Հայաստանում երեխաների առօրյան վաղուց արդեն «երկու հասցե» ունի՝ ֆիզիկական և թվային։ Սոցիալական ցանցերը, մեսենջերները, առցանց խաղերը և տեսանյութային ու սթրիմինգային հարթակները նրանց համար ոչ միայն հաղորդակցություն ու կրթություն են, այլ նաև ռիսկերի միջավայր։ «Վերջ տալ վնասին» (Disrupting Harm in Armenia) հետազոտությունը՝ իրականացված UNICEF, Interpol և մի քանի այլ կազմակերպությունների կողմից 2023–2024 թթ․ ընթացքում, բավականին շատ մանրամասներ է բացահայտում երեխաներին սպառնացող ցանցային ռիսկերի վերաբերյալ։ Իհարկե, հետազոտությունը ֆիքսվում է կոնկրետ խնդիրների վրա, սակայն ամենամեծ հարցերից մեկն այն է, որ մենք Հայաստանում շատ քիչ բան գիտենք ոչ միայն ռիսկերի մաին, այլ նույնիսկ՝ թե ինչով են ընդհանրապես երեխաները զբաղվում վիրտուալ տիրույթում։
Եթե վերցնենք միայն այն խնդիրը, որին անդրադառնում է տվյալ զեկույցը, ապա արդեն տեսնում ենք ճչացող թվեր մեր փոքր հասարակության համար։ Հարցված երեխաների հինգ տոկոսը մեկ տարվա ընթացքում առնչվել է տեխնոլոգիաների կիրառմամբ սեռական շահագործման և բռնության որևէ ձևի, իսկ այդ ցուցանիշը համացանց օգտագործող 12–17 տարեկանների ընդհանուր թվի վրա տարածելիս ստացվում է՝ տարեկան շուրջ 9000 երեխա։
Թվային միջավայրում վնասը միշտ չէ, որ սկսվում է «ուղիղ բռնությունից»․ հաճախ այն գալիս է իբրև նորմալացված «բովանդակային աղտոտում»։ Ամենատարածված դրսևորումներն են.
- Անցանկալի սեռական բովանդակություն. Երեխաների 3%-ը ստացել է սեռական բնույթի պատկերներ՝ իրենց կամքին հակառակ։
- Ինտիմ լուսանկարների պահանջ. Երեխաներին հաճախ խնդրում կամ դրդում են ուղարկել իրենց մարմնի ինտիմ մասերի պատկերներ։
- Առցանց գրումինգ և շանտաժ. Այստեղ առանձնանում են հատկապես վստահության չարաշահման (գրումինգ) և սեռական բնույթի շանտաժի դեպքերը։
Որտե՞ղ է դա տեղի ունենում․ հարթակներ և միջավայրեր
Շատերի պատկերացումներում երեխաների անվտանգությունը սկսվում և ավարտվում է «փողոցի» կամ «դպրոցի» շուրջ, մինչդեռ այստեղ պատկերը հակառակն է․ դեպքերի 71%-ը տեղի է ունեցել բացառապես առցանց միջոցներով՝ սոցիալական ցանցերում կամ առցանց խաղային հարթակներում։
Ամենահաճախ հիշատակվող սոցիալական մեդիայի հարթակները, որտեղ երեխաները ենթարկվել են շահագործման կամ բռնության, Instagram-ն ու Snapchat-ն են (երկուսն էլ՝ դրվագների 45%-ում), որոնց հաջորդում են TikTok-ը և Telegram-ը ։
Facebook-ի միջոցով արձանագրվել է դրվագների ավելի փոքր մասը (7%)։
Զեկույցի վերլուծված դրվագների մեծ հատվածը կապված է հենց սոցիալական ցանցերի հետ (69%)։

Երեխաների կողմից Հայաստանում օգտագործվող սոցիալական ցանցերը և խաղային հավելվածները, 2023 թվականի տվյալներով
Այստեղ արդեն նշմարվում է մեծ խնդիր։ Ծնողների, ուսուցիչների մեծ մասը տեղյակ էլ չեն հարթակների կեսից, ուր երեխաներն ակտիվ ներգրավված են։ Նույն Snapchat-ը, որն ամենավատ ցուցանիշներից ունի տվյալ զեկույցում, գրեթե անծանոթ է ավագ սերնդներին Հայաստանում, ինչը նշանակում է, որ երեխաները հաճախ չեն էլ ակնկալում օգնություն նման հարթակներում եղած խնդիրների հետ։ Ֆիքսենք այս խնդիրը. Ավագ սերունդը շատ աղոտ պատկերացումներ ունի ոչ միայն երեխաներին հանդիպող սպառնալիլքների վերաբերյալ, այլ նույնիսկ ընդհանուր պատկերացում չունի, թե որ հարթակներից են օգտվում և ինչպես են օգտվում երեխաները։
Ամոթի և լռության պատնեշը
Հետազոտության ամենացավոտ բացահայտումներից մեկն այն է, որ բռնության ենթարկված երեխաների 53%-ը որևէ մեկին չի հայտնել իր հետ պատահածի մասին ։ Երեխաները չեն դիմում ոստիկանություն կամ աջակցող ծառայություններին հիմնականում հետևյալ պատճառներով.
- Ամոթ և խարան. Երեխաներն ամաչում են կատարվածից և վախենում են հասարակական դատապարտումից։
- Ընտանիքի հեղինակություն. Վախ, որ բռնության մասին լուրը կվնասի ընտանիքի պատվին։
- Անվստահություն. Մտավախություն, որ իրենց գաղտնիությունը չի պահպանվի կամ իրենց կմեղադրեն կատարվածի համար։

Ահա թե ում են պատմում երեխաները նման խնդիրների դեպքում։
Փաստացի, երեխաները չունեն վստահությու հասարակական և պետական ինստիտուտների հանդեպ։ Միաժամանակ նրանք պարզապես տեղյակ չեն, թե ում կարող են դիմել։
Մենք գտնվում ենք այս պահին շրջադարձային ժամանակահատվածում։ Հայաստանի երեխաների 100% ունի ինտերնետի հասանելիությունը։ Երեխաները հիմնականում ունեն թերի գիտելիքներ թվային անվտանգության վերաբերյալ։ Չունեն վստահություն ավագ սերնդի, հասարակական և պետական ինստիտուտների հանդեպ։ Իսկ մյուս կողմից ավելի ու ավելի են ենթարկվում շատ լայն սպեկտրի վտանգների։ Սկսած կախվածությունից, ավարտելով զանազան թվային հարձակումներով։ Եվ մյուս կողմից այս պահին հասարակությունը և պետությունը չունեն բավարար միջոցներ օժանդակելու երեխաներին։ Ավելին, չկա նույնիսկ պարզ պատկերացում, թե որոնք են կոնկրետ խնդիրները և ռիսկերը։