«Մեր երեխաների ուղեղները վաճառքի ենթակա չեն, նրանց զգացմունքները վաճառքի ենթակա չեն և չեն կարող մանիպուլացվել՝ լինի դա ամերիկյան հարթակների, թե չինական ալգորիթմների կողմից»,- այսպես Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կոչ է արել խորհրդարանին ընդունել դպրոցներում սմարթֆոններն արգելող օրենքը՝ մինչև 15 տարեկանների համար։ Մակրոնի կուսակցությունն առաջարկում է ավելի խիստ հետևել Եվրոպական Թվային Ծառայությունների Ակտին (DSA), սոցցանցերում իրական տարիքային նույնականացումը ստուգելով։
Բազմաթիվ հետազոտություններ կան դեռահասների ու երեխաների շրջանում սոցմեդիայի՝ հոգեկան առողջության, ուշադրության խնդիրների, ուսման առաջիմության վրա բացասական ազդեցությունների վրա։ Ըստ որոշների՝ երեխաներն ու դեռահասները, որոնք օրական 3 ժամից ավել են օգտվում սոցմեդիայից, կրկնակի ռիսկի տակ են՝ ձեռք բերելու հոգեկան առողջության խնդիրներ, դեպրեսիա ու մշտական անհանգստություն։ 2025թ. դեկտեմբերին հրապարակված ուսումնասիրությունը (ԱՄՆ, 10500 երեխայի շրջանում) ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք սմարթֆոնի հասանելիություն են ստացել 12 տարեկանում, 13 տարեկանների համեմատ ավելի քան 60%-ով հաճախ են ունեցել քնի խանգարումներ և 40%-ով բարձր է եղել գիրության վտանգը։
Բազմաթիվ երկրներ փորձում են պաշտպանել իրենց դեռահասներին սոցմեդիայի բացասական ազդեցություններից ու վտանգներից: Ավստրալիան դեկտեմբերին օրենք է ընդունել, որով մինչև 16 տարեկաններին արգելում է օգտահաշիվներ ունենալ Facebook, Instagram, TikTok, Snapchat, X, YouTube, Reddit, Twitch, Threads և Kick և այլ հարթակներում։ Դրա արդյունքում, միայն Tiktok-ում 200.000 օգտահաշիվ է արգելափակվել։ Ընկերությունները կարող են տուգանվել մինչև 50 մլն ավստրալական դոլար՝ օրենքը խախտելու դեպքում։ Ավելին, ծնողները չեն կարող թույլտվություն տալ, որ 16 տարեկանից ցածր երեխաները օգտագործեն այս հարթակները։
Դանիայի կառավարությունն, օրինակ, առաջարկել է արգելել սոցմեդիայի հասանելիությունը 15 տարեկանից ցածր երեխաներին, միաժամանակ, ծնողներին թույլ տալով հասանելիություն տալ 13 և 14 տարեկաններին՝ հատուկ ընթացակարգով։ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է «Երեխաներ սոցմեդիայից դուրս ակտը»։ Նպատակն է՝ «Արգելել 13 տարեկանից փոքր օգտատերերին մուտք գործել սոցմեդիա հարթակներ, արգելել 17 տարեկանից փոքր անձանց համար անհատականացված առաջարկությունների (գովազդի, ալգորիթմների) օգտագործումը և սահմանափակել սոցիալական մեդիայի օգտագործումը դպրոցներում»։
Հայաստանում՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում, սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է: Սակայն արգելքն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններով:
Վերջերս էլ Բեռլինի դատարանը ճանաչեց, որ TikTok-ը միայն ձևականորեն է ստուգում օգտատերերի տարիքը։ Ըստ դատարանի՝ գրանցման ժամանակ պարզապես ծննդյան ամսաթիվ մուտքագրելը բավարար չէ տարիքը հաստատելու համար։ 13–16 տարեկան օգտատերերը ակնհայտ դրդապատճառ ունեն իրենց տարիքը ավելի բարձր նշելու։ Դատարանը նաև արգելել է TikTok-ին առանց ծնողների համաձայնության, օգտագործել 13–16 տարեկանների տվյալները մարքեթինգի և անհատականացված գովազդի համար։ Որոշման խախտման դեպքում հարթակին սպառնում է մինչև 250 մլն եվրո տուգանք։
Օրերս էլ, Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի դատարանում սկսվել է 19 տարեկան պատանի աղջկա (նույնականցվել է որպես KGM) և նրա մոր դատական հայցով գործն ընդդեմ Meta-ի, TikTok-ի and YouTube-ի։ KGM-ի հայցում նշվում է, որ սոցմեդիայի խոշոր ընկերությունները գիտակցաբար նախագծել են իրենց հարթակները որպես կախվածություն առաջացնող՝ չնայած երիտասարդների համար հայտնի ռիսկերին։
Մարտահրավերները բազմակողմանի են՝ թվային գրագիտության, տեղեկատվական անվտանգության, հոգեբանական խնդիրների, կրթական մոդելների արդիականացման, ծնողական վերահսկողության ու պետական օրենսդրության թերացումների և բազմաթիվ այլ հանգամանքների։ 19-րդ դարում ժամանակակից բազմաթիվ թմրամիջոցներ, որոնք հիմա օրենքով արգելված են ու քրեական պատիժներ են ենթադրում տարածման, արտադրման ու սպառման համար, արգելված չէին։ Մարդիկ կարող էին ազատորեն գնել մորֆին, կոկաին, օփիում, կանաբիս և այլն։ Այսօրվա մարդու համար այդ մասին կարդալը կամ իմանալը մեղմ ասած տարօրինակ է։
Միգուցե, տասնամյակներ անց, մեր թոռները նույն կերպ մեզ վրա զարմանան թե ինչպես են իրենց նախնիները ազատորեն օգտագործել ու կախվածության մեջ եղել թվային թմրամիջոցներից և դրանք արտադրողներից։ Հակառակ դրան, քննադատները պնդում են, որ աշակերտները պետք է ճանաչեն տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները և լիովին չպաշտպանվեն դրանցից։ Պետք է ավելի հստակ ուղեցույցներ լինեն, թե որ տեխնոլոգիաներն են թույլատրվում դպրոցներում և որոնք՝ ոչ, որոնք են անվտանգ ու պատասխանատու օգտագործման օրինակները։ Դպրոցներում պետք է թույլատրվեն միայն այն տեխնոլոգիաները, որոնք հստակ նպաստում են ուսուցմանը։
Մյուս կողմից, եթե ժամանակին ուսուցիչներն ու դպրոցները երեխաների ուշադրության միակ աղբյուրն էին ու գիտելիքի և տեղեկատվության փոխանցման մոնոպոլիա ունեին, ապա մեր օրերում, ուսուցիչներն ու կրթական ծրագրերն իրենց դասագրքերով պետք է մրցեն բլոգերների ու ինֆլյուենսերների հետ՝ ավելի գրավիչ ու հետաքրքիր, ավելի թիրախային ու ինչու ոչ՝ ժամանցային բովանդակություն ստեղծելու համար։ Որովհետև, եթե նույնիսկ դպրոցում արգելվեն սմարթֆոնները ապա դրանից դուրս՝ տանը, շրջապատում դրանց խնդիրը շարունակելու են առկա լինել։