2014.09.22,

Խաչմերուկ

Անիմացիոն ֆիլմերի փառատոն Նիկոզիում. դրական լիցքեր հակամարտության գոտուց

Գորիի շրջանի սահմանամերձ Նիկոզի գյուղը 2008 թվականի oգոստոսյան պատերազմի ամենաթեժ կետերից էր: ժամանակին պատերազմի սարսափները սեփական մաշկի վրա զգացած երեխաներն այսօր տեղի արվեստի դպրոցում հաղթահարում են հետտրավմատիկ սթրեսը. անիմացիոն ֆիլմեր են ստեղծում:

Նախորդ շաբաթ վրացական մամուլը հակամարտության գոտուց անդրադարձավ Նիկոզիում տեղի ունեցած անիմացիոն ֆիլմերի փառատոնին:

Օգոստոսյան պատերազմից վեց տարի է անցել: Այսպես կոչված գրավյալ տարածքների սահմանամերձ շրջաններում բնակվող մարդկանց վրացական մամուլը հիմնականում անդրադառնում է պատերազմի հերթական տարելիցի կամ սահմանագծի հերթական տեղաշարժի առիթով:

Մեդիան հազվադեպ է հետաքրքրվում տեղի բնակիչների կենցաղային խնդիրներով՝ թե ինչպես են նրանք ապրում պատերազից հետո, ինչպես են հաղթահարում հետտրավմատիկ խանգարումները, ինչ է նրանց հուզում և անհանգստացնում:

Բայց Նիկոզիի անիմացիոն ֆիլմերի փառատոնը գրավեց վրացական մեդիայի ուշադրությունը:

Ամենամյա այս փառատոնը սահմանամերձ գյուղում անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Փառատոնի նպատակը մարդկային հոգու շարժման պատկերումն է: Դա տեղի բնակիչներին հնարավորություն է տալիս արտահայտել սարսափելի օրերին կրած փորձություններն ու մղձավանջները, կիսել դրանք այլոց հետ և ձերբազատվել պատերազմի թողած ծանր հետքերից:

Միտրոպոլիտ Եսայիան իր ուղերձում հստակ նկարագրում է արվեստի նշանակությունը պատերազմ տեսած մարդկանց համար. «Մեզ համար արվեստը մի աշխարհ է, որտեղ մարդը կարող է նմանվել Աստծուն, մի ոլորտ է, որտեղ մարդ կարող է ստեղծագործել, նկարել, խորհել, զգալ այդ ամենն ու մյուսներին էլ  ստիպել զգալ տխրություն, կարեկցանք, ցավ կամ ուրախություն: Այն հնարավորություն է՝ ինքդ քեզ համար գտնելու դեպի ճշմարտությունը տանող ճանապարհը և մյուսներին էլ օգնել դա անել»:

Փառատոնն անցկացնելու միտքը Նիկոզիի և Ցխինվալիի միտրոպոլիտ Եսայիայինն է, ով ավելի վաղ Նիկոզիում արվեստի դպրոց էր հիմնել: Ժամանակին իր աշխարհիկ կյանքում միտրոպոլիտ Եսայիան անիմացիա է սովորել Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի ինստիտուտում:

Հետաքրքիր է, որ անիմացիոն ֆիլմերի փառատոնը հակամարտության գոտուն մոտ տեղակայված գյուղերում վրացական մեդիայի կողմից լուսաբանված ամենադրական իրադարձությունն էր:

Վրացական մեդիան, սովորության համաձայն, ներկայացնելով միայն մեկ կողմի դիրքորոշումը, չի կարողանում հաղթահարել ձևավորված «մերոնք և թշնամիները» կարծրատիպը: Չկա գիտակցում, թե ինչ մեծ նշանակություն ունի խաղաղ լրագրությունը, նման փաստերի և իրադարձությունների հաճախակի լուսաբանումը  հատկապես պատերազմի մղձավանջների միջով անցած մարդկանց համար:

Ինձ համար փառատոնը հայտնություն էր: Այս տարի իմացա դրա մասին և հիացա այդ գաղափարով: Այն շատ արդիական ու կարևոր է տեղացի երեխաների համար: Հաճույքով կդիտեի ամբողջական տեսանյութ դպրոցի մասին և ավելի շատ տեղեկություն կստանայի Նիկոզիի ապագա անիմատորների, նրանց հնարավորությունների և ստեղծագործական նվաճումների մասին:

Հատկապես երեխաների կողմից անիմացիայի վրա տարվող աշխատանքն ինքնարտահայտվելու, նախկինում և ներկայում զգացածը ուրիշներին փոխանցելու հնարավորություն է:

Զինված հակամարտությունների արդյունքում զոհերի, տուժող կողմերի կողքին կան նաև մարդիկ, ում հաջողվել է փրկվել, և նրանց համար առաջնայինը հետտրավմատիկ սթրեսը հաղթահարելն է:

Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *