2014.02.04,

Խաչմերուկ

Ինչպես են լրատվամիջոցներում խոսքի ու մտքի ազատությունը ոչ թշնամական դիսկուրս մտցնում մարդկանց գիտակցության մեջ

Ադրբեջանական մեդիա տիրույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման տարօրինակ իրադրությունը կայանում է նրանում, որ այդ թեման 21-րդ դարում ԶԼՄ-ների համար սովորական ու ընթացիկ է դարձել։  Բայց չնայած դրան՝ այս թեման այնուամենայնիվ զբաղեցնում է  ինֆորմացիոն դաշտի ամենակենտրոնական տեղերից մեկը։ Թեմայի՝ սովորական դառնալու պատճառով լրագրողներն ու քաղաքագետները մեծ դժվարությամբ են նոր ու արտահայտիչ միջոցներ գտնում ինֆորմացիայի մատուցման և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերլուծության համար։ Ընդհանուր առմամբ՝ ԶԼՄ-ները հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման ժամանակ անողոք են։  Ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները, նույնիսկ նրանք, որտեղ ազատությունը բավականաչափ շատ է, անընդհատ անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Օրինակի համար պետք է նշել, որ եվրոպական ԶԼՄ-ների համար Ռուսաստանի քաղաքականություն կարծես թե պիտի նույնպես սովորական լիներ։ Սակայն Պուտինի, Կրեմլի քաղաքականության մասին վերլուծական հոդվածները միշտ են հետաքրքրությամբ կարդացվում։ Մինչդեռ, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանն իրենց այնպես չեն պահում, որ ադրբեջանցի ընթերցողների համար նրանց հարաբերությունների թեման ինֆորմացիոն առումով արդիական ու հետաքրքիր լինի։  Բացառություն կարող են լիել ճակատում սպա Մուբարիզա Իբրահիմովի մահը և Ռամիլ Սաֆարովի ազատման կապակցությամբ տեղի ունեցած ակցիան։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը վերադարձրեց Սաֆարովին հունգարական բանտից՝ պայմանով, որ նա հետագա ազատազրկումը կկրի հայրենիքում։ Սակայն արտահանձնումից անմիջապես հետո նա ազատ արձակվեց։ Նման իրադարձությունները հաճախակի չեն։ Բայց հենց նրանք են կենտրոնական թեմա դառնում ու ատելության լեզվով գրված բազմաթիվ հոդվածներ են ծնում։ Նույնը պատահեց նույնիսկ Թուրքիայի նկատմամբ, երբ նա ցանկանում էր բացել Հայաստանի հետ սահմանը։ Այդ ընթացքում ի հայտ եկան մեղադրական հոդվածներ ու բորբոքված հայտարարություններ ոչ միայն Հայաստանի, այլև պատմական ու ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի  հասցեին։

Բայց հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի գործողություններով պայմանավորված լարված կրքերը Ադրբեջանում այլընտրանքային կարծիք արտահայտող հեղինակների նկատմամբ ատելություն  արշավ չեն առաջացրել ու չեն առաջացնում։   Սակավաթիվ հեղինակներ դեմ էին արտահայտվում Ռամիլ Սաֆարովին հերոս ներկայացնելու փորձերին։ Բայց միևնույն ժամանակ ԶԼՄ-ներում ոչ ոք Իլհամ Ալիևին չէր քննադատում նրան ներում շնորհելու համար։ Լրագրողները դա համեմատում էին այն դեպքի հետ, երբ արդարացվեց Վարուժան Կարապետյանը՝ փարիզյան Օրլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կազմակերպիչը։

Հարաբերական համբերատարություն էր դիտարկվում գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ, որը վեպ էր տպագրել, որտեղ իր համակրանքն էր արտահայտել հայերին։ Այդ վեպի նկատմամբ պաշտոնական դեմքերի վերաբերմունքը շատ խիստ էր։ Բաց ԶԼՄ-ներում ոչ քիչ քանակությամբ հոդվածներ հայտնվեցին, որոնք ճիշտ է հավանության չէին արժանացնում վեպի բովանդակությունը, բայց ճանաչում էին գրողի մտքի ազատության իրավունքը։  Իմիջայլոց, հարկ է հիշեցնել, որ Աքրամ Այլիսլիի նկատմամբ հասարակական վերաբերմունքը շատ ավելի խիստ էր, երբ անցած դարի 80-ականների վերջին «Դրուժբա Նարոդով» ամսագրին տված հարցազրույցում նա հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ մի շարք մտքեր էր արտահայտել, որոնք դժգոհությունների ալիք էին բարձրացրել։ Միայն տարիներ անց նա ներվեց այդ հարցազրույցի համար և Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվեց։

Արդեն 90-ական թվականներին, չնայած պետությունների միջև պատերազմին, կային մարդիկ, որոնք առանց հասարակության կողմից ատելության արժանանալու՝ հայերի մասին չեզոք տոնով էին գրում։

Այսպիսով, վերը նկարագրված պրոցեսը ցույց է տալիս մամուլի բազմակարծությունը։ Այնտեղ, որտեղ մամուլը կարողանում է այլընտրանքային տեսակտներին տեղ տալ, լսարանի մոտ համբերատարություն է դաստիարակում երկկողմանի կարծիքների նկատմամբ։

Ահա մեկ օրինակ։ 90-ական թվականներին, երբ ադրբեջանական պաշտոնատար դեմքերը խոսում էին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հնարավորության մասին, դա մարդկանց շրջանում խիստ զայրույթ էր առաջացնում։ Շատերին թվում էր, որ «չի կարելի հողերը խաղաղ ճանապարհով վերադաձնել»։ Բայց այժմ այդ մասին և գրում են, և խոսում, ու դա այլևս հասարակությանը չի բարկացնում։

Կարծում եմ՝ դա անկախ լրատվամիջոցների շնոհիվ է։ Շատ մարդիկ արդեն նորմալ են ընդունում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցությունները։

Բանակցությունների միջոցով հակամարտության լուծման հնարավորության մասին վերլուծական հոդվածների ի հայտ գալը նպաստել է, որ ադրբեջանցի ընթերցողների համար այս դիսկուրսը իրադարձությունների և երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ դառնա։ Նույնը կարելի է նկատել հայ ու ադրբեջանցի մարզիկների միջև սպորտային մրցումների լուսաբանման դեպքում։ Նախկինում ադրբեջանական թիմի կամ ըմբիշտի հաղթանակը  ընկալվում էր որպես մարտի դաշտում տարված հաղթանակ։ Հետևաբար՝ պարտությունը որպես ողբերգություն և դավաճանություն էր ընկալվում։ Այժմ կարելի է ասել, որ հայերի ու ադրբեջանցիների միջև մարզական  մրցակցությունը զգալիորեն մաքրվել է ռազմական հռետորաբանությունից։ 

Բնականաբար այս հոդվածում գրված մտքերը ոգևորություն և միամիտ լավատեսություն չպետք է առաջացնեն։ Մենք պետք է հասկանանք, որ պատերազմ է տեղի ունենում, ու ցանկացած ռազմական գործողություն ԶԼՄ-ներում բարձրացնում է  մարտական հռետորաբանության ու ատելության մակարդակը։ Սակայն դրականն այն է, որ մոտակայքում՝ ռեզերվում միշտ էլ խաղաղ դիսկուրսների հնարավորություն կա։

Նիյազի Մեհտի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *