Եթե ՀՀ ներքաղաքական կյանքին անտեղյակ մի օտարերկրացին որոշի հետևել ՀՀ մեդիա դաշտին՝ լսել ու կարդալ իշխանությանը կամ ընդդիմությանը, մշտադիտարկի տարատեսակ քաղաքական գործիչների և ուժերի տեսահոլովակներ ու լայվեր, ապա նրա մոտ կարող է թյուր տպավորություն ստեղծվել, որ Հայաստանը նեոկրոնապետության հաստատման ու աշխարհիկության հետքայլի նոր հանգրվանում է։ «Կուսակրոն», «Վեղար», «կարգալույծ», «տիրադավ», «զեղչել», «վեհափառ», «ավազան», «աշխարհիկ» կրոնական տերմինները դարձել են հայաստանցիների առօրյայի ու քաղաքական զրույցների անբաժանելի մասը։
Նիկոլ Փաշինյանի և նրա կիրակնօրյա հավատավորների՝ թիմակիցների ու աջակիցների ամենշաբաթյա պատարագայցերը ՀՀ մարզերում ու Երևանում՝ 6 ամսից սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական հավաքների են վերածվել։ Պարզապես, ի տարբերություն հանրահավաքներն ամփոփոխ ժողովրդական տրիբուն Փաշինյանի բոցաշունչ, հռետորական ելույթների, նա այստեղ «խաղաղաբեր ու առաքինի քրիստոնյայի» կերպարով է՝ հնազանդ հոտի մի մասնիկ, որն իր հավատով ու հույսով վարակում ու առաջնորդում է ժողովրդին։

Նիկոլ Փաշինյանը Հովհանավանքում։ Լուսանկարը՝ Արմենպրեսի
Ինչպես Քրիստոսն էր հնազանդ Հովհաննես Մկրտչին, այնպես էլ Փաշինյանն է հնազանդ անեղծ ու իսկական, «ժողովրդին» մոտ հոգևորականներին՝ թեկուզ կարգալույծ քահանա «ապստամբ» եպիսկոպոսներ, որոնք պետք է խորհրդանշեն «հասարակ» ժողովրդի ու «համեստ» իշխանության հոգևոր միասնությունը։ Փաշինյանը, հրաշալիորեն օգտագործելով քաղաքական գործչի ամենակարևոր ունակությունը՝ ադապտացվել պայմաններին ու գրավել նոր էլեկտորատ, հմտորեն օգտագործում է փիառ տեխնոլոգիաները, իր համար ևս մեկ ամպլուա ստեղծելով ու համադրելով այն վերջերս BBC կողմից հրաշալի նկարագրված սեր ու պոզիտիվ տարածող, Զեմֆիրա ու ABBA լսող ժողովրդի սիրելի ու աշխատասեր վարչապետի հետ։
Այս իմաստով, Գարեգին Բ-ի դեմ հրաժարականի ու եկեղեցու վերափոխման պահաջները վերածել է իր նախընտրական արշավի առանցքային գործիքի։ Մարդիկ վերադարձել են լայվերով քաղաքական պրոցեսներին հետևելու վաղուց մոռացված ավանդույթներին, պարզապես ֆեյսբուքյան լայվերն ու լրատվականների ուղիղ միացումները հրապարակներից ու փողոցներից տեղափոխվել են վանքների բակեր ու խորաններ։ Նրա ամենշաբաթյա ուխտայցերն ու պատարագները հրաշալի միջոց են մարզերում իր կողմնակիցների հետ հանդիպումներ անցկացնելու, ցույց տալու որ ինքն է ուժի ու հավատի իսկական աղբյուրը, որ եկեղեցին նույնպես պետք է ենթակա լինի իր իշխանությանը և որ ինքն ու իր թիմը՝ վաղքրիստոնեական հավատքի հետևորդների պես, կհառնեն մոխրից ու խաղաղություն կբերեն հայոց աշխարհին, ինչպես Տրդատ Թագավորը խաղաղություն ու բարգավաճում բերեց Արշակունյաց Հայաստանին։
Նորընծա ընդդիմադիրներն նույնպես «խաղում» են այս կանոններով և փրկչական պատարագներ ու դիմադրության հավաքներ են կազմակերպում Մայր Աթոռում՝ թեժ պահելով նախընտրական կրակն ու չզիջելով Փաշինյանի առաջադրած տեմպին։ Այստեղ հատկապես ակտիվ է «Մեր Ձևով» շարժումը, որն իրեն հռչակել է Մայր Աթոռի ու Գարեգին Բ-ի պաշտպանը իշխանության «ոտնձգություններից» և պայքարում է, որ իրենց «Լուսավորիչ» Սամվել Կարապետյանը դուրս գա Խոր Վիրապից (ազատվի կալանքից) որտեղ նետվել է չար Տրդատի կողմից՝ վասն իր հավատի:

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարպետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում։ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։
Մեկ այլ ընդդիմադիր, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը նույնպես իր քաղաքական վերադարձի առանցք է դարձրել հավատն ու կրոնը՝ Հատիս լեռան գագաթին Քրիստոսի 101 մետրանոց արձան կանգնեցնելու պրոցեսը վերածելով նախընտրական արշավի։ Ծառուկյանը ՀՀ քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայերին հրավիրում է մասնակցել շինարարությանը՝ սիմվոլիկ ու ֆիզիկական մասնակցությամբ՝ այն հայտարարելով ազգային միասնության, զարթոնքի ու վերածննդի խորհրդանիշ։ Հատկանշական է որ Մայր Աթոռի պաշտպանի ամպլուայով «Մեր Ձևով»֊ն ու «Քրիստոսակերտ» Ծառուկյանը մոտավորապես նույն էլեկտորատի համար են պայքարելու ու ի տարբերություն Գարեգին Բ-ի օրհնությունը վայելով «Մեր Ձևով»-ի, Ծառուկյանի Քրիստոսի արձանն ի սկզբանե մերժվել է ՀԱԵ կողմից՝ հայ եկեղեցական ավանդույթին ու կրոնին ավանդույթին անհարիր համարվելով։

Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման շինարարական աշխատանքների ընթացքում։ Լուսանկարը՝ tsarukyan.am կայքից:
Այնուհանդերձ, այս նեոկրոնական փիառն ու քաղաքական պայքարի նախընտրական տեխնոլոգիաները այնքան կապ ունեն հավատքի, կրոնի ու հայոց եկեղեցու ավանդույթի հետ որքան կռապաշտական արձանը կամ կոնտրցույցերը Մայր Աթոռի տարածքում։ Բոլորին էլ հասկանալի է որ մի քանի ամսից ընտրություններ են և բոլոր քաղաքական ուժերն էլ այս կամ այն կերպ դիրքավորվում են եկեղեցու «մաքրողների» կամ «պաշտպանների» դիրքերում՝ հընթացս ներկայանալով որպես հավատի ու սիրո մունետիկներ՝ սիրո ու միասնության հայապահպան մարտիկներ։