«Մուտքն արգելված է։ Հարավային Օսեթիայի տարածք». այս կանաչ ցուցանակները Հարավային Օսեթիայի ու Վրաստանի սահմանի վրա հայտնվել են փշալարերի հետ միասին։ Առաջին լարային պատնեշները հայտնվեցին 2013 թվականի նոյեմբերի 27-ին։
Հարավային Օսեթիայի ու Վրաստանի միջեւ «պայմանական սահմանը» դարձավ ավելի փշոտ ու նկատելի։ Դիցի, Դվանի, Գոգեթի. ռուս զինվորականներն արդեն գրեթե 350 կիլոմետր սահամանային փշալարեր են անցկացրել։
Մետաղական արգելքներ տեղադրելուց հետո օսեթական հատվածում մնացին սահմանային գոտում ապրող վրացի բնակիչներին պատկանող արոտավայրերը, ջրամբարը եւ գերեզմանոցը։ Բնակչությունն իրեն այժմ անպաշտպան է զգում։
Մինչեւ արգելքների տեղադրումը նրանց հաջողվում էր սահամնապահների հետ ինչ-որ կերպ պայմանավորվել, որ թույլ տան մշակել մյուս կողմում մնացած հողերը։ Ռուսական աշխարհաքաղաքական նոր քարտեզի հայտնվելուն պես դա անհնար դարձավ։
Իսկ վրացական իշխանությունները բնակչությանը անվտանգության երաշխիք եւ պաշտպանություն են խոստանում։
«Հարավային Օսեթիայում էլ կան գյուղացիներ, որոնց հողերը մնացել են վրացական հատվածում, բայց վրացիների շրջանում նման դեպքերն ավելի շատ են», – ասում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի Կովկասի խնդիրների ու տարածաշրջանային անվտանգության կենտրոնի գլխավոր մասնագետ Նիկոլայ Սիլաեւը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը սահմանային փշալարեր անցկացնելու վերաբերյալ հետեւյալն է. Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Հարավային Օսեթիայի ինքնիշխանությունը, հետեւաբար երրորդ պետությունների հետ սահամանային խնդիր նա չի տեսնում։
Ռուսական սահմանապահները գտնվում են Հարավային Օսեթիայում ՝ համաձայն Մոսկվայի եւ Օսեթիայի «պաշտոնական» պայմանավորվածության։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խնդիրը վերագրում է «տաք գլուխների» առկայությանը։
«Ինչ վերաբերում է փշալարերին, պիտի ասեմ, որ սահմանները պետք է պաշտպանվեն, իսկ դրանց խախտումները՝ կանխվեն։ Կարծում եմ, որ տաք գլուխներին հանգստացնելու դեպքում փշալարերն այլեւս պետք չեն գա». այս հայտարարությունը Լավրովն արեց Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։
Վրաստանում իշխանության եկած նոր ուժը փորձում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարել ու կարգավորել հարաբերությունները, սակայն Ռուսաստանը ջանք չի խնայում տարածաշրջանում պահպանելու իր հսկողությունը եւ, փշալարերով արգելքներ սահմանելով, փորձում է ցույց տալ Վրաստանին, թե եվրաատլանտյան կուրսին հետեւելն ինչ հետեւանքներ կարող է ունենալ։
Ռուսաստանը Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսի 26-ին։ Ադմինիստրատիվ սահմանի «օրինականացումը» հյուսիսային հարեւանը բացատրում է նրանով, որ այդպես օգնում է «ինքնավար պետությանը» (տվյալ դեպքում՝ Հարավային Օսեթիային) որոշել տարածքային սահմանները։
Վրացական կողմի դիրքորոշումը, որը համընկնում է միջազգային կազմակերպությունների դիրքորոշման հետ, հետեւյալն է՝ սահմանի անցկացումը վրացական տարածքների անօրինական զավթում է, որը հակասում է միջազգային իրավունքներին։
Բացի այդ՝ 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ վրաց-ռուսական պատերազմից հետո, ստորագրվել է հրադադարի պայմանագիր, որի համաձայն՝ Վրաստանի եւ անջատված տարածքների միջեւ այդ ժամանակ գոյություն ունեցող սահմանը համարվում է ժամանակավոր։
Ռուսաստանի համար Վրաստանը միակ պետությունը չէ, որի հետ նա փշալարեր է կիրառում ուժը ցուցադրելու նպատակով։
Ուկրաինական «ԻՐՏԱ» հեռուստաալիքը տեսանյութ է տարածել, որտեղ ցուցադրվում են Լուգանսկի շրջանում՝ ռուս-ուկրաինական սահմանի վրա ռուսների տեղադրած սահմանային պատնեշները։
Լուգանսկի շրջանի բնակիչները Ռուսաստանի տարածքում հարազատներ ու հողեր ունեն։ Ինչպես երեւում է, Ռուսաստանը նոր մեթոդներ է օգտագործում արեւմտյան հակումներ ունեցող անհնազանդ հարեւաներին պատժելու համար։
Տարածքային զավթման փորձ անելու եւ սահմանի տեղաշարժի վերաբերյալ Թբիլիսիի առաջին արձագանքը համեմատաբար փափուկ էր։ Այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին սկզբում այդ ամենը թյուրիմացությանն էր վերագրում եւ Ռուսաստանի կողմից նման քայլի մեջ տրամաբանություն չէր տեսնում։
Վերաինտեգրացման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին կարծում էր, որ այդպիսի գործողություններով Ռուսաստանը փոձում է սահմանների վերագծման վերաբերյալ բանակցություններ վարելու համար Թբիլիսիից համաձայնություն ստանալ եւ «շարժելով մետրերը՝ օրինականցնել կիլոմետրերը»։
Բայց պայմանական սահմանի վրա փշալարեր անցկացնելուց հետո վրացական կողմի դիրքորոշումը կոշտացավ։ Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա հղեց։
Փշալարերի անցկացումը Հարավային Օսեթիային ավելի մեծ վնաս է հասցնում, քան վրացական կողմին, եւ այդ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Այսպես է մեկնաբանել իրողությունը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «Արչեվանի» («Ընտրություն») հաղորդման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հարավային Օսեթիայի բնակչությունն ինքը պետք է որոշի՝ ինչն է իր համար ավելի կարեւոր՝ թաքնվել փշալարերի հետեւու՞մ, թե՞ մասնակցել եվրոպական ընդհանուր գործընթացին։ Այս հայտարարությունը Մարգվելաշվիլին արեց Բրյուսելում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո։
Թեեւ Բրյուսելի իրադարձությունները եվրաինտեգրման ճանապարհին զգալի հաջողություն էին, համաձայնագրի նախաստորագրումը Վրաստանի համար ընդամենը իրական փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամություն է նշանակում, իսկ Եվրամիության համար՝ դիտարկում, թե որքանով ենք մենք կատարում ստանձնած պարտավորությունները։
Սա դեռեւս չի երաշխավորում Վրաստանի բացարձակ մուտքը եվրոպական ընտանիք։ Այդ պատճառով եվրոպական Վրաստանում ապրելու առաջարկությունը Հարավային Օսեթիայի համար դեռեւս վաղ է։ Առաջին հերթին մենք պետք է նրանց համար իրական պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք հնարավորության դեպքում ընտրեն Վրաստանը։
Իսկ դա նշանակում է, որ նրանց համար պետք է ապահովվեն Մասլոուի կարիքների բուրգի առնվազն առաջին եւ երկրորդ աստիճանները, ինչը նշանակում է սոցիալական խնդիրների լուծում, որակյալ առողջապահության եւ կրթության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի անվտանգության ապահովում։
Ինչպես նշել է Մարգվելաշվիլին, « նույնիսկ այն ժամանակ, երբ կառուցվում էր Բեռլինի պատը, պարզ էր, որ այն կքանդվի։ Այդպիսին են նաեւ փշալարերը, քանի որ դրանք ոչ թե ռազմավարական, այլ մարդկանց միջեւ կանգնած պատնեշներ են»։
Մարգվելաշվիլիի գնահատմամբ՝ որոշակի իմաստով փշալարերը վկայում են, որ երկու կողմերի միջեւ փոխհարաբերություններն այնքան են լարվել, որ պետք է դադարեցնել դրանք։
«Ես այլ պատճառ պարզապես չեմ տեսնում։ Ոչ մի զինվորական կամ տեսաբան չի կարող բացատրել, թե ինչ դեր կարող են ունենալ փշալարերը ժամանակակից աշխարհում», – ասել է նախագահը։
Այնուամենայնիվ, «լարված փոխհարաբերությունների» ֆոնին վրացիների ու օսեթների միջեւ ստեղծված փշալարային սահմանը օրեցօր երկարում է։ Այս պահի դրությամբ վերջին լարափակոցները, որոնք տեղադրել են ռուս սահմանապահները, Փլավի գյուղի մոտ են։
Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: