2014.06.27,

Խաչմերուկ

Հակամարտության գոտում աշխատող լրագրողի համար ամենակարեւորը տեղեկատվության հավաստիությունն է

Հունիսի 5-ին տեղեկատվություն տարածվեց, թե Արարատի մարզի Երասխ գյուղում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպ է եղել, հայկական կողմից երկու զոհ կա: Ինֆորմացիայի առաջին ալիքի հետ տագնապի մի ալիք տարածվեց, թե գյուղը դատարկվում է, մարդկանց տարհանում են, ադրբեջանցիներն առաջ են գալիս, մարդիկ փախչում են…

Մենք միանգամից որոշեցինք ոչ թե հեռախոսով զանգել, փորձել ճշտել, այլ վեր կենալ-գնալ, սեփական աչքերով տեսնել եւ տեղում պարզել, թե ինչ է կատարվում, հատկապես երբ դեպքի վայրն ընդամենը 1 ժամվա հեռավորության վրա է: Երբ միջադեպը մայրաքաղաքից 65 կմ այն կողմ է կատարվում, եւ հնարավորություն կա ինֆորմացիան առաջին ձեռքից ստանալու, չարժե նստել խմբագրությունում` համակարգչի առջեւ, կամ հույսը դնել հեռախոսազանգերի վրա:

Հասանք Երասխ ու հասկացանք, որ «տարհանում» բառն իրականում, մեղմ ասած, ցնդաբանություն էր, «խուճապ» բառը, մեղմ ասած, չափազանցված: 529Լուսանկարը՝ Գեւորգ Ավչյանի ” style=”float: right;” class=”caption”>

Տեղում մեր գլխին միանգամից ինֆորմացիայի հեղեղ թափվեց: Այդ հեղեղից, բնականաբար, լրացուցիչ ջանքերի, ինֆորմացիան մի քանի եղանակներով ճշտելու շնորհիվ, մնացին միայն 3-4 պատմություններ, որոնք ներկայացվեցին մեր կողմից:

Իսկ եթե խմբագրությունում նստած լինեինք, հնարավորություն չէինք ունենա ճշտել, զտել ճիշտը մտացածինից, երեւակայության արդյունքը իրականությունից: Դեպքի վայրում աշխատելու շնորհիվ 4 նյութ հրապարակեցինք, որոնք մեր ընթերցողներին ներկայացրին միջադեպի ողջ պատկերը:

Հակամարտության գոտիներում լրագրությունը մի առանձնահատկություն ունի. նման դեպքերում ինֆորմացիան մի քանի ալիք է ունենում: Առաջին ալիքի ժամանակ ինֆորմացիան լինում է հախուռն, ամեն տեղից եւ ամեն տեսակ՝ ճշտված- չճշտված, մարդկանց երեւակայությամբ համեմված: Առաջին ալիքից հետո տեւական ժամանակ լռություն է լինում մանրամասների հետ կապված: Լռությանը հաջորդում է մեկ այլ ալիք՝ պաշտոնական տեղեկատվություն, մանրամասներ, մեկնաբանություններ, կարծիքներ:

Որովհետև հակամարտության գոտիներում աշխատելու մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ երբ հասնում ես 530Լուսանկարը՝ Գեւորգ Ավչյանի ” style=”float: left;” class=”caption”>դեպքի վայր, որտեղ եղել են նաեւ խաղաղ բնակիչներ, նրանք միջադեպի մասին սկսում են լեգենդներ պատմել:

Բերնեբերան փոխանցված ինֆորմացիային պատմողներից յուրաքանչյուրի երեւեկայությունը գումարվելով՝ մեզ գալիս հասնում է մի ուռճացված պատմություն՝ «կեղտոտ» ինֆորմացիա, որը շատ հաճախ մեդիայում հենց այդպես էլ հրապարակվում է՝ առանց երեւակայությունն իրական փաստերից տարանջատելու:

Սակայն որքան էլ մեծ լինի լուրն առաջինը հաղորդելու գայթակղությունը, հատկապես նման դեպքերում առաջնային նշանակություն ունի հավաստիությունը, հետո նոր օպերատիվությունը: Ինֆորմացիայի հավաստիությունը շատ կարեւոր է այս դեպքում. միշտ պետք է հիշել, որ գործ ունենք մարդկային կյանքի հետ:

Երբ չճշտված ինֆորմացիա ենք հաղորդում միջադեպի մասին, պետք է գիտակցենք, որ դրանով վնասում ենք ոչ միայն այդ տարածքում ապրող մարդուն եւ գցում ենք բանակի վարկանիշը, այլեւ խուճապ ենք առաջացնում ամբողջ հնարապետությունում:

Հնարավորինս պետք է զերծ մնանք նաեւ էմոցիաներից. լուսաբանման ժամանակ լրագրողի համար չպետք է գոյություն ունենա թշնամի, հակառակորդ, օտար, բարեկամ, ճիշտ կամ սխալ, կա նյութ եւ իրադարձություն: Եվ լրագրողը պետք է միշտ հիշի, որ ինքն ընդամենը միջնորդ է, ոչ թե կողմ:

Գեւորգ Ավչյան
Yerkir.am-ի լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *