2013.10.24,

Խաչմերուկ

Ղարաբաղյան խնդրի լուսաբանումը հայաստանյան մամուլում փոխվել է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող սկզբունքները վաղուց արդեն գաղտնիք չեն եւ ազատ քննարկվում են լրատվամիջոցներում:

Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում հայ հասարակության շրջանում ակնհայտորեն փոխվել է այդ սկզբունքների նկատմամբ վերաբերմունքը, եւ դա անմիջականորեն արտահայտվել է լրատվամիջոցներում:

Փոխվել է ամենակարեւորը՝ ընդամենը մի քանի տարի առաջ ղարաբաղյան կարգավորումը ենթադրում էր բացառապես զիջումներ, ԼՂՀ ներկայիս տարածքը բաժանվում էր նախկին ԼՂԻՄ-ի եւ ազատագրված շրջանների /որոնք ենթակա են հանձնման/ եւ խոսվում էր «անկախություն տարածքների դիմաց» սկզբունքի մասին:

Այսինքն՝ դատելով լրատվամիջոցներից՝ կարելի էր ենթադրել, որ պատերազմում հաղթանակ են տարել ոչ թե հայերը, այլ հակառակորդը: Համենայնդեպս, նկատվում էր հաղթանակից շուտափույթ ազատվելու ցանկություն:

Վերջին 2-3 տարիներին հայկական լրատվամիջոցները սկսել են օգտագործել միասնական Հայաստանի՝ ներառյալ Ղարաբաղը, քարտեզներ, համենայնդեպս, արդեն քիչ են քարտեզները, որտեղ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ինչ-որ անհայտ գույնի տարածքներ են ընկած:

Բացի այդ՝ «անկախություն տարածքների դիմաց» սկզբունքը վաղուց արդիական չէ հայկական մամուլում, որը փորձում է առավել ռացիոնալ մոտենալ Ղարաբաղյան խնդրին եւ դիտարկել այն անվտանգության եւ զարգացման տեսանկյունից: Դրա հետ մեկտեղ նկատելիորեն քչացել են «հայրենասիրական եւ հերոսական» նյութերը, որոնք դեռ առկա են արցախյան լրատվամիջոցներում:

Հայկական մեդիան դադարում է Արցախը ներկայացնել որպես պատերազմական անբնակ գոտի: Դա որոշ չափով կապված է Հայաստանի բնակիչների՝ Արցախ կատարած այցերի ավելացման հետ: Այդ միտումը կարծես «մարդկային է դարձրել» Արցախի կերպարը հայկական մեդիայում: Եվ հիմա հայկական լրատվամիջոցներում ավելի հաճախ կարելի է տեսնել նյութեր, որոնցում փորձ է արվում ղարաբաղյան կարգավորումը ներկայացնել մարդկային ճակատագրերի պրոեկցիայով:

Լրատվամիջոցները, բնականաբար, արտացոլում են այն տրամադրությունները, որոնք գոյություն ունեն հասարակական-քաղաքական դաշտում: Նման տրամադրություններից մեկը Հայաստանի ձախողումները եւ զարգացման հեռանկարների բացակայությունը Ղարաբաղի խնդրով պայմանավորելն է:

Դեռ կարելի է լսել, թե ինչպես են մարդիկ ասում՝ «տվեք էդ Ղարաբաղը, պրծնենք, էլի»: Այդ տրամադրությունները ժամանակին բավական տարածված էին լրատվամիջոցներում, սակայն դրանք գնալով նվազում են, ինչպես եւ նախկինում Ղարաբաղի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքը, որը պայմանավորված է Հայաստանում «ղարաբաղյան կլանի» իշխանությամբ:

Սակայն, ընդանուր առմամբ, ղարաբաղյան խնդրի լուսաբանումը հայկական մեդիայում իրադարձային, ռեֆլեկտիվ բնույթ է կրում, ինչպես եւ Հայաստանի քաղաքականությունը այդ հարցում:

Դիվանագիտությունը եւ արտաքին քաղաքականությունը արհեստականորեն համարվում են մարդկանց նեղ շրջանակի իրավասություն, եւ մեդիայում շատ դժվար է գտնել որեւէ նոր առաջարկ կամ կոնցեպտ, ինչպես եւ հայկական քաղաքականության մեջ:

Նաիրա Հայրումյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *