Աբխազ փախստականներով բնակեցված «Փոքրիկ քաղաքը» Փոթիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Մալթակվա թաղամասի՝ կողք-կողքի շարված 30-ից ավելի շենքերում աբխազ փախստականների մոտ 1200 ընտանիք է ապրում: Բնակարանների մի մասը կա՛մ վաճառված է, կա՛մ հանձնված վարձակալության:
Փախստականներին արեւմտյան Վրաստանի տարբեր շրջաններից Փոթի են տեղափոխել չորս տարի առաջ: Կառավարությունն այս տները որպես սեփականություն է հանձնել նրանց, սակայն վերաբնակեցված մարդկանցից շատերն այդպես էլ չհարմարվեցին քաղաքից հեռու կյանքին, ճահիճների վրա կառուցված բնակավայրի պայմաններին ու վերադարձան այնտեղ, որտեղից եկել էին:
Ավելի ուշ փախստականներին կրկին տեղափոխեցին այստեղ, իսկ նախորդ տարի 280 ընտանիքի բնակարանների բանալիներ հանձնեցին:
Չնայած ժամանակակից շենքերի, խաղահրապարակների, այգիների եւ հանգստյան գոտիների առկայությանը՝ փողոցներում «փոխանակությամբ» զբաղվող մարդիկ ու մթերային տաղավարները վկայում են տեղացիների իրական խնդրի` գործազրկության մասին:
Թեեւ այս մարդկանցից շատերը ներգրավված են շինարարական աշխատանքներում, մեծամասնությունն, այնուամենայնիվ, ապրուստը վաստակում է առեւտրի միջոցով, ոմանք էլ հույսը դրել են նպաստի եւ սոցիալական վճարի վրա:
Այս սերնդի մարդիկ ստիպված էին թողնել իրենց տներն ու գոյատեւման պայքար սկսել հենց այն տարիքում, երբ աշխատաշուկայում տեղ գտնելու ներուժ դեռեւս ունեին: Առանց որակավորումների, վերապատրաստումների ու նոր գիտելիքների ձեռք բերման՝ աշխատանքի անցնելն այսուհետ մշտական խնդիր է լինելու:
Նրանց համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում անհրաժեշտ է ոչ միայն կառավարության, այլեւ մյուս շերտերի, այդ թվում՝ մեդիայի ներգրավվածությունը, որը պետք է հաճախ նյութեր հրապարակի այս մարդկանց մասին:
Հետաքրքրված լրագրողներն այստեղ անպայման կգտնեն միայնակ կնոջ, ով խնամում է դաունի համախտանիշ ունեցող քրոջը, բայց չունի խնամակալի կարգավիճակ եւ չի կարող աշխատել: Կարող են հանդիպել մարդկանց, ովքեր ապրելու համար չունեն նվազագույն գումար եւ նույնիսկ հագուստ երեխաների համար, որպեսզի կարողանան նրանց ուղարկել դպրոց:
Իրականում, այս մարդիկ լրագրողներին ամենեւին չեն վստահում: Մեկ անգամ չէ, որ մեդիան օգտագործել է փախստականներին` սեփական վարկանիշը բարձրացնելու համար: ԶԼՄ-ների հաճախակի անդրադարձը փախստականներին հաճախ կարող է հուզել մարդկանց, մինչդեռ մատների վրա կարելի է հաշվել մեդիայի այն ներկայացուցիչներին, ովքեր իսկապես հետաքրքրված են փախստականների խնդիրներով, վերլուծում են դրանք եւ քննարկում կարգավորման ճանապարները:
Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: