյուր է տեղեկատվություն ստանալու համար»,- պատմում է Անջելինա Ֆուսկոն:
Նա հիշեցնում է, որ սա արվում է ոչ միայն լրագրողի անձը պաշտպանելու համար.
«Եթե լրագրողը հոգ է տանում իր մասին ու ինքնախնամքով է զբաղվում, շահում է նաև լրագրութունը: Եվ այս դեպքում լրագրողի աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ»:
Ըստ Ֆուսկոյի՝ կան մի քանի վարժություններ՝ շնչառական, անվտանգ վայրի վիզուալիզացիայի, կուտակած էներգիան չվատնելու, մկանների թուլացման, ուշադրության կենտրոնացման, ինքնատիրապետման, որոնք օգնում են թոթափել տրավման ու թեթևություն զգալ.
«Լրագրողը ենթարկվում է տրավմայի ոչ միայն հակամարտության գոտիներում կամ բնական աղետի ժամանակ աշխատելիս, այլև ցանկացած աշխատանքային օր, եթե հաշվի առնենք, թե ինչ է կատարվում մեր շրջապատում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, փողոցում հայտնված երեխաներ… Այս ամենը տրավմատիկ է: Շատ հաճախ գուցե պետք էլ չէ դիմել հոգեբանի, բայց կարելի է փորձել խնդիրը հաղթահարել՝ կիսվելով, խոսելով գործընկերների հետ, հակառակ դեպքում չբուժված տրավման իր ասելիքը ասում է»:
Անջելինա Ֆասկոն աշխատել է այնպիսի հակամարտության գոտում, ինչպիսին Հյուսիսային Իռլանդիան է:
«Այս երկիրը 30-40 տարի համարվել է հակամարտության գոտի, և հենց այդ շրջանում եմ այնտեղ աշխատել: 1968 թվականից սկսած մինչ այսօր էլ, ճիշտ է խաղաղություն է, բայց վերջնական խաղաղություն հաստատված չէ, այս ընթացքում բազմաթիվ պայթյուններ ու սպանություններ են եղել: Աշխատել եմ այնպիսի լրագրողների հետ, որոնք լուսաբանել են Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում ընթացող պատերազմական գործողությունները: Բոլորին խորհուրդս մեկն է՝ բացի ֆիզիկապես պաշտպանվելուց, պատրաստվեք նաև պաշտպանել ձեր հոգեկան աշխարհը»,- ասում է նա:
Նույն մասնագիտական խորհուրդն է նաև տալիս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աշխատող լրագրողներին. սահմանին հասնելուց առաջ պատրաստվել հոգեբանորեն:
«Լուսաբանմանը զուգահեռ՝ փորձեք կառավարել տրավման և նվազեցնել սթրեսի մակարդակը: Եթե չանենք, ապա դա հաստատ կազդի թե՛ ձեր աշխատանքի, թե՛ ձեր ընտանիքի վրա: Իհարկե, հնարավոր չէ այնպես կառավարել, որ տրավմա ընդհանրապես չզգաք, բայց կարող եք գոնե դրա ազդեցությունը նվազեցնել, հետագա բարդություններից խուսափելու համար: Միակ ելքը տրավման վերահսկելն ու կառավարել կարողանալն է»,- ասում է Անջելինա Ֆուսկոն:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով նա անցկացրեց հոգեբանական տրավմայի հաղթահարման դասընթաց՝ Հայաստանի և Արցախի լրագրողների, օպերատորների ու լուսանկարիչների համար:
Գայանե Մկրտչյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: