Ժամանակներն այսօր այնպիսին են, որ մեդիադաշտը փոփոխվում է արդեն ոչ թե տասնամյակների կամ տարիների, այլ սեզոնային ռիթմով։ Եկեք դիտարկենք, թե ինչ հնարավոր փոփոխությունններ կլինեն լրատվամիջոցներում և դրանց ընկալման, սպառման ոլորտում։ Եկեք իրականացնենք մտային ֆուտուրիստական փորձ և հասկանանք, թե ինչպես կփոխվի այս ամենը մոտակա հինգ տարում։
Այս շարքի առաջին նյութում դիտարկենք գլոբալ փոփոխությունները, իսկ հաջորդիվ՝ բուն հայաստանյան զարգացումները։
Մինչև 2031 թվականը մեդիա լանդշաֆտը կկրի հիմնարար փոխակերպում՝ զանգվածային հեռարձակումից անցում կատարելով «սինթետիկ և ալգորիթմական մեդիայի» դարաշրջան: Տեխնոլոգիաների զարգացումը լիովին կփոխի շղթան. սկսած նրանից, թե ով և ինչպես է հավաքում տեղեկատվությունը, մինչև այն, թե ինչպես է տեղեկությունն ընկալում սպառողի գիտակցությունը:
Դիտարկենք հավանական սցենարը առաջիկա 5 տարիների համար:
-
Արհեստական բանականության (ԱԲ) միջոցով արտադրություն. ավտոմատացումից մինչև ինքնավարություն
- Հիպերանձնավորված բովանդակություն live ռեժիմում. ԱԲ-ն կդադարի լինել պարզապես խմբագրման գործիք և կդառնա լիարժեք բովանդակություն ստեղծող: Մեդիա հարթակները իրական ժամանակում կստեղծեն եզակի, անհատականցված լուրեր, հոդվածներ և նույնիսկ կարճ ֆիլմեր կոնկրետ դիտողի համար՝ հարմարեցնելով լեզուն, տոնը և բարդության մակարդակը: Սա գուցե չաշխատի անհատների դեպքում, բայց իրականանալի է առնվազն շատ նեղ հասարակական կլաստերների համար։
- Ավտոմատացված ալիքների էվոլյուցիան. «Անդեմ» (faceless) ալիքների ձևաչափը YouTube-ի նման հարթակներում կհասնի նոր մակարդակի: Վիրտուալ ավատարները (ԱԲ-ինֆլյուենսերները)՝ մանրամասն մշակված անհատականություններով, կվարեն շուրջօրյա լայվեր, կհարաբերվեն լսարանի հետ և կստեղծեն ամբողջ մեդիա կայսրություններ առանց մարդ-հաղորդավարի մասնակցության:
- Բազմամոդալ գեներացիա. Տեքստի, աուդիոյի և վիդեոյի միջև սահմանը կջնջվի: Խմբագրի մեկ տեքստային հրահանգը ակնթարթորեն կվերածվի փոդքասթի, կարճ տեսանյութերի շարքի և անալիտիկ հոդվածի՝ ինֆոգրաֆիկայով, թարգմանված տասնյակ լեզուներով: Նայած, թե որ տարիքային կամ այլ տիպի սոցիալական սեգմենտին կհետաքրքրի որ ֆորմատը, ըստ այդմ էլ կգեներացվի բովանդակությունը։
-
Սպառման ձևերի փոփոխություն. ընկղմում և ինտերակտիվություն
- Պասիվ դիտման ավարտը. Սպառողը կդառնա համահեղինակ: Լուրեր կամ զվարճալի բովանդակություն դիտելիս, դիտողը կկարողանա ձայնով խնդրել ԱԲ-համակարգին «խորանալ համատեքստի մեջ», «ցույց տալ այլ տեսակետ» կամ «փոխել ավարտը»՝ իրական ժամանակում փոխելով սցենարը: Իհարկե, հաշվի առնենք, որ սա զուտ տեխնիկական հնարավորություն է։ Թե որքանով ակտիվ կոցանկանա լինել լսարանը՝ երկրորդ հարցն է։ Միջին վիճակագրական մարդը այսօր դեռ ձգտում է դեպի պասիվ սպառում։
- Տարածական հաշվարկ (Spatial Computing). AR-ակնոցների և խառը իրականության ականջակալների զարգացման հետ մեկտեղ մեդիա սպառումը դուրս կգա հարթ էկրանների սահմաններից: Օգտատերերը կկարողանան «ներկա գտնվել» եռաչափ լրատվական ռեպորտաժների կամ սպորտային հեռարձակումների ներսում: Տվյալ պահին այս ոլորտն այնքան քիչ զարգացած է, որ կտրուկ փոփոխությունների հնարավորությունը շատ մեծ է՝ հաշվի առնելով խոշոր ներդրուները հենց այս ուղղությամբ։
- Ալգորիթմական հոգնածություն և պրեմիում «լռության» գոտիներ. Ի պատասխան դոֆամինային միկրոբովանդակության անվերջ հոսքին (ավելի պարզ լեզվով՝ անվերջ կարճ ու իրար հետ չփոխլկապակցված, բայց զվարճացնող ռիլերի կամ շորթերի թերթում), կառաջանա «թվային դետոքսի» պահանջարկ: Լրատվամիջոցները կսկսեն վաճառել ոչ այնքան տեղեկատվություն, որքան խնամված լռություն, դանդաղ ընթերցանություն և պաշտպանություն ագրեսիվ առաջարկող ալգորիթմներից: Ձեռքով ու խնամքով մշակված բովանդակություն, առանց գովազդների՝ թանկ և ընտրված։
-
Ռոբոտների ներդրում. տվյալների ինքնավար հավաքագրում
- Ռոբոտացված լրագրություն (Robo-Journalism). Տեղեկատվության ֆիզիկական հավաքագրումը մասամբ կանցնի մեքենաներին: Ինքնավար դրոնները, ռոբոտ-շները և միկրոսենսորները կվարեն ուղիղ հեռարձակումներ բնական աղետների, բողոքի ցույցերի կամ զանգվածային միջոցառումների վայրերից, որտեղ մարդու մուտքը փակ է կամ վտանգավոր:
- Ստուդիաներ առանց մարդկանց. Ամբողջ արտադրությունը (լույս, տեսախցիկի շարժում, իրական ժամանակի մոնտաժ) կկառավարվի ռոբոտացված համակարգերով՝ մեկ ԱԲ-ռեժիսորի հսկողության ներքո, ինչը նվազագույնի կհասցնի բարդ վիդեոբովանդակության արտադրության ծախսերը: Այստեղ ակտիվ կգործեն բազմահոսք և բազմամակարդակ ԱԲ ագենտները, որոնց միջև կբաշխվեն դերերը։
-
Վստահության ճգնաժամ, թվային կրիմինալիստիկա և անվտանգություն
- Նոր տեսակի տեղեկատվական պատերազմներ. Դիփֆեյքերի և սինթետիկ բովանդակության գեներացիայի էժանացման հետ մեկտեղ մեդիա տարածքը կբախվի աննախադեպ հիբրիդային հարձակումների: Քաղաքական գործիչների ձայների կեղծումը, վիդեոապացույցների կեղծումը և սոցիալական ինժեներիայի ավտոմատացված արշավները կդառնան առօրյա: Կստեղծվեն նաև անմիջական հարձակումներ ԱԲ ագենտների, ԱԲ ալգորթիմների մակարդակով, ինչը կստիպի հենց վստահելի խմբագրություններին մարդկանց տրամադրել խեղված տեղեկատվական հոսքեր։
- «Ֆեյքի կանխավարկած» և DFIR-ը մեդիայում. Այսուհետ իսկությունը կդառնա գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը: Լսարանը և հարթակները լռելյայն կհամարեն ցանկացած բովանդակություն գեներացված, քանի դեռ հակառակը չի ապացուցվել: Գաղտնագրային ջրանիշնների (օրինակ՝ SynthID) և աղբյուրների բլոկչեյն-վերիֆիկացիայի կամ այլ նմանատիպ մեթոդների ներդրումը կդառնա արդյունաբերական ստանդարտ: Թվային կրիմինալիստիկայի (DFIR, Digital forensics and incident response) և հարձակումների ցուցիչների (IOCs, Indicators of Compromise) վերլուծության մեթոդները կինտեգրվեն անմիջապես լրատվական սենյակներ՝ մուտքային տվյալների հոսքը ստուգելու համար: Այսինքն, փաստերի ստուգման գործընթացների ներդրումից (որոնք Հայաստանում դեռ մի քանի լրատվամիջոց է ընդհանրապես ներդրել) լրատվամիջոցներն կանցնեն ավելի ծանր ստանդարտներին, որոնք մոտ են կիբեռանվտանգությանը։
-
Տնտեսություն և կարգավորում
- Արտոնագրում՝ հեղինակային իրավունքի փոխարեն. Ավանդական հեղինակային իրավունքը տեղը կզիջի ռոյալթիի մոդելներին՝ ԱԲ-ի ուսուցման համար ստեղծողների տվյալների օգտագործման համար: Կհայտնվեն թվային անվտանգության նոր ստանդարտներ՝ մեդիաընկերությունների մտավոր սեփականությունը չարտոնագրված փարսինգից, մշակումից պաշտպանելու համար:
- Ուշադրության թոքենիզացիա. Ուղիղ գովազդի վաճառքի փոխարեն, հարթակները կարող են անցնել միկրոգործարքների և ուշադրության տնտեսության, որտեղ օգտատերերը թոքեններ են ստանում տվյալների վերիֆիկացիայի կամ բովանդակության որակյալ մոդերացիայի համար: Այս հատվածը կարող է իրականում զարգանալ բազմաթիվ ուղղություններով, շատ բան կախված կլինի ոլորտային հսկաների միջև պայմանավորվածություններից։
Իհարկե, սա միայն տեսական կանխատեսումներ են։ Սակայն գրեթե բոլոր կետերով արդեն զարգացումներ կան, պարզապես դրանք դեռ չեն դարձել համատարած, չեն ադապտացվել միմյանց և հանրային ապրելաոճին։