Գոռ Մադոյան
Սյունակագիր, փոդքասթեր, մեդիայի և հաղորդակցության մագիստրոս
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ

Նախորդիվ գրել ենք դեռահասների շրջանում սոցիալական մեդիա հարթակներից կախվածության և այդ խնդիրների վերաբերյալ տարբեր կառավարությունների պայքարի ծրագրերի մասին։ Դեռահասների ֆիզիկական ու հոգեկան առողջության վտանգների ու վնասների թեմայով, գլխավորապես ԱՄՆ-ում, բազմաթիվ դատական հայցեր կան սոցմեդիա հարթակների դեմ (Ֆեյսբուք, Ինստագրամ, Սնեփչաթ, Յություբ, Տիկտոկ)։

Դրանցից մեկն այս օրերին Լոս֊ Անջելեսի շրջանային դատարանում շարունակվող Մետա (Ֆեյսբուք, Ինստագրամ) ընկերության դեմ դատն է։

Հայցվոր կողմը (դեռահասներ, ընտանիքի անդամներ) պնդում է, որ սոցիալական մեդիա հարթակները հատուկ նախագծվել են այնպես, որ կախվածության մեջ գցեն դեռահասներին։ Այդ ընկերությունները, պայքարելով օգտատերերի ուշադրության համար, այնպիսի դիզայն են ստեղծել, որն օգտատերերին կախվածության մեջ է գցում՝ անտեսելով առողջության համար վտանգավոր ու վնասակար հետևանքները և կենտրոնանալով եկամտաբերության ու զուտ բիզնես շահի վրա։ Դատավարության պատասխանող կողմերից Գուգլը (Յություբը), Սնեփչաթն ու Տիկտոկը կարողացել են հաշտություն կնքել ու դուրս գալ պրոցեսից՝ մինչև դրա մեկնարկը։

Մետան, ի դեմս Մարկ Ցուկերբերգի, պնդում է, որ իրենք ամեն ինչ անում են դեռահասների պաշտպանության համար՝ կենտրոնանալով ոչ թե նրանց սոցցանցային սահմանափակումների, այլ նրանց ավելի որակյալ բովանդակություն հասցնելու վրա։ Ցուկերբերգը, փաստացի, ընդունում է, որ իրենք տեղյակ են խնդիրներից, իրենց պլատֆորմի կախվածության մեջ գցող դիզայնից, տեղյակ են որ դեռահասները հեշտությամբ կարողանում են շրջանցել ծնողական վերահսկողությունը ու տարիքի շեմը, բայց կենտրոնացած են բովանդակության վրա։ Ավելին, 2018թ ընկերության փաստաթղթերով պարզ է դառնում, որ իրենք գոհ են դեռահասների ներգրավվածությամբ ու ամեն ինչ անում են այն մոնետիզացնելու համար։ Ինստագրամի տնօրենն էլ իր հերթին հայտնել էր, որ իրենց հարթակի նույնիսկ օրական 16 ժամ օգտագործումը ոչ թե կախվածություն է, այլ «խնդրահարույց է»։

2025թ. ԱՄՆ բիոտեխնոլոգիական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ սոցմեդիայի երկարատև օգտագործումը ազդում է ուղեղի «պարգևատրման»՝ դոֆամինային կախվածություն համակարգ վրա, ուշադրության և հուզականության կարգավորումների խախտումներ առաջացնելով։ Սոցմեդիա հարթակների հաճախակի օգտագործումը փոխում է  ուղեղի դոֆամինային ուղիները և կարող է ձևավորել կախվածության նման վարքագիծ՝ համեմատելի նյութական կախվածությունների հետ (տարատեսակ թմրանյութերի)։ Այս փոփոխությունները կարող են հանգեցնել իմպուլսիվության աճի և հույզերը կարգավորելու դժվարությունների։ Բացի այդ, արհեստական բանականությամբ (ԱԲ) կառավարվող սոցմեդիա ալգորիթմները ստեղծված են օգտատերերի ուշադրությունը գրավելու և պահելու համար՝ առաջնահերթություն տալով ներգրավվածությանը և շահույթին՝ անտեսելով էթիկական հարցերն ու առողջությանը հասցվող վնասները։

ԱԲ կողմից կառավարվող անհատականացված բովանդակության շարունակական հոսքը՝ ադապտացված յուրաքանչյուր օգտատիրոջ նախասիրություններին, առավելագույնի է հասցնում էկրանի առջև անցկացվող ժամանակը և ուժեղացնում կախվածությունը պլատֆորմներից ու բովանդակությունից։

Pew research հետազոտական կենտրոնի տվյալներով, ԱՄՆ-ում դեռահասների ու ծնողներն ավելի են մտահոգված ու անհանգստացած սոցցանցերի ազդեցության, դրանց հնարավոր ռիսկերի ու վնասերի թեմայով, քան իրենք՝ դեռահասները։ Ըստ հետազոտության, դեռահասների մոտավորապես կեսը (48%) նշում է, որ սոցցանցերը հիմնականում բացասական ազդեցություն ունեն իրենց տարեկիցների վրա, ինչը 2022թ.-ի 32%-ի համեմատ զգալի աճ է։ Մյուս կողմից, հարցվածների 14%-ն էլ կարծում է, որ դա բացասաբար է անդրադառնում անձամբ իրենց վրա։

Զուգահեռաբար, ճնշող մեծամասնությունը՝ 74%-ը, նշել են, որ սոցցանցերը նաև դրական են անդրադարձել իրենց ընկերական շրջապատի ու ստեղծագործականության վրա։ Ավելին, շատ դեռահասներ հոգեբանական ու ֆիզիկական առողջության խնդիրների մասին տեղեկանում են հենց սոցմեդիայից և դա համարում են դրական ազդեցություն։

Ըստ այդ հետազոտության, դեռահասների ծնողներն ավելի անհանգստացած են՝ 55% ընդդեմ 35%-ի, աղջիկներն ավելի մտահոգ են քան տղաները՝ 42% ընդդեմ 38%-ի։ Ի հակառակ դրան, դեռսահասների համար ավելի կարևոր խնդիրներ են բուլինգը, հասարակության ու ծնողների ակնկալիքներից «ճնշումը» քան նույն խնդիրները ծնողների համար։

Եվ միաժամանակ համարում են, որ սոցմեդիան ավելի մեծ վնաս է իրենց ծնողների, քան իրենց համար։

Համենայն դեպս, ավելի ու ավելի է խոսվում սոցցանցերի կարգավորումների, դրանց կախվածություն առաջացնող վնասակար հետևանքների, դեռահասների համար սահմանափակումների ու մեծ ընկերությունների՝ իրավական, ֆինանսական ու էթիկական պատասխանատվության մասին։ Սոցցանցային կախվածությունը համեմատվում է սինթետիկ թմրանյութերից կախվածության հետ և խոսվում անհրաժեշտ ու կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության մասին։