2015.03.23,

Խաչմերուկ

5 խորհուրդ լրագրողներին` հակամարտության գոտիներում անվնաս մնալու համար

Աշխարհն ապահով վայր չէ լրագրողների համար: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ ամենամյա զեկույցի` 2014 թվականի ընթացքում սպանվել է 66, առեւանգվել` 119 եւ ձերբակալվել` 853 լրագրող:

Միեւնույն ժամանակ վտանգավոր պատմությունները դեռեւս լուսաբանման կարիք ունեն, եւ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կլուսաբանեն հակամարտությունները: Խոշոր լրատվամիջոցների բյուջեն կրճատվում է, սակայն ինֆորմացիայի տարածման եղանակները դառնում են առավել շարժական եւ անմիջական:

Սոցցանցերից օգտվող ցանկացած մարդու համար հասանելի է գլոբալ լսարանը: Արդյունքում արտաքին աղբյուրների աշխատանքն ուղղվում է նորությունները մեկ ակնթարթում ստանալու մեր սպասելիքները բավարարելուն: Այս ամենը նշանակում է, որ անփորձ, աջակիցներ չունեցող սկսնակների համար հեշտ չէ ռիսկային թեմաներ լուսաբանելը:

Սկսնակներն ընդունելի են հակամարտության լուսաբանման գործում: Պատերազմ լուսաբանող յուրաքանչյուր դիմացկուն լրագրող էլ ունի իր «առաջին անգամ, երբ վրաս կրակեցին» պատմությունը: Փորձառու լրագրող դառնալու բոլոր ուղիներն սկսվում են շփման գծից: Ընդունելի չեն անպատրաստ եւ աջակիցներ չունեցողները:

Ահա 5 խորհուրդ սկսնակներին՝ ռիսկային աշխատանքում անվնաս մնալու համար:

1. Մի լուսաբանեք: Ակնհայտ է, չէ՞: Ի՞նչը կարող է ավելի ապահով լինել, քան ռիսկային թեմա լուսաբանելուց խուսափելը: Դա շատ արդյունավետ միջոց է, եթե ուզում եք պահպանել ձեր մտքի, հոգու եւ մարմնի անվտանգությունը: Կարծում եք՝ կատակու՞մ եմ: Գուցե մի քիչ: Բայց կատակս լուրջ կողմ էլ ունի. նման ռիսկային աշխատանք սկսելուց առաջ պետք է նախապես համոզվել, որ դա հենց այն է, ինչով ուզում եք զբաղվել:

Հակամարտության լուսաբանումը կարող է գայթակղիչ թվալ լավ գրված հոդվածի օրինակով: Իրականում այն հաճախ կեղտոտ, լարված եւ զարհուրհելի աշխատանք է: Ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչու եք հետաքրքրված դրանով: Այնուհետեւ մտածեք ձեր հարազատների վրա դրա հնարավոր ազդեցության մասին: Եթե այս ամենն անելուց հետո դեռ ցանկանում եք զբաղվել այդ աշխատանքով, հրաշալի է, շարունակեք կարդալ:

2. Սովորեք, սովորեք, սովորեք: Եթե դուք երբեք չեք անցել թշնամական միջավայրի դասընթաց, ապա ինչպես հարկն է պատրաստ չեք թշնամական միջավայրում աշխատելուն: Նույնիսկ եթե ծնվել ու մեծացել եք պատերազմական գոտում կամ ձեզ նման իրավիճակների գիտակ եք համարում, միեւնույն է, այս դասընթացը պարտադիր է: Միայն անմիտներն են կարծում, թե ամեն ինչի մասին ամեն ինչ գիտեն:

Մասնակցեք դասընթացին: Գնահատեք եւ վայելեք գործընկերների հետ սովորելու հնարավորությունը: Եթե արդեն ունեք որոշակի փորձ, ապա բաց մի թողեք ձեր փորձով կիսվելու եւ դրանով մյուսների ուսուցմանը նպաստելու հնարավորությունը: Ձեռք բերեք բժշկական հմտություններ: Այս դասընթացի կարեւորագույն մասերից մեկը հիմնական վնասվածքների բուժմումն է:

Եթե ուզում եք աշխատել վտանգավոր վայրերում, ապա պարտավոր եք իմանալ այս ամենը ձեր գործընկերների ապահովության համար: Այսպիսով, Թշնամական միջավայրում առաջին օգնության դասընթացը (Hostile Environment First Aid Training (HEFAT)) պարտադիր է: Դիմեք դասընթացին, կիրառեք ձեր հմտությունները, ձեռք բերեք փորձ եւ գիտելիք, հաճախ թարմացրեք դրանք (առավելագույնը երեք տարին մեկ) եւ համոզվեք, որ պատշաճ կերպով պատրաստված եք:

3. Ունեցեք անհրաժեշտ սարքավորումներ: Բարձր ռիսկային աշխատանքը մասնագետի մարմնի, գլխի եւ աչքերի պաշտպանությունն ապահովող հանդերձանք է պահանջում՝ հակագազ, բժշկական եւ այլ պաշտպանիչ պարագաներ: Հարկ է իմանալ, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, եւ դրանք մշտապես ունենալ ձեռքի տակ:

Համոզվեք, որ ձեռքի տակ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ կարող է լինել տարբեր իրավիճակներում: Այնուհետեւ հավաստիացեք, որ զինված եք ձեր սարքավորումների համար անհրաժեշտ պարագաներով: Մարդիկ հաճախ մոռանում են այս վերջին կետի մասին, որովհետեւ հետեւած չեն լինում հաջորդ խորհրդին:

4. Ունեցեք գործողությունների հիմնական եւ այլընտրանքային պլան (պլան Բ): Խոսքն այնպիսի աշխատանքի մասին է, որը կարող է վտանգել ձեր կյանքը: Ջանացեք, որպեսզի գործողությունների պլանը լինի լիարժեք: Մի՛ շտապեք, հանգամանորեն ուսումնասիրեք տեղանքը, որտեղ պատրաստվում եք գտնվել, եւ մտածեք՝

  • ինչպե՞ս եք ճանապարհորդելու,         
  • որտե՞ղ եք մնալու, 
  • ի՞նչ այլընտրանքային տարբերակներ ունեք,
  • ի՞նչ սարքավորումներ ու պարագաներ են ձեզ անհրաժեշտ,
  • ի՞նչ կապեր (կոնտակտ) ունեք եւ ի՞նչ կապեր են հարկավոր,
  • ի՞նչ վտանգներ կան եւ ինչպես կարելի է կանխել դրանք:

Եթե տեղանքը ձեզ ծանոթ է, ապա ուշադրություն դարձրեք՝ փոփոխվե՞լ է արդյոք որեւէ բան: Եթե այո, որո՞նք են փոփոխության հետեւանքները: Արդյոք ձեզ հասանելի՞ են վերջին լուրերը: Այս հարցերի շարանն անվերջ է, բայց հիմնական գաղափարը պատշաճ պլանավորումն ու պատրաստությունն է:

Երբ արդեն լավ մշակված պլանն ունենաք, մտածեք, թե ինչ կանեք, եթե այն խափանվի, քանի որ բարձր ռիսկային պայմաններում լուսաբանման ժամանակ միշտ չէ որ ամեն ինչ նախատեսվածի պես է ընթանում:

5. Օգնություն ստացեք հուսալի եւ վստահելի աղբյուրներից: Բարձր ռիսկային գործը թիմային աշխատանք է: Այն «միայնակ խաղացողների» համար չէ: Միայնակները հիմանակում ունենում են շատ խնդիրներ եւ ոչ մի աջակցից: Վտանգավոր վայրերում գոյատեւելու եւ ապահով վերադառնալու համար աջակից ունենալը շատ կարեւոր է:

Նույնքան կարեւոր է ունենալ մեկին, ով ապահով վայրում է, գիտի ձեր պլանի մասին եւ գիտի, թե ինչ անել, եթե այն ձախողվի: Մեկը, ով կհետեւի ձեր ծրագրի զարգացմանը, ում հետ կարող եք կապվել եւ պարբերաբար տեղեկացնել ձեր որպիսության մասին, եւ ով կահազանգի, եթե ձեզնից հանկարծ լուր չստանա:

Ահա 5 խորհուրդ, որոնք կարելի է ընհանրացնել 3 բառով՝ նախապատրաստություն, պլանավորում, աջակցություն:

Հոդվածի հեղինակը՝ Թոբի Վուդբրիջը մեդիա անվտանգության մասնագետ է «Bloomberg News»-ում: Նախկինում աշխատել է «BBC»-ում, մեծ փորձ ունի աշխարհի տարբեր ռիսկային գոտիներում հասարակական եւ մեդիա կազմակերպություններին աջակցելու հարցում:

Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում:

Հեղինակ` Թոբի Վուդբրիջ
Թարգմանությունը՝ Մանե Խաչիբաբյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *