Ադրբեջանի բնակիչներ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը, ովքեր մեղադրվում են 2014 թվականի հունիսի 29-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ապօրինի հատման եւ խաղաղ բնակչի ու հայ զինվորի սպանության համար, 2014 թվականի աշնանը կանգնեցին ԼՂՀ-ի դատարանի առջեւ: Խմբի երրորդ անդամ Հասան Հասանովը մահացել էր զինված դիմադրություն ցուցաբերելու արդյունքում:
Դատավարությունը բուռն արձագանք ստացավ նաեւ սոցիալական ցանցերում: Թվիթերի ադրբեջանցի օգտատերերը ակտիվացրին #saveazehostages հեշթեգը՝ դրանով իսկ փորձելով հայրենակիցներին որպես պատանդներ ներկայացնել: Հեշթեգն անմիջապես տարածվեց բավարար թվով ադրբեջանցի օգտատերերի կողմից:
Թվիթերի հայ օգտատերերն իրենց հերթին շրջանառության մեջ դրեցին #azesaboteurs (ադրբեջանցի դիվերսանտներ) հեշթեգը: Այսպիսով, դատավարության թվիթերյան լուսաբանումը հանգեցրեց երկու երկրների բլոգերների միջեւ հեշթեգերի ճակատամարտի:
Ադրբեջանական կողմը փորձեց գրավել հայկական #azsaboteurs հեշթեգը՝ այն իմաստափոխելով եւ մեծ քանակի գրառումների միջոցով տարածելով: Սակայն ձախողվեց:
Վիզուալիզացնելով այս երկու հեշթեգերը՝ ամերիկյան մեդիա փորձագետ Քեթի Փիրսը եկել է այն եզրակացության, որ #saveazehostages հեշթեգով տեղեկատվական հոսքը կազմակերպված բնույթ էր կրում:
Ինչպես ցույց է տալիս գրաֆիկը, #saveazehostages հեշթեգով տարածվող հաղորդագրությունների հետեւում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական թեւի թվիթերյան պաշտոնական հաշիվն է:
Բացի այդ՝ փորձագետը պարզել էր, որ այս հեշթեգի ամենաակտիվ օգտատերերը Թվիթերում գրանցվել էին 2014 թվականի օգոստոսին:
Startahashtag.com գործիքի օգնությամբ պարզվեց նաեւ, որ #saveazehostages հեշթեգով առաջին գրառումը կատարել է @SenanNajafov օգտատերը 2014 թվականի հոկտեմբերի 21-ին: Այս հաշիվը պատկանում է Ադրբեջանի նախագահին առընթեր ՀԿ-ների աջակցության խորհրդի ներկայացուցիչ, կազմակերպության պաշտոնական կայքի խմբագիր Սենան Ջաֆարովին:
Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված առաջին թվիթերյան արշավը չէ: Նմանատիպ եւ ավելի լայնածավալ արշավներից էր իշխանամետ «IRELI» երիտասարդական կազմակերպության կողմից #armvote13 հեշթեգը գրավելու փորձը, որի օգնությամբ բլոգերները լուսաբանում էին Հայաստանի նախագահական ընտրությունները:
2014 թվականի վերջին ադրբեջանցիների գործով Ստեփանակերտում կայացած վերջնական դատական նիստից հետո հակամարտությունը կրկին սրվեց:
2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահաբազ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:
Ինչպես երեւում է այս գրաֆիկից, որը ստեղծվել է «Tospy» գործիքի օգնությամբ, թեեւ վերջին մեկ ամսում #azesaboteurs հեշթեգը համեմատաբար պասիվ է, այն ակտիվանալու միտում ունի եւ, ամենայն հավանականությամբ, թվիթերյան հակամարտությունը մոտ ժամանակներում կշարունակվի:
Գայանե Միրզոյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: