2014.05.19,

Խաչմերուկ

Ուորլիքի 6 կետերի արձագանքը հայաստանյան մեդիայում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» թեմայով ելույթը  «Քարնեգի» հիմնադրամում բուռն արձագանք ունեցավ:

Նախ՝ ելույթի մասին Ուորլիքի թվիթերյան գրառումը բավականաչափ քննարկվեց սոցիալական մեդիայում: Հայաստանում հատկապես դժգոհ էին դեսպանի խոսքում առկա «Լեռնային Ղարաբաղի հարակից գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին» արտահայտությունից:

Այնուհետեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տարածքների մասին նախադասությունը վերահրապարակեց իր թվիթերյան էջում՝ հղում կատարելով դեսպան Ուորլիքին:

ԱՄՆ դեսպանի այս գրառումը նույնպես զուգահեռաբար քննարկվեց Թվիթերում եւ  Ֆեյսբուքում, ինչին հետեւեց ավանդական մեդիայի արձագանքը:

Ներկայացնում ենք մեդիա ներկայացուցիչների կարծիքները հայաստանյան մեդիայում ԱՄՆ դիվանագետների հայտարարությունների արձագանքների վերաբերյալ:

Գեղամ Բաղդասարյան
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր

Դեսպան Ուորլիքի ելույթը շատ յուրովի մեկնաբանվեց հայաստանյան մամուլում՝ միանգամայն հարիր երկրիս այսօրվա մթնոլորտին ու մեր հոգեբանությանը։ Հերթական անգամ որեւիցե տեղեկատվություն դառնում է «ֆիլ»-երի ու «ֆոբ»-երի ընդհարման առիթ։ Մամուլն ու սոցիալական ցանցերը լիքն էին ռուսամետների ու արեւմտամետների փաստարկներով ու փոխադարձ մեղադրանքներով։

Բայց ինձ առավել ապշեցրեց ու մտահոգեց այն հանգամանքը, որ քննադատական հորձանուտն առավել վերաբերում էր տեղեկատվության աղբյուրին, ոչ թե բուն տեղեկատվությանը։ Սա մոտավորապես նույնն է, թե նախընտրած թիմի պարտության համար մեղադրես մարզական մեկնաբանին։

Կարծես թե մեր հանրությունը գերադասում է լինել երջանիկ անգիտության մեջ եւ իրազեկված չլինել։ Անտրամաբանական ոչինչ չկա այստեղ. հանրությունը չի ուզում պատասխանատվություն ստանձնել։ Ավելի հեշտ է անտեղյակ ձեւանալ՝ հետագայում ուրիշներին դավաճանության մեջ մեղադրելու համար։

Մամուլում շատ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին միմյանց հակադրելու փորձերը, մինչդեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ապացուցեց, որ իրականում սկզբունքային տարաձայնություններ չկան։ Սա եւս մեկ անգամ ի ցույց դրեց այն հանգամանքը, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը լուսաբանվում է հապճեպ եւ ոչ արհեստավարժ։

Կարգավորման խոհանոցին տեղյակ փորձագետներին մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, մինչդեռ գործընթացը մեկնաբանում են տասնյակ մարդիկ։ Կագավորման խոհանոցին տեղյակ փորձագետներն ու մեկնաբանները ոչ թե կփորձեին հակադրել համանախագահներին, այլ Ուորլիքի ելույթը պարզապես կհամեմատեին ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթերի հետ։

Աննա Իսրայելյան
Առցանց «Առավոտ»-ի խմբագիր

Որպես կանոն՝ Ղարաբաղյան թեմայի շուրջ լուսաբանումը հայաստանյան մեդիայում վերածվում է հայրենասիրության մրցավազքի: Ցավ կարող եմ հայտնել, որ ինչպես ընդհանրապես լինում է նման դեպքերում, այս դեպքում էլ լրատվամիջոցներն անդրադառնում էին Ուորլիքի ելույթին անգամ առանց դրան ծանոթ լինելու:

Շատերն այն համառոտագրումներից, որ Թվիթերում կատարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆերնը, նրան վերագրեցին գրավյալ տարածքների վերաբերյալ հայտարարությունը: Ակնհայտ է, որ անգամ նրանք, ովքեր մեկնաբանում էին, իրենց նեղություն չէին տվել մինչեւ վերջ կարդալու Ուորլիքի ելույթը:

Վերջին շրջանում ամեն ինչ՝ լինի դա Եվրատեսիլ,  թե Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ դիրքորոշում, փորձ է արվում զատորոշել՝ սա մեր բարեկամ ռուսների դիրքորոշումն է, իսկ սա՝ մեր հոգեկերտվածքին անհարիր արեմտյան աշխարհինը: Եվ այս թեման նույնպես հենց այդ լույսի ներքո էր ներկայացվում:

Նաիրա Հայրումյան
Lragir.am-ի մեկնաբան

Ուորլիքի հայտարարության քննարկումները տեղավորվում են Հայաստանում երկու միտումների շրջանակում՝ շատերը գտնում են, որ դեսպանը ոչ մի նոր բան չի ասել, այլ կրկնել է Մադրիդյան սկզբունքները, որպեսզի ակտիվացնի քննարկումները, իսկ մյուսները նշում են, թե ԱՄՆ-ը, փաստորեն, վերջնագիր է ներկայացնում Հայաստանին, որն ընտրել է զարգացման ռուսամետ ուղին:

Լրատվամիջոցների մի մասը մեղադրեց ԱՄՆ-ին, մյուս մասը՝ հայաստանյան իշխանություններին, որոնք հրաժարվում են Մադրիդյան սկզբունքներից:

Անձամբ ես կարծում եմ, որ դեսպանը եւս մեկ անգամ հրապարակեց կարգավորման սկզբունքները, որպեսզի Հայաստանը վերջնականապես հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից: Սակայն Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, փաստորեն, հայտարարեց, որ Հայաստանը ընդունում է Մադրիդյան սկզբունքները որպես հետագա բանակցությունների հիմք եւ նույնիսկ մեղադրեց Ադրբեջանին դրանք չընդունելու համար:

Հիմնականում Ուորլիքի հայտարարության երկու դրույթ էր քննարկվում՝ Ղարաբաղի 2/3-ի հանձնումը Ադրբեջանին եւ խաղաղապահ գործողություններ անցկացնելը: Բայց ինչպես ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հենց այդ երկու հարցերի շուրջ էլ չկա համաձայնություն:
Փաստորեն, Ուորլիքին իսկապես հաջողվեց հայաստանյան հանրության շրջանում քննարկում սկսել եւ ստիպել պաշտոնական Երեւանին հայտնել իր դիրքորոշումը:

Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն

Ինչպես շատ այլ դեպքերում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հայաստանյան մեդիայում ներկայացվեց քաղաքական ուղղվածություններից ելնելով՝ թե՛ դրական, թե՛ բացասական լույսի ներքո:

Շատ հատկանշական էր, որ նույն օրերին հայտարարություններ արեցին թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, թե՛ Հայաստանում Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանները: Սակայն հիմնական քաղաքական կամ հանրային շրջանակները կենտրոնանում էին կա՛մ մեկի, կա՛մ մյուսի հայտարարության վրա:

Մեդիայում չկար թեմայի վերաբերյալ վերլուծություն: Այն, ինչ կար, քաղաքական եւ հասարակական շրջանակների կատարած հայտարարությունների արտացոլանքն էր, չկար վերլուծություն հատկապես Քի Վեսթյան բանակցությունների հետ կապված: Չկար նաեւ Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը, ինչպես նաեւ այնտեղ ապրող հասարակ մարդու կարծիքը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *