Տաթև Հովհաննիսյան
Միջազգային լրագրող և դասախոս
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Օրերս Երևանում մեդիա դասընթացի էի մասնակցում։ Մի պահ քննարկումը հանգեց մի պարզ, բայց կարևոր հարցի՝ լրագրողը պետք է ավելի արա՞գ լինի, թե՞ էթիկապես ճիշտ։

Թվում է՝ հարցը հին է։ Բայց ընդունենք՝ հայաստանյան մեդիայի այսօրվա իրականությունում այն չափազանց արդիական է։ Հունիսի 7-ին սպասվող Ազգային ժողովի ընտրություններից առաջ այն դառնում է ամենօրյա խմբագրական ընտրություն։

Այս շրջանում լրահոսն ավելի է թեժանում, ուղիղ եթերները՝ շատանում, իսկ քաղաքական խոսքը կոշտանում՝ երբեմն դառնալով խտրական ու մանիպուլյատիվ։ Ի՞նչ պետք է անեն խմբագրությունները, որպեսզի այս աղմուկի մեջ պահպանեն լրագրողական չափանիշները։

Արագության մոլուցքը

Թվային մեդիան ապրում է արագությամբ։ Ով առաջինն է հրապարակում, նա էլ շահում է ուշադրությունը։ Ալգորիթմները սիրում են արագ արձագանքը։ Բայց լրագրության նպատակը երբեք «առաջինը լինելը» չի եղել. այն պետք է ծառայի հանրային շահին։ 

Երբ արագությունը սկսում է գերակշռել ճշգրտությանը, մեդիան դադարում է վերահսկել տեղեկատվությունը և սկսում է վազել դրա հետևից։ Այդ պահին այն դառնում է ոչ թե հանրային վստահության հարթակ, այլ ուշադրության մրցավազքի մասնակից։ Իսկ այս մրցավազքում սովորաբար հաղթում է ոչ թե ամենաճշգրիտ փաստը, այլ ամենաբարձր ձայնը։

Ընտրությունների շրջանում սա կրկնակի վտանգավոր է։ Խտրական կամ մանիպուլյատիվ հայտարարությունը մի քանի րոպեում կարող է տասնյակ հազարավոր մարդկանց հասնել, մինչդեռ ճշգրտումը կամ հերքումը հազվադեպ է նույն արագությամբ տարածվում։

Ուսանողներին միշտ ասում եմ՝ ավելի լավ է մի քանի րոպե ուշ հրապարակել լուրը, քան արագության մրցավազքի մեջ կորցնել վստահությունը։ Լրագրողը պարզապես խոսափող չէ։ Նա պատասխանատու է այն բանի համար, թե ինչին է ձայն տալիս և ինչին՝ ոչ։

Կան նաև չգրված կանոններ, որոնք վազքի մեջ հեշտ է մոռանալ։ Սգի մեջ գտնվող ընտանիքի անդամից հարցազրույց վերցնելը կամ զոհի տան բակից ուղիղ եթեր մտնելը պարզապես «նյութ» չէ։ Դա նաև մարդկային ցավ է։

«Մենք պարզապես ցույց ենք տալիս»

Հայաստանյան լրատվադաշտում հաճախ կարելի է լսել՝ «մենք պարզապես ցույց ենք տալիս, թե ինչ է ասվում»։ «Բա եթե արագ չհրապարակենք, եթե սպասենք համատեքստին կամ փորձագետի կարծիքին, ապա հետ կմնանք մյուս կայքերից»։

Բայց ազնիվ լինենք․ մրցակցությունը չի կարող դառնալ էթիկական նորմերն անտեսելու արդարացում։

Այո, լրագրողի գործը լուր տալն է։ Բայց դա չի նշանակում մեխանիկորեն փոխանցել ասվածը։ Լրագրողը պարզապես լուր փոխանցող չէ։ Լրագրողը ֆիլտր է։ Իսկ երբ մենք հրաժարվում ենք այդ ֆունկցիայից «չեզոքության» անվան տակ, իրականում թույլ ենք տալիս, որ իշխանության խոսքը հնչի առանց հակակշռի։ Չմիջամտելը միշտ չէ, որ չեզոքություն է։ Երբեմն դա դիրքորոշում է։

Ազգային ժողովի ուղիղ եթերների ժամանակ հաճախ ենք տեսնում, թե ինչպես է խտրական կամ մանիպուլյատիվ հայտարարությունը բառացի վերածվում վերնագրի։ Կամ ինչպես է ֆեյսբուքյան ստատուսը մի քանի րոպեում դառնում «լրագրողական նյութ»՝ առանց լրացուցիչ աշխատանքի ու համատեքստի։ 

Սա համակարգային միտում է, թեև ոչ բոլորն են այդ ճանապարհով գնում։

Եվ սա պատահական չէ։ Փաստ է, որ սենսացիոն վերնագրերն աշխատում են։ Դրանք գրավում են միջին վիճակագրական ընթերցողին։ Բայց երբ բովանդակությունը սկսում է ծառայել միայն էմոցիային, այն փոխարինվում է աղմուկով։

Եթե ուղիղ եթերում հնչում է վիրավորական բառապաշար կամ տարածվում է գենդերային ապատեղեկատվություն, և մենք դա վերածում ենք լուրի՝ առանց հստակեցնելու, որ խոսքը վիճարկելի կամ խտրական պնդման մասին է, ապա մենք պարզապես «ցույց չենք տալիս»։ Մենք հարթակ ենք տրամադրում։ Մենք բազմապատկում ենք վնասը։

Խոսքի ազատությունը չի վերացնում խմբագրական պատասխանատվությունը։ Հանրային շահը չի պահանջում ամեն ինչ տարածել առանց զտելու։

Լուրը և տեսակետը

Ընտրական փուլում հատկապես կարևոր է տարբերակել լուրն ու տեսակետը։ Կրկին թվում է՝ պարզ բան է, բայց փորձը ցույց է տալիս՝ հիշեցման կարիք կա։ Լուրը փաստ է։ Տեսակետը՝ մեկնաբանություն։

Տեսակետ կարող են գրել ոչ միայն լրագրողները, այլև փորձագետները, քաղաքական գործիչները, գիտնականներն ու ակտիվիստները։ Բայց երբ լրահոսով աշխատող լրագրողը նույն նյութի մեջ սկսում է գնահատական տալ կամ ենթադրություն անել, ընթերցողն այլևս չի հասկանում՝ որն է փաստը, և որն է դիրքորոշումը։

Լրահոսը մեդիայի ամենազգայուն հատվածներից է։ Հենց այստեղ է կառուցվում վստահությունը։ Երբ լրահոսը կամաց-կամաց խառնվում է գնահատականի հետ, ամբողջ հարթակի հեղինակությունն է վտանգի տակ հայտնվում։

Պատահական չէ, որ հեղինակավոր լրատվամիջոցներում «Տեսակետ» կամ «Սյունակ» (Opinion) բաժինը միշտ առանձին է նշված։ Նպատակն այն է, որ ընթերցողը հստակ գիտակցի՝ ինչ է կարդում։

Կրթական դերը

Շատ լրագրողներ սիրում են ասել՝ «մենք ուսուցիչ չենք»։ Գուցե։ Բայց անկեղծ լինենք՝ մենք ազդում ենք հանրային խոսույթի ձևավորման վրա։

Յուրաքանչյուր վերնագիր, յուրաքանչյուր շեշտադրում ազդում է այն բանի վրա, թե ինչպես է հասարակությունը հասկանում իր շուրջը տեղի ունեցողը։ Եթե մենք չենք բացատրում, չենք համատեքստավորում, չենք մատնանշում մանիպուլյացիան, ապա այդ դատարկ տեղը լցվում է անբովանդակ աղմուկով։

Լրագրությունը կարող է չսիրել «կրթող» բառը, բայց չի կարող հրաժարվել հանրային գիտակցություն ձևավորող իր դերից։

Էթիկան՝ ոչ միայն թղթի վրա

Իսկ ի՞նչ անել, որ սխալներից խուսափենք։ Իրականում, դա պատահականություն չէ, այլ համակարգային աշխատանք։ 

Գրեթե բոլոր լրատվամիջոցներն ունեն իրենց էթիկական կանոնները։ Հարցն այն է՝ որքանով են դրանք կիրառվում։ Եթե դրանք գոյություն ունեն միայն կայքի «Մեր մասին» բաժնում, ապա դա բավարար չէ։ 

Էթիկան պետք է երևա ամենօրյա խմբագրական որոշումներում՝ հատկապես այն պահին, երբ արագությունը մրցում է պատասխանատվության հետ։ Նախապես պետք է որոշել՝ ինչ անել խտրական խոսքի դեպքում։ Հստակեցնել՝ ով է ստուգում, ով է հաստատում։

Աշխատել պարզ ստուգաթերթով (checklist)։ Այն ոչ թե սահմանափակում է, այլ պաշտպանում լրագրողին։ Հարցնենք մեզ՝ տեղեկությունը ստուգվա՞ծ է, կա՞ մյուս կողմի դիրքորոշումը, վերնագիրը չի՞ աղավաղում նյութը, մենք ակամա չե՞նք մեծացնում մանիպուլյացիան, և ի վերջո՝ ծառայո՞ւմ է տվյալ լուրը հանրային շահին։

Այս հարցերը չեն դանդաղեցնում աշխատանքը։ Դրանք օգնում են սխալ չանել։

Սխալների հետ ճիշտ աշխատելը նույնպես էթիկայի մաս է։ Սխալը թաքցնելը քայքայում է վստահությունը, իսկ սխալը բացահայտ ընդունելը՝ այն ամրապնդում։

Ընտրություններից առաջ

Հունիսի 7-ի ընտրությունները ոչ միայն քաղաքական, այլև մեդիա-փորձություն են։

Քաղաքացին որոշում է կայացնում այն տեղեկատվության հիման վրա, որը մենք ենք ստեղծում։ Այդ պատասխանատվությունը չենք կարող անտեսել։

Եթե ընտրում ենք արագությունը՝ ճշգրտության փոխարեն, եթե վերարտադրում ենք խտրականությունը՝ առանց համատեքստի, եթե խառնում ենք փաստն ու տեսակետը, ապա կորցնում ենք մեր հիմնական կապիտալը՝ վստահությունը։

Լրագրությունը մրցավազք չէ։ Այն վստահության ինստիտուտ է։ Արագությունը մոռացվում է, իսկ վստահությունը վերականգնելը երբեք արագ չի լինում։