Գոռ Մադոյան
Սյունակագիր, փոդքասթեր, մեդիայի և հաղորդակցության մագիստրոս
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Օրերս ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պահանջում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի (գրական կեղծանունը Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնել։ Խմբակցությունը դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ)՝ նշելով, որ Հակոբյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) հասցեին` խախտելով սահմանդրությամբ ամրագրված ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական զսպվածության պահանջները։ Նախագիծը չընդունվեց իշխող ուժի կողմից, թեև ԿԿՀ-ն հաստատել էր Հակոբ Հակոբյանի կողմից «վարքագծի խախտման առկայությունը»։ Այստեղ չեմ անդրադառնա «քաղաքական զպսվածության» սահմանման քննարկմանը, այլ հարցին կմոտենամ հանրային հաղորդակցության, մեդիայի ու դիսկուրս անալիզի դիտանկյուններից։

Հակոբ Հակոբյանը իր բազմաթիվ հարցազրույցներում՝ լինեն դրանք հանրային հեռուստաընկերությանը, թե մասնավոր լրատվականներին, ներկայանում է գրական կեղծանվամբ, հաղորդավարներն էլ նրան ներկայացնում են որպես բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար, բայց ոչ ՀՌՀ անդամ։ Նա չի ներկայանում որպես պաշտոնյա, ըստ Սահմանադրության՝ անկախ հանձնաժողովի անդամ, որն ընտրվել է ԱԺ կողմից՝ բացառապես իշխող Քաղաքացիական Պայմանագրի (ՔՊ) ձայներով։

Համալսարանների սոցիալական գիտությունների, լրագրության, մեդիայի ու հաղորդակցության բաժիններում, երբ ուսանողներին ծանոթացնում են դիսկուրս անալիզի, պատմույթների վերլուծություն և այլ հետազոտական մեթոդներին, սովորեցնում են 5W կանոնը(who, what, when, where, why), այն է՝ հեղինակին, բովանդակությունը, տեղը, ժամանակն ու կոնտեքստը։ Տրամաբանությունն այն է, որ  լսողը, դիտողը կամ ընթերցողն իմանան կարծիք հայտնողի հանրային, կորպորատիվ կամ մասնավոր շահերի բախումը, քաղաքական կամ տնտեսական կապերն ու, ըստ այդմ, անաչառության ու չեզոքության անհրաժեշտ եզրահանգումներ անեն։

Հակոբ Հակոբյանը՝ լինելով ՀՌՀ անդամ, աշխատավարձ ստանալով հանրային միջոցներից, լինելով պետական պաշտոնյա, առաջինը հենց հանրությանը ներկայանում է ոչ թե որպես պաշտոնյա, որպես ՀՌՀ անդամ, այլ որպես մտավորական, բանաստեղծ կամ թարգմանիչ։ Այնինչ, ԱԺ լսումներին ներկա չէր բանաստեղծը կամ թարգմանիչը, ԱԺ էր կանչվել ու ներկայացել Հակոբ Հակոբյան պաշտոնյան։ 2022թ. հունվարի 21-ին, իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության 68 պատգամավոր ընտրել են հենց  Հակոբ Հակոբյանին։ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անունով Հակոբ Հակոբյանի համաձայնության դիմումը,  ոստիկանությունից ներկայացրած տեղեկանքը՝ Հակոբ Հակոբյանի անունով է, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը՝ Հակոբ Հակոբյանի մասին է։ Նույն կերպ երբ Հակոբ Հակոբյանը 1991թ. և 93թ. նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար՝ նրա աշխատանքային գրքույկում նշված է եղել Հակոբ Հակոբյան։  ՀՌՀ կայքում էլ մենք գտնում ենք Հակոբ Հակոբյան անդամ (դեռ հարց է՝ իրավական ինչ հիմքով է փակագծերի մեջ գրված նրա գրական կեղծանունը, չէ՞ որ դա նրա պաշտոնից ու պարտականություններից չի բխում)։

Հայտնի հարցազրույցում, Հակոբ Հակոբյանը խոսում է եվրոպական քաղաքակրթությունից, իրավական պետությունից, իրավունքն ու օրենքները հարգելուց։ Տրամաբանական է, որ նա այդ սկզբունքները պետք է տարածի նախևառաջ իր վրա՝ քաղաքացիների հետ լինի թափանցիկ ու հաշվետու։  Հակոբ Մովսես անունով պաշտոնյա չկա։ Իր պաշտոնը Հակոբ Հակոբյանը ստանձնել է առանց «Հակոբ Մովսես» կեղծանվան՝ մի կողմ դնելով իր մասնավոր անձը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսքանը գրում եմ, որ ընթերցողին պարզ դառնա՝ երբ պարոն Հակոբյանը ԱԺ լսումներում հղում էր անում իր մտավորական, աշխատանքից դուրս մասնավոր անձ լինելուն, դա հենց իր «քարոզած» եվրոպական քաղաքակրթության, եվրոպական պետության իրավական, բարոյական, էթիկական ու օրինականության անարգումն է։ Եվրոպական իրավական մշակույթում ընդունված է, որ բարձրաստիճան պաշտոնյայի «ինքնությունը» առաջնային է նրա մասնավոր «ինքնությունից», նա չի կարող «անջատել» իր պաշտոնեական դիրքը աշխատանքային ժամից հետո։

«Մտավորական» լինելը չի չեղարկում պաշտոնյա լինելու իրավական, էթիկական ու բարոյական պարտավորությունները։ Դա ավելի է վնասում հենց պաշտոնյանի հանրային հեղինակությանն ու խոսքի վստահելիությանը, խաթարում նրա ներկայացրած հանրային ինստիտուտի վստահությանը, քանի որ ողջամիտ կասկած է առաջանում, որ պաշտոնյան՝ գիտակցելով իր պաշտոնից բխող սահմանափակումները, փորձում է շրջանցել դրանք «ինքնության մանիպուլյացիայի» միջոցով և, որպես հետևանք, մոլորեցնել լսարանին։ Լսարանը պետք է հստակ իմանա, թե ով է խոսողը։

Աբսուրդ է, որ ՀՌՀ սոցցանցային էջը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց» այն պարագայում երբ Հակոբ Հակոբյանը ԱԺ-ում պայքարում է, որ իրեն «ճանաչեն» և «դատեն» որպես Հակոբ Մովսես մտավորական և ոչ թե Հակոբ Մովսես ՀՌՀ անդամ։  Ի վերջո, Հակոբ Հակոբյանը վճարվում է որպես պաշտոնյա, այլ ոչ թե որպես մտավորական, բայց ակնկալում որ խնդրահարույց իրավիճակներում ու վարքագծի կանոնների խախտման ժամանակ իրեն վերաբերվեն որպես «մտավորականի»։

Ամփոփելով՝ Հակոբ Հակոբյանի օրինակը հանրային հաղորդակցության և պաշտոնեական էթիկայի տեսանկյունից դասագրքային օրինակ է, թե ինչպես չպետք է գործի ժողովրդավարական պետության պաշտոնյան․
Ա. չներկայանա որպես «մտավորական», այն է՝ «մասնավոր անձ», միաժամանակ լինելով բարձրաստիճան պաշտոնյա,
Բ․ չփորձի իր խոսքին հաղորդել «չեզոք, անկախ մտավորականի» կշիռ,
Գ․ հանրային հաղորդակցության տեսանկյունից չապակողմնորոշի ու չմոլորեցնի հանրությանը/լսարանին։

Մասնավոր անձը՝ ստանձնելով հանրային պաշտոն, ընդունում է անաչառության և քաղաքական չեզոքության պայմանը ու գրական կեղծանվան հետևում «թաքնվելը» չի չեղարկում այս պարտավորությունը։