«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Գոգա Ափցիաուրիի ռեպորտաժները հաճախ են շոշափում վրաց-օսեթական հակամարտությանը վերաբերող թեմաները։
Նա նաեւ վրաց-օսեթական երկխոսության մասնակից է։ Ինչպես հենց ինքն է ասում, իր երկու գործունեություններն իրար չեն խանգարում, հակառակը՝ նույնիսկ օգնում են։
Media.ge-ին տված հարցազրույցում Գոգա Ափցիաուրին խոսում է քաղաքացիական երկխոսության եւ խաղաղարար լրագրության անհրաժեշտության մասին։
Խաղաղարար լրագրություն տերմինը վրացական մեդիայում սկսեց շատ օգտագործվել հատկապես 2008-ի պատերազմից հետո։ Ինչպիսի՞ լրագրություն դուք նկատի ունեք այս տերմինի տակ։
Իմ կարծիքով՝ խաղաղարար լրագրությունը հատուկ բնութագրիչներ չունի։ Կարեւորը մասնագիտական, էթիկական լրագրության չափանիշները պահպանելը, բազմակողմանի աղբյուրներ օգտագործելն ու հավասարակշռությունը պահելն է, ատելության լեզվից հրաժարվելն ու հակամարտության մյուս կողմից թշնամու կերպար չստեղծելը։ Բացի դրանից՝ խաղաղարար լրագրությունը, իմ համոզմամբ, մեծ ուշադրություն է դարձնում մարդասիրական հարցերի վրա։
Այն լուսաբանում է հակամարտության բոլոր կողմերի մասնակիցների ընդհանուր խնդիրները, շարքային մարդկանց կյանքը, երկու կողմերում մնացած պայմանական սահմանները, փնտրում է շփման ընդհանուր կետեր։ Խաղաղարար լրագրությամբ զբաղվել նշանակում է ուշադրություն դարձնել ու լուսաբանել երկխոսությունը՝ անկախ ձեւաչափից։
Վրացական մամուլը կարծես թե այլեւս նույն ինտենսիվությամբ չի լուսաբանում վրաց-օսեթական եւ վրաց-աբխազական հակամարտությունները։ Թեեւ երկխոսության նկատմամաբ քաղաքացիական մեծ հետաքրքրություն, իմ կարծիքով, ոչ պատերազմից առաջ է եղել, ոչ էլ հիմա…
Վրացական մեդիան այն ժամանակ է հակամարտույթյուններին ուշադրություն դարձնում, երբ իրավիճակը սրվում է։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ ռուս սահմանապահները Դիցի գյուղում փշալարեր էին անցկացրել։ Բնականաբար, այդ փաստը լուսաբանվեց բացասական լույսի ներքո։ Հայտնում էին, որ տեղի է ունենում այսպես կոչված սահմանի տեղաշարժ, տեղական բնակչության համար հումանիտար խնդիրներ են ստեղծվում եւ այլն։
Բայց երբ լրագրողները, փորձագետները, հասարակական ակտիվիստները հանդիպում են եւ երկխոսում հակամարտությունների կարգավորման մասին, վրացական մեդիան հազվադեպ է դա լուսաբանում։ Չնայած «Ազատություն» ռադիոկայանը այդ թեմայով սովորաբար հետաքրքրված է՝ «Ռեզոնանս» թերթն էլ է այն ուշադրության կենտրոնում պահել, բայց ընդհանուր պատկերն այն է, որ խաղաղարար քաղաքականության եւ քաղաքացիական երկխոսության նկատմամաբ վրացական մեդիան նրբազգաց չէ։
Ո՞րն է պատճառը։
Մեզ մոտ գնահատվում են սենսացիան ու բացասական լուրերը։ Մեդիան այդպիսի բովանդակությամբ փորձում է ավելի շատ ընթերցողներ հավաքել, գրավել ամբողջ լսարանը։ Իսկ այն, որ ինչ-որ տեղ հանդիպում է տեղի ունեցել, մեկը սեղմել է մյուսի ձեռքը, համագործակցություն եւ համատեղ միջոցառումներ է պլանավորել, քիչ է հետաքրքրում վրացական ԶԼՄ-ներին։ Կարծում եմ՝ խմբագիրները հենց իրենք քիչ պատկերացում ունեն խաղաղարար գործընթացների մասին։
Բայց չէ՞ որ արդեն երկխոսության տարբեր ձեւաչափեր են ձեւավորվել։ Կովկասյան տան նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական փորձագետների եւ ակտիվիստների հանդիպումներ։ Կա կանանց ֆորմատ, երբ կին առաջնորդները զրուցում են խաղաղարար քաղաքականության մասին։ Երիտասարդների համար ամառային ճամբարներ են անցկացվում։ Հետաքրքիր են նաեւ վրացի, աբխազ եւ հարավօսեթացի լրագրողների պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում, որպես կանոն, շատ ժամանակ է տրամադրվում մասնագիտական չափորոշիչների քննարկմանը։
Սակայն մեդիայի պասիվության մեջ ես չեմ կարող մեղադրել միայն լրատվամիջոցներին. հնարավոր է՝ մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ այդ միջոցառումները կազմակերպող հասարակական կազմակերպությունները։ Երեւի թե նրանք պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն իրենց գործունեությունը հանրային դարձնելու համար։ Չէ՞ որ լրատվամիջոցները երազում չեն տեղեկանա, որ ինչ-որ տեղ՝ Երեւանում, Ստամբուլում կամ եվրոպական մի քաղաքում ինչ-որ բան է կատարվում։
Նման հանդիպումներն ընդհանրապես տեղի են ունենում երրորդ երկրում, եւ խնդիրն այն է, որ խմբագրությունները չեն կարող իրենց նման ծախս թույլ տալ եւ այդ հանդիպումները լուսաբանելու համար լրագրող գործուղել։
Լրագրողներին հայրենասիրությունը չի՞ խանգարում։ Գուցե նրանց համար դժվա՞ր է խաղաղության մասին գրել, երբ պատերազմից ընդամենը հինգ տարի է անցել։
Ես ձեզ կհիշեցնեմ 2008 թվականի պատերազմի ժամանակաշրջանը, երբ պետության քաղաքականությունը ռազմատենչ երանգ ուներ, երբ ամենառեյտինգային եւ իշխանութան կողմից կառավարվող հեռուստաալիքը ողողված էր քարոզչական նյութերով այն մասին, թե ինչ հզոր բանակ ունենք մենք, իսկ ռուսների ամեն ինչը ժանգոտ է։ Չեմ կարծում, թե նման աշխատանքը հայրենասիրական է, հակառակը՝ դա ավելի շատ ռազմական հռետորաբանություն է։
Նման մի բան էլ Ցխինվալիում էր տեղի ունենում։ Այստեղից էլ եկավ այն արդյունքը, որ մենք ունենք։ Մի՞թե հայրենասիրական չէ, երբ ինչ-որ կազմակերպություն նեգրավված է քաղաքացիական երկխոսության մեջ, որը նպաստում է հակամարտությունը երկխոսությամբ լուծելուն։ Իմ կարծիքով՝ նման հարցերի լուսաբանումն ավելի հայրենսաիրական է, քան պատերազմի մերկ քարոզչությունը։
Չէի ասի, թե լրագրողներն այսօր հատուկ հանձնարարությամբ են գործում, երբ լուսաբանում են խաղաղարար գործընթացները։ Երեւի դրանք նրանց ուղղակի չեն հետաքրքրում։ Մեդիան ավելի շատ կենտրոնացած է նրա վրա, թե ինչ են «փչացրել» ռուս սահմանապահները, ինչ մեղքեր են գործել օսեթական զինված միավորումները։
Կարծում եմ՝ նման մոտեցումը արդյունավետ չէ։ Պետական քաղաքականությունն արդեն փոխվում է դեպի երկխոսություն։ Համապատասխանաբար, մեդիան էլ պիտի հետեւի այդ գործընթացին։ Որպես քաղաքացի եւ լրագրող՝ ես հակամարտության խաղաղ կարգավորումից բացի այլընտրանք չեմ տեսնում։
Բացի մասնագիտական հարցերից՝ ի՞նչ այլ թեմաների է ուշադրություն դարձվում հանդիպումների եւ երկխոսությունների ժամանակ։
Մենք խոսում ենք ամեն ինչի մասին՝ բացի քաղաքականությունից։ Խուսափում ենք այս կամ այն հարցը քաղաքականացնելուց։ Օրինակ՝ հենց առաջին հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ Հարավային Օսեթիայի կարգավիճակի մասին չպետք է խոսենք եւ չենք էլ կարող խոսել, քանի որ դա լրագրողների որոշելու հարցը չէ։ Մենք դիտարկում ենք մարդկային, հումանիտար խնդիրներ։
Օրինակ՝ վրացիներին հնարավորություն չի ընձեռվում անցնել ադմինիստրատիվ սահմանը եւ այցելել իրենց բարեկամներին ու նախնիների գերեզմանները։ Նրանք չեն կարողանում այցելել այն սրբավայրերը, որտեղ նախկինում աղոթել են։ Հնարավորություն չի տրվում հանդիպել իրենց օս բարեկամների հետ։ Նման խնդիրները նաեւ օսերին են մտահոգում։ Երբ այս թեմաները հասունացան, մենք քաղաքացիական ֆորումներից մեկում ընդունեցինք առաջարկությունների փաթեթ, որը վրացի եւ օս քաղաքացիական ակտիվիստները ստորագրեցին եւ ուղարկեցին ժնեւյան քննարկումների համանախագահներին։
Մենք խնդրեցինք կողմերին մտածել օսերով բնակեցված տարածքների գազամատակարարման, վրացական գյուղերի ջրամատակարարաման խնդիրների, ինչպես նաեւ փայտ ստանալու նպատակով գյուղացիների համար պայմանական սահմանագծի մոտ գտնվող անտառների օգտագործումը հնարավոր դարձնելու մասին։ Ճիշտ է՝ հետո այս ցակնությունները հաշվի չառան, հատկապես Ցխինվալիի իշխանությունները, բայց կարեւոր է, որ ֆորումի օս մասնակիցները համաձայնեցին դրանց։
Փաստ է, որ հասարակությունը հումանիտար խնդիրները լուծելու ցանկություն ունի։ Երեւի հետո կամք կառաջանա նաեւ քաղաքական խնդիրները լուծելու համար։
Այս կամ այն միջոցառման ձեւաչափը որոշելիս կազմակեպիչներն իրական պահանջարկը հաշվի առնու՞մ են։
Հանդիպումներից մեկից դժգոհ վերադարձա։ Մեզ մոտ վրաց-աբխազա-օսեթական կայքի գաղափար ծնվեց, ու մենք համատեղ ծրագրի աշխատանքային տարբերակ մշակեցինք, բայց այլեւս չկարողացանք հանդիպել, ու հետեւապես այդ նախագծի իրականացմանը հերթ չհասավ։ Դոնոր կազմաերպությունն այլեւս չկարողացավ մեզ օգնել, որովհետեւ իրենց ծրագիրն ավարտվել էր, կամ էլ ժամանակ ու ֆինանսներ չունեին։ Այդպես լավ սկսված գործը չշարունակվեց։
2008 թվականից սկսած՝ փորձագետները, լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստները տարին երկու անգամ հանդիպում են։ Օրինակ՝ այդ ձեւաչափի շրջանակում ձեռք բերած արդյունքներից մեկն այն է, որ Զոնկարսկյան ջրամբարը ոչ օսական, ոչ վրացական գյուղերի համար այլեւս վտանգ չի ներկայացնում։
Խնդիրն այն է, որ լեփ-լեցուն լցված ջրամբարը, որի պաշտպանիչ կառույցները խցանված էին, սպառնում էր մեծ տարածություններ հեղեղել։ ԵԱՀԿ-ն հետաքրքրվեց խնդրով ու մի ծրագիր ֆինանսավորեց։ Հրավիրեցին վրացի եւ օս ինժեներների, վրացի մասնագետներին ներս թողեցին դե ֆակտո պետության կողմից հսկվող տարածք։
Մասնագետները վերանորոգեցին պատնեշները եւ դատարկեցին ջրամբարը՝ այդպիսով ջրհեղեղից փրկելով ամենամեծ օսական գյուղը՝ Դմենիսին եւ նրա հարակից վրացական գյուղը։ Հենց վրաց-օսեթական երկխոսության մասնակիցները քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրեցին Զոնկարսկյան ջրամբարի վտանգի վրա։
Պաատա Զաքարեիշվիլին՝ վերաինտեգրման հարցերով այժմյան նախարարը, այն ժամանակ խաղաղարար երկխոսության մասնակից էր, որպես փորձագետ՝ զբաղվում էր բանտարկյալների խնդիրներով։ Երկխոսության արդյունքում վրացի ծնողները Կարմիր խաչի օգնությամբ Ցխինվալի գնալու ու իրենց հարազատ բանտարկյալներին այցելելու հնարավորություն ստացան։ Երեւի մինչ օրս շատերը չգիտեն, որ քաղաքացիական ակտիվիստ Լիրա Կոզաեւան այցելում էր Ցխինվալիի բանտարկյալներին ու օգնում էր նրանց։
Փաստ է, որ խաղաղարար գործընթացը տալիս է իր արդյունքը։ Բայց երբ դոնորները արդյունավետություն են տեսնում, պետք է նաեւ ապահովեն այդ գործընթացի շարունակականությունն ու զարգացումը։
Գոյություն ունեն սոցիալական ցանցեր, ինտերնետ։ Կարելի է նաեւ այդպես շփվել։ Դուք նամակագրություն ունե՞ք սուխումցի եւ ցխինվալցի լրագրողների հետ։
Երբեմն գրում ենք, որ կարոտել ենք իրար ու մտածում ենք՝ երբ ենք նորից հանդիպելու։ Կարեւոր չէ, թե որտեղ։ Վատն այն է, որ, օրինակ, օս լրագրողները չեն կարող Թբիլիսի գալ, մենք էլ չենք կարող Ցխինվալի գնալ։ Իսկ այսպես կոչված չեզոք տարածքում հանդիպելը ֆինանսների հետ է կապված։ Մենք իրար լավ ենք հասկանում, բոլորս էլ համաձայն ենք, որ ատելության լեզուն օգտագործել պետք չէ, քանի որ այն ուժեղացնում է անվստահությունն ու թշնամական տրամադրվածությունը։
Լրագրողական էթիկայի պահպանման հարցում մենք՝ վրացիներս, ավելի շատ փորձ ունենք։ Ես շփվում եմ լրագրող Զարինա Սանակոեվայի հետ, լավ հարաբերոթյուններ ունեմ հատկապես Թեմուր Ցխովրեբովի հետ։ Նա Ցխինվալինում վերականգնել է անկախ թերթի տպագրությունը։ Երբեմն տեղեկություններով ենք փոխանակվում, մեկս մյուսի օգնությամբ որեւէ լուր ենք ստուգում։ Հետեւաբար, մեր նյութերն էլ են ավելի դիպուկ, ճշմարիտ ու բալանսավորված ստացվում։
Օրինակ՝ վերջերս օսերին օգնեցի տեղեկություն ստանալ Մարեկ Դուդաեւի ազատ արձակման մասին։ Նրանց հետաքրքրում էր Մարեկ Դուդաեւի մասին Ազգային պաշտպանի հայտարարությունը։ Ցխինվալիի քաղաքացիական ակտիվիստներն այդ մասին սուղ ինֆորմացիա ունեին։
Ի վերջո, լրագրողների նման ջանքերը, երկխոսության հետ մեկտեղ, նպաստում են կապերի խորացմանը եւ հակամարտության կողմերի միջեւ վստահության վերականգնմանը։
Հարցազրույցը՝ Media.ge-ի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: