1992թ Բիլ Քլինթոնն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում սաքսոֆոնով նվագում էր Էլվիս Փրեսլիի՝ “Heartbreak Hotel”-ը՝ փորձելով գրավել երիտասարդ ընտրողներին։ Նպատակն էր երիտասարդներին ցույց տալ, որ վերջիններս «ճանաչում են» քաղաքական գործչին՝ նրա առօրյա վարքը (ինչպես է նվագում, ուտում կամ երգ լսում)։ Որ նա էլ իր ընտրողների պես «միս ու արյունից է», նրանցից մեկը, նրանց «ծոցից» դուրս եկած։ Այսպիսի քարոզարշավներն, իհարկե, նախապես ծրագրվում ու վերահսկվում են համապատասխան խորհրդատուների կողմից։ Երգի, երաժշտության ոճի ընտրությունն ու ելույթի ձևը կարևոր են, քանի որ դրանք ձևավորում են «թեկնածուի կերպարը» և պետք է ցույց տան, որ նա անկեղծ, անմիջական, «իրական» մարդ է, որ իշխանությունը ինչ-որ անհասանելի բան չէ, այլ այստեղ է՝ իրենց կողքին, իրենց տեսքով ու առօրյայով։ Այսօրվա մեդիա ռեսուրսներով ու սմարթֆոններով դա անելն ավելի դյուրին է ու ազդեցությունն էլ ավելի մեծ։
33 տարի անց, արևելյան կիսագնդում, Նիկոլ Փաշինյանը նույն խնդիրն է լուծում՝ սաքսաֆոնի փոխարեն թմբուկներով։ Միջազգային Հանրապետական Ինստիտուտի հետազոտության տվյալներով, Հայաստանում հարցվածների 61%-ը ոչ մի քաղաքական գործչի չի վստահում։ Այս 61%-ի սրտերին հասնելն ու նրանց գրավելը, նրանց ուշադրության կենտրոնում հայտնվելն ու ընտրախցիկ բերելը կարող է վճռորոշ դառնալ թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության համար։

Փաշինյանի ոճափոխությունը (թրաշվելը), հեղափոխականի կերպափոխումը, տիկտոկն ակտիվացնելը, սրտիկներով ռիլերն ու երգերի տակ թախծելն այդ շարքից են։ Երիտասարդները տարբեր են, ինչպես և նրա կերպարները՝ Զեմֆիրա ու Բելաջոյի Մրդո լսողից մինչև Փինք Ֆլոյդ ու Ժամկոչյանի «Ուր որ գնաս»։
«…Հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, դուք՝ պարում»,- այս գրառմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հետևորդներին ու հրավիրում է պարելու։ Եթե դեռ չեք գրացվել Փաշինյանի «դիսկոտեկին», ապա անցեք այս հղումով և կլինեք այն բախտավորներից մեկը, որը կվայելի Փաշինյան թմբկահարի նախընտրական կատարումները։ Դիսկոտեկն էլ այդ շարքից է։ Մի պահ պատկերացրեք որ «Դանդաղ արտասահմանյան» ձևաչափի արդեն հայտնի ու գրավիչ միջոցառումների փոխարեն մասնակցում եք «Դիսկոտեկ Փաշինյանի հետ» նախընտրական քարոզարշավին։ Եվ պոտենցիալ ընտրողները կամ ընտրազանգվածը, որ չի ուզում հեծանիվ քշել, կամ Կիրանցի պատ հաջի գնալ, կամ ֆեստիվառների մասնակցել, կարող է գալ պարահրապարակ և «ֆրայդի նայթեր» անել Փաշինյանի հետ։ Քաղաքական գործիչը պետք է ամեն ինչ անի տեղեկատվական օրակարգ թելադրելու, էկրաններից չիջնելու, ռիլերով ու մեմերով երիտասարդ ու ավագ սերնդի օգտատերերի հեռախոսներում ապրելու համար։ Նա պետք է նրանց ամենօրյա կյանքի մաս լինի, առանց նրա պետք է չպատկերացնել կյանքը։
Հարկավ, Փաշինյանն ու նրա խորհրդականների թիմը ճանաչում են տարբեր լսարաններ և ըստ ճաշակի փորձում են ամեն մի խմբի համար մի կերպար ստեղծել՝ հեծանիվ քշող, վինիլով Փինք Ֆլոյդ լսող, Զեմֆիրայի տակ գործ անող՝ Gen Z-ի ու միլենյալների սերունդների համար իսկական գտածո։ Զուգահեռաբար, գյուղերում ծորակ ու գնդակ ստուգող, ջրի ու ասֆալտի հարց լուծող, անտառներում քեֆ անողի կերպարը՝ ավելի տարեց լսարանի համար։ Ամենևին չեմ զարմանա, որ Փաշինյանը մի օր էլ վերադառնա ֆուդ բլոգերի կերպարին՝ սոխով ձվածեղներին կամ ասենք բնակարանների վաճառքի ռիլերում տեսնենք նրան կամ ավտոշոփերի համար գովազդային ինտեգրացիաներում։