2014.07.04,

Խաչմերուկ

Քաղաքական թեժ ամառ հակամարտության շրջաններում

Հունիսի վերջին ուրբաթը երկրի նորագույն պատմության համար հատկանշական օր էր: Հունիսի 27-ին Վրաստանը ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրման նախօրեին Վրաստանից անջատված երկու շրջաններում քաղաքական թեժ ամառ սկսվեց. Աբխազիայում փոխվեց դե ֆակտո իշխանությունը: Մայիսի 27-ին տեղի ընդդիմությունը՝ Ռուսաստանի բացահայտ աջակցությունը ստացող Ռաուլ Խաջիմբայի գլխավորությամբ, գրավեց նախագահի նստավայրը: Արդյունքում նախագահ Ալեքսանդր Անկվաբը հեռացավ Սուխումիից: Անկվաբը, ում նախագահության 5 տարին կլրանար միայն 2016 թվականին, կառավարության շենքի գրավումը որակեց որպես «ուժի կիրառմամբ իշխանության գրավման փորձ», իսկ ավելի ուշ փոխեց հռետորաբանությունը և հրաժարական տվեց՝ «ի շահ երկրի և ժողովրդի»:

Ընդդիմությունը նախկին նախագահին մեղադրում էր Ռուսաստանի կողմից տրամադրվող ֆինանսների ոչ ճիշտ տնօրինման, ինչպես նաև Գալիի շրջանում բնակվող էթնիկ վրացիներին «ապօրինաբար» անձնագրեր բաժանելու համար:

Գալիում բնակվող վրացիներին անձնագրեր տրամադրելը աբխազական ընդդիմությունը որակեց որպես սպառնալիք՝ ուղղված «Աբխազիայի անկախության» դեմ:

Civil.ge տեղեկատվական գործակալության ինֆորմացիայի համաձայն՝ ավելի քան 26 հազար անձնագիր է բաժանվել Գալիի, Թքվարչելիի և Օչամչիրսկի շրջաններում, որտեղ 2011 թվականի մարդահամարի տվյալներով 46 հազարից ավելի վրացի է բնակվում:

«Апсны пресс» աբխազական տեղեկատվական գործակալության ինֆորմացիայի համաձայն՝ Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը պահանջել է, որ օգոստոսին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից առաջ ընտրացուցակիներից հանվեն էթնիկ վրացիների անունները, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրություններին:

Ինչ վերաբերում է Հարավային Օսիային, այնտեղ հունիսի 8-ին տեղի ունեցան խորհրդարանական վեցերորդ ընտրությունները, որի արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ «Միասնական Օսիա» կուսակցությունը: Նախընտրական
շրջանում այս կուսակցությունը ռուսամետ ակտիվ քարոզարշավ էր իրականացնում՝ որպես առաջնային խոստում նշելով  միացումը Ռուսաստանին:

Վրաստանի իշխանության ներկայացուցիչները չեն տեսնում գրավյալ տարածքներում զարգացող վտանգները: Աբխազիայում տեղի ունեցող գործընթացները «կադրային հերթական փոփոխություններ» են, իսկ վարկածը, որ դրանում Ռուսաստանի մատն է խառը, «ապացույցի կարիք ունի»,- ասել է կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի ուշ BBC-ին տված հարցազրույցի ընթացքում Ղարիբաշվիլին բացատրել է, որ մեծագույն սխալ է համեմատել այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի անջատողական շրջաններում և այն, ինչ իրականացվում է Ղրիմում, նշելով, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Աբխազիայով և Հարավային Օսեթիայով և նրա գործողությունները անեքսիա չեն:

Գրավյալ տարածքների առնչությամբ համեմատաբար հստակ հայտարություններ է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այնտեղ զարգացող իրադարձությունները նա որակում է որպես «Ռուսաստանի կողմից ուղղակի և բացահայտ միջամտություն տարածքի և երկրի քաղաքացիների կյանքին»:

Մինչդեռ երկու առաջնորդերն էլ միակարծիք են այն հարցում, որ հակամարտության շրջաններում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ոչ մի առնչություն չունեն Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ:

Համաձայնագրի ստորագրման դեպքում Վրաստանը, որը սահմանակից չէ Եվրոպային և  մեծապես կախված է Ռուսաստանի էներգետիկայից, հյուսիսի հարևանի կողմից կարող է ակնկալել ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական վտանգներ,- «Reuters»-ի կայքում հրապարակված հոդվածում գրում է Մարգարիտա Անտարիձեն:

2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանն է՛լ ավելի է հիասթափվել Վրաստանի՝ եվրաատլանտյան կառույցներ ինտեգրվելու գործընթացից, իսկ Վրաստանն է՛լ ավելի անպաշտպան է նրա առաջ,- ասվում է այդ հոդվածում:

Վրաստանի նոր իշխանությունները փոխել են Ռուսաստանի հետ հարաբերությունների մարտավարությունը: Եթե նախորդ կառավարությունն ամբողջապես բոյկոտում էր Ռուսաստանին՝ որպես բռնազավթչի և մերժում էր բանակցությունների բոլոր ձևաչափերը, ապա նոր իշխանությունները փորձում են ամուր պահել արևմուտքի հետ կապը՝ միևնույն ժամանակ վերականգնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Կառավարությունը փորձում է Վրաստանը վերածել երկրի, որը գրավիչ կլինի էթնիկ աբխազներին և օսերի համար: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, գործարարների առաջ եվրոպական շուկայի բացումը և ընդհանրապես եվրոպական հեռանկարները պետք է որ ավելի գրավիչ թվան, քան Ռուսաստանի հետ միավորվելու ցանկությունը:

Իրականում, Հարավային Օսիայի Հանրապետությունն ունի նոր խորհրդարան, որտեղ ձայների մեծամասնությունը ստացել է ռուսամետ կուսակցությունը: Մոտ ապագայում այնտեղ պատրաստվում են Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել, իսկ Աբխազիայում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, որին Գալիի շրջանում բնակվող էթնիկ վրացիներն, ամենայն հավանականությամբ, մասնակցել չեն կարողանա:

Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *